Օրերս ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութիւնը հրապարակել է 2017 թ.
առաջին եռամսեակում ՀՀ պարենային ապահովութեան եւ աղքատութեան վերաբերեալ մի
զեկոյց,
ըստ որի՝ ՀՀ-ում աղքատութեան մակարդակը կազմում է 29,8%: Սա նշանակում է,
որ Հայաստանում մօտ 900 հազար մարդ աղքատ է, որից մօտ 300 հազարը շատ
աղքատ, իսկ մօտ 60 հազարը՝ ծայրայեղ աղքատ: Այսուամենայնիւ, ՀՀ բնակչութեան
լայն շերտերում առկայ կենսապայմանները մեզ ստիպում են որոշակի
կասկածամտութեամբ մօտենալ անգամ այս բարձր ցուցանիշին:
Խնդիրը կայանում է նրանում, որ ԱՎԾ կողմից կիրառուող մեթոդաբանութեամբ՝
բնակչութեան բարեկեցութեան գնահատումը իրականացւում է ոչ թէ տնային
տնտեսութիւնների եկամուտների, այլ նրանց կողմից իրականացուող սպառման
ագրեգացուած ցուցանիշի հիման վրայ։ Իսկ սպառման ագրեգացուած ցուցանիշում
ներառւում է ոչ միայն պարենային եւ ոչ պարենային ապրանքների սպառման
արժէքը, այլեւ սեփական արտադրութեան ապրանքների, մարդասիրական
կազմակերպութիւններից եւ այլ աղբիւրներից ստացուած օգնութեան, ինչպէս
նաեւ քաղաքացիների կողմից տիրապետուող երկարատեւ օգտագործման ապրանքների
հաշուարկային արժեքները: Իսկ ահա տնային տնտեսութիւնների անուանական
եկամուտների ուսումնասիրութիւնը բոլորովին այլ պատկեր է ուրուագծում:
Կից ներկայացուած գծապատկերում արտացոլուած է ՀՀ ամենաաղքատ եւ ամենահարուստ խաւերի միջեւ անուանական եկամուտների բաշխումը:
Այդ գծապատկերում ՀՀ տնային տնտեսութիւնները դասակարգուած են 10 դեցիլային
խմբերում՝ արտացոլելով բնակչութեան ամենաաղքատ 10%-ից մինչեւ ամենահարուստ
10%-ի միջին եկամուտները: Այս տուեալներից պարզ է դառնում, որ ՀՀ բնակչութեան
մօտ 55%-ը (կամ շուրջ 1,6 մլն մարդ) ստանում է 41.000 դրամից քիչ եկամուտ՝
այդպիսով գտնուելով աղքատութեան գծից ներքեւ: Նրանցից շուրջ 25%-ի
եկամուտներն անգամ ցածր են եղել աղքատութեան ստորին գծից, ինչը նշանակում
է, որ ՀՀ-ում աւելի քան 700 հազար մարդ շատ աղքատ է: Աւելին, ՀՀ
բնակչութեան մոտ 65%-ի պարագայում ստացուող եկամուտները նուազագոյն
սպառողական զամբիւղից (49.000 դրամ) ցածր են եղել:
Ըստ այդմ, ստացւում է մի իրավիճակ, երբ Հայաստանում շուրջ 300 հազար
մարդ ամսական ստանում է մոտ 10.300 դրամի հասնող եկամուտ: Ու քանի դեռ ըստ
ԱՎԾ-ի՝ ՀՀ-ում աղքատ է բնակչութեան միայն 29,8%-ը. նկատենք, որ բնակչութեան
այդ 29,8 տոկոսի ամսական եկամուտները չեն գերազանցում նոյնիսկ 30 հազար
դրամը:
Միւս կողմից, բնակչութեան դեցիլային խմբերի եկամուտների կառուցուածքը
ակնյայտ է դարձնում նաեւ կառավարության սոցիալական քաղաքականութեան ծայրայեղ
անարդիւնաւէտ լինելու հանգամանքը: Ըստ ԱՎԾ տուեալների՝ ՀՀ բնակչութեան
ամենաաղքատ 10%-ը ամսական կտրուածքով ստանում է 4,945 դրամի հասնող
կենսաթոշակներ եւ նպաստներ, իսկ ահա 6-րդ դեցիլային խմբում գտնուող
քաղաքացիները միջինում ստանում են 12 հազար դրամի հասնող աջակցութիւն,
այնինչ սոցիալական աջակցութեան տարբեր ծրագրերի ողջ իմաստը հենց
ամենախոցելի խաւին ֆինանսապէս աջակցելն է եւ ոչ հակառակը:
Այսպիսով, վերոնշեալ փաստերը մեզ բերում են այն եզրայանգման, որ կամ ԱՎԾ
կողմից բնակչութեան սպառման ծաւալների եւ աղքատութեան մակարդակի վերաբերեալ
հրապարակուած ցուցանիշները ճշգրիտ չեն, կամ ՀՀ հարկային մարմինները
պարզապէս ի զօրու չեն բազային վարչարարութիւն իրականացնելով՝ գնահատել
տնային տնտեսութիւնների եկամուտները, ինչն էլ իր հերթին վկայում է ստուերային տնտեսութեան ահռելի մասշտաբների մասին:
sut.am, 5 Յունիս 2017
No comments:
Post a Comment