14.4.17

«Հարրի Փոթեր»-ում յիշուած հայ կախարդը

ԱՐԾՈՒԻ ԲԱԽՉԻՆԵԱՆ
 
Անցեալ տարուանից, երբ հայերէն թարգմանութեամբ լոյս տեսան Հարրի Փոթերի մասին վիպաշարի առաջին գրքերը, այդ բացառիկ գրական ստեղծագործութիւնը դարձաւ տողերիս հեղինակի երկու դեռահաս զավակների, ասել է թէ՝ մեր ընտանեկան առօրեայի անբաժան մասը: Վստահ եմ, որ այդպէս է ուրիշ ընտանիքներում եւս: Դստրիկս առաջին գիրքը կարդաց ոչ աւելի, ոչ պակաս, տասներկու, երկրորդը՝ ութ անգամ, եւ դասարանով բեմադրեց հատուածներ այդ ստեղծագործութիւնից՝ ինքն անձամբ կատարելով Հարրի Փոթերի դերը...
Եւ, բնականաբար, երեխաներս շօշափեցին երկրորդ վէպում հայի մէկ անգամեայ յիշատակութեան փաստը:

Այդ հատուածն առկայ է վէպի բացասական կերպարներից մէկիՙ Կախարդութեան եւ Վհուկութեան Հոգսվորթի դպրոցի ուսուցիչ Լոքհարթի խօսքում.
«- Սիրելի՛ տղաս, - ասաց Լոքհարթը՝ ուղղուելով եւ խոժոռ հայեացքով նայելով Հարրիին,- Ողջամի՛տ եղիր: Իմ գրքերը ոչ ոք չէր գնի, եթէ մարդիկ չմտածէին, որ այդ ամէնը ինքս եմ արել: Ոչ ոք ցանկութիւն չունի կարդալու ոմն պառաւ ու գարշատես հայ կախարդի մասին, որը մի ամբողջ գիւղ է մարդագայլերից փրկել: Սոսկալի տեսք կ՚ունենար գրքի շապիկի վրայ: Այդ մարդը բոլորովին ճաշակ չունէր» (Ջ. Մ. Ռոուլինգ, Հարրի Փոթերը եւ գաղտնիքների սենեակը, թարգմանութիւնը՝ Ալվարդ Ջիվանեանի, Երեւան, «Զանգակ», 2016, էջ 326):
Հայ, այն էլ կախարդ, այն էլ՝ պառաւ ու գարշատես... ճիշդ է, նա մի ամբողջ գիւղ փրկել է մարդագայլերից, սակայն այդ փաստը յատկապէս հայ ընթերցողի վրայ թողնում է տհաճ տպաւորութիւն...
Սոյն խնդրին ժամանակին անդրադարձել է Լիբանանում բնակուած գերմանուհի գրականագէտ, լուսահոգի Ինգրիդ Լեյէր Սըմաանն իր «Հարրի Փոթերը եւ ասացուածքի հերոս դարձած հայ առեւտրականը» անգլերէն ուսումնասիրութեան մեջ՝ հրատարակուած Բէյրութի «Հայկազեան հայագիտական հանդէս»ում: Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք այդ յօդուածի՝ հարցին առնչուող հատուածները.
«Այս յօդուածի նպատակն է քննել, թէ ինչպէս է արեւելեանի եւ Արեւելքի մասին գրած եւրոպացի ու ամերիկացի հեղինակների մի շատ խառը խումբ... իրենց ընթերցող հանրութեանը ներկայացրել ասացուածքի հերոս դարձած հայ առեւտրականին: ....Ո՞վ կ՚ենթադրէր, որ ոսկեգոյն մազերով եւ ատամները միշտ բաց Գիլդերոյ Լոքհարթը, "Հարրի Փոթերը եւ գաղտնիքների սենեակը" գրքի Կախարդութեան եւ Վհուկութեան Հոգսվորթի դպրոցի վարպետ պրոֆեսորը, այդ "եղբայրութեան" թերեւս ամենավերջին ներկայացուցիչն է:
.....Առաջին հայեացքից թւում է, թէ այս ամենավերջին ներկայացուցիչը բազմաթիւ փոփոխութիւններ է կրել, մինչեւ որ կը փոխակերպուէր ոսկեգոյն մազերով վարպետ պրոֆեսորի, հեղինակ՝ մի շարք դասագրքերի, որոնք նա գործածում է որպէս դասաւանդման առարկայ՝ լինելով Կախարդութեան եւ Վհուկութեան Հոգսվորթի դպրոցի ինքնապաշտպանութեան մութ ուժերի ամբիոնի վարիչ եւ պրոֆեսոր: Հետաքրքրասէր դեռահասը կամ պատանի ընթերցողը կարող է հարցնել՝ ասացէք, Աստծու սիրուն, ի՞նչ կամ ո՞վ է այդ "պառաւ ու գարշատես հայ կախարդը" (շեշտուած էթնիկ ինքնութեամբ, այն էլ՝ գրքերի մի շարքում, որտեղ ուրիշ դէպքերում ստերեոտիպացում չկայ): Կարիք չկայ, որ հերոսն իր ուղեղը զբաղեցնի այսպիսի մանրուքներով. նա ամէն ինչ գիտի այդ խաբեբայ վաճառականի արհամարհելի եւ ամբողջովին կեղծ ու էժանագին նկարագրի մասին: Ընթերցողը խնդիր չի ունենայ սահմանելու ինքնութիւնն այս «հայի», միակ օտարազգիի, որը յայտնւում է բրիտանական հանրային դպրոցի արկածների վերաբերեալ ամենաբնութագրական այս վերջին գրքում, թէեւ մենք, անշուշտ, գործ ունենք, վհուկների եւ կախարդների բրիտանական տեսականիի հետ: Հա՞յ: Խնդիր չէ. ընթերցողը վաղուց պատկերացրել է՝ ո՛վ եւ ի՛նչ է իրենից ներկայացնում այդ մարդը:
Մենք, որ քննել ենք "տգեղ" հայ վաճառականի "արքետիպը", նոյնպէս խնդիր չունենք: Կարդալով "Հարրի Փոթերը եւ գաղտնիքների սենյակը", ես չէի ազատվում այն զգացողութիւնից, որ Լոքհարթն ինձ ծանօթ է թւում, թէեւ նա նման չէր իմ ուսուցիչներից որեւէ մէկին: Եւ այդ զգացողութիւնն ուժգնացրին գրքի ամերիկեան հրատարակութեան մէջ առկա Մերի Գրանդպրէի պատկերազարդումները: Այնուհետեւ հանելուկն ինձ համար լուծուեց, երբ պատմութեան ամենալարուած պահերից մէկում Լոքհարթը դէն նետեց իր դիմակը եւ խոստովանեց իր խաբեբայ ու շառլատան լինելը, որովհետեւ ոչ ոք "ցանկութիւն չունի կարդալու ոմն պառաւ ու գարշատես հայ կախարդի մասին": Նա կարող էր կախարդի փոխարէն ասել "հայ վաճառական": Մենք "հայ" բառը լսում ենք միայն մէկ անգամ, սակայն դա տեղի է ունենում մի այնպիսի վճռական պահի, որ այն կարող է արձագանգել Հոգսվորթի դպրոցի սենեակներում ու միջանցքներում, եւ, համոզուած եմ, նաեւ այս բեսթսելերի երիտասարդ ու մեծահասակ ընթերցողներից շատերի յիշողութեան մէջ:
Ջ. Ք. Ռոուլինգը հազարաւոր պատանի եւ դեռահաս ընթերցողներին տուել է հաճելի ընթերցանութեան փորձառութեան բազմաթիւ ժամեր, սակայն, գիտակցաբար կամ անգիտակցաբար, տուել է նաեւ ամենավատ տեսակի էթնիկ ստերեոտիպացման մի շատ ստոր օրինակ» (տես Ingrid Leyer Semaan, Harry Potter and the Proverbial Armenian Merchant, «Հայկազեան հայագիտական հանդէս», Պէյրութ, հատոր Ի., 2000, էջ 425):
Համաձայն ենք Ինգրիդ Լեյէր Սըմաանի հետ, որ Ռոուլինգի հայ կախարդը բրիտանական եւ առհասարակ եւրոպական գրականութեան մէջ յիշատակուած ժխտական հայ հերոսների (առաջին հերթինՙ խաբեբաների) արձագանգն է: Լիբանանահայ միջավայրում բնակուած գերմանացի գրականագիտուհին նմանապէս իրաւացի է, որ պատանեկան վէպում «հայի» կողքին ժխտական մակդիրներ դնելն, անշուշտ, ստերեոտիպացում է: Սակայն առկայ է «մեղմացուցիչ դէպք յանցանաց»: Հայի մասին այդպէս արտայայտուողն ինքը բացասական կերպար է, որը պիտակաւորում է իսկապես դրական գործ կատարած՝ մի ողջ գիւղ մարդագայլերից փրկած հային: Ճիշդ ինչպէս Պուշկինի հանրայայտ «Ты раб, ты трус, ты армянин» խօսքը պէտք է քննել իր համատեքստում՝ չմոռանալով, որ տխրահռչակ դարձած այդ խօսքերն ասում է աւազակ լեռնցին՝ որպէս յանդիմանութիւն աւազակութիւն չանող իր որդուն...

«Ազգ-Մշակոյթ», 14 Ապրիլ 2017

No comments:

Post a Comment