25.9.16

Վերջին 10 տարիներին Երեւանում տեղադրուած արձանները

ԴԻԱՆԱ ՂԱԶԱՐԵԱՆ

Վերջին 10 տարիներին Երեւանում տեղադրուել է 29 արձան:
Երեւանի քաղաքապետարանի` «Հետք»-ին փոխանցած յուշարձանների ցանկը ներառում է 2005 թ. մինչև 2016-ի առաջին եռամսեակը տեղադրուած արձանների անունները: Ըստ այդ ցուցակի` 2005 եւ 2006 թուականներին մայրաքաղաքում յուշարձան չի տեղադրուել։
Երեւանում առաւել շատ տեղադրւում են յուշարձաններ, կիսանդրիներ եւ արձաններ։ Երեւանեան արձանների «գլխավոր հերոսները» գրականութեան, այնուհետեւ՝ արուեստի, ռազմական ոլորտի գործիչներն են ու բարեգործները։ 2009 թուականին տեղադրուած «Արմենուհի» քանդակից բացի, վերջին 10 տարիներին տեղադրուած միւս բոլոր արձանները մարմնաւորել են արական սեռի գործիչներին։ Դրանց մեծաւ մասամբ կարելի է հանդիպել Կենտրոն համայնքում։

ՑԱՆԿԸ
Վիլեամ Սարոյեան
Գէորգ Էմին
Հրանտ Մաթեւոսեան
Սիամանթօ
«Ուշացած լուսանկար»
Յակոբ Կոջոյեան
Տարաս Շեւչենկօ
Աւագ Պետրոսեան
Վահրամ Փափազեան
Արա Սարգսեան
Ֆրիտիոֆ Նանսեն
Վիկտոր Համբարձումեան
Մխիթար Գօշ
Նժդեհ
Համազասպ Բաբաջանեան
Գէորգ Չաւուշ
Գալուստ Գիւլբէնկեան
Ալեքսանդր Մանթաշեանց
Հրանտ Շահինեան
Անտոն Քոչինեան
«Մշոյ ճառընտիր»
«Միացեալ խաչ» 
«Արմենուհի» 
Շուշի քաղաքի ազատագրումը խորհրդանշող յուշակոթող
Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամութեան յուշարձան 
«Ընթերցողի» քանդակ 
«Վարք յաւերժութեան» 
Եզդիների յիշատակին նուիրուած հուշակոթող
«Լենինգրադի շրջափակումից փրկուած երեխաների» յուշարձան

ՈՐՔԱՆ ՎՃԱՐԵՑԻՆՔ ԵՒ ԻՆՉ ՈՒՆԵՑԱՆՔ
 Պարզւում է՝ վերը նշված գրեթէ բոլոր արձանները տեղադրուել են ֆիզիկական և իրաւաբանական անձանց ֆինանսաւորմամբ. այսինքն՝ ոչ պետական եւ համայնքային բիւջէների միջոցների հաշուին։ Ըստ Երեւանի քաղաքապետարանի` 29 յուշարձաններից միայն մէկը` Համազասպ Բաբաջանեանի արձանն է տեղադրուել Հայաստանի Պաշտպանութեան նախարարութեան պատուէրով եւ ֆինանսաւորմամբ:
Պաշտպանութեան նախարարութիւնից «Հետք»-ի հարցմանը պատասխանեցին, որ Համազասպ Բաբաջանեանի արձանի պատրաստման եւ տեղադրման արժէքը կազմել է 20 մլն 21 620 դրամ՝ ներառեալ աւելացուած արժէքի հարկը։
Մինչեւ 2018 թուականը մայրաքաղաքում դեռ կը տեղադրուեն 3 յուշարձաններ՝ քաղաքական եւ պետական գործիչ Կարէն Դեմիրճեանի հիշատակը յաւերժացնող յուշարձանը Մաշտոցի այգում, 1973 թուականին ԽՍՀՄ չեմպիոն եւ ԽՍՀՄ գաւաթակիր հռչակուած «Արարատ» ֆուտբոլային թիմին նուիրուած արձանախումբը, բանաստեղծ, քնարերգու Համօ Սահեանի յիշատակը յաւերժացնող յուշարձանը։

ԼԵՒՈՆ ԹՈՔՄԱՋԵԱՆ. «ՔԱՆԴԱԿՈՒՄ ԿԱՐԵՒՈՐԸ ԱՐՏԱՅԱՅՏՉԿԱՆՈՒԹԻՒՆՆ Է, ՈՐ ՄԻ ԱՆԳԱՄ ՆԱՅԵԼՈՒՑ ՅԵՏՈՅ ԷԼԻ ՑԱՆԿԱՆԱՍ ՆԱՅԵՍ, ՈՒ ԱՄԷՆ ԱՆԳԱՄ ՆԱՅԵԼՈՎ՝ ՆՈՐ ԲԱՆ ՅԱՅՏՆԱԲԵՐԵՍ» 
Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջեանը, դիտարկելով վերջին տասը տարիներին տեղադրուած արձանները, նշում է՝ որակական առումով առանձապէս ուրախացնելու բան չկայ։ Կարծում է՝ Երեւանում տեղադրուող արձանները քաղաքական ուղղուածութիւն ունեն։ Յատկապէս դրա վառ արտայայտում է համարում 2016 թուականին տեղադրուած Գարեգին Նժդեհ ու Համազասպ Բաբաջանեան արձանները։ 
«Նայում եմ Գարեգին Նժդեհի արձանին, այնտեղ Նժդեհ չեմ տեսնում։ Նժդեհի արձանը հասարակութիւնն էլ միանշանակ չընդունեց, քանզի Նժդեհն իր էութեամբ շատ էմոցիոնալ, կռուող, պայքարող կերպար է, սակայն տեղադրուած արձանում մենք տեսնում ենք հռետորի կեցվածքով անձի։ Քանդակում կարեւորը արտայայտչականութիւնն է, որ մի անգամ նայելուց հետո էլի ցանկանաս նայես ու ամէն անգամ նայելով՝ նոր բան յայտնաբերես։ Սակայն տեղադրուած վերջին գործերում այս ամէնը ես չեմ զգում»։
Թոքմաջեանի համար քանդակագործութիւնում արուեստն ու արհեստը պէտք է փոխկապակցուած լինեն, եւ, ըստ նրա, արձանի որակը որքան էլ «բարձր» լինի, դրա որակը կը պայմանաւորուի բովանդակութիւնից:
Քանդակագործը արուեստում երեք սկզբունք է կարեւորում՝ զգացումը, կենդանի արտայայտութիւնն ու սէրը, եւ եթէ դրանք քանդակում բացակայում են, կարծում է, այն որքան էլ որակով արուի, կենդանութիւն չի ունենայ։
Երևանյան արձաններում Թոքմաջյանը տեսնում է միայն վարպետութիւն, սակայն արձանագրում է՝ դրանցում բացակայում է գաղափարական և զգացմունքային տարրը։ Ցանկանում է, որ Երեւանում աւելի շատ տեղադրուեն սիմվոլիկ, գաղափարական, ոչ քաղաքականացուած արձաններ, հատկապես՝ կեանքը, սէրը, կնոջ գեղեցկութիւնը գովաբանող, պոէտական, անկախութեան եւ ազատութեան համար պայքարող արձաններ:
Նկարչի համար Հայաստանում վերջին ժամանակներում ե՛ւ երաժշտութիւնում, ե՛ւ գրականությունում ե՛ւ կինոյում փրփուրային, արտաքին էֆեկտներ են մատուցվում, կարծում է՝ ամէն ինչ շոուի, ցուցադրութեան է վերածուել. «Դրա համար քանդակին մէկ անգամ նայելուց յետոյ էլ չես ցանկանում նայել։ Նման բան պէտք է չլինի։ Իսկ դա չլինելու համար երկրի իրավիճակը պէտք է շատ կայուն լինի։ Հայաստանում այսօր տեսնում ենք՝ ամէն ինչ քաղաքական է դարձել. որ հեռուստաալիքը միացնում ես, քաղաքականութիւն է։ Այդ պայմաններում արուեստը չի զարգանայ»։
Կնոջ կերպարներով քանդակների բացակայութիւնը Թոքմաջեանը պայմանաւորում է պատուէրների բացակայութեամբ։ Իր օրինակը դիտարկելով` նշում է՝ չեմ կարող հսկայական մի քար վերցնել, ամիսներ շարունակ դրա վրա աշխատել եւ վերջում մտածել՝ սա ինչ անեմ: «Հաւանաբար կնոջ կերպարով արձաններն այսօր ո´չ "վերեւներին", ո´չ "ներքևներին" չեն հետաքրքրում»,- կատակում է քանդակագործը:

«Հետք», 17 Սեպտեմբեր 2016 (hetq.am/arm/news/70800/verjin-10-tarinerin-erevanum-texadrvats-ardzannery.html/)

No comments:

Post a Comment