10.8.16

Յովիկ Չարխչեան. «Մենք էսօր կորցնում ենք մարդուն»

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

- Պարոն Չարխչեան, մի հարցի մասին եմ ուզում խօսենք. սովորաբար հասարակական-քաղաքական լարուած իրավիճակներում մտաւորականների մի խումբ է հանդէս գալիս` դատապարտող յայտարարութիւններով կամ բաց նամակներով: Շատերի համար հեգնանք են առաջացնում ոչ միայն այդպիսի տեքստերը, այլեւ հէնց մտաւորական ասուածը: Մեր օրերում ո՞վ է մտաւորականը:
- Մեր հասարակութեան ճնշող մեծամասնութեան մօտ տպաւորութիւն է, որ մտաւորականը մշակութային գործիչն է: Դու կարող ես շատ լաւ գրող, նկարիչ, դերասան լինել, բայց մտաւորական չլինել, նոյն կերպ կարող ես առնչութիւն չունենալ հոգեւոր ոլորտի հետ, բայց շատ լաւ մտաւորական լինել: Օրինակ` անցեալ դարասկզբին հայկական սպայակազմը համարւում էր մտաւորական սերուցք:
Մտաւորականը մի անհատ է, որն իր մէջ ամփոփում է ոգեղէն եւ քաղաքացիական կեցուածքի լաւագոյն դրսեւորումները: Մարդ, ով ոչ թէ ուղղորդիչի դեր է կատարում, ցուցումներ է տալիս, այլ սթափեցնում, արթուն է պահում: Պատահական չէ, որ մտաւորականներին ասում են ազգի խիղճ:

- Հիմա ազգի խիղճ ունե՞նք:
-Անպայման կան մարդիկ, ովքեր այս բոլոր յատկանիշները ներառում են իրենց մէջ, այլ խնդիր է, թէ հասարակութիւնն ինչպէս է ընկալում դա: Մարդիկ մտաւորականութեանը դիմելու կարիք կամ պահանջ են զգում, որովհետեւ ոչ թէ չգիտեն` ինչ են անելու, դրա համար են դիմում, այլ որովհետեւ ուզում են լսել եւս մէկ կարծիք նրանցից, ում նկատմամբ յարգանք ու վստահութիւն ունեն: Այսինքն` երբ քաղաքացին ասում է` որտե՞ղ է մեր մտաւորականը, այլ կարծիք լսելու անհրաժեշտութիւն ունի, որպէսզի այն համադրի իր տեսակէտներին` համոզուելու կամ կասկածելու նկատառումներով տուեալ իրավիճակից կախուած:
Նրանք, ովքեր իրենց համարում են մեր մտաւորականներ, պատկերացում չունեն, թէ որն է իրենց կոչումը: Նրանց թւում է, որ եթէ որեւէ նամակի տակ ստորագրում են, ուրեմն մտաւորական են: Դա անլուրջ մօտեցում է, առաւել եւս այնպիսի նամակ, որն ընթերցեցինք վերջերս: Ի՞նչ էր դա` ինչ-որ անհետաքրքիր, տափակ ձեւակերպումներ, որոնց կարիքը հասարակութիւնը չունի: Հասարակութիւնը հօ մանկամիտ չէ՞, մարդիկ հրաշալի հասկանում են այնտեղ գրուած մտքերը, դրանք կրկնելու անհրաժեշտութիւն չկայ: Ունե՞ս աւելի էական, աւելի լուրջ բան ասելու, եւ յետոյ տեքստը պիտի հասցէական լինի, ո՞ւմ ես դիմում, ո՞ւմ ես յորդորում, ո՞ր կողմին ես յորդորում զուսպ լինել, հաւասարակշռուած լինել, անհաւասարակշիռ քայլեր չանել: Ո՞րն է այն խումբը, որին հասցէագրում ես դա: Յստակեցնո՞ւմ ենք, թէ ում են ասում, հասկանո՞ւմ ենք, թէ ում դիրքերից է ասում: Այդ ժամանակ մտաւորականն արդէն դադարում է լինել մտաւորական, վերածւում է հասարակութեան մի խմբի պահանջները բաւարարող մարդկանց հաւաքականութեան: Ո՞նց կարող է հասարակութիւնը նման մարդկանց լուրջ վերաբերուել, առաւել եւս նրանց մտաւորականներ անուանել եւ կարիք ունենալ լսելու նրանց կարծիքը:
Երբեմն պէտք է նաեւ լռել, դա էլ մեծ արուեստ է, պէտք չէ անընդհատ խօսել, ո՞վ է ասել, որ եթէ իրավիճակներ են թէժանում, պէտք է ինչ-որ բան ասես: Երբեմն լռութիւնը շատ աւելի օգուտ է տալիս ժողովրդին, քան, կը ներէք արտայայտութեան համար, ամբաղ-զամբաղ մտքեր եթեր նետելը:
Մտաւորականն այն մարդն է, ով կարողանում է հասարակութեան տրամադրութիւնները սինթեզել անցեալի ու ներկայի փորձի հետ, ստանալ մի արդիւնք, որը նման է ճանապարհին դրուած ուղենշաններին: Դրա համար մեր մտաւորականները պէտք է առաւելագոյնս քիչ խօսեն եւ առաւելագոյնս շատ դիտեն, զննեն, կուտակեն այդ ինֆորմացիոն պաշարը, որպէսզի ճիշտ պահին ճիշտ մտքերով հանդէս գան, այլ ոչ թէ թղթի տակ ստորագրեն, ցրեն աջ ու ձախ եւ իրենց գործը համարեն աւարտուած:

- Պատմութեան մէջ եղել են, չէ՞, այնպիսի մտաւորականներ, որոնք կողմնորոշիչ դեր են կատարել:

- Երբ Րաֆֆին գրում էր «Խենթը», «Կայծերը», կամաւորական ջոկատներ էին ձեւաւորւում էն մարդկանցից, ովքեր կարդացել էին այդ վէպերը: Նա չէր անցնում տնէտուն, հաւաքագրում կամաւորականներին: Նա վէպ էր գրում, մարդիկ կարդում էին, կամաւորագրւում եւ գնում պաշտպանելու հայրենիքը: Մարդն իր գործն անում է, որն այնպիսի ներգործութիւն պիտի ունենայ հասարակութեան վրայ, որ արդէն առանց նամակների, առանց կոչերի, առանց ելոյթների հասարակութիւնն իմանայ այդ մասին:

Երբ մտաւորականները գնում-կանգնում են երկու ուժերի միջեւ, դրանից աւելի վատ չկայ: Դու միաւորողը պիտի լինես, դու բաժանողը չես: Երկուսին պիտի բերես, մերձեցնես, երբ կանգնում ես, ակամայ սահման ես գծում մի բանի, որը գոյութիւն ունենալու իրաւունք չունի: Երբ որեւէ քայլ, գործողութիւն ես անում, գործողութեանդ ներքին իմաստներն էլ մի քիչ պիտի հասկանաս:
 
- Յուլիսի 17-ից յետոյ իրավիճակ փոխուե՞լ է, պարոն Չարխչեան:
- Իրավիճակի գնահատական չեմ տայ, կ'ասեմ, որ հոգեբանութիւն է փոխուել` ե՛ւ դրական, ե՛ւ բացասական իմաստով: Շատերը յուսահատուեցին, կոտրուեցին, ջարդուեցին, միւսներն էլ աւելի թրծուեցին, էլ աւելի պինդ դարձան, իրենց համար սահմանեցին այն, որ պրոցեսը շրջելի է, կանգ առնելու խնդիր չկայ, եւ որտե՞ղ կանգ առնես` արդէն եզերքին ես` կամ գլորւում ես անդունդը, կամ պիտի առաջ քայլ անես փրկուելու համար: Երբ ասում են կանգ առ եւ չգիտեմ ինչ, նաեւ պէտք է ասեն` որտե՞ղ կանգ առնել: Էսօր երկրում երկիմաստ վիճակ է այդ իմաստով: Երբեմն տպաւորութիւն կայ, որ իրադրութիւններն են որոշում երկրի ընթացքը, բայց այլ կերպ պիտի ասեմ, որ իրադարձութիւնների դադարներն են որոշում յաջորդ իրադարձութիւների տրամաբանութիւնը: Դադարները թոյլ են տալիս, չեմ ուզում օգտագործել այդ ապուշագոյն արտայայտութիւնը, դասեր քաղել: Ինչքա՞ն կարելի է դպրոցական մնալ եւ դասեր քաղել:
Բոլորս էլ հասուն մարդիկ ենք, շատ լաւ հասկանում ենք` ինչ է կատարւում, ինչու, ում մեղքով է կատարւում, էլ ինչի՞ց դասեր քաղենք: Պարզապէս մի կողմն ազնիւ է խաղում, միւս կողմն` անազնիւ: Երբ նստէք խաղասեղանին եւ դիմացինն անազնիւ խաղայ, պարզ չէ՞, որ անընդհատ պարտուելու էք: Ուրեմն, ի՞նչ հետեւութիւն պիտի անենք. մենք էլ սկսենք անազնիւ խաղա՞լ: Մենք չենք ուզում անազնիւ խաղալ: Ուրեմն, ի՞նչ պէտք է անել. պարզապէս պէտք է չխաղալ, այլ յարաբերութիւն սկսել, որովհետեւ էս մարդիկ չեն ցանկանում ազնիւ յարաբերուել քեզ հետ: Նրանք սովոր չեն ազնուութեան դաշտում խաղալ քեզ հետ:

- Էնպիսի տպաւորութիւն է, պարոն Չարխչեան, որ իշխանութիւնը կտրուել է իրականութիւնից կամ այլ իրականութիւն է ստեղծել իր համար:
- Էդպէս չեմ կարծում: Էն մարդիկ, ովքեր իշխանութիւն են ներկայացնում, հրաշալի պատկերացնում են իրավիճակը կամ տեսնում են` ինչ է կատարւում, պարզապէս այդ մարդիկ ընդունակ չեն շտկելու իրավիճակը: Էդպէս լինում է, չէ՞, լինում է խելացի մարդ ու յիմար մարդ: Հիմա եթէ մարդը մի բան չի կարողանում անել, ի՞նչ ես պահանջում նրանից: Ենթադրենք, էսինչ մարդը, որ կոչուած է տնտեսութիւնը ոտքի հանելու, ի վիճակի չէ տնտեսութիւնը ոտքի հանելու, ի՞նչ ես ուզում էդ մարդուց: Դէ արի բացատրի նրան, որ ինքը չի կարողանում եւ պէտք է փոխել իրեն, բերել աւելի խելացի մարդու, կը սպանի քեզ, կուտի քեզ: Դա էր պակաս, իր համար ամենակարեւորը իշխանութիւնն է, այլ ոչ թէ իր անգէտ լինելու հանգամանքը:
Օրը հազար անգամ իշխանութիւններին մատնանշում են իրենց թոյլ տուած բացթողումները, սխալ քայլերը, Ձեր կարծիքով` չի՞ լսում, շատ լաւ լսում է, չի՞ հասկանում, հրաշալի հասկանում է, բայց չունի իր քայլերի շղթան, մարդու ուղեղը չի աշխատում, էլ ի՞նչ ես ուզում էդ մարդուց` չկայ ստեղծագործ միտք, չկայ երեւակայութիւն: Էլ չեմ ասում, որ էսօր մեր իշխանութիւնը կառավարւում է մէկ կենտրոնից` մէկն ասում է, մնացածը կատարում է: Կատարողները ո՞նց կարող են մտածել: Եթէ քո ֆունկցիան համարում ես ընդամէնը կատարելը, էլ ի՞նչ ասեմ` մեր տան աւելն էլ է կատարող. վերցնում ենք, շարժում ենք, իր ֆունկցիան կատարում է… Եթէ իշխանութեան միւս օղակներն իրենց վերածել են աւելի, էլ ո՞նց կարող են ուրիշ բան անել:

-  Բա ո՞նց պիտի շտկուի իրավիճակը, անդունդի եզրին կանգնած պիտի մնա՞նք:
- Շտկելու մի տարբերակ գոյութիւն ունի. եթէ ձեր տանը մի առարկան անպէտք է, ի՞նչ էք անում` շպրտում, նորն էք բերում: Սա պարզագոյն բանաձեւ է, այստեղ երրորդ-չորրորդ-հինգերորդ կարծիք չի կարող լինել:

- Բայց եթէ էդ նոյն կատարողը զէնքի վերածուի՞:
- Եթէ մենք խօսենք ուժի դիրքերից, ապա չկայ մի ուժ, որ չունենայ իրեն հակազդող ուժը: Բոլոր նրանք, ովքեր պատրաստւում են խօսել ուժի դիրքերից,պէտք է հասկանան, որ գոյութիւն ունի նաեւ հակազդող ուժ, դրա համար ուժի դիրքերից խօսելն անիմաստ, անպտուղ խօսակցութիւն է: Ուժի դիրքերից խօսողները երբեք շահած դիրքերից դուրս չեն գալիս այդ յարաբերութիւններում: Էդ պահին կարող է շահեն, բայց ընդհանուր իրավիճակում իրենք կորցրած են, որովհետեւ չեն կարողացել այլ դիրքերից խօսել: Իսկ դա նշանակում է, որ թոյլ են, որովհետեւ միայն թոյլ մարդն է դիմում բռնի ուժի: Ինչի՞ նման էր` սովորական քաղաքացիներին ծեծել, ջարդել, թեւերն ոլորել, տանել բաժիններ, յետո՞յ: Թուլութեան բացառիկ ցուցադրութիւն` թուլութեան, ոչ թէ ուժի: Ուժեղն անպայման գտնում է այլընտրանք: Իսկ երբ քո գիտակցական մակարդակը չի կարողանում գտնել այդ այլընտրանքը, դու դիմում ես պրիմիտիւ եղանակների. համարեա նախնադար, բարբարոսութիւն, որ ի՞նչ: Բռնութիւն կիրառում ես ո՞ւմ նկատմամբ` քո ժողովրդի: Ու յետոյ ելոյթներ ես ունենում յանուն այդ ժողովրդի, յանուն նրա պայծառ ապագայի: Ժողովուրդը թքած ունի այն պայծառ ապագայի վրայ, որ դու պիտի բերես, ինքն այլ կերպ է տեսնում այդ ապագան` առանց քեզ:
Երկիր ասուածը քարտէսը չէ, երկիր ասուածը մարդն է, որ ապրում է այդ երկրի վրայ։

- Բարդ իրադրութիւն է…
- Չէի ասի փակուղային, բայց շատ բարդ, խճճուած, տարաբեւեռ իրադրութիւն է: Ուր է, թէ միայն ներքին խնդիրներ լինեն, կան նաեւ արտաքին խնդիրներ (պատերազմի վտանգ, հազար ու մի այլ խնդիր): Մարդիկ հրաշալի հասկանում են այդ ամէնը:
Սարսափելի արտագաղթ գոյութիւն ունի: Արտագաղթ ասուածը արիւն թողնելու նման է` ինչքան արիւնը շատ ես թողնում, այնքան օրգանիզմդ թուլանում է, այնքան հիւծւում է, դառնում հիւանդ, անուժ: Յետոյ էլ ասում են` ինչի՞ է մեր երկիրը թոյլ: Բա էդքան մարդ գնաց, ո՞նց էք պատկերացնում ուժեղ լինի, երբ մի վիրակապ չբերեցիք, որ արեան հոսքը դադարեցնէիք: Բացարձակապէս չարեցիք:
Ինձ աւելի շատ անհանգստացնում է այն, որ վիճակն ինչքան բարդանում է, մարդիկ այնքան ագրեսիւ ու ծայրայեղ են դառնում: Սրա մէջ շատ-շատ մեծ վտանգներ կան: Այդ ագրեսիւութեան եւ ծայրայեղութեան պատճառով անդառնալիօրէն կարող ենք կորցնել էնպիսի արժէքներ, ինչպիսիք են մարդկային պարզագոյն յարաբերութիւնները` վստահութիւն, համերաշխութիւն, լեզու գտնելու կարողութիւն: Այդ ամէնը շատ կարեւոր է, ցանկացած իրավիճակում հաշտութեան եզրերը ձեւաւորւում են դրանց շնորհիւ: Իսկ եթէ հասարակութեան ներսում կորցնենք հաշտութեան հնարաւորութիւնը, կը կորցնենք ամէն ինչ` ե՛ւ երկիրը, ե՛ւ ապագան… ամէն ինչ:
Երկիր ասուածը քարտէսը չէ, երկիր ասուածը մարդն է, որ ապրում է այդ երկրի վրայ, անկախ աշխարհագրութեան դասագրքերի սահմանումներից եւ գրուած անուններից: Մենք էսօր կորցնում ենք մարդուն ե՛ւ փոխաբերական, ե՛ւ շատ ուղղակի իմաստներով: Վաղը կարող է հասարակութեանը յաջողուի յաղթել, իր պատկերացրած յաղթանակը տանի, բայց յետո՞յ, ինչի՞ վրայ է կառուցելու այդ յաղթանակը, երբ կորցրել է այս ընթացքում ամէն ինչ, աւերակների վրայ ինչպէ՞ս է թագաւորելու: Երբեմն տեսնում ենք արտաքին էֆեկտը, չենք տեսնում ներքին, արտաքին տեղաշարժերը եւ մոռացութեան ենք տալիս այն կարեւորը, որ կատարւում է մարդկային մտքի խորքում, պատկերացումներում, զգացմունքներում: Այդ ամէնը մի տեսակ երկրորդ պլան է մղւում, որովհետեւ մտածում ենք` է՜, ծեծեցին` ծեծեցին, իր ցաւը իմ ցաւը չի դառնայ, դեռ ինձ չեն ծեծել, այ հէնց ինձ ծեծեն, կ'աղմկեմ, ինչքան պէտք է: Եւ ասում ենք` ծեծեցին էսքան հոգու: Թիւը կարեւոր է դարձել: Եթէ ոչ թէ 64, այլ 164 հոգու են ծեծել, ուրեմն, արդէն լաւ չի: Մինչդեռ կար ժամանակ, երբ նոյնիսկ մի մարդու մատը փուշ մտնելիս բոլորս անհանգստանում, վրդովւում էինք:

-Անտարբե՞ր ենք դարձել:
-Իմ էս երկար-բարակ խօսակցութիւնը դրա մասին է: Մենք գնալով դառնում ենք վատը: Մենք կարող ենք յաղթել, բայց ինչի՞ գնով: Սա է ամբողջ խնդիրը: Մենք դա էլ պիտի հաշուի առնենք: Ի՞նչ ենք զոհաբերում: Պիտի ճիշտ հաշուարկ կատարուի: Ես կարող եմ նկարագրել պայծառագոյն ապագան մեր երկրի համար, բայց ես չեմ կարող ստեղծել այն: Հօ նկարագրելով չի՞:
Մարդկային որակ պէտք է ստեղծել, որը հասկանայ, թէ ինչ ասել է լաւ երկիր եւ ինչ ասել է վատ երկիր: Վատ երկիրն այն երկիրը չէ, որտեղ հացը քիչ է, վատ երկիրն այն երկիրն է, որտեղ լաւ մարդիկ են քիչ: Այս տարբերութիւնը պէտք է հասկանալ: Սոված կարելի է մնալ, մի կերպ կը դիմանանք, շատ ենք դիմացել, բայց վատ հասարակութիւն ունենալն աղէտ է: Մենք պիտի պահպանենք մարդկային որակները, չգիտեմ, ոնց որ արգելոց սարքես, բերես, պահես, հետեւես ամէն ժամ: Այդ արգելոցը պէտք է պահել, խնայել, փայփայել ու ժառանգել: Մեզ տուել են, մենք էլ պիտի փոխանցնենք, միայն երկիրը փոխանցելով չէ: Արժէքներ պիտի փոխանցուեն: Այ, երբ խօսում ենք մտաւորականի մասին, նրա խնդիրը հէնց դա է` արժէքներ, աւանդոյթներ պահպանել եւ փոխանցել, այլ ոչ թէ նամակներ ստորագրել:

-Մի անգամ մեր զրոյցներից մէկում ասացիք` մեր երկրի թոնիրը հանգել է: Հիմա՞ էլ է հանգած:
-Գիտէք ինչ, ցանկացած թոնիր էնքան ժամանակ յանգած վիճակում կը մնայ, քանի դեռ չկայ մարդը, ով ցանկութիւն կ'ունենայ վառել այն: Բայց հէնց էնպէս չեն վառում թոնիրը: Նպատակով են վառում` տաքանալու, ինչ-որ բան թխելու համար: Պիտի յստակեցնես նպատակը, նոր մտածես թոնիրը վառելու մասին:

«Հետք», 4 Օգոստոս 2016 (http://hetq.am/arm/news/69755/menq-esor-korcnum-enq-mardun-hovik-charkhchyan.html)

No comments:

Post a Comment