15.7.16

Հայկական կինոհետքեր. չորս դրուագ

ԱՐԾՈՒԻ ԲԱԽՉԻՆԵԱՆ
 
1. ՀԱՅԿԱԿԱՆ ԵՂԵՌՆԱՊԱՏՈՒՄ 1935-Ի՞Ն
1935-ին սփիւռքահայ մամուլում գրուել է. «Ամերիկահայ թերթերը կը գրեն.- "Փարամաունտ"(Paramount) շարժանկարի ընկերութիւնը մօտ օրէն ցուցադրութեան պիտի հանէ Մեծ Եղեռնի հայ կէանքէն առնուած "The last outpost"- Վերջին Յառաջապահը- պատկերախաղը, որ կը ներկայացնէ հայկական ողբերգութիւնը, ջարդերն ու հալածանքը: Այս կտորին մէջ խաղալու համար ընկերութիւնը կոչ ըրած է հայերու, որպէսզի որոշ դերեր առնեն: Ներկայացած են միայն քանի մը գորգավաճառներ ու փերեզակներ, որոնք զուրկ ըլլալով դերասանական յատկութիւններէ՝ մերժուած են: Գլխաւոր դերերը պիտի խաղան Կէրի Կրանթ եւ Քլոտ Րէյնդ (պիտի լինի Ռէյնս- Ա. Բ.), որոնց երկուքն ալ պիտի ներկայացնեն անգլիացի հարիւրապետներուն դերերը» (Ուիլէըմ Քեմպըրլի Փալմըր հայկ. ջարդերը շարժանկարի վրայ, «Յուսաբեր», 12.09.1935):

Փաստօրէն, ըստ այս աղբիւրի, 1935-ին Ամերիկայում Մեծ Եղեռնին վերաբերող ֆիլմ է նկարահանուել: Իսկապէս, ֆիլմագրութիւններում նշւում է, որ Չարլզ Բարթոնի եւ Լուի Գանիէի «Վերջին ուղեկալը» ֆիլմի հերոսների մէջ կան նաեւ հայ պատրիարք, հայ սպայ, հայ պահակ...
Այսօր Համացանցը հայաստանցիներիս հնարաւորութիւն է տալիս դիտել տասնամեակներ շարունակ անմատչելի մնացած շատ կինոնկարներ: Եւ պարզուեց, որ թէեւ ֆիլմի գործողութիւնները կատարւում են «ինչ-որ տեղ Քրդստանում», սակայն իրականում «մեծ եղեռնի հայ կեանքէն» չեն առնուած: Հայ բառը չի հնչում ողջ ֆիլմում, սակայն ելնելով ֆիլմի գործող անձանց մէջ երեք հայ հերոսների յիշատակութիւնից՝ ենթադրում ենք, որ դրանք ֆիլմի սկզբում ներկայացուած գաղթականներն են, որոնց գնդակահարում են: Նրանց հետ սպանւում է նաեւ բանտարկուած ռուս զինուորականը, որի դերակատարն էլ հայազգի նշանաւոր դերասան Ակիմ Թամիրովն է, որի անունը, սակայն, նշուած չէ դերակատարների մէջ:

2. ԵՂԵՌՆԻ ՄԱՍԻՆՙ ԽՈՐՀՐԴԱ-ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ՖԻԼՄՈՒՄ
Մոսկուայում ծնուած հայազգի ռեժիսոր Սերգեյ Միքայէլեանը 1968 թուականին Նորվեգիայի կինեմատոգրաֆիստների համագործակցութեամբ նկարահանեց «Ընդամէնը մէկ կեանք. Պատմութիւն Ֆրիտեօֆ Նանսենի մասին» ( Bare et liv - historien om Fridtjof Nansen ) խաղարկային կինոնկարը, որը մեծ բեւեռախոյզի եւ մարդասերի կենսագրութեան հնարաւորինս սեղմ կինոտարբերակն է:
Նանսենի անունն անքակտելի է Հայոց Ցեղասպանութեան թեմայից, ուստի եւ այդ նիւթի շուրջ տասնամեակներ շարունակ լռութիւն պահպանած Մոսկուան պիտի որ առանձնակի պատրաստակամութեամբ չխօսէր այդ մասին: Երեւանում արդէն հանրութիւնը սկսել էր պահանջել մոռացութիւնից հանել խնդիրը, նոյն 1968 թուականին Երեւանում սկսուել էր Եղեռնի զոհերի յուշահամալիրի շինարարութիւնը (*), ուստի եւ խորհրդառուս կինոգործիչները չէին կարող շրջանցել «Նանսենը եւ հայերը» թեման:
Չգիտենք, որքանով է ռեժիսոր Միքայէլեանի ծագումն ազդել իր ֆիլմում այդ կարճ դրուագի ի յայտ գալու վրայ (ֆիլմի սցենարի չորս հեղինակներից երկուսը նորվեգական կողմից են, չորսը [sic]՝ խորհրդային): Ինչեւէ, էկրանին անսպասելիօրէն յայտնւում են չորս հայեր՝ մի կին, մի հոգեւորական, մի ծերունի եւ միջին տարիքի մի տղամարդ: Տարիքոտ կինն ասում է. «Մենք հայեր ենք: Արեւմտահայեր: Թուրքերը մեզ քշում էին մեր բնակատեղերից: Կոտորում էին կանանց, երեխաներին, ծերերին: Այժմ մենք թափառում ենք աշխարհով մէկ, ուզում ենք վերադառնալ հայրենիք: Նանսենն էք, դուք մեզ կ'օգնեք»: Արեւելահայերէն խօսող արեւմտահայ կնոջ այս խօսքերն անգլերէն է թարգմանւում որոշ շեղումներով (ի դէպ, ռուսերէն թարգմանութիւնն էլ իր հերթին փոքր-ինչ տարբեր է): Տարեց հայուհու՝ փոքր-ինչ թատերական հնչող այս խօսքին հետեւում է ֆիլմի հերոսներից մէկի հարցը Նանսենին. «Եւ ի՞նչ: Ուրեմն, հիմա էլ հայե՞րը»: Եւ ոչ մի խօսք Նանսենի հայանպաստ գործունէութեան մասին, ինչը, ելնելով ֆիլմից, ինքնին ենթադրւում է:
Քի՞չ է: Ոչ այնքան. 1960-ականներին մեծ էկրանից հնչեց մոռացութեան տրուած ողբերգութիւնը՝ թուրքերը կոտորում էին հայերին...
Ֆիլմի ենթագրերում չկան հայկական ազգանուններ: Սակայն էպիզոդների բաժնում առկայ «А. Карагаш» նշումը բացայայտում է տարեց հայուհու դերակատարին՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի, ասմունքի վարպետ Հայկուհի Գարագաշին (1900-1973), որը մինչ այդ «Հայֆիլմ»ում նկարահանուել էր «Ում է ժպտում կեանքը», «Առաջին սիրոյ երգը», «Հիւսիսային ծիածան», «Լուսաբացից առաջ», «Լալվարի որսկանը» եւ «Քաոս» կինոնկարներում: Նանսենին այցելած հայուհու դերը Հայկուհի Գարագաշի վերջին դերն էր կինոյում:

3. «ԶՈՒԱՐԹՆՈՑ»Ը ԼԵՀԱԿԱՆ ԿԻՆՈՀԵՔԻԱԹՈՒՄ
1985 թուականին լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Գրադովսկին նկարահանեց «Պան Կը Լեաքսայի ուղեւորութիւնը» մանկական ֆիլմ-հեքիաթը հրաշագործ Ամբրոզի Կը Լեաքսայի (Թանաքաբծի) արկածների մասին: Այս հերոսը պատմում է փոքրիկ Պետրեկին, թէ ինչպէս Մեծ Ելեկտրոնիկը ծրագրել է ոչնչացնել թանաքի պաշարները Հեքիաթների Թագաւորութիւնում, որպէսզի մարդիկ զրկուեն իրենց ֆանտազիաները գրի առնելու հնարաւորութիւնից եւ ենթարկուեն մեքենաների կամքին: Հերոսներն ուղեւորւում են տարբեր երկրներ, արկածների են հանդիպում ամենատարբեր վայրերում... եւ ահա հայ հանդիսատեսը տեսնում է իրեն քաջ ծանօթ մի տեղանք՝ «Զուարթնոց» օդակայանի շէնքը: Լեհ-խորհրդային արտադրութեան կինոնկարի հեղինակները, ի թիւս Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքի օդակայանի նորաբաց շէնքի, տեսել են իրենց երեւակայական աշխարհի գործողութեան վայրերից մէկը: Եւ իսկապէս, այդ մոդեռն շինութիւնը (որպիսիք քիչ էին ԽՍՀՄ տարածքում) չափազանց յարմար էր արդիական հեքիաթի համար: Այս առթիւ չենք կարող ցաւով չնշել այն խայտառակ իրողութիւնը, որ անգամ օտարերկրեայ կինոհեքիաթ մուտք գործած այդ հետաքրքրական կառոյցը այսօր տեղական ինչ-ինչ ուժեր նոյնպէս ցանկանում են վերացնել երկրի երեսից...

4. ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆ ԱՄԵՐԻԿԵԱՆ ՖԻԼՄՈՒՄ
Հռչակաւոր ամերիկեան կինոռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի վերջին աշխատանքներից է «Երիտասարդութիւն առանց երիտասարդութեան» կինոնկարը (2007)՝ ռումին գրող Միրչա Էլիադայի համանուն վիպակի էկրանացումը, որն իր գեղարուեստական արժանիքներով բաւական զիջում է «Կնքահօր» հեղինակի նախորդ ֆիլմերին: Ֆիլմի հերոսի՝ կայծակնահար եղած եօթանասունամեայ լեզուաբան-փիլիսոփայի մօտ սկսւում են անորմալ երեւոյթներ: Քանի որ նա աշխատութիւն է գրում լեզուների ծագման մասին, կինոնկարում օգտագործուել են 12 լեզու, այդ թւում՝ ինչ-որ մտացածին արհեստական լեզու:
Եւ ահա կադրից դուրս հնչող իտալերէն եւ չինարէն խօսքերից յետոյ ամերիկեան առոգանութեամբ հնչում է՝

Եթէ տժգոյն մահու հրեշտակ
Անհուն ժպիտով մ՚իջնէ իմ դէմ,
Շոգիանան ցաւքս ու հոգիս,
Գիտցէ՛ք, որ դեռ կենդանի եմ:


Ինչպե՞ս է Պետրոս Դուրեանի «Իմ մահը» բանաստեղծութեան առաջին տունը յայտնուել ամերիկեան ֆիլմում...
Եթէ Ատոմ Էգոյեանի «Ապահովագրական գործակալը» կինոնկարում վիդէոյից լսւում է հայկական «Պոյպույ մուկիկը» մուլտֆիլմի յայտնի երգը, կամ Ռոբեր Գեդիգեանի (Կէտիկեան) «Քաղաքը հանգիստ է» ֆիլմի վերջում հերոսները սկսում են խօսել հայերէն, այդ անդրադարձների ծագումը հասկանալի է, մինչդեռ Կոպոլայի ֆիլմի դէպքում... Բայց այստեղ եւս խառն է «հայի մատ»ը: «Երիտասարդութիւն առանց երիտասարդութեան» կինոնկարի գործադիր արտադրիչն Անահիտ Նազարեանն է, որի համագործակցութիւնը Կոպոլայի հետ սկսուել է դեռեւս 1979-ին՝ նշանաւոր «Ապոկալիպսիսը՝ հիմա» կինոերկից: Եւ չնայած Անահիտ Նազարեանն ինքը չի տիրապետում հայոց լեզուին, սակայն ջերմօրէն կապուած է իր հայկական ժառանգութեանը, երկու անգամ եղել է Հայաստանում, եւ իր ընտրութեամբ է Կոպոլայի կինոերկ մուտք գործել «Սկիւտարի սոխակ»ի՝ հայ քնարերգութեան մեծագոյն դէմք Պետրոս Դուրեանի բանաստեղծութեան այդ հատուածը...

«Ազգ-Մշակոյթ», 8 Յուլիս 2016

1 comment:

  1. Հրաշալի ակնարկ։ Յայտնի է որ հայերս աշխարհի պատմութեան ընդմէջէն կը քայլենք՝ առանց սակայն շոշափելի ու հաստատ հետքեր ձգելու։

    ReplyDelete