11.7.16

Ուշագրաւ աշխատութիւն. «Միակուսակցական վարչակարգի ձեւաւորումը Խորհրդային Հայաստանում (1920-ական թուականներ)»

ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ

Մերօրեայ քաղաքական զարգացումներն ուղղակի պարտադրում են պատմութեան մանրակրկիտ իմացութիւնը, քանի որ ամէն ինչ եւ յատկապէս պատմութիւնն այսօր առաւել քան քաղաքականացուած է: Մեր եկուոր հարեւանները, փորձելով ներկայանալ տեղացիներ եւ ոչ մի չափանիշ հաշուի չառնելով, աղաւաղում են պատմութիւնը եւ հազար ու մի անհիմն «փաստարկներով» փորձում սեփականել ժողովրդիս անցեալն ու նոյնիսկ «տէր դառնալ» նրա ապագային: Այս հարցերում, անկասկած, մեղքի իրենց բաժինն ունեն Խորհրդային կայսրութիւնը եւ ժամանակին նրանում հաստատուած կուսակցական մենատիրութիւնը: Որովհետեւ այդ համակարգը ոչ միայն արգելում էր ուսումնասիրել շատ հարցեր, այլեւ պատմագիտութեանը պարտադրում էր ողջ անցեալը «յարմարեցնել» դասակարգային պայքարի ելակէտին եւ Ռուսաստանին ու նրա պատմութեանը սազական զգեստներ «հագցնել»:
Այնպէս որ, մերօրեայ արհեստածին շատ հարցերի պատասխաններ հարկաւոր է փնտռել հէնց խորհրդային համակարգի ձեւաւորման ակունքներում, ինչին էլ ձեռնամուխ է եղել պատմագէտ, արգասաբեր հետազօտող եւ նշուած ժամանակաշրջանի ու խնդիրների խորագիտակ Արարատ Յակոբեանը:
Նախանձելի աշխատասիրութեամբ առանձնացող հեղինակի հերթական մենագրութիւնը նուիրուած է մեզանում գրեթէ չուսումնասիրուած այնպիսի խնդիրների, ինչպիսիք են միակուսակցական վարչակարգի ձեւաւորումը, դրա հաստատման զուգահեռները ռուսականի հետ, կուսակցական նոմենկլատուրայի առաջացումը, պետական իշխանութեան թեւերի սահմանազատման խնդիրները, խմբակայնութիւնը եւ ընդդիմութիւնը Կոմկուսի ներսում եւ այլն:
Միանգամայն իրաւացիօրէն հեղինակը գրում է, որ մեր ժամանակներում ԽՄԿԿ եւ խորհրդային պետութեան պատմութեան պատմագիտական նոր պահանջներով ու մեթոդաբանութեամբ նորովի եւ անկողմնակալ դիրքերից լուսաբանման անհրաժեշտութիւն կայ: Քանի որ ԽՍՀՄ-ի փլուզման հետեւանքով ու կոմունիստական ամբողջատիրութեան վերացումով Հայաստանը թեւակոխել է պատմական զարգացումների բոլորովին նոր շրջան եւ անհրաժեշտութիւն է առաջացել քաղաքական նոր համակարգէր փնտռելու, որի ճանապարհին անհրաժեշտ է խորազնին հետազօտել նախորդ համակարգերը, դրանց փորձն ուսումնասիրելու եւ ձախողումների պատճառները բացայայտելու համար: Որովհետեւ գաղտնիք չէ, որ Երրորդ Հանրապետութեան տարիներին ՀՀ պետական իշխանութեան ղեկին յայտնուած կուսակցութիւնները թէեւ հանդէս են գալիս ժողովրդավարական արժէքների հաստատման կարգախօսներով, սակայն իրականում նրանց կողմից ձեւաւորման պետական կառավարման համակարգն ու վարուող քաղաքականութեան բովանդակութիւնը շատ կողմերով նմանւում է հնին: Խնդրի բարդութիւնը հեղինակը բացատրում է նրանով, որ տասնամեակներ շարունակ ամբողջատիրական համակարգին սովոր ու վարժուած հայ հանրոյթը եւ նրա քաղաքական ղեկավարութիւնը իներցիայի ուժով շարունակում են նախկին մտածելակերպը եւ գործելակերպը, ինչը «երկիրը կարող է տանել այդ հնի ռեստաւրացիայի»: Հէնց այդ պատճառով ու մտահոգութեամբ էլ անհրաժեշտ է վեր հանել խորհրդային վարչակարգի էութիւնը, հաշուի առնել անցեալի փորձն ու դասերը, որպէսզի դրանք այլեւս չկրկնուեն մեր օրերում:
Հէնց ապագայում երկիրն ու ժողովրդին մենիշխանութեան հաստատման վտանգներից զերծ պահելու այս մտահոգութիւնն է ուղղորդել Ա. Յակոբեանին ուսումնասիրելու 1920-ական թթ. Խորհրդային Հայաստանում կոմունիստական մենատիրութեան ձեւաւորման, միակուսակցական քաղաքական համակարգի հաստատման գործընթացները, ապագայում դրանք չկրկնելու ակնկալիքով: Քանի որ սիրողական մակարդակով անգամ այսօրեայ հեռուից դրանք դիտարկելիս ակնյայտ երեւում է, որ անչափ շատ են նմանութիւնները ՀՀ Երկրորդ եւ Երրորդ հանրապետութիւններում իշխանութիւնների ձեւաւորման եւ շարունակականութեան գործընթացներում: Այսօր էլ 1920-1930-ական թթ. նման աստիճանաբար ձեւաւորւում է կուսակցական մենատիրութիւն, կուսակցական-բիւրոկրատական մենիշխանական համակարգ, եւ եթէ գործընթացները շարունակուեն նոյն հունով, ապա հեռու չէ նաեւ կուսակցական «էլիտա»յի վերջնական ձեւաւորումը:
Մանրամասնօրէն քննարկելով խորհրդային-կոմունիստական վարչակարգի ձեւաւորման պատմաքաղաքական հիմքերը եւ գաղափարական նախադրեալները, Ա. Յակոբեանը համոզիչ կերպով ցոյց է տալիս, որ բոլշեւիկեան վարչակարգի ձեւաւորումն ու հաստատումն ունեցել է իր պատմական ակունքներն ու նախադրեալները եւ անմիջական կապ տեսնում նախընթաց դարերի ռուսական միապետութեան եւ 20-րդ դարում հաստատուած բոլշեւիկեան միակուսակցական վարչակարգի միջեւ: Որպէս հաստատում այդ տեսակէտի, հեղինակը վկայակոչում է ռուսական պատմագիտութեան մէջ քաղաքացիութիւն ստացած այն տեսակէտը, թէ ինքնակալական համակարգը պաշտօնապէս ներկայացուել է որպէս Ռուսաստանի կառավարման բնորոշ միակ ձեւ ու քաղաքական արժէք: Իսկ դարերի ընթացքում ռուս հասարակութեան սոցիալական տարբեր խմբեր ու խավեր յարմարուել ու ընտելացել էին այդ համակարգին՝ իբրեւ բնական վիճակ: Հոկտեմբերեան յեղաշրջման արդիւնքում իշխանութեան եկած բոլշեւիկներն էլ հեշտութեամբ ընդօրինակեցին իրենց նախորդների վարչաձեւը՝ միայն այլ լոզունգ-կարգախօսներ կիրառելով: Ինչպէս ցարական ժամանակներում, այս դէպքում էլ առաջնային եղան համայնքի կոլեկտիւ շահերը, իսկ անհատի անձնական շահերը մղուեցին երկրորդ պլան եւ ստորադասուեցին կոլեկտիւին: Ինչպէս նախկինում, երբ ռուսական հազարամեայ պետութեան գերնպատակը եղել է պետականութեան ամրապնդումը, այս դէպքում էլ, իրաւացիօրէն նշում է հեղինակը, նոյնը մնաց, իսկ մարդ-անհատը՝ պետական մեքենայի պտուտակը: Ընդ որում, այդ գործընթացում կարեւոր նախադրեալ էր բնակչութեան կրթական եւ քաղաքական ցածր մակարդակը:
Պատմագէտ-վերլուծաբանը ցաւով արձանագրում է, որ այդ նոյն մոդելի վարչակարգը, որ խորհրդային իշխանութեան ձեւով ստեղծուեց Ռուսաստանում, հեշտութեամբ պարտադրուեց հայ ժողովրդին, որը կապուած էր ոչ այնքան ժողովրդի գաղափարական համոզմունքի, որքան՝ 1920 թ. աշնանը նրա գլխին կախուած ֆիզիկական բնաջնջման նոր վտանգի հետ: Էական դերակատարութիւն ունեցաւ նաեւ այն իրողութիւնը, որ հայր-ցարի նկատմամբ ժողովրդական կոյր հաւատն ու պաշտամունքը մեխանիկօրէն փոխանցուեց նաեւ «բոլշեւիզմի, այսինքն՝ սոցիալական ցարիզմ»ի էլիտային:
Անդրադառնալով բոլշեւիկների համար կենսական նշանակութիւն ունեցող պրոլետարիատի դիկտատուրայի հարցին՝ Ա. Յակոբեանը կիսում է ռուս նշանաւոր տեսաբան Ն. Բերդեաեւի այն տեսակէտը, թէ Լենինի համար մարքսիզմի տեսութիւնից ամենագլխաւորը պրոլետարիատի դիկտատուրայի գաղափարն էր: Քանի որ այդտեսակ պետութիւնը ենթադրում էր իշխանութեան կենտրոնացում կուսակցութեան ղեկավար ընտրախաւի (էլիտայի) ձեռքում (պետապարատը ձուլուած էր կուսապարատի մէջ եւ պետութիւնը ներկայանում էր որպէս կուսակցութիւն-պետութիւն): Իսկ բոլշեւիկներն առաջնորդւում էին յեղափոխական բարոյականութեամբ, որն ինքնին ենթադրում էր նախ եւ առաջ ուժի գործադրումով ընչազուրկների անունից բռնութեան մեքենայի միջոցով ունեզրկել սեփականատէրերին եւ հաստատել միակուսակցական քաղաքական իշխանութիւն` առանձին խաւերի զրկելով երկրի կառավարմանը մասնակցելու իրաւունքից: Այսինքն` հեղինակի կարծիքով, ինչպէս իր հազարամեայ պատմութեան ողջ ընթացքում, 1917 թ. եւս, դեմոկրատիայի եւ դիկտատուրայի երկընտրանքի հարցում ռուս ժողովուրդը նախապատուութիւնը տուեց դիկտատուրային` ցարին փոխարինելով գենսեկով (կուսակցութեան գլխաւոր քարտուղարով): Ի դէպ, այսօր էլ են նկատւում իրավիճակներ, երբ ստալինեան վարչակարգի նմանութեամբ երկրում հարցեր են լուծւում կիսաքրէական մեթոդներով եւ կիսառազմականացուած կանոններով:
Իշխանութեան հաստատման գրեթէ նոյն գործընթացները ծաւալուեցին նաեւ Հայաստանում, միայն թէ հետազօտողի դիտարկմամբ՝ քանի որ Հայաստանում բանուոր դասակարգ չկար, իսկ գիւղացիական հսկայ մեծամասնութեան հանդէպ չի եղել բաւարար քաղաքական վստահութիւն, Հայկոմկուսին մնում էր յենուել Կարմիր Բանակի վրայ եւ երկիրը կառավարել ռազմական բնոյթի նորմերով: Այս դէպքում էլ կուսակցութեան ղեկավար միջուկը` չգրուած օրէնքով համարուել է վերադաս ամէն ինչից: Անաչառ հետազօտողի դիտարկմամբ, Հայաստանի պայմաններում իշխանութեան կուսակցականացման առաջին փորձը եղաւ Առաջին Հանրապետութեան օրօք, երբ 1920 թ. մայիսին ՀՅԴ Բիւրոն կազմեց կառավարութիւն, հարկադիր արձակուրդ ուղարկուեց խորհրդարանը, իսկ կառավարութիւնն ստանձնեց նաեւ օրէնսդիր մարմնի գործառոյթներ:
Զուգահեռելով խորհրդային իշխանութեան հաստատման գործընթացները Ռուսաստանում եւ Հայաստանում` հեղինակը նշում է, որ Հայաստանում այն պարտադրուած էր եւ արհեստական: Իսկ ինչ վերաբերում է Հայյեղկոմին իբրեւ բարձրագոյն իշխանութիւն, ապա նա իրաւական ու օրինական ուժ չունէր այն մասով, որ ամենեւին ժողովրդական ապստամբութեան արդիւնք չէր եւ ժողովրդական ներկայացուցչական մարմին լինելու որեւէ հիմք չունէր: Այդ ամէնով հանդերձ, նշում է հեղինակը, իրական ու փաստական իշխանութիւնը անբաժան կերպով պատկանում էր Կոմկուսին, յատկապէս նրա ընտրանուն (էլիտային) եւ գնալով այդ գործընթացն այնքան էր խորացել, որ յանգեցրել էր կուսակցական մենատիրութեան, իսկ աւելի ուշ` ամբողջատիրութեան (տոտալիտարիզմի): Որովհետեւ իշխանութեան միակ կրողը` Հայյեղկոմը, որեւէ կուսակցութեան քաղաքական յենարանի ու աջակցութեան կարիքը չունէր, քանի որ նա այդ իշխանութիւնն ստացել էր Ռուսաստանի ու նրա Կարմիր Բանակի օգնութեամբ` «մոռանալով», որ իւրաքանչիւր ազգի, պետութեան անվտանգութեան միակ յուսալի երաշխաւորը միայն ինքը` տուեալ ազգը կարող է լինել:
Շատ կարեւոր մի դիտարկում էլ է կատարել հեղինակը. Ռուսաստանում բոլշեւիկեան կառավարութեան քաղաքականութիւնն աւելի հանդուրժողական եւ կոմպրոմիսային է եղել, քան Հայկոմկուսինն ու Հայյեղկոմինը: Մի բան, որ հետեւանք էր Կարմիր Բանակի մշտական օգնութեանն ու զօրակցութեանը, եւ նպաստել, որ հայ ղեկավարները անվերապահօրէն ընդունէին եւ կատարէին Կենտրոնից իջեցուած բոլոր հրահանգները: Հեղինակի ներկայացմամբ, ընտրութիւններն էլ ամբողջութեամբ ձեւական բնոյթ են կրել Հայաստանում եւ դա էլ իր հերթին է նպաստել կուսակցական նոմենկլատուրայի (պարտոկրատիայի) ստեղծման համար: Նոմենկլատուրային այն համակարգը, պարզաբանում է հեղինակը, որը ձեւաւորուեց Խորհրդային Հայաստանում 1920-ական թթ., ընդամէնը համառուսաստանեան կուսակցական նոմենկլատուրայի մանրապատկերն էր` յարմարեցուած ՀԽՍՀ տեղական պայմաններին: Ամբողջ երկրում հաստատուեցին ցուցակներ (պաշտօնացանկ), որոնցով պաշտօնների էին նշանակւում ըստ հիերարխիկ կառուցուածք ունեցող աստիճանակարգի: Ինչպէս նաեւ իրենց զբաղեցրած պաշտօնի համապատասխան էին օգտւում յատուկ արտօնութիւններից եւ առանձնաշնորհումներից:
Անդրադառնալով պետական իշխանութեան թեւերի սահմանազատման եւ մի շարք այլ կարեւոր խնդիրների` հեղինակը փաստառատ հէնքի վրայ համոզիչ կերպով ցոյց է տալիս, որ այդ կարեւոր գործառոյթները եւս իրականացւում էին կուսակցութեան հրահանգներով: Իսկ վերջաբանում հեղինակը եզրակացնում է, որ ինքնակալական համակարգից բոլշեւիկեանի անցումը կատարուեց սոսկ լոզունգային մակարդակում, իսկ իրականում բովանդակային առումով տարբերութիւններն այնքան էլ շատ չէին: Այնուհետեւ աւելացնում, որ այդ ամէնը թէեւ այնքան էլ յարիր չէին հայկական հոգեկերտուածքին (մենթալիտետին), սակայն պարտադրուեցին դրսից եւ իրականացուեցին զանազան բռնութիւնների միջոցով:
Ընդգծենք, որ նշուած հարցերին անդրադառնալն ու մերօրեայ գործընթացների հետ զուգահեռներ տանելը բարդ ու տարողունակ խնդիր է, որը հեղինակը կատարել է գիտական ճշմարտացի փաստարկումներով եւ հասուն ու նիւթի խորը իմացութեան հենքի վրայ: Անկասկած, Ա. Յակոբեանի այս ուսումնասիրութեան առաւելութիւններից է այն, որ իր առջեւ դրուած խնդիրները վեր հանելու եւ լուծում տալու համար հեղինակը որպէս պատմագիտական-աղբիւրագիտական հիմք օգտագործել է մեծաքանակ արխիւային ու վաւերագիր նյութեր, փաստաթղթերի ժողովածուներ, կուսակցական ու պետական համակարգում աշխատող գործիչների յուշագրութիւններ, հաշուետուութիւններ, զեկուցումներ ու ամփոփագրեր, հին ու յատկապէս ժամանակակից տեսական-մեթոդական նոր դիրքերից շարադրուած պատմագիտական, քաղաքագիտական, փիլիսոփայական գրականութիւն, ժամանակաշրջանի պարբերական մամուլ եւ այլն:
Ամփոփելով նշենք, որ ընթերցողի դատին է յանձնուել հասուն, տարողունակ, բազմաշերտ ու նոր ասելիքով հարուստ ուսումնասիրութիւն: Այն առանձնանում է արխիւային փաստառատ հենքով, օտար աղբիւրների խելացի ու տեղին օգտագործմամբ, հիմնականում ընդունելի եւ հեռուն գնացող եզրայանգումներով, որոնցից ամենէականը թերեւս այն է, որ մեր նորանկախ հանրապետութեան գոյութեան քառորդդարեայ ընթացքում եւս մշտապէս առկայ են նախորդ իշխանական համակարգի մնացուկները եւ դրանց վերարտադրութեան սպառնալիքները: Հեղինակի` պ.գ.դ., պրոֆեսոր Ա. Յակոբեանի գլխաւոր գիտական ձեռքբերումը դրանց արմատների բացայայտումն է, էութեան վտանգաւոր լինելու մատնանշումը եւ դրանց հնարաւոր վերարտադրութեան արգելափակումը:

«Ազգ», 8 Յուլիս 2016

No comments:

Post a Comment