3.2.16

Հատտէճեանի երկխօսութեան ժամանակը

ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԷԼԵԱՆ
 
Մի ամբողջ դարաշրջան է ընդգրկում Ռոպէր Հատտէճեանի ապրած կեանքը: Նրանով կարելի է կազմել արեւմտահայ բնօրրանում ազգային կեցութիւն եւ նկարագիր պահած-շահած ժողովրդի պարզ ու բարդ կենսագրութիւնը: Նրա հոգեաշխարհը ձեւաւորուեց անցեալ դարի ճիշդ կէսից՝ յիսունականներից: Այսօր, արդէն վաթսուն եւ աւելի տարիներ, նա՛ է ձեւաւորում Պոլսոյ ազգային գրամշակութային եւ ընկերային կեանքի շնչառութիւնը:
Եւ նա ստեղծեց ի՛ր ժամանակը: Թւում էՙ բերեց մէկ պատուհան, իրականում նա այդ պատուհանով ընդլայնեց եւ ամբողջացրեց արեւմտահայութեան հոգեմտաւոր ընկալումների սահմանները: Նրա հարուստ ու բազմաշերտ, բեղուն գրականութիւնը իր ժողովրդի անցեալի ու ներկայի հետ անվերջանալի երկխօսութեանՙ կրնկի վրայ բաց դարպաս է, ուր կարող ենք որսալ անցեալի պատմութեան ծալքերի մէջ թաղուած գեղարուեստական ճշմարտութեան բացայայտումի ճիգը: Այդ դարպասից ներս հզօր ներաշխարհիՙ մեզ համար անտես տրոփն է, ստեղծագործողի, հոգեբանի, փիլիսոփայի եռեւեփումը: Այդ դարպասից ներս անձն էՙ նոյնքան բարդ, գուցէ եւ ներհակ, գուցէ եւ ներքնապէս տարբեր իր «գիր»ից: Սա իր փիլիսոփայութեան նախադուռն է:
Մենք կարող ենք հաստատել, որ նա բոլոր ժամանակների, բոլոր երեւելի դէմքերի հետ իր ծաւալած երկխօսութիւններում քննել է մեր ու «նրանց» օրերի, մտահոգութիւնների հասարակաց, ընդհանուր գիծը, այն, ինչ միաւորել է ճակատագրապաշտ ժողովրդին: Ինքը ազգային մեծ ժամանակի կարեւոր հանգոյցներից, յաւերժական ընթացքի վկայասէր երաշխաւորներից մէկն է:
Անցնող այս վերջին երեք տասնամեակների մէջ, երբ, կարող ենք ասել, թէ «որոշ չափով» ճանաչում ենք Ռ. Հատտէճեանի ստեղծագործութիւն-«գիրը», նրա մասին մենագրութեան հեղինակ ենք, մեզ տեւականօրէն ուղեկցում է «չոր» ու նոյն նշանառութեամբ տարողունակ հարցումըՙ ո՞վ է, ի վերջոյ, նա:
Պատասխանը ենթադրում է, նախ, առարկայական գնահատութիւն. հանգիստ խղճով թուարկում ենք նրա ծովածաւալ գրքերը, հրատարակութիւնները, որոնց ճշգրիտ թիւը վախենամ ինքն էլ չյիշի. չէ՞ որ միայն «Յուշատետր»ի հատորները 70-ից անց են: Երկրորդ, փորձում ենք կազմել բուն հետաքրքրութիւնների, այսպէս կոչուածՙ բառի կախարդական մեկնութեան շրջանակը՝ վէպը, թատրերգութիւնները, պատմուածքները, իր ժամանակի հոլովոյթը ընդգրկած մարդկանց (ասել է թէՙ Սուրբ Մեսրոպից ծնունդ առնող ու փայլատակող մեր գրագէտների անվերջանալի տողանցքը) եւ գաղափարները (ասել է թէՙ մտքի ծանրանիստ բաւիղներից մինչեւ գեղեցիկ խօսքի, իմաստնութեան խաղի սուր ու տպաւորիչ ընդհանրացումները, երեւոյթների հոգեբանական վերլուծական ենթախորքի կառոյցների բարունակներից ընդհուպ ժողովրդի հաւաքական ճակատագրի քննութեան կերպերն ու իսկութեան եղանակները): Այս ամէնը կազմում են իր՝ Ռոպէր Հատտէճեանի խորագնայ հայեացքի հատուածակողմերը, եւ վերջապէս, չմոռանանքՙ իր գոյապաշտ փիլիսոփայութիւնը:
Յիրաւի, միայն ստեղծագործութիւնների սոսկական թուարկումը բաւարար լինել չի կարող. Ռոպէր Հատտէճեանը աշխարհ է փռել իր պատուհանիցՙ զարմանահրաշ եւ գունագեղ, անսպառ ու թարմատի:
Կայ եւ գրողի ճանաչողութեան երրորդ սահմանագիծը, որը իրաւունքով ու խանդաղատանքով ինքը,- եւ մենք նրա հետ լիուլի համերաշխ ենք,- կարող է կոչել «առաջին ճակատ»: Դա «Մարմարա» օրաթերթն է, որի համբաւաւոր խմբագրապետն է գրեթէ յիսուն տարիներ, ճշմարիտ կապաւորը մարդու եւ հայկականի, յոյզի եւ կեցութեան սահմանագլուխներում: Այսօր էլ նա այնտեղ է. նրա օրն ու ժամը, անգամ վայրկեանը լցուած են թերթի բազմաբնոյթ հնհնուքներովՙ համայնքնային, ընկերային նիւթերի ընտրութեամբ եւ դասդասումով, հայաստանեան եւ միջազգային կեանքի համակողմանի լուսաբանումով, թուրքական մամուլի ամենօրեայ անձանձիր վերատեսութեան անսխալ փորձով, գրական կեանքի կազմակերպական բարձր շնորհով:
Իսկ ահա լրագրական խորհրդածութիւնների բոլորագիծ ճանապարհը նրան դարձրեց հայ հրապարագրութեան խոշորագոյն դէմքերից մէկը, ինչի վկայութիւնն են յուշագրութիւնները, ժամանակագրութիւնները, օրագրային պատումները, հանդիպումների, պտոյտների, գրական հաւաքոյթների, բառային-լեզուական պրպտումների առանձին հատորները, որոնցից ամէն մէկը թեմատիկ ամբողջութեան մէջ մէկտեղում է ոչ միայն այս կամ այն առանձին հատորը, այլ նաեւ խոհի փիլիսոփայական սրուածութիւնը: Սա մի փոքր այլ է, քան օրուայ «սովորական» ջիղը, աւելի թւում էՙ փիլիսոփայական, քան, իր իսկ բառովՙ «չոր ու ցամաք հրապարակագրութիւնը»: Ռ. Հատտէճեանը մեր գրամշակութային ածուներում խորացրեց խորհրդածութեան ճանապարհով մարդու եւ ժամանակի գեղարուեստական բնութագրումի «դժուարամարս» փորձը, ինչով յատկանշուել են Գէօթէի («Բանաստեղծութիւն եւ ճշմարտութիւն»), Միքայէլ Նալբանդեանի («Կոմս Էմմանուէլի յիշատակարանը»), Մարիէտա Շահինեանի («Մարդը եւ ժամանակը») եւ դեռ շատ ուրիշների երկերը: Ռ. Հատտէճեանի տեղը նրանց շարքում է եւՙ առաջինների մէջ: Պատահակա՞ն համարել, որ այստեղ գերակշռում են գրապատմական ժամանակագրութիւնների, գրական լիարիւն դիմանկարների ճանապարհով 19-րդ եւ 20-րդ դարերի հայ գրականութեան պատմութեան համակողմանի պատկերման ճանաչողութեան բարձր օրինակները: Դա մեր գրականութիւնը սիրել տալու շարունակական փորձուած եղանակ է, որտեղ յօդուածը իր տեղը զիջում է նիւթը բացելու ոչ հայեցողական ուշագրաւ պատումի թրթիռին: Շատ յաճախ դա համաշխարհային գրական գոհարները մեզանում նոյն սիրով շրջանառելու «ուղիղ» քայլ է: Ընդ որում՝ Ռ. Հատտէճեանը քաջ գիտի, որ «Յուշատետր»երի հասցէատէրը այսօր միայն պոլսեցին չէ. գնահատութիւնների վերլուծական կենսադաշտում նրա լսարանը ընդարձակ է, ինչպէս երբեք, այստեղից՝ լայն ու խորն են համագրական ու համազգային հարցադրումները:
Ստեղծագործական տարերքը խմբագիր-հրապարակախօսը երբեմն «խանդոտ» կրքով, բայց եւ սրտի հասկանալի կծկումով մղել է երկրորդ գիծ՝ ի շահ թերթի օրապահանջ քայլերի: Բայց գրողը ինքնարտայայտման ելքեր, գուցէ ոչ յաճախ, այնուհանդերձ, գտնում էր: Եւ սա գրական մեծութեան նշան է եղել տարբեր ժամանակներում:
Այսպէս, նա գրական ասպարէզ մուտք գործեց պատմուածքներով: Երկրորդ աշխարհամարտից անմիջապէս յետոյ Ստամբուլի «Անիւ» հանդէսի խմբագիր Խաչիկ Ամիրեանը հայ ընթերցողին թարգմանաբար ներկայացրեց նրա «Բառասխալ» պատմուածքը, որը մէկընդմիշտ շրջեց Պոլսի Մխիթարեան վարժարանը նոր-նոր աւարտած երիտասարդի ճակատագիրըՙ յետագային ծնունդ տալով երախտագիտական ջերմ խոստովանութեան. «Յստակ կերպով կը յիշեմ անակնկալ հանդիպումս հայ գրականութեան հետ: ...Իր (Խ. Ամիրեանի - Ս.Դ.) այդ շարժումով հայ գրականութիւնը ի՞նչ շահեցաւ, չեմ գիտեր, բայց գիտեմ, թէ ես շահեցայ հա՛յ գրականութիւնը»:
Ի հա՛րկէ, շահել է եւ հա՛յ գրականութիւնը, որն այսօր հատում է «շահումի» ստուգութեան իր իններորդ տասնամեակի վաւերագիրը. ականաւոր արձակագիրն ու խմբագիրը իմացական-գեղարուեստական մտքի բարձրագոյն սահմաններում է: Դրա վկայութիւններն են «Բառասխալ» (Իսթանպուլ, 1972), «Մարդոց մեծութեան եւ խեղճութեան մասին» (Բոսթըն, 1979) պատմուածքների ժողովածուները, «Առաստաղը» վէպի երկու հատորները (Իսթանպուլ, 1983, 2000) եւ մէկ գրքովՙ (Երեւան, 2006), թատրերգութիւններիցՙ «Կեանքի մը երեք կիրակիները», «Մահը ա՞յս է արդեօք», «Մարդը եւ իր պատեանը», «Կիրակնօրեայ հաշուեփակ» եւ շատ ուրիշներ (1970-1990-ական թթ.):
Իր հիմնարար ստեղծագործութիւններում Ռ. Հատտէճեանի ընտրած կերպարները ընկերութեան փոքր, աննշան, անգամ ինչ-որտեղ խեղճ մարդիկ ենՙ թողլքուած, երբեմն նաեւ խեղուած, որոնց ուսերին, սակայն, հեղինակը դնում է երկու դարերի սահմանագծին դեռ մնացած խղճի նշոյլը, ազգային-բարոյաբանական դասերի ծանրութիւնը: Գեղարուեստական դիպախաղից առաւել նրան շահագրգռում է գործողութեան խորհրդանիշը, երբ հաստատում է դարաշրջանից մարդու հաւաքական դժգոհութիւնը, մարդու միջից արտաքսումի ճամբայ բռնած գութըՙ ազգային գրականութիւնից ածանցուած հիմնարար գերգաղափարը: Գրողն ընդվզում է իր հերոսների հետ, փորձում է չխոնարհուել, վերակերտել հնարաւոր ճակատագիրը, սակայն միաժամանակ նկատում է ընդվզման համընդհանուր, համազգային թուլութիւնը, գրական կենսագրութեան դիմաց ազնիւ առճակատման կոյր «ժամանակավրէպութիւնը»: «Առաստաղ»ի անանուն հերոսի, պատմուածքներիցՙ փիլիսոփայութեան ուսուցչի, կամ Գնել Դաւիթեանի եւ այլոց կերպարների մէջ խորհրդանշւում է Սփիւռքի այսօրուայ ու վաղուայ անյոյս ու անլոյս ընթացքը, մի հեռանկար, որ խոշորագոյն բանաստեղծ Զարեհ Խրախունու դիպուկ բնութագրումով «...մահագուշակ ուրուականի մը նման յայտնուած է ամէնուս հորիզոնին վրայ եւ կուգայ իւրաքանչիւրիս դուռը բախելու»:
Յայտնի իրողութիւն, գրեթէ անսրբագրելի անարդարութիւն է կարծես պատմութեան՝ մեզ տրուած ընկերային թնճուկ՝ՙ «Մէկը ծովու չափ շատ ունի, միւսը սովի մէջ կ՚ապրի»: Նման արտայայտութիւնն անցել է ասացուածքների շարքը, որը առօրեային միայն չի վերաբերում: Այս պարագային այն խորհրդանշում է Աստծոյ շքեղ բաշխումի վկայութիւնը: Ռոպէր Հատտէճեանը շարունակաբար մեզ տալիս է մտքի առատութեան եղջիւրից իր ապրումները, ներաշխարհի իր նշխարները: Այն մենք ընդունում ենք իբրեւ մարդկային ջերմ պատգամ, իբրեւ լինելութեան, վայելքի, խանդավառութեան բարձր նշան:
Կարդալ Հատտէճեան, նշանակում է բաշխուել մարդկային երջանկութեան ու հոգեւին տառապանքի բեւեռների միջեւ: Նշանակում է աւելին՝ հաւատալ խօսքի առաջնորդի սլացքին ու ընդառաջ գնալ նրա հոգէաշխարհի «ծովու» բացերին, գեղարուեստական անակնկալների հրավառութեանը:
Եւ իմ պարզ խորհուրդը հայ ընթերցողինՙ ԿԱՐԴԱՑէ՛Ք ՀԱՏՏԷՃԵԱՆ:

«Ազգ-Մշակոյթ», 29 Յունուար 2016

No comments:

Post a Comment