6.1.16

Մշակոյթը պետութեան փէշից կախ

ՆԱՅԻՐ ԵԱՆ
 
Անցնող տարին ստեղծագործական միութիւնների համար մի քիչ աշխոյժ էր. Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած նախաձեռնութիւններ իրականացուեցին: Բայց բոլորի օրակարգային խնդիրն էլ սոցիալականն է. մերօրեայ արուեստագէտն ու մտաւորականն աղքատ են: Հանրութիւնը նրանց չի ճանաչում, հետեւաբար ոչ մի մեծահարուստ անյայտ նկարչի գործ չի առնում-կախում իր պատին, եթէ մի կոմպոզիտորի բախտը բերում է, ու նրան ստեղծագործութիւն են պատուիրում, ապա առաւելագոյնը վճարում են 200 հազար դրամ: Կոմպոզիտորների Միութիւնն այս տարի Մշակոյթի նախարարութիւնից ստացել է 8-10 միլիոն դրամ, որով փառատօներ, համերգներ է կազմակերպել: Կոմպոզիտորների Դիլիջանի տունը քարուքանդ է: Ներդրողները հետաքրքրուած չեն այդ կառոյցով, թէեւ զարմանալի է՝ ինչո՞ւ: Եթէ հետաքրքրուէին ու կառուցէին, նորոգէին, աշխատեցնէին, միգուցէ միութիւնն էլ օգուտ ունենար դրանից: Ռոբերտ Ամիրխանեանի պաշտօնավարման օրօք մի շարք կոմպոզիտորներ, այդ թւում՝ Տիգրան Մանսուրեանը, սկզբունքօրէն չեն մտել միութիւն, արդէն երկու տարի է՝ մտնում են. Արամ Սաթեանից նեղացած-վիրաւորուած չեն: Արամ Սաթեանը թուարկում է այն համերգները, որոնց ժամանակ հնչել են հայ կոմպոզիտորների գործերը: Այո՛, նմանօրինակ մի համերգ էլ Դեկտեմբերի 17-ին եղաւ: «Հովեր» երգչախումբը եւ պետական կամերային երգչախումբը Կոմիտասի անուան կամերային երաժշտութեան տան բեմի վրայ մի կերպ տեղաւորուելով՝ հնչեցրին Տիգրան Մանսուրեանի «Ռեքուիէմը»՝ ազդարարելով Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումների աւարտը: Նորմալ է, որ Եւրոպա, Ամերիկա նուաճած Մանսուրեանն ու իր «Ռեքուիէմը» ներկայացուեն կամերային երաժշտութեան տանը: Մեր Մանսուրեանն է, էլի, մեր ցեղասպանութիւնն է ու մեր «Ռեքուիէմը», ի՞նչ կարիք կայ «Արամ Խաչատրեան» համերգասրահը զբաղեցնել: Այնտեղ աւելի կարեւոր, դարակազմիկ միջոցառումներ են անցկացւում՝ էստրադային համերգ, կորպորատիւ հանդիսութիւններ: Մի քիչ էլ է աճել պէտք «Արամ Խաչատրեան»ում ներկայանալու համար:
Մեր նկարիչների մասին. նրանք դրսում չեն ցուցադրվում. թանկ հաճոյք է: Օրինակ՝ Գերմանիայում 15-20 քմ. ցուցասրահ վարձելու համար 10 հազար եւրօ է պէտք: Մերոնք էլ առաւելագոյնը Նկարիչների Միութիւնում են ցուցադրւում. իրենք իրենց շնորհաւորում ու ժպտում են: Սովետը նկարիչներին արուեստանոցներ էր տալիս. մօտ 1000 արուեստանոցներ 1992-ին օրէնքի ուժով սեփականացուեցին ու տրուեցին նկարիչներին: Նրանք էլ վաճառեցին, սեփական կարիքներին ծառայեցրին դրանք: Հիմա երիտասարդ նկարիչները փաստի առաջ են կանգնած. ստեղծագործելու տեղ չունեն, բացի բաց բնությունը: Ուկրայինան, օրինակ, այդպէս չվարուեց: Արուեստանոցները յանձնուեցին նկարիչների միութեանը, որը մինչեւ այժմ դրանք ծառայեցնում է ստեղծագործական կարիքների համար:
Գրողների Միութեան ղեկավարը անցնող տարուց գոհ է: Ցեղասպանութեանը նուիրուած հայերէն եւ օտարալեզու գրքեր հրատարակուեցին, դրսում հանդիպումներ, շնորհանդէսներ եղան: Էդուարդ Միլիտոնեանը յորդորում է ուշադրութիւն դարձնել, թէ ինչ հետաքրքրական գրողներ ունենք, որոնք ստեղծագործում են նաեւ ցեղասպանութեան թեմայով: Ժամանակակից գրողները, այդ թւում՝ երիտասարդ, այս թեման իրենցն են դարձրել, մինչդեռ նրանց նախորդները մի տեսակ անհամարձակ էին: Ցեղասպանութիւնը մի չգրուած օրէնքով համարում էին Շիրազի, Սեւակի, սփիւռքահայ գրողների թեմա:
Ստեղծագործական միութիւնները չեն ֆինանսաւորւում պետութեան կողմից, մասնաւոր հատուածին արուեստն ու գիտութիւնը չեն հետաքրքրում, իշխանութիւններն էլ չեն շտապում խնդիրը կարգաւորել օրէնսդրօրէն: Օրինակ՝ շատ երկրներում ազգային կինոն, մշակոյթը հովանաւորելու համար գործարար ոլորտին հարկային արտօնութիւններ են տրւում: Միւս երկրներն այլ ուղի են ընտրել: Օրինակ՝ մերձբալթեան պետութիւններում ծխախոտի եւ խմիչքի բիզնեսի եկամտի 2 տոկոսը յատկացւում է մշակոյթին, եւրոպական երկրներում շինարարական բիզնեսի եկամտի 2 տոկոսն է մշակոյթի հասանելիքը: Մենք շարունակում ենք հայեացքներս յառել պետութեանը. գիտենք՝ անօգուտ է, բայց մեր պետութիւնն է, մեր գրպանից է սնւում, միգուցէ բարհաճ գտնուի ու մի քանի գրոշ տայ ազգային մշակոյթին:

«Ազգ», 25 Դեկտեմբեր 2015

No comments:

Post a Comment