ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆԵԱՆ
Վահան Յովհաննիսեանի համար հնագիտութիւնն աշխարհի ամենալաւ մասնագիտութիւնն էր: Ու թէեւ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն
կուսակցութեան Բիւրոյի նախկին անդամն ու Գերմանիայում Հայաստանի նախկին
արտակարգ եւ լիազօր դեսպանը նաեւ պատմաբան էր, իսկ առաւել մեծ ճանաչում ձեռք էր բերել որպէս քաղաքական գործիչ, այնուամենայնիւ, հնագիտութեան
ոլորտը նրա համար մի ուրիշ աշխարհ էր, ու նա շատ էր ափսոսում, որ
քաղաքականութիւնն իրեն զրկել էր այդ աշխարհում լինելու հնարաւորութիւնից:
«80-ականներն էին, հերթական պեղումից յետոյ Վահանը գիշերով եկաւ մեր
տուն, ասաց, որ հազարամեակների պատմութիւն ունեցող ոսկէ գաւաթ է գտել, որն
իր մօտ է: Նա չէր գիշերել այդ գիւղում՝ վախենալով, որ միգուցէ, գտածոն
գողանան... Այդ օրը մենք նշեցինք առիթը, անգամ գինի խմեցինք հենց
պատմական գաւաթից, որը յաջորդ օրը տարան թանգարան»,- «Հետք»ի հետ
զրոյցում պատմեց Ռ. Բաբայեանը:

Գաւաթի իրանին արուած վեց հորիզոնական դրուագազարդ գօտիների վրայ
ներկայացուած է հնագոյն հնդեւրոպական առասպելական սիւժէ՝ հերոսի կողմից
իրականացուած վարազի որսի, դրա հետեւանքով երկու ցեղերի միջեւ ծագած
գժտութեան, մարտի եւ պարտուած կողմի առաջնորդների մահապատժի տեսարաններով:
Այդ սիւժէն կապւում է հնդեւրոպական դիցաբանական պատկերացումների հետ:
Իսկ այս փաստը խօսում է միջին բրոնզի դարում Հայաստանի եւ Կենտրոնական
Անդրկովկասի տարածքը բնակեցնող թռեղք-կիրովականեան մշակոյթի կրողների
հնդեւրոպական ծագման մասին:
Ու թեեւ Վահան Յովհաննիսեանն այն կարծիքին էր, որ ինքը «վատ հնագէտ
չէ», հենց միայն այս գաւաթը, որն այժմ իր կարեւոր տեղն ունի Հայաստանի Պատմութեան թանգարանի ցուցանմոյշների շարքում, գալիս է խօսելու էլ աւելիի
մասին՝ համարուելով եզակի երեւոյթ Հայաստանի եւ Անդրկովկասի հնագիտութեան
պատմութեան համար:
«Հետք», Յունուար 24, 2015
(http://hetq.am/arm/news/58266/mi-cucanmushi-patmutyunqarashambi-gavaty-hin-arevelyan-kirarakan-arvesti-glukhgortsocy.html)
No comments:
Post a Comment