31.1.15

Կոստան Զարեանի մասին մենագրութիւն ռուսերէնով

ԱՐԾՈՒԻ ԲԱԽՉԻՆԵԱՆ
 
Անցած տարի Միւնխէնում գործող LAP LAMBERT Academic Publishing հրատարակչութիւնը Համացանցից տեղեկացել է երեւանցի գրականագէտ Նարինէ Պետրոսեանի՝ հայ գրականութեան դասական Կոստան Զարեանի մասին պաշտպանած ատենախօսութեան մասին եւ դիմել է նրան՝ առաջարկելով ռուսերեն թարգմանութեամբ տպագրել նրա աշխատութեան մի մասը: Դժուար է ասել, թէ որն է եղել Կոստան Զարեանի հանդէպ հետաքրքրութիւնը Միւնխենում (քաղաք, որտեղ գրողը երիտասարդութեան տարիներին մէկուկէս տարի բանտ է նստել՝ ռուս յեղափոխական շարժմանն աջակցելու համար): Սակայն փաստն ուրախալի է, որ եւրոպական մի հրատարակչութիւն լոյս է ընծայում գիտական աշխատութիւն մի հայ հեղինակի մասին, որը հայաշխարհում անգամ բաւարար չափով յայտնի չէ: Փաստն ուրախալի է, անգամ եթէ հրատարակութիւնը տիրաժաւորուած չէ, այլ տպագրւում է միայն Համացանցով պատուէր ստանալու պարագայում եւ ուղարկւում է պատուիրատուին (վերջին տարիներին տարածում գտնող մի երեւոյթ):


Գերմանաբնակ բարեկամներիս միջոցով վերջերս ստացայ Նարինէ Պետրոսեանի «Կոստան Զարեան. գեղագիտութիւնը, աշխարհայեացքը» 72 էջ ընդգրկող մենագրութիւնը (տես Нарине Петросян, Костан Зарян: эстетика, мировоззрение: Дневники - Наватомары. Мюнхен, LAP LAMBERT Academic Publishing, 2013):
Ուսումնասիրութեան մէջ հետազօտւում է Զարեանի օրագրերում գրողի աշխարհայեացքը, նրա իմացաբանութիւնը՝ սկսած անտիկ փիլիսոփայութիւնից մինչեւ Վերածնունդ, Լուսաւորութիւն, ապա՝ 20-րդ դարի փիլիսոփայութիւնը, որը ներկայացւում է առաւել հանգամանալից: Քննութեան է ենթարկուած նաեւ գրողի մարդաբանական հայեցակարգը, որի շրջանակում գրողը ներառել է նաեւ հայ փիլիսոփայական մտքի պատմութիւնը, մասնաւորապէս՝ նորպլատոնականութեան դրսեւորումը Դաւիթ Անյաղթի փիլիսոփայութեան համակարգում եւ 20-րդ դարի հայ գրականութեան մէջ կամապաշտութեան իւրօրինակ դրսեւորումները: Զարեանի համար դա կարեւոր է եղել՝ բխած 20-րդ դարի սկզբի հայոց պատմութեան իրադարձութիւններից. նա այդ կերպ փորձել է ձեւաբանել պետականութեան հաստատման իւրօրինակ մի ձեւանմոյշ: Այս իրողութեան սկզբնաղբիւրը կարելի է համարել Պոլսում Զարեանի եւ այլոց կողմից հրատարակուած «Մեհեան» հանդէսը: Գեղագիտութեան համակարգը ուսումնասիրում է (օրագրերում) Զարեանի մշակութաբանական հայեացքների սկզբնաղբիւրը, անդրադառնում Վերածննդի, մասնաւորապէսՙ Լէոնարդօ դա Վինչիի իրողութեանը: Այստեղ անդրադարձ կայ գրողի «Լէոնարդօ դա Վինչին եւ Հայաստանը» յայտնի դասախօսութեանը: Զարեանի մշակութաբանական հայեացքների հիմքում Շպենգլերի «Արեւմուտքի մայրամուտը» աշխատութիւնն է (լոյս տեսած անցած դարի 20-ական թուականներին), իսկ նախկինում նմանատիպ որոշ հայեացքներ գրողն արդէն արտայայտել էր մէկ տասնամեակ առաջ, «Մեհեան» հանդէսում: Ըստ այդմ, Զարեանը տարբերակում է մշակոյթ հասկացութիւնը քաղաքակրթութիւնից, ճիշտ ինչպէս Շպենգլերի մշակութաբանական հայեցակարգում է: Մշակոյթը համաշխարհային պատմութեան արտացոլումն է: Համաշխարհային պատմութիւն գոյութիւն չունի, գոյութիւն ունի պատմութեան ութ փուլ, որն արտացոլուել է մշակոյթի միջոցով: Քաղաքակրթութիւնը մշակոյթի շարունակութիւնն է, բայց՝ ամուլ վիճակը: Այսինքն՝ մշակոյթը նիւթի պաշտամունք չունի, նրա պաշտամունքը բնութիւնն է, հոգեւորը, մինչդեռ քաղաքակրթութիւնը հեռանում է բնութիւնից, նրա խնդիրը նիւթն է, որ փոխանցելի է. վկայ՝ հռոմէական քաղաքակրթութիւնը, որը շարունակութիւնն է անտիկ Յունաստանի մշակոյթի...
Գրքի շապիկին տեղ է գտել նաեւ հեղինակի լուսանկարը եւ կենսագրութիւնը, որից տեղեկանում ենք, որ Նարինէ Պետրոսեանը ծնուել է 1976 թուականին, Երեւանում, աւարտել է Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան բաժինը եւ 2009 թուականին պաշտպանել իր թեկնածուական ատենախօսութիւնը ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղեանի անուան գրականութեան ինստիտուտում: Հայ գրականութիւն է դասաւանդել Մաշտոց քոլէջում, յօդուածներով աշխատակցել Հայաստանի եւ Սփիւռքի գրական եւ գիտական մամուլին («Նարցիս», «Գարուն«, «Հայկազէան Հայագիտական Հանդէս», «Բագին» եւ այլն):
Աւելացնենք, որ գիրքը հայերենից ռուսերեն է թարգմանել երեւանցի լրագրող եւ թարգմանչուհի Իդա Կարապետեանը: Նաեւ ափսոսանքով նշենք, որ երիտասարդ շնորհալի գրականագիտուհին՝ Նարինէ Պետրոսեանը, այսօր ապրում եւ աշխատում է Ռուսաստանի Դաշնութեան Տուլայի մարզի Զաոկսկ քաղաքում, աշխատում է միջնակարգ դպրոցում, անգլերէն է դասաւանդում ռուս երեխաների...
Այս տարի Զարեանի ծննդեան 130-ամեակն է: Շատ ցանկալի կը լինէր, որ ցեղասպանութեան դարադարձի կողքին չմոռացուեն մեր մեծութիւնների յոբելեանները, յատկապէս գրական, բանասիրական, մշակութաբանական, պատմական, գեղագիտական եւ փիլիսոփայական անսպառ նիւթ տուող Կոստան Զարեանի գրականութիւնը, որի անտիպ ու չհաւաքուած բազմաթիւ էջեր ու ստեղծագործութեան վերլուծութիւններ սպասում են ընթերցողի հետ հանդիպման...

«Ազգ-Մշակոյթ», Յունուար 16, 2015

No comments:

Post a Comment