16.11.14

«Սփիւռքում հայ մնալու համար այլեւս միայն պատմութիւնը բաւարար չէ»

ՍՈՒՐԷՆ Թ. ՍԱՐԳՍԵԱՆ

Ամէն անգամ, երբ առիթ է լինում Սփիւռքի ու սփիւռքահայութեան մասին գրելու, յատկապէս Հայոց մեծ ողբերգութեան հարիւրամեայ տարելիցի նախօրէին, ակամայ մտածում եմ` անհրաժեշտ է, որ բոլորս մէկտեղենք մեր կորովն ու վճռականութիւնը, յստակեցնենք իւրաքանչիւրիս անելիքը արդարութեան վերահաստատման եւ Հայոց պահանջատիրութեան արդարացի լուծման ճանապարհին: Այսօր շատ կարեւոր է, թէ ինչպէս է Սփիւռքի համար ներկայանում Հայրենիքը: Շատ սփիւռքահայերի համար նոյնքան հարազատ է մեր երկիրը, նրանք նոյն ձեւով ուրախանում ու տառապում են նրա լաւ ու վատով, աշխարհի տարբեր ծայրերում բնակուելով` նոյն ձեւով հպարտանում են մեր յաղթանակների եւ նուաճումների համար: Սակայն ոչ պակաս կարեւոր է, թէ ինչպէս է Հայաստանում ապրող մեր ժողովրդի համար ներկայանում սփիւռքահայութիւնն իր ազգային, հասարակական կեանքով, իր անուանի անհատներով, իր կառոյցներով ու գործունէութեամբ: Համոզուած եմ նաեւ, որ հայաստանցին պէտք է ճանաչի Սփիւռքը, հասկանայ, թէ որտեղից է գալիս իր` հեռաւոր, երբեմն նոյնիսկ երբեք չտեսած հայրենիքին օգտակար լինելու մղումը: Կարծում եմ, որ ամենաառաջնային պատմական անցեալի վէրքով հիմնական նմանութիւնը, որ մէկ դար շարունակ սեղմում է մեր կոկորդը, պիտի փոխարինելու գայ յաղթողի, բարգաւաճ ու հզօր լինելու, իր ապագան իր ձեռքով կերտողի զգացողութիւնը:Այս մտորումներով գնացի իմ լաւ բարեկամ, մերօրեայ սփիւռքահայ իրատես ու քաղաքական կեանքում մեծ փորձի տէր, հեռաւոր Արգենտինայում հայոց ցեղասպանութեան իրաւատէրերի առաջամարտիկ Սերխիօ Նահապետեանի հետ հարցազրոյցի:


- Պատմէք խնդրեմ Ձեր մասին,- դիմեցի նրան ջերմ: Արդէն այն տարիքում էք, որ բաւականին անցած ուղի ունէք, փորձ, վաստակ:
- Ծնուել եմ Բուէնոս Այրէսում: Յաճախել եմ հայկական դպրոց: Ունեցել եմ ուրախ մանկութիւն: Պատանեկութիւնս` շնորհիւ հոգատար ծնողներիս, անցել է մեծաւ մասամբ հայկական միջավայրում: Բարձրագոյն կրթութիւն ունեմ, սակայն այդ մասնագիտութեամբ չեմ աշխատել, քանի որ հայրիկիս պիտի օգնէի մեր ձեռնարկութիւնը ղեկավարելու ու արտադրութիւնը կազմակերպելու գործում, յետոյ էլ (մեղմ ու մի տեսակ մեղաւոր ժպտում է) շուտ ամուսնացայ, իսկ ընտանիքիս կարիքները հոգալ էր հարկաւոր: Դեռ մանկութեան տարիներին յաճախում էի ՀԲԸՄ-ի միջոցառումներին եւ շուտով ընտրուեցի տեղի ՀԲԸՄ-ի երիտասարդաց ակումբի ատենապետ: Տասնվեց տարեկանում անդամագրուեցի ՌԱԿ-ին: Ի՜նչ տարիներ էին, աշխոյժ մրցակցութիւն կար աւանդական կուսակցութիւնների միջեւ, իւրաքանչիւրս աշխատում էր ամէն ինչ անել լաւագոյնս ներկայանալու համար հանրութեան:
1983 թ. զինուորական իշխանութիւնների տապալման հետեւանքով Արգենտինայում սկսուած բարեփոխումների արդիւնքում հնարաւոր դարձաւ կուսակցութիւնների գործունէութիւնը: Ես` հաւատարիմ աշխարհայեացքիս, վաղ տարիքից անդամագրուեցի նորաստեղծ Արգենտինայի Լիբերալ Դեմոկրատական կուսակցութեանը եւ ակտիւօրէն մասնակցում ու նախաձեռնում էի շատ գործառոյթներ: Անկեղծ ասած, քաղաքականութիւն շատ եմ սիրում, մի տեսակ այն իմ տարերքն է, դրա համար էլ ամբողջովին ու եռանդուն սկսեցի աշխատել այդ ասպարէզում: 1989 թ. ընտրուեցի քաղաքային աւագանու անդամ, իսկ չորս տարի յետոյ աշխատեցի որպէս քաղաքի վերահսկողութեան վարչութեան պետ: Մեծ հնարաւորութիւնների, գայթակղիչ ու պատասխանատուութեան բնագաւառ էր, սակայն անում էի ամէն ինչ կատարեալ ու անթերի, քանի որ ի դէմս ինձ, միւսները տեսնում ու կարծիք էին կազմում հայերի մասին: 2005 թ. ընտրուեցի Բուենոս Այրեսի քաղաքային խորհրդարանի (այն երկրի խորհրդարանին գրեթէ հաւասար, իսկ որոշ դէպքերում նոյնիսկ աւելի կարեւոր դերակատարութիւն ունի) պատգամաւոր եւ իմ հեղինակած առաջին օրէնքը որ ընդունուեց հայոց ցեղասպանութեան ճանաչման մասին էր եւ ամէն տարի ապրիլի 24-ը որպէս անմեղ զոհերի յիշատակի օր ճանաչելն էր: 2007 թ. նահանգապետի թեկնածու եւս եղայ: Այժմ աշխատում եմ Արգենտինայի մարդու իրաւունքների պաշտպանի (օմբուդսմենի) գրասենեակում որպէս հաշմանդամների իրաւունքների պաշտպան:

- Մի քանի բառով ներկայացրէք արգենտինահայ գաղութի այսօրեայ վիճակը եւ զարգացման հեռանկարները:
- Դժուար է ասել որքան հայ է բնակւում Արգենտինայում, որեւէ վիճակագրական տուեալ չկայ, պարզապէս շրջանառւում է 100 հազար թիւը: Նրանցից ակտիւ համայնքային կեանքով ապրում են 5-6 հազարը: Գործում են եօթ դպրոցներ, որոնցից վեցը` ամէնօրեայ են (*): Գաղութում գործում են հինգ եկեղեցիներ, բոլորն էլ էջմիածնական են, այսինքն մեզանում եկեղեցական խնդիր չունենք: Աւելին, վերջերս դադարել ենք տեղ տալ ընդգծուած կուսակցականութեանը: Ամէն ինչից վեր են դասւում նախ եւ առաջ համագաղութային շահերը, ինչն, անկասկած, դրական երեւոյթ է եւ խիստ շահեկան:
Գլխաւոր խնդիրը շարունակում է մնալ հայապահպանութիւնը, ինչն իմ կարծիքով յենուած պիտի լինի եւ իրականանայ երեք հիմնական սիւների վրայ` Հայրենիք, եկեղեցի, բարեգործական միութիւններ: Անչափ կարեւոր է մամուլի դերակատարութիւնն իր բոլոր տեսակներով: Արդէն երկար տարիներ է, որ գաղութում հրատարակւում են ՀՅԴ-ի «Արմենիա» եւ ՌԱԿ-ի «Սարտարապատ» պաշտօնաթերթերը: Գործում են 4-5 ռադիօժամեր, երբեմն նաեւ հեռուստաժամեր են տրամադրւում հայեցի հաղորդումներ հեռարձակելու համար:
Ընդհանրապէս նկատելի է, որ գաղութն օր-օրի աւելի է հասունանում: Մեր առջեւ խնդիր ենք դրել աւելի շատ երիտասարդներ ներգրաւել հայանպաստ գործերում: Իսկ գլխաւոր նպատակը` որքան հնարաւոր է խելացի շատ հայ երիտասարդներ գտնել, սատարել նրանց լաւ կրթութիւն ստանալու եւ կառավարական համակարգերում բարձր դիրքեր գրաւելու գործում, որպէսզի նրանք այնուհետեւ հայանպաստ գործունէութիւն ծաւալեն: Ընդհանուր առմամբ, Բուէնոս Այրէսում եւ այլ բնակավայրերում գործող հայկական կազմակերպութիւնները դրական առումով հրաշալի օրինակ են տեղացիների համար: Մենք միշտ ընդգծում մեր հայ լինելը, հպարտանում ենք դրանով եւ կ'անենք ամէն հնարաւորը այդ զգացումը երբեք չկորցնելու համար: Այս գործում անչափ կարեւոր է Հայաստանի Հանրապետութեան գոյութեան փաստը, քանի որ հայ մնալու համար այլեւս միայն պատմութիւնը բաւարար չէ:

- Հետաքրքրական է Ձեր կարծիքը ընդհանրապէս Սփիւռքի եւ մասնաւորապէս նրա ապագայի վերաբերեալ: Զարգացման ի՞նչ ուղիներ էք տեսնում Սփիւռքի համար:
- Նախ եւ առաջ ամէն ջանք պիտի գործադրենք, որ Հայաստանն առաջ քայլի: Գաղտնիք չէ, անշուշտ, որ շատ սպասելիքներ ունենք նրանից, ուստի հարկաւոր է անել ամէն հնարաւորը, որպէսզի երկիրը ծաղկի ու բարգաւաճի: Պայմաններ պիտի ստեղծուէն, որ ժողովուրդը լաւ ապրի, աշխատելու, ստեղծագործելու հնարաւորութիւն ունենայ: Բոլորս` անկախ աշխարհի որ անկիւնում կը լինենք, պիտի ձգտենք ու անենք ամէն ինչ, որ «եան» վերջաւորութիւնը հնչի որպէս հպարտութեան, հզօրութեան, ապագայի խորհրդանիշ:
Հարկաւոր է ուշադիր լսել երիտասարդութեանը, քաջալերել նրան, որ նոր ու նորովի առաջարկներ ասպարէզ բերի, թարմ շունչ հաղորդի ազգին, նրա մտածողութեանն ու գենին գիտութեան վերջին նուաճումները հասանելի ու իւրացնելի դարձնի: Բնականաբար, սպասում ենք նաեւ, որ մօտ ապագայում հզօրացած Հայաստանը նաեւ մեզ օգնի, լուծումներ գտնելու համար Սփիւռքի ու յաճախ կորսուելու եզրին հասած իւրաքանչիւր հային հայ պահելու, Հայրենիք վերադարձնելու, որպէս հայ հպարտ լինելու համար:

- Որպէս շուրջ կէսդարեայ կուսակցական ի՞նչ կարծիքի էք ՌԱԿ-ի եւ նրա ապագայի մասին:
- Ընդհանրապէս իւրաքանչիւր գաղութ եւ կուսակցութիւն պիտի որոշի, թէ ինչ ծրագրերով ու քայլերով առաջ ընթանայ: Նոյնիսկ նոյն կուսակցութիւնը որեւէ գաղութի առանձնայատկութիւններն հաշուի առնելով պիտի որոշի իր մարտավարութիւնը: Օրինակ` արգենտինահայ գաղութը եկեղեցու խնդիր չունի, ինչը տարիներ շարունակ եղել է շատ գաղութների կարեւոր մտահոգութիւնը եւ յոգնեցրել ու զզուեցրել տեղերի երիտասարդութեանն ու հեռացրել հայկական միջավայրից: Հարկաւոր է սթափուել վերջապէս, վերջ տալ նմանաբնոյթ վէճերին եւ վեր կանգնել մանր, աննշան ու անպտուղ վէճերից: Անկեղծ զրոյցների ժամանակ երիտասարդները մեզ օգտակար դասեր են տալիս ասելով` ձեր վէճերի մէջ մեզ մի ներքաշէք, դրանք մեզ պէտք չեն, աւելին` խանգարում են մեզ:
ՌԱԿ-ը Արգենտինայում բոլոր կուսակցականների ջանքերի արդիւնքում միաձոյլ կառոյց է Շրջանային վարչութեան կարգավիճակով (բաղկացած է Կորդովայի, Բուէնոս Այրէսի, Ուրուգուայի եւ Սան Պաուլոյի ակումբներից): Սա չի նշանակում թէ բանավէճեր ու քննարկումներ չկան: Կան, ի հարկէ, սակայն փառք Տիրոջը, դրանք բանավէճերի մակարդակում էլ լուծումներ են ստանում: Կարճ ասած` գերիշխող է բանավէճ բառի առաջին հատուածը:
Կուսակցութեան ապագայի առումով, խորապէս համոզուած եմ, որ ամենակարեւոր դերակատարութիւնը պիտի ունենայ կուսակցութեան հայաստանեան ջոկատը: Նա պիտի դառնայ այն առանցքը, որի շուրջը կառուցողական մթնոլորտում համախմբուեն մնացեալ բոլոր ջոկատները: Ես միշտ կը հպարտանամ, որ հայաստանեան ՌԱկ-ը յաջողութիւններ ունենայ, որովհետեւ դրանով կը դրուի այն հիմնաքարը, որի հենքի վրայ կը բարձրանայ համախմբուած, մանր մունր վէճերից այլեւս ձերբազատուած ու քաղաքական ասպարէզում շարունակական յաջողութիւններ արձանագրող քաղաքական ուժը, որի հետ հաշուի կը նստեն բոլորը: ԽՍՀՄ-ի գոյութեան տարիներին տարբեր զոհողութիւնների գնով պահում էին կուսակցութիւնը, սատարում նրան այն համոզուածութեամբ, որ շուտով Հայաստանը կը դառնայ անկախ ու ազատ երկիր, իսկ ՌԱԿ-ը կը մասնակցի ընտրութիւններին, կ'ունենայ իր արժանաւոր տեղը իշխանական կառոյցներում եւ կ'իրականացնի իր ծրագրային դրոյթները, որոնք, համոզուած եմ, ամենամօտն են հայ ժողովրդի սրտին ու հոգեբանութեանը: Չեմ կարծում, որ որեւէ մէկը սպասում է, թէ Սփիւռքից կը գան ու քաղաքականութեամբ կը զբաղուեն հայրենիքում: Անհատներ, ի հարկէ, կը լինեն, բայց միայն անհատներ: Պարզապէս հարկաւոր է մշտապէս կապ պահպանել ժողովրդի հետ, իմանալ նրա ցաւն ու հոգսը, լուծումներ գտնել եւ շահել նրա քուէն:

- Այս անգամ ի՞նչ տպաւորութիւններով էք մեկնում հայրենիքից եւ ի՞նչ մաղթանքներ ունէք։
- Եկել էինք Արգենտինայի խոշոր հեռուստատեսային եւ տուրիստական մի գործակալութեան պատուերով` Հայաստանին նուիրուած գովազդային-ճանաչողական ֆիլմ նկարելու համար: Այսօր առաւել քան կարեւոր է մեր երկիրը պատշաճ ներկայացնել օտար ափերում: Յատկապէս վերջին տարիներին թուրքերի եւ նրանց նմանակ ադրբեջանցիների խաւիարանաւթային հզօր քարոզչութեանը դիմագրաւելու տեսանկիւնից: Լատինական Ամերիկայում շատերը գաղափար չունեն Հայաստանի մասին, իսկ չորսժամանոց ժապաւէնը յաւուր պատշաճի կը ներկայացնի աւելի քան հինգհազարամեայ Հայաստանն ու հայ ժողովրդին: Նախագծի ակունքներում եւ իրագործման գործում ի հարկէ կայ մեր ակտիւ մասնակցութիւնը:
Առիթից օգտուելով, ցանկանում եմ շնորհակալութիւնս յայտնել ՀՀ Էկոնոմիկայի նախարարութեանը նախագծի կարեւորութիւնը խորութեամբ ըմբռնելու եւ բոլոր դիւրութիւններն ապահովելու համար: Եղանք ու նկարահանեցինք գրեթէ բոլոր կարեւորագոյն տեսարժան վայրերը: Տաս օր շարունակ, երբեմն նաեւ գիշերները, շրջեցինք ամէնուր ու նկարահանեցինք: Ֆիլմը պիտի եթեր գնայ չորս ծրագրով, մէկական ժամ տեւողութեամբ: Կարծում եմ, որ կը յաջողենք այն ցուցադրել նաեւ հարեւան երկրներում:

«Ազգ», Հոկտեմբեր 24, 2014

------------------------
(*) Այս տեղեկութիւնը անհրաժեշտ է ճշդել։ Արժանթինի մէջ կը գործեն ութը հայկական ամէնօրեայ դպրոցներ (եօթը՝ Պուէնոս Այրէս, մէկը՝ Գորտոպա), որոնցմէ եօթը երկրորդական բաժին ունին («Հայկականք»)։

No comments:

Post a Comment