26.5.14

Նա տեսել է երեւի արեւային մի վարչապետ

 ՄՀԵՐ ԱՐՇԱԿԵԱՆ

«Մոռանալ ես-ը մենք-ի մէջ»: Յովիկ Աբրահամեանի մասին է: Վերջին զանգի օրը կարդում է բոլոր ձօները բոլոր ղեկավարներին կարդացած դէմքով մի պատանի (*): Չի բացառւում, որ պատանին անգիր գիտի նաեւ «Դեկամերոնը»: Որովհետեւ, ինչպէս իր կարդացած ձօնը, այնպես էլ «Դեկամերոնը» նրա դպրոցական ծրագրում չի եղել: Եւ «Դեկամերոնը», եւ «Ձօն վարչապետին»-ը, ըստ էության էրոտիկ ժանրի գործեր են: Այսինքն, ինչ-որ տեղ մտնել դուրս գալու մասին են: Բացառուած չէ, որ այս ձօնը նախապատրաստել են նախորդ վարչապետի համար նախորդ վերջին զանգի առիթով, բացառված չէ, որ այս ձօնը յիշեալ դպրոցի պարտադիր ասմունքի շրջանակներում է բոլոր վերջին զանգերին կամ վարչապետների բոլոր այցելութիւնների ժամանակ: Բացառված չէ նաեւ, որ այս ձօնը բոլոր պետական պաշտօնեաների համար է մտածուած եղել կամ այն պաշտօնեայի համար, որն առաջինը ոտք կը դնի իրենց դպրոց, որովհետեւ մի տեսակ չափի զգացման դէմ է «այս բոլորն աշխարհում միայն մեր վարչապետին է վայել» տողը: Եթէ, ի հարկէ, այդ ձօնը երեխայի էքսպրոմտ ստեղծագործութիւնը չէ՝ գրուած երկու գիշեր առաջ:
Բայց եթէ նոյնիսկ ինքն է գրել, էդ դպրոցում մի կենդանի վարչապետ չկա՞ր, որ լսելուց նուազագոյնը մռայլուէր, մի կենդանի Կրթութեան նախարար չկա՞ր, որ դադարեցնէր ասմունքը, մի կենդանի տնօրէն չկա՞ր, որ ամօթից մտնէր սեղանի տակ, գրականութեան մի կենդանի ուսուցչուհի չկա՞ր, որ դասաւանդած-վերջացրած լինէր Չարենցի հակաստալինեան եւ Նայիրի Զարեանի ստալինասէր ողբերգութիւնները: Յիշեալ մարդիկ այնտեղ չէին, որովհետև կամ նրանք սիբիրներում կորած հարազատներ չունեն, կամ կորցրել են յիշողութիւնը նրանց մասին, կամ դպրոցում լաւ չեն սովորել այդ ժամանակները կամ էլ իրենց էութեամբ ցանկացածին Սիբիր գործուղող են որպէս մատնիչ կամ հենց դահիճ: Եւ երեխան, որը կարդում է հետեւեալ տողերը՝ «սարսափը հեգնելով կանգնել հողմի դէմ ճակատ ճակատի», միանգամից «Սիբիր»ի հեռանկարից ապահովագրում է քանի՞ հոգու՝ ծնողներին, գրականութեան ուսուցչուհուն եւ դպրոցի տնօրէնին:
Ճիշտ չէ այդ երեխայի առիթով օգտագործել «օճառ» բառը, իբր գիտի, թէ ինչ է անում, բայց փաստ է, որ արածն օճառութիւն է: Երեխայի ինչ գործն է ձօնը, եթէ այն իր հօր կամ մօր մասին չէ: Նոյնիսկ Մասիսի մասին ձօնն է զուարճալի, եթէ այն սեփական աչքի մասին չէ, այլ հենց Մասիսի: Վերջին զանգի օրը ձօն կարդալ վարչապետին եւ ոչ թէ սեփական ուսուցչին, թեթեւամտութեան վերջն է: Ո՞վ է Յովիկ Աբրահամեանը այդ երեխայի համար: Եւ ինչո՞ւ այսպիսի ձօն չանցաւ արարատցի դպրոցականներից որեւէ մեկի մտքով այսքան տարիների ընթացքում: Արդեօ՞ք Յովիկ Աբրահամեանը այս երեխայի տեսիլքն է եղել, ինչպէս Չարենցն էր Թամանեանի մասին ասում՝ նա տեսել է երեւի արեւային մի քաղաք: Նշանակում է՝ այդ երեխայից ընդամէնը հանրապետական են ձուլում, ապագայ մարդ-մտոց: Որովհետեւ կամ նա այդ ձօնը կարդում է հայ բոլոր երեխաների անունից, կամ նա տեսել է մի վարչապետի, որին գնահատելու համար մենք դեռ շատ փոքր ենք:
Իսկ քանի դեռ փոքր չենք, կամ էդ երեխայից բացի ոչ ոք գլխի չի ընկել, որ շատ փոքր ենք Յովիկ Աբրահամեանին գնահատելու համար, շտապենք ասել՝ ժողովուրդ, ամբողջ տաս տարի երեխային գիր ու գրականութիւն էք սովորեցնում, Չարենց, Թումանեան, Նարեկացի կամ Մեծարենց էք առերեսում, որ երեխան վերջում Յովիկ Աբրահամեանի մասի՞ն բանաստեղծութիւն գրի: Իմ առաջին բանաստեղծութիւնը Գարիկ Կասպարովի մասին էր: Ես 13 տարեկան էի, երբ նա դարձավ աշխարհի չեմպիոն: Դա իմ առաջին գործն էր եւ վերջին ձօնը, ընկերներ: Եւ դա շախմատի աշխարհի չեմպիոնի մասին էր, ու ես դեռ չգիտէի, որ նա հայ է: Ես իմ մասին էի գրել, ահա թէ ինչ կասեմ ձեզ: Եւ այն, որ ՀՀԿ-ն դպրոցներ է մտնում ուսուցիչների դէմքով, գիտէինք, բայց որ արդէն երեխաների դէմքով կը մտնի, նորամուծութիւն է: Շնորհաւորանքներս:

civilnet.am, Մայիս 24, 2014

(*) Ուրբաթ, Մայիս 23ին, դպրոցական վերջին օրն էր՝ «վերջին զանգը» Հայաստանի դպրոցներուն մէջ։ Երեւանի թիւ 119 աւագ դպրոցը այցելած են վարչապետ Յովիկ Աբրահամեանն ու Կրթութեան նախարար Արմէն Աշոտեանը։ 6րդ դասարանի աշակերտ մը կարդացած է «Ձօն վարչապետ»ին կոչուած ոտանաւորը, որուն մասին գրուած է յօդուածը։ Արտասանութեան տեսագրութիւնը տե՛ս 1in.am կայքէջին մէջ («Հայկականք»)։

No comments:

Post a Comment