2.4.14

Պարտադիր կուտակային կենաաթոշակների մի շարք դրոյթներ հակասահմանադրական ճանաչուեցին

ԱՍՏՂԻԿ ԲԵԴԵՒԵԱՆ
 
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրէնքում ամրագրուած պարտադիր բաղադրիչը Հայաստանի Սահմանադրութեանը հակասող է ճանաչուել:
Մինչ այս պահը գանձուած գումարները պէտք է փոխհատուցուեն աշխատողներին, Սահմանադրական Դատարանի (ՍԴ) հրապարակած որոշումն այսպէս մեկնաբանեց Ազգային Ժողովի 36 պատգամաւորների ներկայացուցիչ Արտակ Զէյնալեանը:
«Պարտադիր բաղադրիչը պիտի չկիրառուի, գումարները պէտք է վերադարձուեն մարդկանց»,- ասաց Զեյնալեանը:
Պատասխանող, Ազգային Ժողովի ներկայացուցիչ, հանրապետական Յակոբ Յակոբեանը յայտարարեց. - «Դատարանի որոշումը փաստեց, որ մեր մշակած եւ ընդունած օրէնքի դրոյթները չեն համապատասխանում Սահմանադրութեանը: Ուզում էք` 30 անգամ ասեմ...-»:
Վիճայարոյց օրէնքի հարցով, յիշեցնենք, անցած տարեվերջին Սահմանադրական Դատարան էին դիմել Ազգային ժողովի չորս ոչ իշխանական խմբակցութիւնների` «Բարգաւաճ Հայաստան»ի, Հայ Ազգային Կոնգրէսի, Հ.Յ. Դաշնակցութեան եւ «Ժառանգութեան» պատգամաւորները:
«Կուտակային կենսաթոշակների մասին օրէնքում» պարտադիր բաղադրիչը Սահմանադրութեանը հակասող եւ անվաւեր ճանաչելու` հայցուորների պահանջն ամբողջութեամբ կատարուեց: Սակայն միեւնոյն ժամանակ ՍԴ-ի նախագահ Գագիկ Յարութիւնեանը ասաց. - «Սոյն որոշմամբ ՀՀ Սահմանադրութեանը հակասող ճանաչուած իրաւանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկէտ սահմանել 2014 թուականի Սեպտեմբերի 30-ը` հնարաւորութիւն տալով ՀՀ Ազգային Ժողովին եւ ՀՀ կառավարութեանը իրենց իրաւասութեան շրջանակներում "Կուտակային կենսաթոշակների մասին" ՀՀ օրէնքի եւ դրա հետ համակարգային առումով փոխկապակցուած այլ օրէնքների եւ նորմատիւ իրաւական ակտերի իրաւակարգաւորումները համապատասխանեցնելու սոյն որոշման պահանջներին»:
ՍԴ-ի հրապարակած որոշման այս հատուածը դիմողներից Արծուիկ Մինասեանին թիւրիմացութեան մէջ է գցել:
«Սահմանադրութեանը հակասող եւ անվաւեր ճանաչելուն զուգահեռ ՍԴ-ն գործադրեց դրանք որոշակի ժամկէտ յետոյ ուժը կորցրած ճանաչելու ինստիտուտը, ինչը որոշակի խնդիրներ կարող է առաջացնել այս պահին, դրա համար եկէք չշտապենք: Կարեւորը` յստակ է` Սահմանադրութեանը հակասող նորմերին` մեր ներկայացրած փաստարկները ճիշդ էին, եւ շնորհակալութիւն բարձր դատարանին, որ ընդունեց դա: Ինչ վերաբերում է իրաւական հետեւանքներին, այդ թւում նաեւ այս պահի դրութեամբ կատարուած վճարներին, դրանք որպէս հայեցողական լիազօրութիւններ թողնելու` մարդկանց եւ գործատուների իրաւունքները վերականգնելու առումով, ստանանք վերջնական որոշման տեքստը, որի հիման վրայ չեմ բացառում, որ դատական հայցերի նոր փուլ սկսուի քաղաքացիների, աշխատակիցների, գործատուների կողմից»,- ասաց պատգամաւորը: 
 «Ըստ էութեան, մեր ներկայացրած բոլոր կէտերին անդրադարձ եղաւ, եւ քանի որ հիմնական մեխը դրուած էր պարտադիր բաղադրիչը այն տեսքով, որով պարտադրւում է այսօր, ՍԴ-ն բաւարարել է»,- ընդգծեց Մինասեանը:
Գանձուած գումարների ետ վերադարձելիութեան մասով ՍԴ-ն որոշեց. - «Սոյն որոշման պահանջներից բխող նոր իրաւակարգաւորումներից ելնելով եւ հաշուի առնելով ՀՀ Սահմանադրութեան 42-րդ յօդուածի 4-րդ մասի պահանջները` վերահաշուարկի են ենթակայ մինչ այդ կատարած կուտակային բոլոր վճարները»:


«Ազատութիւն» ռատիոկայան (www.azatutyun.am), Ապրիլ 2, 2014

No comments:

Post a Comment