26.2.14

«Ազգ»ը լոյս կը տեսնի որպէս շաբաթաթերթ

ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍԵԱՆ


2013 թ. տարեվերջեան` Դեկտեմբերի 27-ի համարում հրապարակուած ամանորեայ շնորհաւորանքի ուղերձում «Ազգ» օրաթերթի խմբագրութիւնը խոստացաւ ընթերցողների հետ հանդիպել տօներից յետոյ` Յունուարի 9-ին: Խմբագրակազմն այն ժամանակ չգիտեր, որ Դեկտեմբերի 27-ի համարը պատմական է լինելու` թողարկւում է օրաթերթի վերջին համարը: Երկամսեայ ընդմիջումից յետոյ` Փետրուարի 28-ին, «Ազգ»ն ընթերցողին կը ներկայանայ որպէս 16-էջանոց վերլուծական շաբաթաթերթ: Մեր զրոյցը «Ազգ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Յակոբ Աւետիքեանի հետ թերթի ընդհատուած կենսագրութեան եւ լրատուադաշտում տեղի ունեցող վայրիվերումների մասին է:

-Պրն. Աւետիքեան, հանրապետութեան երբեմնի ամենահեղինակաւոր օրաթերթը 23 տարի հրատարակուելուց յետոյ արդէն երկու ամիս է` դադարեցրել է գործունէութիւնը: Ի՞նչ հանգամանքների արդիւնքում ընդհատուեց սիրուած օրաթերթերից մէկի հրատարակութիւնը:
-Խնդիրները ֆինանսական էին, մի իրավիճակ ստեղծուեց, երբ մեզ անհրաժեշտ էին ներդրումներ, բայց այն չունեցանք, նաեւ պարտքեր կուտակուեցին: Սա մի գործ է, որտեղ անընդհատ պիտի ներդրումներ լինեն, կապ չունի` դու 23 տարեկա՞ն ես, թէ՞ 230 տարեկան: Մենք չկարողացանք պահպանել նաեւ «Ազգ»ի ելեկտրոնային կայքը, որ թողարկւում էր 5-6 լեզուով եւ մեծ հետաքրքրութիւն ունէր ոչ միայն դրսում, այլեւ Հայաստանում, ահաւոր մեծ գումարներ էր պահանջւում թարգմանական խումբը պահելու համար: Միւս կողմից` աշխարհում տեղի ունեցող այն երեւոյթը, որ տպագիր մամուլը հետզհետէ ընթերցողներ է կորցնում, չէր կարող շրջանցել Հայաստանը, եւ դա հարուածեց նաեւ մեզ: Եթէ չես զարգանում, կը նշանակի տեղքայլի մէջ ես:
Միւս կողմից` շատ յուսահատական վիճակ է ստեղծուել շատերի ասելով` լրատուադաշտում, ես ասում եմ` լրատուաձորում. այստեղ անիշխանութիւն է տիրում, անկարգապահութիւն, արժէքների վերափոխումներ եւ այլն: Համացանցային հսկայական դաշտ է ստեղծուել, որտեղ նոյն անիշխանութիւնն է, անկարգապահութիւնը, նաեւ` գողութիւնը: Մենք` խմբագիրներս ու լրագրողներս, նոյնպէս մեծ պատասխանատուութիւն ենք կրում այս ամէնի համար եւ յանցաւոր ենք, որ չկարողացանք այս ամբողջը նկատել, դրա դէմ ժամանակին աշխատել: Այսօր էլ ոչինչ չենք անում, բարձիթողի ենք մատնել: Ո'չ ընթերցող ենք պատրաստում, ո'չ ընթերցողներին ենք դաստիարակում, մինչդեռ ընթերցանութիւնը նոյնպէս դաստիարակուելու կարիք ունի: Մարդիկ կան, յատկապէս նոր սերունդը, ովքեր անտեղեակ են այդ արժէքներին, եւ ո՞վ պէտք է սովորեցնի այդ ամբողջը, եթէ ոչ մենք: Այս բոլորը կուտակուեց եւ մեզ լռութեան մատնեց շուրջ երկու ամիս: Որպէսզի ինքնաքննադատութիւնը կատարեալ լինի, ասեմ, որ անձամբ ես եւ իմ գործընկերները մի բանի վրայ չաշխատեցինք` ընթերցող չդաստիարակեցինք: Մեր լատուիացի գործընկերները` լրագրողները, խմբագիրները, գնում են դպրոցները եւ աշակերտներին սովորեցնում, թէ ի՞նչ է մամուլը, ի՞նչ է խմբագրականը: Նպատակն այն է, որ պատրաստեն ապագայ ընթերցողին, թերթը սպառողին:
Ինչ վերաբերում է այն կազմակերպութիւններին, որոնք այսքան տարի կոչուած են այսպիսի աշխատանք տանելու եւ դրա դիմաց հսկայական դրամներ են ստանում միջազգային դոնորներից, իրականում զբաղուած են տեխնիկական աշխատանք իրականացնելով` մոնիտորինգ կոչուածը, որն այսօր չափազանց հեշտ բան է: Կարող ես նստել եւ նայել, թէ ով քանի անգամ ցուցադրեց այսինչ բանը, իսկ երբ կարեւոր պահ է գալիս, նրանք խօսում են, թելադրում են, կարծիք են արտայայտում, դատում են: Նրանց դոնորները չեն տեսնո՞ւմ դա, անշուշտ, տեսնում են: Ըստ երեւոյթին, այն լուրերը, որ փողերի լուացում է կատարւում եւ այլն, ճշմարտութեան մաս ունեն:

-Յայտարարել էք «Ազգ» շաբաթաթերթի հրատարակութեան մասին, ինչո՞ւ որոշեցիք անցնել շաբաթաթերթի:
-Օրաթերթն առաջին հերթին ձեռնտու չէ գնային առումով` թերթը 100 դրամով է վաճառւում, որից 30 դրամն է մնում թերթին: 8500 օրինակից պակաս իրացումը որեւէ թերթի համար արդարացուած չէ: «Ազգ»ը դիմանում էր, որովհետեւ ծանուցումները շատ էին, մրցոյթների էինք մասնակցում եւ քանի որ լաւ համարում ունէինք տարբեր գերատեսչութիւններում, մրցոյթներում յաղթում էինք, եւ մեր եկամուտների 70%-ը եւ աւելին կազմում էին ծանուցումներից ստացուած միջոցները: Հեռուստատեսութիւնը խլում է հիմնական գովազդները, եթէ, ի հարկէ, կան: Թերթերից աւելի էժան է նրանց մօտ գովազդը: Շաբաթաթերթը նուազ ծախսեր է պահանջում, թերթը կը հրատարակուի 16 էջով, լոյս կը տեսնի ամէն ուրբաթ: Շաբաթական 4-էջանոց մշակութային ներդիր կը հրապարակենք, որը փնտրուած էր յաւելեալ 300 ընթերցողի կողմից:
 
-Ինտելեկտուալ աշխատանքի արժէքը 30 դրա՞մ է:
-Այո, եւ եթէ նկատի ունենանք, որ Հայաստանում այսօր մօտաւոր հաշուարկներով 10 հազար ընթերցող է մնացել, իսկ միայն մայրաքաղաքում 12 օրաթերթ է հրատարակւում, արդէն պարզ կը դառնայ, թէ իւրաքանչիւր թերթին քանի ընթերցող է բաժին ընկնում, որոնք նաեւ, եթէ հնարաւորութիւն եւ ընթերցելու սեր ունեն, ելեկտրոնայինն են ընթերցում: Միւսը` Հայաստանում ինֆորմացիան անվճար է, մարդիկ չեն հասկանում, որ դրա վրայ աշխատանք է կատարւում` լուրը հաւաքելը, ստուգելը, վերստուգելը, այդ բոլորը ժամանակ եւ հմտութիւններ է պահանջում, որը գնահատուած չէ: Տպագիր մամուլը ձեռքի աշխատանք է եւ աւելի բարձր արժէք ունի, այն աւելի խորն է թափանցում խնդիրների մէջ: Մի բան է, որ նիւթը հրապարակուել է ելեկտրոնային մամուլում, մէկ այլ բան է, որ այն տպագիր մամուլում է հրապարակւում, տպագիրը չի թողնում, որ ամէն աղբ թափանցի այնտեղ:
Մինչեւ տնտեսական ճգնաժամը մեզ մօտ մօտ 30 անուն ամսագիր էր հրատարակւում, դրանցից ոմանք դեռեւս մնում են եւ հրատարակւում են էքստրալիւքս թղթով, որը, սակայն, փոստ չի գնում: Նոյնիսկ միջազգային ամսագրեր կան, որոնց հայերեն տարբերակներն են հրատարակւում այստեղ 1000 օրինակով, սակայն հազիւ 200 օրինակն են վերցնում տպարանից, մնացեալը մնում է պահեստում, որովհետեւ իրենց պէտք չի: Դա ներկայացնում են գովազդատուներին, սա կոմերցիա է, խաբէութիւն, որը ոչ մի կերպ արդարացուած չէ: Սրանց չես կարող կոչել լրատուամիջոց, մեր շրջապատում գոյութեան իրաւունք չունեն դրանք: Ահա այսպիսի իրավիճակ է ստեղծուել, որ շուկայ կոչուածը հարուածում է ամէն կողմից: Միայն մի փաստ նշեմ. մինչեւ 2014թ. սկիզբը մեր թերթերը պահպանում են 1994թ. հաստատուած 100 դրամ արժէքը, այսինքն` բոլոր ապրանքների արժէքը տասնեակներով աւելացել է, մինչդեռ թերթի արժէքը 20 տարուայ ընթացքում չի փոխուել: Շուկայ չկայ, եթէ շուկայ լինէր, ուրեմն բոլորս պէտք է սնանկանայինք կամ մէկ ուրիշը, որ հզօր է, պէտք է կուլ տար միւսին: Ոչ մի նման բան տեղի չունեցաւ մեր երկրում, եւ այս առումով մենք դժուարութեան մատնուեցինք:

-Առհասարակ բաժանորդ հասկացութիւնը կա՞յ հիմա, «Ազգ»ը վերջին տարիներին ունէ՞ր բաժանորդ:
-Բաժանորդները մեծ թիւ չեն, բայց շատ եւ շատ կարեւոր են, դրանք մեծաւ մասամբ գրասենեակներ են, որը կը նշանակի 6-7 մարդ է կարդում իւրաքանչիւր համարը: Կան ընտանիքներ, որոնք ընթերցասէր են: Բաժանորդագրւում են այն մարդիկ, որոնք շատ հաւատարիմ են: Այն մարդիկ, որոնք փող են տալիս ինֆորմացիա ստանալու համար, որակեալ ընթերցող են եւ իրենց յետեւից տանում են ուրիշներին: Ընթերցողների այս պարագայում Հայաստանում 3-4 օրաթերթը լիուլի բաւարար է:

-Ինձ բախտ է վիճակուել աշխատել «Ազգ»ում այն շրջանում, որը ես անուանում եմ մամուլի ոսկէ շրջան, եւ այս շրջանում «Ազգ»ն ունէր ընթերցողների բաւականին լայն շրջանակ, ովքեր քաղաքի մի ծայրից խմբագրութիւն էին գալիս եւ խնդրում թերթի օրինակը, որը չէին կարողացել ձեռք բերել կրպակներից: Նոր սերնդի լրագրողներին յաճախակի եմ պատմում այդ մասին, որպէսզի պատկերացնեն, թէ որն է իսկական լրատուամիջոցը, որն այսօրուայ տերմինաբանութեամբ «like»-ով են գնահատում: Վերջին տարիներին եղե՞լ է նման բան, որ մէկը խմբագրութիւն գար եւ օրուայ համարը խնդրէր:
-Քո ասածն, իսկապէս, մեր ոսկէ դարն էր, շատ հաճելի ստեղծագործական պրոցեսի մէջ գտնուել ամէն օր եւ ամէն ժամ եւ եթէ յաջողւում էր ճշմարտութիւնը բացայայտել, քեզ ինքնավստահ էիր զգում: Ոմանք գնահատում էին մեր աշխատանքը, ուրիշները վախենում էին դրանից: Հիմա ոչ ոք մամուլից չի վախենում:

-Մե՞նք ենք կորցրել լծակը:
-Այո, մենք ենք կորցրել, իրենք ոչինչ չեն կորցրել: Գոյատեւում ես` գոյատեւիր... Հիմա, ի հարկէ, մենք այդ չափով ցաւողներ չունենք, բայց այս օրերին ինձ համար յայտնաբերեցի մարդկանց, ովքեր ընտանիքով եկան, ափսոսանք յայտնեցին, զանգեցին, փողոցում հանդիպեցին, հետաքրքրուեցին: Դա նաեւ խթան եղաւ, որ յամենայնդէպս տպագիր «Ազգ»ը պահենք, ոչ միայն ելեկտրոնայինը շարունակենք: Ինչքան կը տեւի սա` չգիտեմ:

-«Ազգ»ի փակուելու հիմքում նիւթական խնդիրներն են եղել, եւ թերթի բաժնետէրերը քննադատուեցին թերթին ոչ պատշաճ ուշադրութիւն դարձնելու համար: Նիւթական ինչպիսի՞ իրավիճակում էք սկսում շաբաթաթերթի հրատարակումը:
-Բաժնետէրերի նիստ գումարեցինք, եւ չնայած բաժնետէրերից ոմանք համաձայն չեն շաբաթաթերթի անցնելուն եւ ցանկանում են «Ազգ»ը օրաթերթ տեսնել, բայց ես կարծում եմ, որ այն իրատեսական չէ: Բաժնետէրերը, որոնց մէջ նաեւ ես եմ, պէտք է ներդրումներ կատարեն, իսկ մեր գլխաւոր բաժնետէրը (եթէ կարելի է այդպէս ասել)` Համաշխարհային Հայկական Կոնգրէսի նախագահ Արա Աբրահամեանը, խոստացել է կանոնաւոր ներդրումներ կատարել: Նաեւ երկու գովազդային պայմանագիր եմ կնքել Մոսկուայի հայ գործարարների հետ` բաւականին մեծ գումարների շուրջ: Մեր յոյսը նրանք են եւ պիտի աշխատենք ներդրումների շրջանակն ընդարձակել, որպէսզի գոյատեւենք:

-Ինձ նոյնպէս շատերն ափսոսանքով հարցրել են, թէ ինչո՞ւ այդպէս եղաւ, «Ազգ»ը մշակութային արժէք էր մեզ համար: Ի՞նչ էք կարծում, այն նպատակը, որ դրել էք ձեր առջեւ` «Ազգ»ը շարունակել իբրեւ շաբաթաթերթ, հնարաւոր համարո՞ւմ էք առկայ պոտենցիալով, որովհետեւ «Ազգ»ի համար «ոսկէ շրջան»ը կերտել էին նաեւ այն լրագրողները, որոնց ստորագրութեանը սպասում էր ընթերցողը: «Ազգ»ը միւս թերթերի նկատմամբ ունէր եւս մէկ առաւելութիւն` թերթի շուրջ որպէս հեղինակ համախմբուած էր մտաւորականների մի լաւագոյն սերունդ, որն, ըստ էութեան, յետոյ ես չտեսայ որեւէ թերթում:
-Անշուշտ, թիմ էր հաւաքուել, եւ այդ թիմը կարողանում էր տանել թերթը: Ես մեր հիմնական ուժը տեսնում եմ վերլուծական բնոյթի նիւթերում` մեր հեղինակները աւելի շատ վերլուծելու են հակուած, այդ իմաստով ես տկարութիւն չեմ զգում: Անիմաստ է ինֆորմացիայի յետեւից գնալ, երբ ունես մի դանդաղաշարժ մեքենայ, որը թերթ է կոչւում: Լրագրողներիս պարտականութիւններից մէկն էլ հէնց այդ է` նշանակալիցը դարձնել հետաքրքրական: Մենք այսօր էլ ունենք վերլուծաբաններ ե՛ւ Հայաստանից, ե՛ւ Ստեփանակերտից, ե՛ւ Սփիւռքից: Մեր առաւելութիւնը միւս լրատուամիջոցների նկատմամբ Սփիւռքն է, այնտեղ նոյնպէս հայկական կեանք կայ, մտահոգութիւններ կան, որով լրջօրէն չենք զբաղւում: Սփիւռքում լաւ մտաւորականութիւն կայ, որոնց հայաստանցի ընթերցողն էլ պէտք է ծանօթանայ, սփիւռքահայ կեանքի արտացոլումը մեր մամուլում, նաեւ մեր թերթում շատ կազմակերպուած չէ, բայց դրսում ապրող լրագրողներ կան, որոնք ապրում են այս ամէնով եւ պատրաստակամ են մատուցելու իրենց տեսանկիւնից կարեւորը: Ես կ'ուզենայի Ռուսաստանի մեծ համայնքներ ունեցող քաղաքներից թղթակցութիւն ունենալ, որտեղ հաւաքական կեանք կայ, ներկայացնել մեր եկեղեցական կեանքը արտասահմանում, բայց միայն Վրաստանի հայոց թեմն է կանոնաւոր թղթակցութիւն ուղարկում, մնացեալ թեմերն իրենց քարոզչութեամբ են զբաղուած:

-Ինտերնետի ներխուժումն, ի հարկէ, հարուածեց ամբողջ աշխարհի տպագիր մամուլին, ամենահեղինակաւոր թերթերի ծաւալներն անգամ նուազեցին, եւ այդ հարցը մտահոգեց այդ երկրների իշխանութիւններին: Նրանք սկսեցին ներդրումներ անել, որպէսզի տպագիր մամուլը միանգամից չոչնչանայ` այն գնահատելով որպէս իրենց երկրի մշակութային բաղադրիչներից մէկը եւ որոշ քայլեր ձեռնարկեցին այդ արժէքը պահպանելու ուղղութեամբ` սուբսիդաւորումից բացի նաեւ բնակչութեանը կոչ արեցին գնել թերթերը: Այս երկու ամիսներին, երբ «Ազգ»ը չտպագրուեց, կառավարական շրջանակներից որեւէ անհանգստութիւն կամ աջակցութիւն դրսեւորուե՞ց, ափսոսանք գոնէ յայտնեցի՞ն, որ լաւագոյն պատմութիւն կերտած լրատուամիջոցն են կորցնում:
-Ցաւոտ տեղին մատդ դրեցիր: Ոչ մի հետաքրքրութիւն, բացառութիւն էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգէն Սարգսեանը, ով հրաւիրեց իր մօտ եւ հետաքրքրուեց, թէ որն է խնդիրը: Մենք մէկ ժամից աւելի զրուցեցինք ոչ միայն մեր թերթի, այլ ընդհանրապէս մամուլի վիճակի, շուկայ կոչուածի մասին, այս ասպարէզում համաշխարհային դրսեւորումների եւ այլնի մասին: Ես զգացուած եմ, որ մէկը եղաւ     յանձին` Վ. Սարգսեանի, ով հետաքրքրուեց մեր թերթով: Եւրոպական երկրները մամուլի լաւ աւանդոյթներ ունեն` Ֆրանսիան, Գերմանիան, Անգլիան: Յիշեցնեմ, որ օլիմպիական խաղերի բացման ժամանակ 10 րոպէ Լոնդոնը ցոյց տուեցին, որտեղ ամէն ինչը թերթով էր ներկայացւում: Ինչի՞ համար էր դա, որպէսզի ցոյց տան, որ քաղաքակիրթ, թերթային քաղաք է, որտեղ առանց մամուլի քաղաքային կեանք չես կարող պատկերացնել: Քաղաքացիական հասարակութիւն ստեղծելուն է ձգտում մամուլը, իսկ մենք բաւականին հեռու ենք այդ ամէնից: Այսօր իւրաքանչիւր ոք` մի քիչ կիսագրագէտ կամ անգրագէտ, իրեն համարում է ժուռնալիստ, ընթերցողը, ոչ ընթերցողը դարձել են լրագրող, նոյնիսկ խմբագիր` չունենալով մի կարեւոր բան` պատասխանատուութիւն: Ես գործընկերներ ունեմ, որոնք կարող են ծիծաղել իմ այս արտայայտութեան վրայ, բայց շեշտում եմ` պատասխանատուութիւն քաղաքացու հանդէպ: Միայն այդ պայմաններում է, որ քաղաքացիական հասարակութիւնը կարող է ձեւաւորուել:


«Հետք», Փետրուար 26, 2014 (http://hetq.am/arm/news/32799/azgy-luys-ktesni-vorpes-shabatatert.html)







No comments:

Post a Comment