9.1.14

Յովհաննէս Թումանեանի այժմէական նամակները

 
ԶՕՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻՆ (Դեկտեմբեր 23, 1917)
Սիրելի Անդրանիկ
Ահաւոր մոմենտի առջեւ ամէն մարդ պէտք է ընդհանուր սեղանին բերի ինչ որ ունի եւ կարող է՝ թէ վերահաս վտանգը կանխելու եւ թէ բաղձալի յաղթութեանը հասնելու համար։
Ես չորս տղայ ունեմ, չորսն էլ երկրի կառավարութեան, Ազգային Խորհրդի եւ քո տրամադրութեան տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքերին՝ ինչի որ ընդունակ կը լինեն։ Ես էլ, անշուշտ, սրանցից թանկ ոչինչ չունեմ, հետեւաբար ոչինչ չեմ խնայի, միայն թէ կարողանանք բոլոր ազնիւ ժողովուրդների եւ ազատասէր հոգիների հետ միասին ետ մղել վերահաս վտանգը եւ պաշտպանել ամէնքիս սրբազան իրաւունքներն ու ազատութիւնները։ Ես անսասան հաւատում եմ Քո՝ շատ փոթորիկների մէջ ձեռք բերած փորձութեանը, վառ հայրենասիրութեանն ու ազատասիրութեանը, այլեւ բնական մարդասիրութեանը ու զինուորական բարձր տաղանդին, եւ պատրաստ եմ գալու, երբ եւ ուր կը կոչի Քո եղբայրական ձայնը։
Համբուրում եմ հերոսական ճակատդ,
միշտ Քո Յովհաննէս Թումանեան
 
Հ.Գ. Սրա հետ միասին, որովհետեւ ես էն կարծիքին եմ, որ ամէն Հայ այժմ պէտք է՝ իրեն դնի կամաւոր տուրքի տակ, պարտաւորւում եմ ամսական հարիւր ռուբլի տալ էս նպատակով մեր ընդհանուր գանձարանին։

ԱՒԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆԻՆ (Դեկտեմբեր 9, 1921)
«Ես չես ուզում եւ չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թէեւ դու հարցնում ես։ Կարճ ասեմ. մենք թէ՛ դրսից, եւ թէ՛ ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխաւորապէս մենք։ Մենք եմ ասում, եւ սրա մէջն է ճշմարտութիւնը։ Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու աւազակներ, մի մասը ապիկար թշուառականներ, եւ չերեւաց մի բազմութիւն, գոնէ մի խմբակ, որ վերածնուող երկրի շունչը ու բարոյական կարողութիւնը յայտնաբերէր։ Էսքան աղէտների ու պարտութիւնների մէջ ո՛չ մի մեղաւոր չերեւաց, ո՛չ ոք ոչ պատասխանի կանչուեց, ոչ պատասխան տուեց։ Եւ շարունակւում է. այժմ էլ նոյն մարդիկը, նոյն ճանապարհներով…Եւ ոչ մէկը գոնէ անձնասպան չեղաւ, որ ապացուցանէր, թէ գոնէ ամօթ ու խղճմտանք կայ էս մարդկանց մէջ կամ էս ժողովրդի մէջ։ Բայց ես ինչ եմ ասում-չկարողացան գոնէ վշտանալ կամ վշտացած երեւալ»։

No comments:

Post a Comment