ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԵԱՆ
Հայաստանի Հանրապետութեան Մեծարգոյ Նախագահ, Տիկնայք եւ Պարոնայք...
Երբեք ինքս իմ առաջ, արեւածագի դէմ կանգնած, քուրմ չեմ ձեւացել, վախեցել եմ Մեծ գրականութիւնից...
Հիմա էլ ես գիտակցում եմ, որ պետական այս պարգեւը ոչ թէ ինձ է տրւում, այլ տարիների իմ տառապագին աշխատանքին, հաւատալով, որ հայրենի գրականութեանը ծառայելն աւելի շահաւէտ է, քան նրա զօրութեամբ արծաթ դիզելը, իսկ արդիւնքը ոսկու մաքրութիւնից էլ ազնիւ է... նաեւ զգօն գիտակցել եմ, որ դիզած այդ երեսուն արծաթով է գիշերները մեծ առեւտուրը կատարւում` համբոյրով մատնուածին խաչի փայտին գամելու շուրջ, իսկ արդարութեամբ յայտնի, ազնուագոյն ոսկին էլ քուրայի բոցերի վրայ է հալւում...
Եւ խելագարութեան եզրին ապրած իմ կեանքը, անքուն գիշերների տքնանքը չի եղել դափնեպսակին հասնելու ձգտում, որովհետեւ ճշմարիտ է` քիչ հեղինակութիւն ունենալ արժանիօրէն, քան թէ մեծ փառք` առանց իրաւունքի:
www.yerkir.am, Յունուար 9, 2014
Երբ զգոյշ լինել էր պէտք ամէն ինչից ու ամէն մի դարանից, առաւել եւս զգուշացել եմ սրտից: Սրտի խաղաղ լռութեան մէջ է, որ ապրում է կեանքի ծագումը եւ գութը:
Նրա իմաստութեան մէջ ապաւինել եմ լոյսին եւ գրականութեանը: Ու գրասեղանի առաջ իմ յաճախազարկ տենդի ժամանակ տեսնում եւ ճանաչում էի նրան, իսկ նա առաջնորդում էր ինձ:
Այս կողմնորոշումն առողջութիւն է բերել իմ գրուածքներին եւ պարարտութիւն` ոճին:
Գրականութեան մէջ է, որ աշխարհի փորձը եւ մարդու ժամանակի տեւականութիւնն է պահպանուած, սերունդներին փոխանցուող այդ ժամանակն է մահկանացու մարդուն փոխակերպում է յաւերժականի:
Ինքն իրեն փրկելու ձգտումից ՆԱ յիշում է Պրոմեթեւս անունով մարդու` հողագնդի վրայ ապրելու հերոսական փորձը...
Գրողը նորից ու նորից ոտքի է կանգնեցնում երկրաշարժերից, արիւնայեղութիւններից, աղէտներից ծնկի ընկած մարդուն' այդ բարուն, համեստին:
Լաւ է ճանաչում այդ փառամոլին, պատերազմների այդ հրձիգին, ախտերով բռնուած հիւանդին։
Աշխարհի ճշմարտութիւնը որոնելիս սատանայի կամակատար, Աստծոյ փէշից բռնած ցնորամտին, բայց դարձեալ գրում է այս ընկած հրեշտակի հազուադէպ գեղեցկութեան մասին...մահուան նշանը ճակատին, մերկ հողագնդի վրայ թափառական այս վտարուածի խիզախութեան, վեհութեան, զոհողութիւնների, նրա յուսահատ սիրոյ, արժանապատուութեան եւ նրա հիւլէի յաւերժական վերադարձի մասին:
Ահա տիեզերքի յաւերժ խաղաղութեան մէջ՝ Բուդդայի փորի նման փքուած, կլոր երկրագունդը, նրա պորտը՝ Անդրկովկասը ցնցւում, թպրտում է, այդ պորտի բաց վէրքի վրայ է մշտապէս ցանւում աղը:
Չոր հողի երեսին առատօրէն թրջուած՝ պղպջացող արիւնը Անդրկովկասի բնակչի համար դարձել է ոչնչացման սարսափ սփռող անասնական վախ:
Այս մղձաւանջի, մենութեան ու քաոսի խորքից ամէն մի պետութեան եւ ցեղի առաջնորդ իր դուդուկն է փչում, ժողովուրդներ են նետում հրդեհների մէջ եւ պարեցնում են իրենց իսկ յօրինած մեղեդու տակ:
Մարդկային միտքը այսպէս մոլոր, կոյր, թափառական՝ դարեր շարունակ յանձնուած կարմրածուփ սատանայի մշտապահ խաղի օրէնքին, նորից ու նորից վերադառնում է եւ իր վերադարձով դարձեալ ետ է գալիս ու կանգնում իր սկզբի վրայ. դարեր շարունակ պատահած նոյն պատերազմներն ու նոյն խաղաղութիւնը, այս կրկնութիւնից, ինքն իրենից չի փրկւում այս մարդը...
Աշխարհագրական մեր դիրքի պատճառով հազարամեակներ է արդէն իսկ, որ դէպի ճրագակրակը նետուող գիշերային թիթեռի նման թռչկոտում ենք Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ:
Հարեւան երկու գերտէրութիւնները՝ Բիւզանդիան եւ Պարսկաստանը հնարաւորութիւն չտուեցին՝ ստեղծելու մեր ընդհանրութիւնը:
Երբ պէտք էր Արեւելքի հետ լինել, Արեւմուտքի փէշից բռնած՝ աչքներս Արեւելքին էինք յառել, իսկ երբ մնալ էր պէտք Արեւմուտքի հետ, Արեւելքի փէշը բռնած՝ հայեացքներս յառել էինք Արեւմուտքին...
Տակաւին դեռ այդպէս է:
Մենք, երբեմն բարձրաձայն, խօսքը շեշտելով ասում ենք, թէ. «մենք ենք մեր սարերը...»:
Այդ լեռները եւ ճանապարհներ չունենալն ինչքան որ օգնել, նոյնքան վնասել են՝ թոյլ չտալով մշակելու ազգային ընդհանրութիւն՝ մէկ գաղափարախօսութիւն, մէկ քաղաքականութիւն, մէկ սկզբունք...
Աշխարհը հիմա սարսափած է մեզ նայում, թէ այդ ինչպէ՞ս ենք երկրագունդը մաշել մեր ոտքի տակ, 1700-ամեայ քրիստոնեայ ենք ու Աստուածաշնչի անգամ յայտնի պատուիրանը չգիտենք. «մի սպանիր...»: Ազգովի Աստծոյ խօսքը չիմացող, քրիստոնեայ ենք, անհատներով՝ խուլ ականջ հեթանոս, խորհրդարանում համատարած սեւ սպանդ եղաւ...իմաստութեամբ եւ առաքինութեամբ են ծաղկում ազգերը, իսկ մեղքը անարգանք է դառնում ժողովրդի պատմութեան մէջ:
2001 թուականը մօտիկ է, մեր 1700-ամեայ քրիստոնէութեան յոբելեանը, որը եւ աշխարհի չորս ծագերի դէմ վկայում է, թէ մեզ ճանապարհներին ընկած քար դառնալու վտանգը չի սպառնում, մանաւանդ, որ ջրհեղեղի աւարտից յետոյ Արարատի գագաթից եկած Նոյի աղաւնին մեր աշխարհից կեանքի նշան ձիթենու տերեւը տարաւ:
www.yerkir.am, Յունուար 9, 2014
No comments:
Post a Comment