7.12.13

«Ինձ համար ցաւալի է, որ աղէտի գօտում 4030 անօթեւան ընտանիք կայ դեռ»

ՌՈՒԶԱՆ ՊԵՊԱՆԵԱՆ

Հարազատի ծանր կորուստ ապրած՝ աղէտի գօտու շուրջ 500 հազար բնակիչների հետ արդէն 25-րդ տարին Սպիտակի երկրաշարժի ծանր յիշողութիւններն է վերապրում Սաբիր Ստեփանեանը, ով այդ տարիներին ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդի նախագահութեան անդամ էր, ՀԽՍՀ Պետական Մատակարարումների Կոմիտէի նախագահ, երկրաշարժի հետեւանքների վերացման անմիջական պատասխանատուներից: Այդ դժնդակ օրերի նրա անձնուրաց գործունէութեան մասին թերեւս ամենաբնորոշ ու դիպուկ գնահատականը տուել է այդ ժամանակ ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի նախագահի տեղակալ Իւան Սիլաեւը. «Եթէ ինչ-որ բան անելն անհնար է, յանձնարարէք Ստեփանեանին, նա կարող է անել հնարաւորն ու անհնարինը»: Մինչ օրս աղէտի հետեւանքների ամբողջական պատկերը ճշգրիտ թուագրութեամբ մտապահող զրուցակիցս, այնուամենայնիւ, համարում է, որ որեւէ չափորոշիչով կամ սանդղակով հնարաւոր չէ չափել մարդկային մեծ վիշտն ու ցաւը, որ այդ օրերին ապրեց ողջ հայ ժողովուրդը.

- Ամենասարսափազդու ֆիլմերում անգամ անհնար է ներկայացնել այն ահարկու պատկերը, որ տիրում էր Հայաստանի երկու մեծ քաղաքներն ու հարիւրաւոր գիւղեր ընդգրկող աղէտի գօտում. Սպիտակն ու Լենինականը, ամբողջովին աւերակների մէջ, մարտի դաշտ էին յիշեցնում, ամէնուր դիակներ, լալահառաչ ծանր վիրաւորներ, խուճապի մատնուած ողջ մնացածներ... գերեզմանոցներում սարսափելի պատկեր էր... բառերն անզօր են նկարագրելու այդ սոդոմ-գոմորը... ողջ մնացածներին եւ հազարաւոր զոհուածներին փլատակների տակից հանող զինուորներն ու կամաւորները լացում էին դիակները հողին յանձնելով. մարդկանց թաղում էին եղբայրական գերեզմանոցում, առանց անուան յիշատակման:
Հե՞շտ է ասել՝ 25 հազար զոհ: Սարսափելի մի պատկեր յիշողութիւնիցս երբեւէ ջնջել չի լինի. ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի նախագահի տեղակալ, ԽՍՀՄ Պետմատի նախագահ Լեւ Վորոնինի հետ Լենինական մտնելիս ականատես եղանք, թէ ինչպէս 10-14 տարեկան երեք անչափահաս երեխայ միայնակ «Ժիգուլի» աւտոմեքենայով իրենց ծնողների երեք դագաղներն էին տանում գերեզմանոց, փորձելով մեքենայի տանիքին մի կերպ պահել դրանք:

- Ինչպե՞ս ընդունեցիք երկրաշարժի լուրը: Ինչպե՞ս յաջողուեց կազմակերպչական հսկայածաւալ աշխատանքներ իրականացնել:
- Երկրաշարժի մասին լուրն իմանալուց րոպեներ անց Մինիստրների Խորհրդում՝ Ֆադէյ Սարգսեանի մօտ էինք. շուտով պարզ դարձաւ, որ Հայաստանի ողջ հիւսիսը վերածուել է աղէտի գօտու, որ կան տասնեակ հազարաւոր զոհեր: Հայաստան ժամանեց ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը. քաղբիւրոն կազմաւորեց յատուկ յանձնաժողով նրա ղեկավարութեամբ, որի կազմում էին իր տեղակալներ Բատալինը, Սիլաեւը, Վորոնինը, ՀԽՍՀ Կոմկուսի առաջին քարտուղար Սուրէն Յարութիւնեանը, միութենական նախարարներ, Կենտկոմի եւ ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդի այլ պատասխանատու անձինք: Հայաստանի Պետական Մատակարարումների Կոմիտէից յանձնաժողովի կազմում ընդգրկուել էի նաեւ ես: Եւ այդ մարդիկ երկու ամիս չհեռացան Հայաստանից, աշխատելով առանց հանգստի: Մինիստրների Խորհրդում Ֆադէյ Սարգսեանի ղեկավարութեամբ ձեւաւորուեց օպերատիւ արձագանքման շտաբ. տեղում աշխատանքների կազմակերպման նպատակով շտաբներ ձեւաւորուեցին նաեւ Սպիտակում, Լենինականում եւ Կիրովականում: Ողբերգութեան հէնց առաջին օրից գործի դրուեց ԽՍՀՄ Պետմատի ողջ հզօր համակարգը. տարածքային բոլոր ենթակառոյցները ուղղորդուեցին օգնելու Հայաստանին: Եթէ սովորական ժամանակներում մեր երկիր օրական 400-500 վագոն էր մտնում, ապա այդ օրերին դրանց թիւը հասնում էր 2,5 հազարի, որոնք Հայաստան էին բերում սնունդ, հագուստ, տնակներ, վրաններ, սարքաւորումներ, տեխնիկա: Օգնութիւնը միայն նիւթական չէր. վերականգնուեց շինարարական ինդուստրիան՝ ստեղծուեցին արտադրական շինանիւթերի ձեռնարկութիւններ, գործարկուեց Արարատի ցեմենտի գործարանի երկրորդ հերթափոխը: Ստացուած օգնութեան արդիւնաւէտ օգտագործման եւ նպատակային բաշխման կազմակերպումը լուրջ հիմնախնդիր էր: Հանրապետութեան Պետական Մատակարարման Կոմիտեն կարճ ժամանակահատուածում Ախուրեանում կառուցեց Եւրոպայի խոշորագոյն պահեստային բազաներից մէկը, միաժամանակ առկայ շինութիւններից բազաներ վերաձեւաւորելով նաեւ Երեւանում, Մասիսում, Կիրովականում:

- Պարոն Ստեփանեան, Ձեզ ճանաչողները համարում են, որ ողբերգական այդ օրերի կիզակէտում լինելովՙ ամէն ինչ մանրամասնօրէն յիշում էք...
- Գուցէ մի քիչ չափազանցուած է, բայց ողբերգութեան ամբողջական պատկերը կինօժապաւէնի նման դրոշմուել է յիշողութեանս մէջ: Դրանք դրուագներ են, որոնք շատ յաճախ արձանագրային կամ տարեգրային գրառումներում չեն յիշատակւում, մինչդեռ ներկայացնում են այդ օրերի իրական պատկերը, տիրող մթնոլորտը, առանձին անհատների անձնուրաց արարքները, համամարդկային մեծ աջակցութիւնն ու կարեկցանքը, որ յառաջադէմ մարդկութիւնը ցուցաբերեց հայ ժողովրդի հանդէպ: Յիշում եմ, երբ Դեկտեմբերի 8-ին ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի նախագահ Ռիժկովի հետ Լենինական ժամանեցինք, մեզ դիմաւորող՝ Լենինականի Քաղկոմի նախագահ Միսակ Մկրտչեանի մազերը մէկ օրուայ մէջ ամբողջովին սպիտակել էին. նա կորցրել էր մօրն ու մինուճար որդուն: Այդ ժամանակ մեզ մօտեցաւ մի երիտասարդ եւ Մկրտչեանին յանձնեց փողերով լի կարմիր պարկ, ասելով, որ փլատակների մէջ է գտել: Բոլորս յուզմունքից կարկամել էինք: Մկրտչեանը ամուր գրկեց երիտասարդին եւ հարազատավարի սեղմեց կրծքին:
Հայաստանին օգնութեան կոչին արձագանգեցին նաեւ արտերկրից. ակտիւ դերակատարութիւն ունեցաւ նաեւ հայկական սփիւռքը: Անգլիայի հայկական համայնքը բաւականին խոշոր՝ 2,5 մլն ֆունտ ստեռլինգ օգնութիւն էր հաւաքել: Յիշում եմ, երկար քննարկումներ էին ընթանում այդ գումարի նպատակային օգտագործման հարցի շուրջ: Որպէս Հայաստանի կառավարութեան ներկայացուցիչ՝ գտնուելով Անգլիայում, առաջարկեցի Վանաձորում այդ գումարով մանկական հիւանդանոց կառուցել: Այդպէս էլ արուեց, եւ հիւանդանոցը մինչ օրս գործում է:
Գերմանիան 120-տոննանոց 18 աւտոկռունկ ուղարկեց, որոնց տեղ հասնելուն պէս փրկարարական աշխատանքներում իսկական բեկում մտցուեց: «Կամազ»ներն ու ինքնաթափերը ստանում էինք Թաթարստանից, «Կրազ»ները՝ՙ Ուկրայինայից: Յիշում եմ Մաստարայի, Մասիսի երկաթգծի կայարաններում որպէս օգնութիւն ստացուած մեքենաների շարասիւնից հսկայական խցանում էր առաջացել: Եւ դրանց տեղափոխումը, վերաբաշխումը իրականացւում էր օրնիբուն, անքուն գիշերներ անցկացնելով, որպէսզի յաջորդ շարակազմերի համար երկաթուղին բաց լինի: Մէկ ուրիշ յիշարժան դրուագ՝ աղէտեալներից մէկի վերջոյթների ցրտահարութիւն նկատելով, Ն. Ռիժկովը իմ ներկայութեամբ զանգահարեց Խաբարովսկ եւ կարգադրեց վալենկաներ ուղարկել: Հնարաւորինս կարճ ժամկէտում դրանցից Հայաստան ուղարկուեց 10 հազար զոյգ: Ղազախստանից 2600 իւրտ ստացանք: Եւ առհասարակ 1989 թուականի ընթացքում Պետմատը աղէտի գօտի է ուղարկել 483 էքսկավատոր, 417 բուլդոզեր, 335 աւտոկռունկ, 302 բեռնատար բետոնահարիչ, 2005 ինքնաթափ, 1475 բեռնատար, 265 աւտոկցորդ (ֆուրգոն) եւ աւտոխանութ, 567 աւտոբուս, 675 մարդատար մեքենայ, 384 շինարարական բեռնափոխադրիչ, 463 կոմունալ եւ յատուկ մեքենաներ, 170 հորատող հաստոցներ եւ սարքաւորումներ... 1989թ. Ապրիլի 27-ի նիստում յանձնաժողովը հաստատեց, որ աղէտի հետեւանքով տուժել են 300 մանկապարտէզ՝ 33 հազար տեղով, 450 հանրակրթական դպրոց՝ սովորողների 210 հազար տեղով, լիովին քանդուել՝ 150 մանկապարտէզ 14 հազար տեղով եւ 220 դպրոցՙ 93 հազար տեղով... Բոլորը հիմա թուարկել հնարաւոր չէ, այս մասին մանրամասնօրէն շարադրուած է իմ «Կեանքը, աշխատանքը, մարդիկ» ինքնակենսագրական գրքում:
Թուերը՝ թուեր, բայց առաւել խօսուն են մարդկային ջերմ արարքները: Այսպէս, Լոնդոնում իմ հոգին անսահման ջերմութեամբ տոգորուեց բրիտանացի մի կնոջ արարքից, ով իր ամուսնական մատանին էր ծրարի մէջ բերել եւ խնդրում էր դրա վաճառքից ստացած գումարը ուղղել աղէտի գօտու հիմնախնդիրների վերացմանը: Վերյիշելու շատ բան կայ. բարձր գնահատանքի է արժանի «Աէրոֆլոտ»ի աշխատակիցների գործունէութիւնը, ովքեր օպերատիւ կազմակերպեցին վիրաւորների տարհանումը, բժիշկների՝ որոնց բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիւ հնարաւոր եղաւ խուսափել համաճարակային իրավիճակներից: Այդ օրերին փրկարարների, տարբեր մասնագէտների կողքին յարակից գիւղերի բնակիչներն էին, կամաւորները, որոնք անքուն գիշերներ անցկացնելով, ամէն ինչ արեցին, մինչեւ փլատակների տակից վերջին ողջ մնացածին հանելը:

- Ինչպէ՞ս էք գնահատում աղէտի գօտու վերականգնման աշխատանքները:
- Աղէտի առաջին տարում ստացուած օգնութիւնը հսկայական էր, եւ իսկապէս, մի քանի տարում աղէտի գօտու վերականգնման սահմանուած ժամկէտն էլ՝ՙ բաւարար: Սակայն, որոշ հանգամանքների բերումով, եւ առաջին հերթին՝ քաղաքական, վերականգնման աշխատանքները դանդաղեցին, իսկ շատ չանցած՝ ի սպառ դադարեցին: Այդ ժամանակուայ իշխանութիւնը մի տխրահռչակ կարգախօս որդեգրեց՝ «Մեր տունը մեր ուժերով կառուցենք», երբ ԽՍՀՄ տարբեր անկիւններից ժամանած շինարարները պատրաստ էին շարունակել աշխատանքները, օգնել վերականգնելու մեր երկիրը: Բայց ստիպուած սկսած գործը անաւարտ թողեցին ու հեռացան: Ցաւալի էր կորցնել արդէն իսկ ձեւաւորուած շինարարական հսկայական բազան, առաւել եւսՙ մարդկային մեծ էնտուզիազմն ու եռանդը, երկիրը արագօրէն ոտքի կանգնեցնելու ձգտումը: Ի հարկէ, կային նաեւ օբյեկտիւ հանգամանքներՙ ԽՍՀՄ փլուզումը, Հայաստանի շրջափակումը...
1992 թուականին Մոսկուայում հանդիպեցի Սիլաեւին: Նա անհանգստացած էր ֆինանսական մատակարարումների կրճատմամբ, եւ արդարացիօրէն խոստովանեց, որ իրենց վիճակն էլ ծանր է: Այնուամենայնիւ նա ինձ ձեռնունայն չթողեց եւ աղէտի գօտու գիւղական շինարարութեան ֆինանսաւորման համար վարկ տրամադրեց, որն ամբողջութեամբ ուղղուեց գիւղական դպրոցաշինութեանն ու մշակութային օջախների վերականգնմանը: Դա Պետմատում իմ պաշտօնավարման վերջին տարին էր...
Աղէտի գօտու շինարարական աշխատանքները միայն 2000 թուականից յետոյ հնարաւոր եղաւ վերսկսել: Այս ընթացքում զգալի աշխատանքներ են արուել, անօթեւան մնացած բազմաթիւ մարդիկ ապահովուել են բնակարանով: Նկատելի է, որ կառավարութիւնը հնարաւորն անում է աղէտի հետեւանքների վերացման ուղղութեամբ: Բայց ինձ ցաւ է պատճառում, որ երկրաշարժից 25 տարի անց դեռեւս 4030 ընտանիք ապահովուած չէ բնակարանով: Սա ահազանգ է բոլորիս:

«Ազգ», Դեկտեմբեր 7, 2013

No comments:

Post a Comment