ՍԱՐՕ ՍԱՐՈՅԵԱՆ
Հայաստանի հանրութեան քաղաքական հասունութեան խնդիրը վաղուց քննարկման առարկայ է: Արդէն բաւական մեծ թիւ են կազմում այն հրապարակումները, որտեղ շօշափւում է քաղաքական գործընթացների նկատմամբ մեր ժողովրդի իռացիոնալ կամ «միֆական» վերաբերմունքը: Դրա վկայութիւնն է նաեւ այն, որ թէ՛ վարչախմբի եւ թէ՛ նրան ընդդիմացող հանրութեան ներկայացուցիչների խօսքում տեղ է գտնում քաղաքական գործընթացները թատերական ներկայացում տեսնելու ցանկութիւնը:
Ընդհանրապէս Շեքսպիրի փիլիսոփայական այն միտքը, որ աշխարհը թատրոն է, իսկ մենք այնտեղ դերասաններ, հայ մարդու մօտ ի մասնաւորի վերափոխուել է քաղաքական ճշմարտութեան եւ իրադարձութիւնները բացատրելու հիմնական բանաձեւի: Եւ իրապէս` իրեն գործընթացներին մասնակցելու պարտականութիւնից դուրս դրած ու լիակատար անզօրութեամբ տառապող հիւանդ հասարակութեան համար էլ ի՞նչ սպեղանի կարող է լինել, եթէ ոչ անվերահսկելի «երեւոյթներ»ը թատրոն կամ շօու տեսնելու մղումը:
«Հետք», Նոյեմբեր 14, 2013 (www.hetq.am)
Ընդհանրապէս Շեքսպիրի փիլիսոփայական այն միտքը, որ աշխարհը թատրոն է, իսկ մենք այնտեղ դերասաններ, հայ մարդու մօտ ի մասնաւորի վերափոխուել է քաղաքական ճշմարտութեան եւ իրադարձութիւնները բացատրելու հիմնական բանաձեւի: Եւ իրապէս` իրեն գործընթացներին մասնակցելու պարտականութիւնից դուրս դրած ու լիակատար անզօրութեամբ տառապող հիւանդ հասարակութեան համար էլ ի՞նչ սպեղանի կարող է լինել, եթէ ոչ անվերահսկելի «երեւոյթներ»ը թատրոն կամ շօու տեսնելու մղումը:
Վերջին օրերին Հայաստանում տեղի էին ունենում կարեւոր իրադարձութիւններ, իսկ հանրային դիսկուրսում գերիշխում էին յեղափոխութեան մասին քննարկումները: Կարելի է արձանագրել, որ Նոյեմբերի 5-ի Երեւանում Շանթ Յարութիւնեանի իրականացրած «յեղափոխութիւն»ը դարձել է Հայաստանի քաղաքացիների գիտակցութեան մէջ յեղափոխական տեղաշարժերի գեներատոր: Այդ տեսանկիւնից իշխող քրէաօլիգարխիկ վարչախմբի քարոզչամիջոցներով յեղափոխական ալիքի չէզոքացման տեխնոլոգիական լուծումներում «շօու-թատրոն»ի օգնութեանը դիմելը բոլորովին սպասելի արձագանգ էր: Վարչախմբի ձեռքին այն վաղուց արդէն դարձել է լրջագոյն քաղաքական գործընթացների արժեզրկման արդիւնաւէտ մեխանիզմ: Թէ՛ Շանթ Յարութիւնեանի վարքի, թէ՛ «դեղին գլխարկներ»ի պայքարի, եւ թէ՛ անգամ Վարդան Պետրոսեանի դէպքի հետ կապուած զարգացումներում քրէաօլիգարխիայի քարոզչամիջոցները զինուել էին նրանցից իւրաքանչիւրի գործողութիւնը որպէս շօու ներկայացնելու գործիքով: Ուստի բոլորովին էլ պատահական չէր, որ օրինակ դերասան Վարդան Պետրոսեանի նսեմացման մեխանիզմում լրահոսում միանգամից յայտնուեց քննիչի «զօրաւոր» փաստարկը, թէ «դեռասանը մէյմունութիւն է անում»: Նոյն այդ քննիչը մէկ այլ հարցազրոյցում չվարանեց կրկին շօու անուանել Վարդան Պետրոսեանի հետ կապուած զարգացումները:
Սակայն որքան էլ պարադոքսալ է, քաղաքական գործընթացների մեկնաբանման ժամանակ նոյն այդ թատերական ներկայացման «կռուան»ն է ընկած ընդդիմադիր հանրութեան բառապաշարում: Մեր քաղաքական հասունութիւնը մանկական տհասութիւն է յիշեցնում` «դու յիմար ես,- չէ դու ես յիմարը» փակ շղթայի տրամաբանութեամբ: Ուստի հանրութեան մօտ քաղաքական որեւէ երեւոյթի ինտերպրետացիան կրկին վերածւում է ներկայացման, պարզապէս թատրոնի տեսակն է փոխւում: Ի տարբերութիւն վարչախմբի «շօու-թատրոն»ի, հանրային դիսկուրսում այն վերափոխւում է «խամաճիկների թատրոն»ի: Եթէ խօսենք կոնկրէտ օրինակներով, ապա սոցիալական ցանցերում բազմաթիւ են Լեւոն Հայրապետեանի, Միքայէլ Պօղոսեանի եւ այլոց վերջին օրերին ի յայտ եկած ընդվզման, ընդդիմանալու վարքագիծը որպէս յանցաւոր վարչախմբի կազմակերպած թատերական ներկայացում ցուցանելու դէպքերը: Ըստ այդմ, նոյն այդ անձիք վարչախմբի խամաճիկներն են եւ խաղում են իրենց այս պահին յատկացուած դերը:
Ի հարկէ ընդդիմախօսներս, վերոշարադրեալը հակափաստարկելով, կարող են խամաճիկ «մտաւորականներ»ի եւ նրանց միջոցով վարչախմբի կողմից այլեւայլ խնդիրներ լուծելու բազմաթիւ օրինակներ բերել: Սակայն մեծ է վտանգը, որ թայֆայական կամ անձնական չարակամութեան, եւ կամ այլ պատճառներով «թացը չորի հետ կը խառնուի»: Ի վերջոյ մեր արատները շատ են: Հէնց իր` Վարդան Պետրոսեանի օրինակը, դրա վառ վկայութիւնն է: Ընդդիմութեան մի շրջանակ չներեց նրան պայքարի մի հանգրուանում իրեն չմիանալու, սակայն ընդդիմադիր միւս շրջանակի պայքարի ժամանակ վարչախմբի նկատմամբ իր դժգոհութիւնը բարձրաձայնելու համար:
Ո՞րն է լուծումը:
Հանրութեան քաղաքական խակութեան յաղթահարումը, որի մասին ակնարկեցի յօդուածի սկզբում, հէնց այդ փակուղուց դուրս գալու կարեւոր ճանապարհներից է: Իսկ մեր ժողովրդի այդ հասունութիւնը կարող է արտայայտուել միմիայն քաղաքական գործընթացների նկատմամբ «միֆական» վերաբերմունքը մերժելով, երեւոյթների նկատմամբ ռացիոնալ հաշուարկ կիրառելով ու դրանցից գործնական օգուտներ քաղելով: Ի դէպ, քաղաքական իրական գործընթացներից հանրութեանը շեղելու նպատակով յանցաւոր վարչախմբի բանեցրած գործիքակազմում «շօու-թատրոն»ը որքան կարեւոր տեղ է զբաղեցնում, նոյնքան էլ այն մերժելի է վարչախմբի ներքին հաշուարկներում: Վարչախմբի համար ընդհանրապէս ցանկացած ինքնուրոյն գործընթաց եւ մասնաւորապէս դրա բաղադրիչները հանդիսացող կոնկրէտ դէպքերն ու անձիք, երբեք էլ անլուրջ չեն ընկալւում: Նրանց համար իւրաքանչիւր նման դէպք շատ աւելի լուրջ է ու սպառնալից: Այդ դէպքերն ու դերակատարները ենթարկւում են մանրազնին վերլուծութեան ու մշակման: Իսկ ելքը հասարակ մի բանաձեւի մէջ է: Այն է` քաղաքական ինքնուրոյն գործընթացներ ծնող իւրաքանչիւր դէպք ծառայեցնել ի շահ վարչախմբի իշխանութեան պահպանման, ցանկացած նոր իրավիճակ օգտագործել ըստ սեփական շահերի ու պահանջմունքների: Սա է, որ մեր իռացիոնալ հանրութիւնը յամառ աւանակի նման չի ուզում ընկալել: «Խամաճիկների թատրոն»ի տեսքով նրան նետուած քաղցր կարկանդակը շատ համեղ պատառ է, չուտել հնարաւոր չէ:
Սակայն ինչն է խանգարում, որ մեր հանրութիւնը նմանապէս ռացիոնալ դիրքեր գրաւի քաղաքական իւրաքանչիւր իրավիճակում: Ինչն է խանգարում իրական, ենթադրեալ կամ անհիմն խամաճիկների հարցում չենթարկուի «թատրոն»ի կանոններին եւ փորձի դէպքերը եւ ընդհանուր քաղաքական իրավիճակը ծառայեցնել ի շահ հանրային, ազգային ու պետական նպատակների ու ծրագրերի: Ինչն է խանգարում այս օրերին թիրախ դարձած նոյն այդ մտաւորականներին եւ «մտաւորականներ»ին ոչ թէ քարկոծել, այլ գնալ հետները խօսել ի մասնաւորի նոր քաղաքական դէպքեր «արտադրել»ու եւ ընդհանրապէս նոր քաղաքական իրավիճակ ստեղծելու շուրջ: Կամ ինչն է խանգարում հանրային դաշտը լցնել այն մտքերով, որ վերջին դէպքերի կապակցութեամբ ձեր ձայնը բարձրաձայնած այ յարգարժան ընկերներ, ապրէք, որ ի վերջոյ քնից զարթնել էք, կը գնա՞ք ակտիւ քաղաքացիների հետ նաեւ այս կամ այն գործը անելու: Ձեր ձայնը կը բարձրացնէ՞ք, եթէ քաղաքական այն ուժը կամ այսինչ անձիք անեն սա կամ սա, ինչո՞վ կ'օգնէք ու կ'օժանդակէք միւս ակտիւ քաղաքացիներին եւ այլն: Եթէ Վարդան Պետրոսեանին աջակցում էք, կամ Սայաթ-Նովայի փողոցում ծաւալուող պայքարին աջակցում էք, ապա արդեօք չէ՞ք աջակցի նաեւ Ամիրեան փողոցում եղած անօրինական շինարարութեան դէմ պայքարում, Փակ շուկայի խնդրում, Մարց գիւղի ժողովրդին աջակցութիւն յայտնելու խնդրում եւ այլն: Դրական արձագանքից յետոյ այդ մարդկանց հետ կարելի է նաեւ պայմանաւորուել նախկինում եղած անարդարութիւնների դէմ կարծիք, միտք, դիրքորոշում յայտնելու մասին: Իսկ Հայաստանի ապագայի հարցում առաւել եւս կարելի է պայմանաւորուել: Ի վերջոյ այնպէս չէ, որ այդ քաղաքացիները չունեն սիրտ ու հոգի:
Եզրափակեմ: Կարեւորը քաղաքական հասունութիւնն է, որը ենթադրում է իրավիճակը ամէն դէպքում ի նպաստ քեզ ծառայեցնելու մէջ: Գտնում էք խամաճիկներ են, մի կողմ թողէք դա եւ նրանց պարտադրէք դիրքորոշում յայտնել նաեւ այլ հարցերում: Իրավիճակը թելադրէք դուք: Այլապէս ձեզ վերապահուած է հանդիսատեսի դերը հայաստանեան «խամաճիկների թատրոն»ում:
No comments:
Post a Comment