6.11.13

Ո՞վ է Հայաստանում խժդժութիւն ուզում

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐԵԱՆ
 

Երէկ, կարելի է ասել, անհասկանալի իրադարձութիւններ տեղի ունեցան Ազատութեան հրապարակում եւ նրան մերձ տարածքում: Մերոնք սկսել են ինչ-որ օտարամուտ տօներ նշել ու ըստ դրանց բովանդակութեան` «լոճուել»: Երէկ նոյնպէս այդ կարգի մի օր էր, որն աշխարհում կոչւում է Անոնիմուսների օր, երբ դէմքերը զանազան դիմակներով ծածկած մարդիկ, եթէ հաւէսները տեղն են լինում, աշխարհի կառավարիչներից արդարութիւն են պահանջում: Չգիտես ինչու այդ տօնի առաջամարտիկը երէկ դարձել էր ոչ անյայտ Շանթ Յարութիւնեանը` մի խումբ կողմնակիցներով երթ անելով Ազատութեան հրապարակից դէպի Մաշտոցի պողոտայ: Մինչեւ երթը` Շանթ Յարութիւնեանն իր խօսքում նշում էր, թէ պէտք է իշխանութիւններից ազատուել, որ երկիրը «դզուի», ընդհանրապէս` այդ կարգի այլ մտքեր էր յայտնում իր ոճով, որը, կարծում ենք, շատերին, այդ թւում` մեր բարձր պաշտօնեաներին անծանօթ չէ, քանի որ Շանթին նրանցից շատերն անձամբ են ճանաչում: Իսկ ժամը 17:00-ի սահմանում սկսուեց երթը: Շ. Յարութիւնեանը մի քանի տասնեակ մարդկանց եւ իր որդու հետ շարժուեց դէպի Մաշտոցի պողոտայ` նաեւ ձեռքներին փայտեր ունենալով, որոնք, ըստ Յարութիւնեանի, պաշտպանական նպատակներով էին վերցրել: Ինչ-որ մի պահ երթի մասնակիցները երբ ցանկացան կտրել Մաշտոցի պողոտան երթեւեկելի մասից, բաւական ստուար ոստիկանները սկսեցին արգելել դա, քաշքշուկ եւ հրհրոց սկսուեց: Այդ ընթացքում պայթուցիկ նիւթեր են շպրտուել ոստիկանների ուղղութեամբ:
Միմեանց հրել ու հարուածել են եւ ոստիկանները, եւ ակտիւիստները` առաջիններն իրենց ռետինէ մահակներով, երկրորդները` փայտերով, դա, կարելի է ասել, բախում էր: Քիչ անց ոստիկանները շատացան, Մաշտոցի պողոտան փակուեց, երթի մասնակիցներին սկսեցին բերման ենթարկել, եկաւ նաեւ «շտապ օգնութիւնը», քանի որ բժշկական օգնութեան կարիք ունեցողներ կային: Դէպի Բաղրամեան պողոտայ ոստիկանական պատ կազմուեց, այստեղ երէկ ուշ ժամի էլ շատ ոստիկաններ կային: Դէպքի վայրում էին ՀՀ փոխոստիկանապետ Յունան Պօղոսեանը (նա, ի դէպ, յայտնեց, որ ոստիկան է դանակահարուել), Երեւանի ոստիկանապետը, փոխոստիկանապետը:
Ակտիւիստների մի մասը համոզուած էր, որ տեղի ունեցողը սադրանք է եղել: Յամենայն դէպս` այդ մասին Արգիշտի Կիւիրեանն ասել էր tert.am-ին, այլապէս, նրա կարծիքով 500 -ից աւելի ոստիկան այդ պահին ի՞նչ գործ ունէին Երեւանի կենտրոնում: Իսկ ինքը` Շանթ Յարութիւնեանը եւս իր խօսքում զգուշացել էր պրովոկատորներից` ոստիկաններին կոչ անելով նրանց կարգի հրաւիրել: Այսպէս թէ այնպէս` կան վիրաւորներ, բերման ենթարկուածներ, իրադրութիւնը լարուած է:
Մի հետաքրքրական եւ, կարելի է ասել` տարօրինակ մանրամասն. կատարուածից առաջ կայքերից մէկի հարցազրոյցում 7-ի գործով նախկինում մեղադրուած «Ցեղակրօն» կուսակցութեան նախագահ Շանթ Յարութիւնեանը խօսել էր այն մասին, որ յեղափոխութիւն իրականացնելու իր մտադրութեանը աջակցողներ կան, ու վստահ չէր` նրանք պրովոկատորնե՞ր են, անվտանգութեան գործակալնե՞ր, թէ՞ իսկապէս իր գործին աջակցողներ, քանի որ գալիս ասում էին` կ'աջակցենք ինչով կարող ենք` բենզինի շիշ է, ինչ է: Ու ասում էր, որ ռիսկ չի անի ու ոգեւորութեան տակ չի արագացնի յեղափոխութիւն անելու իր քայլերը: Դրանից յետոյ, ուրեմն, անհասկանալի է տեղի ունեցողը, ու առաջին հարցը որ ծագում է, այն է, թէ ո՞ւմ է հարկաւոր խառնշտուած Հայաստանը: Հաւանաբար կայ մի կողմ, ու դա այդ կողմին հարկաւոր է: Իսկ առհասարակ` պէտք է քննել ու հասկանալ, թէ ինչո՞ւ վերստին յայտնուեց Շանթ Յարութիւնեանը, ինչո՞ւ այս պահին, եւ ի՞նչ նպատակով էր բացում իր «յեղափոխութեան» ծրագրերը, թէ` եթէ ռեսուրսներ լինեն, պէտք է բենզինի շշերով գրաւել ՆԳՆ-ն [Ներքին Գործերի նախարարութիւնը], ԱԱՆ-ը [Ազգային Անվտանգութեան նախարարութիւնը], ՍԴ-ն [Սահմանադրական Դատարանը]ու բանտերը: Բա յեղափոխութիւն անողը այդ մասին նախօրօք լրատուամիջոցներով պատմո՞ւմ է, ասո՞ւմ է օրն ու ժամը, այն է` Պուտինի այցի օրը, դեկտեմբերի 2-ին: Սա մանկական խաղի նմա՞ն չէ: Կամ էլ` կացնային սադրանքի:
Մի խօսքով` երէկ ոստիկանները ուժի կիրառմամբ մօտ երկու տասնեակ ակտիւիստների են բերման ենթարկել, ու դրանց մէջ` նախ Շանթ Յարութիւնեանին, մինչեւ ուշ երեկոյ էլ ոստիկաննական կուտակումնէր կային Ազատութեան հրապարակում, Մաշտոցի պողոտայում, Բաղրամեան պողոտայում, երթեւեկը դադարեցուած էր: News.am- ը հաղորդել է, որ իրենց լրագրողը եւս վնասուել է:
Աւելի ուշ տարածուեց ոստիկանութեան պաշտօնական հաղորդագրութիւնը, որտեղ ասւում է, որ բազմիցս ոստիկանութիւնը զգուշացրել է արդէն մի քանի օր Ազատութեան հրապարակում բռնութեան կոչեր անող Շանթ Յարութիւնեանին` դադարեցնել անխոհեմ պահուածքը եւ անօրինական գործողութիւնների մղելու կոչերը: Իսկ երէկ էլ, երբ ոստիկանութեան ներկայացուցիչները Շանթ Յարութիւնեանին ու նրա կողմնակիցներին յորդորել են զերծ մնալ հակաիրաւական վարքագիծ դրսեւորելուց, չխախտել հասարակական կարգը եւ ազատել Մաշտոցի պողոտայի երթեւեկելի հատուածը, վերջիններս, ոստիկանութեան հաղորդագրութեամբ, «գրպաններից հանել են քարերով լցօնուած ինքնաշէն պայթուցիկներ եւ գետնին հարուածելով` սկսել են պայթեցնել». «Ոստիկանական վերակարգերին յաջողուել է կարգի հրաւիրել օրինազանցներին եւ ազատել պողոտան: Երկու տասնեակից աւելի օրինազանց բերման են ենթարկուել ոստիկանութեան բաժին:
Կան տուժած ոստիկաններ: Կատարւում է դէպքի վայրի զննութիւն:
Տուժածների եւ ոստիկանութիւն բերման ենթարկուածների մասին լրացուցիչ կը տեղեկացուի:
Ոստիկանութիւնը յայտարարում է, որ չի հանդուրժելու եւ ամենայն խստութեամբ է արձագանգելու ցանկացած հակաիրաւական գործողութեան, իսկ օրինազանցները կը պատժուեն օրէնքի ողջ խստութեամբ», ասուած է ոստիկանութեան հաղորդագրութեան մէջ:
Ի հարկէ, մի կարճ պահ լինելով Ազատութեան հրապարակում, յետոյ դիտելով բախման կադրերը, լսելով ականատեսներին եւ ոստիկանութեան հաղորդագրութիւնն ընթերցելով, դժուար է միանշանակ եզրակացութեան յանգել տեղի ունեցածի վերաբերեալ: Պրովոկատորներ, այո, կարող էին լինել, մանաւանդ` տաքգլուխ Շանթ Յարութիւնեանի միջոցառումն օգտագործելն իրենց նպատակների համար լաւ նախադրեալ համարողներ` յատկապէս: Սա եւս իրաւապահ մարմինների քննելիքը պէտք է լինի: Իսկ ընդհանրապէս` վերստին տանք հարցը. ո՞ւմ է հարկաւոր այս պահին խժդժութիւնը Հայաստանում:

«Ազգ», Նոյեմբեր 6, 2013

No comments:

Post a Comment