28.11.13

Սա ինչ թարախ է, որ չի պայթում

ԱՇԽԷՆ ՔԷՇԻՇԵԱՆ
Իմ զրուցակիցն է բանասէր, պատմաբան, գեղարուեստագէտ, թարգմանիչ, Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի Արծուի Բախչինեանը:

- Արծուի, եկ ամփոփենք տարին` կանգնած ենք Մաքսային Միութեանը միանալու շեմին, նորից ակցիաներ, բողոքներ, բռնկուող ու մարող յեղափոխութիւններ, արտագաղթող մարդկանց թուի աճ, նաեւ հոգեբանական է՛լ աւելի մեծ անկում` Վարդան Պետրոսեանին անուանեցին «դեռասան» ու կալանաւորեցին: Տարին տխո՞ւր ենք աւարտում...
- Ի հարկէ տխուր, աւելի ճիշդ` մտահոգ, քանի որ անդունդը, որի մէջ արդէն իսկ յայտնուել ենք, աւելի ու աւելի անտանելի է դառնում: Քո նշած բոլոր այդ երեւոյթները (որի շղթան, ցաւօք, կարելի է շատ երկարացնել) լրջագոյն պատճառներ են, որ 2013 թուականին Հայաստանի Հանրապետութեան քաղաքացին ապահով յորջորջուող իր երկրում իրեն կրկին զգայ կարիքի մէջ, անզօր, խաբուած, չպաշտպանուած եւ չունենայ նորմալ կեանքի յոյս ու հեռանկար:

Ամէն առաւօտ համացանց մտնելիս դողը սրտումս է` սպասելով կարդալ, թէ մեզ համար էլի՛ ինչ «հաճելի» անակնկալներ են պատրաստել մեր ազգընտիր իշխանութիւնները, էլի՛ ում են անմեղ տեղը կալանելու եւ ում մեղաւոր տեղը` չկալանելու, էլի՛ ինչ պատմական հետք են ջնջելու, էլի՛ ինչ բնութեան մասնիկ են աւերելու, էլի՛ ինչ խոշոր իւրացումներ են կատարելու իմ եւ քո աշխատավարձի հաշուին, էլի՛ ում հացն են կտրելու... եւ այլն, եւ այլն: Վարդան Պետրոսեանի դէպքը նշելով` մատդ դրեցիր մի ցաւի վրայ, այն է` ռեժիմը բացայայտ դարձրեց այլախոհի, իրական ընդդիմադիրի, ժողովրդական մարդու, իսկական մտաւորականի հանդէպ իր յայտարարած տարիների պատերազմը: Առանց չափազանցութեան կարող եմ ասել, որ կեանքիս ամենածանր պահերից մէկն ապրեցի` Նոյեմբերի 9-ի ցուրտ գիշերն ականատես դառնալով, թէ ինչպէս դեռեւս չապաքինուած, ողջ օրը սոված-ծարաւ թողնուած (ասել է թէ` խոշտանգուած) Վարդանին պատգարակով դուրս բերեցին Կոտայքի դատարանից ու դրեցին ոստիկանական մեքենան` առանց իրաւական որեւէ հիմքի:
Այդ պահին այնքան շօշափելի հասկացայ, որ Հայաստանում, ցաւօք, արդարադատութիւն չի եղել ու չկայ, որ այս ցինիկ ռեժիմը կատարուած ողբերգութիւնը գործածում է յանուն իր շահերի` հանրութեանն է՛լ աւելի ճնշել-ճզմելու նպատակով: Եւ ո՞ւր կորան տարիներ շարունակ իշխանութիւնների դէմ սուր ճօճողները, արմատական ընդդիմադիր այրերը, ա՞յս Հայաստանն էին նրանք երազում, էլ ոչ մի պայքարելու բան չմնա՞ց: Թե՞ ամէնքը, մի-մի տաքուկ անկիւն ստանալով, սսկուեցին ու մոռացան ամէն ինչ...
- Ինքնին հասկանալի է, որ նման պայմաններում քեզ համար պիտի որ հեշտ չլինէր կենտրոնանալ հետազօտական կամ թարգմանական գործունէութեան վրայ...
- Երանի այնպիսի ժամանակներ լինէին, որ հարցազրոյց տալիս ստիպուած չլինէի քաղաքականութեան մասին ամենափոքրիկ իսկ ակնարկն անելու, քանի որ, այո, իմ աշխարհներն ուրիշ են: Ճիշդ է, այս տարի էլ տարբեր հետաքրքրական գործեր կատարեցի, տպագրուեց իմ թարգմանութեամբ երկու գիրք, եւս երեք թարգմանութիւն էլ ճանապարհին են, կատարուեց վաղեմի երազանքս` նկարահանուեցի կինոյում մի փոքր դերով, հրաւէր ստանալով Հայաստանում ֆիլմ ստեղծող ամերիկացի կինոգործիչներից...
Սակայն անձնական այս յաջողութիւններն ինձ երբեք լիակատար երջանկութիւն չեն պարգեւում, երբ շուրջս համատարած անարդարութիւն է, ամենաթողութիւն, բռնութիւններ, ոգու ու նիւթի աղքատութիւն ու տեսակի պատերազմ: Այնքան լաւ եմ հասկանում մեծն Ֆայինա Ռանեւսկայային, երբ նա ասում էր. «Ինչպէս եմ նախանձում անուղեղներին»: Նայում եմ շուրջս` քիչ չեն այնպիսի մտաւորականներ ու արուեստագէտներ, ովքեր ապրում են իրենց նեղ անձնական ու մասնագիտական կեանքով ու բոլորովին անտարբեր են, որ Հայաստանում տասնեակ գիւղեր արդէն դատարկուել են, որ ոչ մի օրէնք չի գործում, որ բանտերում կան անմեղ դատապարտեալներ, իսկ ազատութեան մէջ շրջում են ոճրագործներ, որ մեր երազած անկախութիւնն իրականում անկախութեան երազ եղաւ, ու նորից նստում ենք կոտրած տաշտակի առջեւ:
Գուցէ դա էլ նրանց պաշտպանուելու ձեւն է, Աստուած նման կրիաների ու ջայլամների հետ: Սակայն պարզապէս եղկելի է, երբ գտնւում են իբրեւ թէ յարգարժան խելօք մարդիկ, որոնք պաշտպանում են ցանկացած հակազգային քայլ` լինի օտարալեզու դպրոցներ վերաբացելը, ինչ-որ անյայտ ու կասկածելի միութեանը միանալը, չհիմնաւորուած թանկացումները կամ պատմական յուշարձանի աղաւաղումը: Նման «մտաւորականներ»ը իրենց պատասխանատու չե՞ն զգում գալիք սերնդի առջեւ, թէ՞ վստահ են, որ գալիք սերունդ այլեւս չի լինելու, բոլորը կը լինեն կա՛մ արտագաղթած, կա՛մ ստրկացուած ու մանկուրտացուած:
Պետական այրերի եւ օլիգարխների զաւակները, անշուշտ, մտածելու բան չունեն, նրանք դրսերում վաղուց տուն ու տեղ ունեն դրած, քանի որ, բնականաբար, չեն ուզի ապրել մի երկրում, որտեղ կեանքն անտանելի է դարձել իրենց հայրերի պատճառով: Չէի ուզի, որ խօսքս այսքան մռայլ ստացուէր, բայց սա է մեր իրականութիւնը. 15 տարի առաջ մութ ու ցուրտ տարիներին գիտէինք, որ պատերազմի մէջ ենք ու յաղթելու ենք, թունելի ծայրին լոյս էինք տեսնում, իսկ հիմա դա չկայ, եւ յոյսը կտրողը թուրքն ու ազերին չեղան:
Ու խնդրեմ, սիրելի հայրենակիցներ, գլխիս քարոզներ չկարդաք, թէ նմա՛ն ժամանակներ է տեսել մեր ժողովուրդը, չմոռանալով յիշատակել հայ ազգի` փիւնիկ թռչուն լինելու կամ Աստծոյ պահած ժողովուրդը լինելու մասին նէյնիմները: Միայն եթէ կարող էք, շատ կ'ուզէի բացատրէք` սա ի՞նչ թարախ է, որ յամառօրէն չի պայթում...

«Հրապարակ», Նոյեմբեր 27, 2013

No comments:

Post a Comment