ՄԱՆԱՆԱ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ
Հայաստանի Գրողների Միութեան նախագահի ընտրութիւնը վերջերս ամենաքննարկուողն էր: Ինչպէս տեղեակ էք, նախագահի թափուր պաշտօնի համար ներկայացուել էին երեք թեկնածու` Էդուարդ Միլիտոնեանը, Դաւիթ Սարգսեանը եւ Յովիկ Յովէեանը, ինչպէս նաեւ շրջանառւում էր Կարինէ Խոդիկեանի անունը:
Մինչ աթոռակռիւ էր ընթանում, հանրութեան մի մասը պնդում էր, որ ստեղծագործական միութիւններն իրականում մեզ հարկաւոր չեն, դրանք սովետական լճացած կառոյցներ են, սակայն...
Խնդիրներն սկսուեցին համագումարի հէնց սկզբից` քարտուղարութիւն ընտրելիս: ՀԳՄ քարտուղարութեան կազմում ընդգրկուեցին Պետրոս Դէմիրճեանը, Աւիկ Իսահակեանը, Վազգէն Գաբրիէլեանը, Հրաչեայ Սարուխանը, իսկ քարտուղարութեան նախագահ Վազգէն Գաբրիէլեանը նշանակուեց: Սակայն Աշոտ Խաչատրեանին չգոհացրեց այս ընտրութիւնը, եւ նա պահանջեց, որ հաշուի առնեն անգամ մէկ անձի ձայնը եւ անվաւեր համարեն քարտուղարութեան կազմը:
Յաջորդ քայլը հաշուիչ յանձնաժողով ընտրելն էր: Երկարատեւ վէճերից եւ քննարկումներից յետոյ որոշուեց, որ հաշուիչ յանձնաժողովի անդամները կը լինեն առաջադրուած թեկնածուների կողմից երկուական մարդ, իսկ Վազգէն Գաբրիէլեանն առաջարկեց, որ յանձնաժողովի վերջին` եօթերորդ անդամը պէտք է լինի երիտասարդ գրողների կողմից Արքմենիկ Նիկողոսեանը:
Թատերագէտ, ՀԳՄ անդամ Լեւոն Մութաֆեանը յիշեց նախորդ ընտրութիւնների խախտումները, եւ հաշուիչ յանձնաժողովում ընտրուեցին երկուական վկաներ` առաջադրուած թեկնածուների կողմից, որպէսզի տարատեսակ խնդիրներ չառաջանան:
Ի դէպ, համագումարի ժամանակ երկու թեկնածու ինքնառաջադրուեցինՙ գրող Վլադիմիր Հայրապետեանը, որը րոպէներ անց ինքնաբացարկ յայտարարեց եւ կոչ արեց քուէարկել յօգուտ Յովիկ Յովէեանի, եւ գրող Ռոմիկ Սարդարեանը:
Անդրադառնալով համագումարին հնչած ելոյթներին, հարկ է նշել, որ դրանց ընթացքում հնչած խօսքերից կարելի էր կարծիք կազմել, ՀԳՄ-ն միայն խախտումներ է արել ու բացթողումներ ունեցել:
Անդրադառնալով ձայները հաշուելու գործընթացին, նշենք, որ սկզբում չէին ցանկանում լրագրողներին թոյլ տալ ներկայ լինել ձայների հաշուելու արարողութեանը, սակայն որոշ ժամանակ անց լրագրողներին ներս հրաւիրեցին` իրենց ներկայութեամբ ձայների հաշուելու ընթացքի արդարութիւնը փաստելու համար:
Մի շարք գրողներ դժգոհում էին, որ Սփիւռքը եւս ունի ընտրելու իրաւունք` ասելով, որ դա ձայները լցօնելու տարբերակ է:
Ձայների գերակշիռ մեծամասնութեամբ ՀԳՄ նախագահ ընտրուեց Էդուարդ Միլիտօնեանը` 199 ձայնով, Յովիկ Յովէեանն ստացաւ 100 ձայն, Դաւիթ Սարգսեանըՙ 24 ձայն, իսկ Ռոմիկ Խաչատրեանը 4 ձայն: Անվաւեր ճանաչուեց 7 թերթիկ:
«Ազգ», Հոկտեմբեր 22, 2013
No comments:
Post a Comment