24.9.13

Այսօր կը սկսուի Եպիսկոպոսաց Ժողովը

ՇԱՀԷ ՎՐԴ. ԱՆԱՆԵԱՆ
Հայաստանեայց Եկեղեցում առկայ հիմնախնդիրների, բարեկարգութեան ու դրանց լուծման եւ իրականացման ճանապարհների մասին խօսւում է արդէն մէկ հարիւրամեակից աւելի: Այդ հարցին ընդառաջ դեռեւս 20-րդ դարասկզբից գումարուել են բազմաթիւ մեծ ու փոքր ազգային եկեղեցական ժողովներ, հաւաքներ, տրուել են որոշակի լուծումներ, բարձրացուել են հիմնահարցեր... Բաւական է յիշել Մկրտիչ Ա. Խրիմեան կաթողիկոսի օրօք 1906 թ. գումարուած ժողովի առաջացրած խանդավառութիւնը, հակասական զգացումները, քննադատութիւններն ու երբեմն էլ հիասթափութիւնները: Այնուամենայնիւ, հակառակ կիրառուած ու կիրառուող բոլոր ջանքերին, Հայաստանեայց Եկեղեցին կրկին կարիք ունի նմանատիպ ժողովի, որի գումարման աւանդոյթն ու ակունքները հասնում են ընդհուպ Ա. դարի կէս, երբ Յիսուս Քրիստոսի առաքեալներն իրենք էլ, զգալով եկեղեցում առկայ հիմնահարցերի լուծման անհրաժեշտութիւնը, համատեղ որոշում կայացնելու նպատակով ժողով գումարեցին:
Ահա այս տեսլականին ընդառաջ այսօր էլ Հայաստանեայց Եկեղեցին շարունակում է առաքեալների կողմից եկեղեցուն տրուած ժողովական որոշում կայացնելու աւանդութիւնը: Սոյն թուականի Սեպտեմբերի 24-27-ը Հայաստանեայց Եկեղեցու Մայր Աթոռում գումարուող եպիսկոպոսաց ժողովն այս իմաստով, կարելի է ասել, բացառիկ է: Սակայն այն այդպիսին է ոչ միայն իր արտաքին լայնամասշտաբութեամբ, այլ նաեւ պատմական նշանակութեամբ ու քննարկուող հարցերի կարեւորութեամբ: Առ այս կը կամենայինք ընթերցողներին ներկայացնել մեր մի քանի մտածումներն ու խոհերը:
Նախ, Հայ Եկեղեցու պատմութեան մէջ Սսի եւ Էջմիածնի աթոռների համատեղ ժողովի ու կանոնների ընդունման միայն մի դէպք է յայտնի` 1651 թ. աշնանը գումարուած Երուսաղէմի ժողովը` Փիլիպպոս Ա. Աղբակեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ներսէս Սեբաստացի Սսի աթոռակալի նախագահութեամբ: Այստեղ ընդունուած 13 կանոններն իրենց խոհական ու ազգաշէն բովանդակութեամբ ամէնից առաջ նպատակ ունէին երկու աթոռների միջեւ ստեղծել միասնական գործակցութեան ու համազգային միութեան նախապայման:
Իսկ դրանց մասին դրական արձագանքներով ողողուած է այդ ժամանակաշրջանի գրեթէ ողջ հայ պատմագրութիւնը: Հետեւաբար, իբրեւ Էջմիածնի Մայր Աթոռի ու Անթիլիասի Մեծի Տանն Կիլիկիոյ աթոռի (որը Սսի աթոռի նուիրապետական անմիջական ժառանգորդն է) միջեւ գումարուող ժողով` այն արդէն իսկ իր պատմական նշանակութեամբ անգնահատելի մի քայլ է հայ իրականութեան մէջ:
Երկրորդ, յայտնի է, որ ըստ Հայ Եկեղեցու կանոնական աւանդոյթի` եպիսկոպոսաց ժողովները պէտք է գումարուեն տարին մէկ անգամ` քննելու եւ անհրաժեշտ լուծումներ գտնելու համար եկեղեցու առաջ ծառացած հարցերին ու հիմնախնդիրներին: Այս մասին են խօսում Հայ Եկեղեցու ամենաառաջին ժողովներն ու գումարումները: Պատմական տարբեր հանգամանքների բերումով ու իշխող վարչակարգերի անբարեացակամութեամբ պայմանաւորուած Հայաստանեայց Եկեղեցին ոչ միշտ է կարողացել իրականացնել այս կարեւոր կանոնական դրոյթը: Այսօր արդէն, երբ պատմական հանգամանքներն ու հայոց անկախ պետականութիւնն ստեղծում են այդ բարենպաստ հողը, Հայաստանեայց Եկեղեցին պէտք է վերագտնի համաեկեղեցական ու համազգային հարցերին համատեղ որոշում տալու վճռականութիւնը: Չէ՞ որ մասնակցող եպիսկոպոսները ներկայացնում են աշխարհասփիւռ ողջ հայութիւնը` իբրեւ թեմակալ առաջնորդներ ու աթոռակալներ:
Եւ վերջապէս, ժողովի օրակարգում ընդգրկուած գլխաւոր հարցերը` Ս. Մկրտութեան ծիսակարգի բարեկարգում եւ Հայոց ցեղասպանութեան զոհերի սրբադասում, նոյնպէս իրենց բովանդակային ու նաեւ դաւանաբանական իմաստով ունեն կարեւոր նշանակութիւն: Յայտնի է, որ հաւատացեալների կողմից յաճախ հնչում են ամենատարբեր դժգոհութիւններ, հարցեր եւ առաջարկներ` Ս. Մկրտութեան ծիսակարգի տեղային տարբերութիւնների եւ դրա հետ կապուած ծիսական-կանոնական խնդիրների լուծման առնչութեամբ: Դրա ամենացայտուն օրինակը, թերեւս, վերջին տարիներին առաջ եկած օտարազգի կնքահայրերի (քաւոր) եւ խառն ամուսնութիւնների նախաշեմին օտար յարանուանութիւնների պատկանող մարդկանց մկրտութեան հարցն է Հայ Եկեղեցում: Իհարկէ, դրանք հարցերի ողջ շարանի մի մասն են միայն: Գումարուելիք Եպիսկոպոսաց Ժողովին ներկայացուելու է գործնական առաջարկ: Նախ` քննարկման է դրուելու արդէն մի քանի հնագոյն ձեռագրերի հիման վրայ կազմուած Ս. Մկրտութեան ծիսակարգի միասնական բնագիրը, որին կից` նաեւ Ս. Մկրտութեանը նախապատրաստուելու համար անհրաժեշտ խրատական-ուսուցողական ձեռնարկը: Վերջինիս մէջ ուսուցողական մատչելի կերպով բացատրւում են Ս. Մկրտութեան հետ կապուած եւ դրա համար անհրաժեշտ ծիսական-կանոնական եւ հաւատքային սկզբունքները, որոնք անհրաժեշտ են Ս. Մկրտութեան ծէսի վաւերական եւ լիարժէք իրականացման համար: Այնուհետեւ, քննարկման ոչ պակաս կարեւոր ու համազգային նշանակութիւն ունեցող հարց է Հայոց ցեղասպանութեան զոհերի սրբադասումը, որն, ի տարբերութիւն Ս. Մկրտութեան ծիսակարգի, կարող է որոշ մարդկանց աչքին նաեւ քաղաքական երանգ ստանալ (Ցեղասպանութեան զոհերի սրբադասմանն աւելի մանրամասնօրէն կ'անդրադառնանք յառաջիկային): Այս հարցը տարիներ շարունակ քննարկուել է Հայաստանեայց Եկեղեցու երկու աթոռների (Ս. Էջմիածնի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ) կողմից ստեղծուած համատեղ յանձնախմբի բազմաթիւ նիստերում: Առաջադրուող խնդիրներն ու հարցերը բազմազան են, բայց էական է մի շատ կարեւոր դրոյթ. այս քայլով Հայաստանեայց եկեղեցին վերագտնելու է հաւատի համար նահատակուած անձանց սրբադասելու իր հնագոյն աւանդութիւնը: Պէտք չէ մոռանալ, որ թե՛ Ցեղասպանութիւնից առաջ եւ թե՛ Ցեղասպանութիւնից յետոյ Հայաստանեայց Եկեղեցում եղել են քրիստոնէական հաւատի բազում վկաներ, որոնց կեանքի օրինակը եւ սրբադասման պաշտօնականացումը վաղուց ի վեր կարօտ է համաեկեղեցական վաւերականացման:
Անշուշտ, այս ժողովն առաջին մի քայլն է` Հայ Եկեղեցու առաջ ծառացած հիմնահարցերին համատեղ լուծում գտնելու ճանապարհին: Իսկ որ գլոբալ զարգացումների ու հիմնախնդիրների առատութեամբ աչքի ընկնող մեր դարաշրջանում դրանք այդքան էլ քիչ չեն, յայտնի է ամէնքին: Մնում է միայն մաղթել, որ դրանց առատութիւնը նոր ուժ ու նախաձեռնութիւն հաղորդի Հայաստանեայց Եկեղեցու թե՛ հոգեւորական եւ թե՛ աշխարհիկ անդամներին:

«Ազգ», Սեպտեմբեր 24, 2013

No comments:

Post a Comment