Այցերու գումար - Total Pageviews - Total de visitas

14.7.13

Կիպրոսի հեռափնեայ (offshore) ընկերութեան գայթակղութիւնը եւ Նաւասարդ արք. Կճոյեանը

Մայիս 29ին, «Հետք» լրագրական հետաքննութեան ելեկտրոնային թերթը հրապարակած էր զգայացունց լրատուութիւն մը՝ Կիպրոս արձանագրուած հեռափնեայ (*) "Wlispera Holdings Limited" ընկերութեան գոյութեան մասին, որուն բաժնետէրերն են, ըստ վաւերաթուղթերու, Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Տիգրան Սարգսեանը, Արարատեան թեմի Հայրապետական Փոխանորդ Նաւասարդ արք. Կճոյեանը եւ գործարար Աշոտ Սուքիասեանը, եւ որուն հաշուոյն մեծ գումարներու փոխանցումներ կատարուած են ի վնաս ուրիշ գործարարի մը՝ Փայլակ Հայրապետեանի։

Փաստական տուեալներով եւ բարդ երեսակներով լեցուն այս եւ յաջորդ տեղեկատուութիւններ ծաւալուն գայթակղութեան մը առիթ դարձած են Հայաստանի քաղաքական աշխարհին մէջ։ Աշոտ Սուքիասեան երկրէն մեկնած էր իր ընտանիքով 2012ի ամրան, մինչ թէ՛ վարչապետ Սարգսեան եւ թէ՛ Նաւասարդ արք. հերքած են որեւէ կապ ունենալը, յայտնելով թէ տեղեակ չեն, որ իրենց անունները նման ընկերութեան հետ խառնուած ըլլան։ Սարգսեան անմիջապէս դիմում կատարած է Հայաստանի գլխաւոր դատախազութեան՝ պարզելու թէ ո՞վ եւ ինչպէ՞ս գրանցած է ընկերութիւնը։ Իր կարգին, Արարատեան թեմը հրապարակած է հերքում մը («Հետք», Յունիս 13), ուր ի միջի այլոց յայտնած է.
«Այսպես կոչուած "օֆշորային սկանդալ"ի հետ կապուած, Սրբազանն արդէն յայտարարել է, որ ձեռներէցութեամբ զբաղուելու պարագայում երբեք չէր շարունակի ծառայել Հայ Առաքելական Եկեղեցուն․ գաղտնի եւ ընդյատակեայ գործունէութիւնը յարիր չէ իր սկզբունքներին:
(...) Տարածուող տեղեկութիւնները, թէ, իբր, Նաւասարդ արք․ Կճոյեանը ներկայ է եղել ադամանդագործութեան զարգացմանն առնչուող պետական յանձնաժողովներից մէկի նիստին, չեն համապատասխանում իրականութեանը:
Սրբազանը դատապարտում է Երեւանի Սբ․ Սարգիս եկեղեցու խաչքաւորներից մէկի՝ Աշոտ Սուքիասեանի հետ իր շփման շահարկումը՝ իրականութեան հետ որեւէ աղերս չունեցող սեփական ենթադրութիւններն ու դատողութիւնները փաստարկելու նպատակով»:
Յունիս 17ին, Քննչական Գլխաւոր Վարչութեան յատուկ կարեւորագոյն գործերով քննութեան վարչութիւնը որոշած է Աշոտ Սուքիասեանը ամբաստանել շարան մը ոճիրներով. մեծածաւալ խարդախութիւն, գոյքային մեծ վնասի պատճառում՝ խաբէութեան կամ վստահութիւն չարաշահելու եղանակով, եւ ապօրինի ճամբաներով ստացած մեծագումար եկամուտներու օրինականացում (= «դրամ լուալ»)։ Սուքիասեան յայտարարուած է փախստական եւ կալանքի ենթակայ։
Յաջորդ օրը, «Հետք»ը Սուքիասեանէն ստացած է նամակի մը պատճէնը, որ ուղղուած է Հայաստանի գլխաւոր դատախազ Աղուան Յովսէփեանին։ Հինգ էջնոց նամակի աւարտին, ան գրած է. 
«Ու հիմա ուզում են ինձ խեղճացնել։ Ես հանդիսացել եմ Հայ Առաքելական Եկեղեցու Արարատեան թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու ջրօրհնէքի խաչքաւորը[:] Ատենապետը հանդիսացել է Տ. Սարգսեան, իսկ Թեմի Առաջնորդը Սրբազան Կճոյեանը։
Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպութեանը` WLISPERA HOLDINGS LIMITED-ին: 
Նախ ասեմ, որ այս կազմակերպութեան հիմնադիրը ես եմ եւ ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսեանի եւ Ն. Կճոյեանի անուններով` առանց նրանց գիտութեան եւ առանց նրանց համաձայնութեան: 
Դա արել եմ, որպէսզի իմ բիզնէսը զերծ պահեմ տարբեր ոտնձգութիւններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետեւանքներ ունենալ»:
«Հետք»ի յօդուածի երկրորդ բաժնի (Յունիս 27) առնչութեամբ (հոն մէջբերուած է վկայութիւն մը, թէ Նաւասարդ արք. ներկայ եղած է Յուլիս 2010ին գործարարներու հետ կատարուած հանդիպումի մը ու ապա մասնակցած՝ ճաշի մը այդ խումբին հետ, որմէ ետք Սուքիասեանի հետ մեկնած է Կիպրոս), Արարատեան թեմը նոր հաղորդագրութիւն մը հրապարակած է յաջորդ օրը, ուր նշուած է ի միջի այլոց.
«Սրբազանը յայտարարում է, որ վերոնշեալ տեղեկատուոթեան եւ ոչ մի կէտ չի համապատասխանում իրականութեանն ու հանդիսանում է նախկինում հնչող զրպարտութիւնների շարքի տրամաբանական շարունակութիւնը»:
Յունիս 25ին, «Արմենփրէս»ի հարցումներուն պատասխանելով, Նաւասարդ Սրբազանը հաստատած էր, որ Ա. Սուքիասեանի հետ «բաւականին մտերիմ» կապեր ունեցած է.
«Վերադառնալով Աշոտ Սուքիասեանին՝ ասեմ, որ նա եղել է Սբ. Սարգիս եկեղեցու խաչքաւորը, և այդ շրջանակներում ես նրա հետ, իրօք, բաւականին մտերիմ եմ եղել: Բազմիցս ճանապարհորդել ենք միասին եւ կարծես ճակատագրի հեգնանքով 2011 թուականին եւրոպական երկրների շարքում, ընկերներիցս մէկի՝ Տիգրան Բադալեանի հրաւէրով մի քանի օրով այցելել ենք Կիպրոս, Նիկոսիա, ուր ներկայ ենք գտնուել նաեւ Աշոտի ընկերոջ՝ Տարօնի ընտանեկան միջոցառմանը: Այդ ժամանակ՝ 2011-ի Մարտին, ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ դրանից դեռեւս մէկ տարի առաջ, ինչպես յայտնի դարձաւ վերջերս, Աշոտ Սուքիասեանն իմ անունն օգտագործել էր իր կազմակերպութիւնը գրանցելիս»։
Միեւնոյն հարցազրոյցին մէջ, անդրադառնալով այն տարաձայնութիւններուն, որ Սուքիասեան իրեն «Պենթլի» մակնիշի ինքնաշարժ նուիրած է, Սրբազանը զանոնք հերքած է.
«Նախ եւ առաջ, հարկ եմ համարում եւս մէկ անգամ նշել, որ տարիներ առաջ ինձ նուիրուած "Բենթլի"-ով չեմ երթեւեկում՝ առաւել նախընտրելով օգտուել ծառայողական աւտոմեքենայից: Առհասարակ 14 տարի աւտոմեքենայ չեմ վարել, եւ այդ "Բենթլի"-ին վերաբերւում էի զուտ որպէս նուէր. աւտոմեքենան չէ այն երեւոյթը, որը կարող է ինձ համար արժէք ներկայացնել: Այո, Աշոտ Սուքիասեանը ժամանակին ունեցել է "Բենթլի" աւտոմեքենայ, սակայն բոլորովին այլ մոդէլի, որը որեւէ առնչութիւն չունի ինձ պատկանող աւտոմեքենայի հետ»։
Բարձրաստիճան եկեղեցականը չէ բացատրած, թէ ինչո՞ւ երկար ատենէ ի վեր արծարծուող «Պենթլի»ի նիւթը (օրինակ, եթէ ենթադրենք, որ 2009ի բնորդ (model) է, այդ տարուան Bentley Continentalի շուկայի գինը 179.000էն 203.000 տոլար է ԱՄՆի մէջ, իսկ Bentley Brooklandsի պարագային՝ 317.000 տոլար) ի սկզբանէ չէ փակուած աւելի քրիստոնէավայել վերաբերումով (հմմտ. Հռոմի նորընտիր Փրանկիսկոս Պապի վերաբերմունքը՝ եկեղեցականներու կողմէ շքեղ ինքնաշարժերու օգտագործման նկատմամբ)։ 
Ըստ երեւոյթին, հերքումները բաւարար չեն եղած համոզելու հանրութիւնը, կամ գէթ անոր մէկ մասը։ Հիմա սկսած է կարգալուծման պահանջ ներկայացնելու ստորագրահաւաք ("News.am", Յուլիս 11).
«Յուլիսի 12ից սկսած, ամէն օր` առաւօտեան ժամը 10:00ից մինչեւ 21:00ն, Հիւսիսային պողոտայ-Թումանեան խաչմերուկում անց է կացուելու ստորագրահաւաք` Արարատեան հայրապետական թեմի առաջնորդ [իմա՛՝ փոխանորդ. «Հայկականք»] Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեանին կարգալոյծ անելու` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղուած պահանջով: Այս մասին NEWS.am-ը տեղեկացաւ "Մենք ենք մեր երկրի վաղուայ տէրը" միութիւնից։
Ստորագրահաւաքի նախաձեռնողն է "Մենք ենք մեր երկրի վաղուայ տէրը" միութիւնը` ԵՊՀ շրջանաւարտ Յովհաննէս Ղահրամանեանի գլխաւորութեամբ: Կոչի տակ արդէն կայ 2500ից աւելի ստորագրութիւն` հաւաքուած Յուլիսի սկզբից»:
Միութեան յայտարարութեան մէջ ըսուած է.
«Նաւասարդ Կճոյեան հոգեւորականը ամբողջովին հեռացել է եկեղեցուց եւ ներքաշուել գողական կեանքի մէջ: Այս մարդուն իր Բենթլիով կարելի է տեսնել միմիայն մեծ բիզնէսի ներկայացուցիչների կողքին: Ո՞վ է երբեւէ Կճոյեանից հոգեւոր հարցերի, իր հօտի խնդիրների մասին գէթ մեկ բառ լսել: Ո՞վ է նրան գէթ մէկ անգամ տեսել եկեղեցու կողքին: Այս մարդը դարեր շարունակ մեր ազգի ինքնութիւնը պահպանած եկեղեցու վերջին մեղքն է, նրա խայտառակութիւնը:
Կճոյեանն այնքան է ներքաշուել գողական կեանքի մէջ, որ, բացի օֆշորային սկանդալից, իր մաֆիոզի դիրքին յարիր չի համարում պարզաբանել իրեն ուղղուած հարցերը: Իր պահուածքով Կճոյեանը խայտառակում է մեր ազգը, եւ, եթէ Կաթողիկոսը որեւէ կերպ չարձագանգի Կճոյեանին կարգալոյծ անելու մեր պահանջին, ուրեմն ինքը եւս նոյն մաֆիայի մաս է կազմում` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Հրաւիրում ենք Հայ Եկեղեցու ճակատագրով բոլոր մտահոգ մարդկանց վաղուանից սկսած մասնակցելու ստորագրահաւաքին»:
Կը մնայ տեսնել, թէ ինչպէ՞ս կը բացատրուի Կիպրոսի գլխաւոր դատախազ Փեթրոս Գլերիտեսի յայտարարութիւնը «Ազատութիւն» ռատիոկայանին (Յուլիս 1)։ Պատասխանելով այն հարցումին, թէ հնարաւո՞ր է արդեօք ոեւէ մեկը հեռափնեայ ընկերութեան բաժնետէր գրանցել առանց տուեալ անձին թոյլտուութեան, Կիպրոսի գլխավոր դատախազը պատասխանած է․- «Ոչ: Բայց ես չեմ ուզեր մտնել մանրամասներու մէջ մինչեւ չնայիմ գործի ամբողջ պատմութեան եւ փաստաթուղթերուն, որոնք անհրաժեշտ են այդ իրադարձութիւնները հետաքննելու համար»: Այն հարցումին, թէ՝ «Այսինքն հնարաւոր չէ՞ գրանցել առանց իր [իմա՛՝տուեալ անձին. «Հայկականք»] թոյլտուութեան», Գլերիտես պատասխանած է․ «Անկարելի է, եթէ ի հարկէ, ան գործած չէ իր լիազօրուած անձին կամ նմանատիպ այլ ձեւով»:

------------------------
Նավասարդ Կճոյան հոգևորականը ամբողջովին հեռացել է եկեղեցուց և ներքաշվել գողական կյանքի մեջ: Այս մարդուն իր Բենթլիով կարելի է տեսնել միմիայն մեծ բիզնեսի ներկայացուցիչների կողքին: Ո՞վ է երբևէ Կճոյանից հոգևոր հարցերի, իր հոտի խնդիրների մասին գեթ մեկ բառ լսել: Ո՞վ է նրան գեթ մեկ անգամ տեսել եկեղեցու կողքին: Այս մարդը դարեր շարունակ մեր ազգի ինքնությունը պահպանած եկեղեցու վերջին մեղքն է, նրա խայտառակությունը: Կճոյանն այնքան է ներքաշվել գողական կյանքի մեջ, որ, բացի օֆշորային սկանդալից, իր մաֆիոզի դիրքին հարիր չի համարում պարզաբանել իրեն ուղղված հարցերը: Իր պահվածքով Կճոյանը խայտառակում է մեր ազգը, և, եթե Կաթողիկոսը որևէ կերպ չարձագանքի Կճոյանին կարգալույծ անելու մեր պահանջին, ուրեմն ինքը ևս նույն մաֆիայի մաս է կազմում` դրանից բխող բոլոր հետևանքներով: Հրավիրում ենք Հայ եկեղեցու ճակատագրով բոլոր մտահոգ մարդկանց վաղվանից սկսած մասնակցելու ստորագրահավաքին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/07/11/248413.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք
(*) Անգլերէն offshore բառը ամէնուրեք «օֆշորային» դարձնելու փոխարէն, հայաստանեան թէ սփիւռքեան լրատուամիջոցները պարտք էին փորձել հայացնել այդ բառը։ Եթէ գոյութիւն ունի «մերձափնեայ» բառը (Էդ. Աղայեան, Արդի հայերէնի բացատրական բառարան, հատոր 2, Երեւան, 1976, էջ 1002), ինչո՞ւ ափէն հեռու գտնուող երեւոյթը պիտի չկոչուի... հեռափնեայ, նոյնիսկ եթէ բառը յիշեալ բառարանին մէջ չկայ։




No comments:

Post a Comment