28.7.13

Նորվան արք. Զաքարեանի հրաժարականը յուզել է Սփիւռքին

ՍԵԴԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
. . . Նորվան արք. Զաքարեանը հրաժարուեց «Հետք»-ին հարցազրոյց տալ՝ նշելով, որ իր ասելիքները հրապարակուած են:
Թեմական Խորհրդի ատենապետ Պատրիս Ճօլօլեանը, ով համաձայնեց պատասխանել մեր հարցերին, խիստ չէզոք եւ զգոյշ գտնուեց պատասխաններում՝ նշելով, որ Նորվան Սրբազանը կտրականապէս հրաժարւում է յետ վերցնել իր դիմումը, իսկ իրենք՝ որպէս Թեմական Խորհրդի անդամներ, պարտավոր են ապահովել կառոյցի շարունակելիությունը: Այն հարցին, թե Ն. Զաքարեանը խօսում է իրեն «վիրավորելու, վարկաբեկելու, արժանապատուութիւնը ճզմելու» մասին, արդեօք Թեմական Խորհուրդը փակելու է աչքերը ասուածի վրայ, Պ. Ճօլօլեանը նշեց, որ այդ հարցին պաշտօնապէս դեռ չեն արձագանգել, բայց այն անպայման կը քննարկվի Թեմական Ժողովի ընթացքում: Թեմական Խորհրդի ատենապետը ափսոսանքով նշեց նաեւ, որ հարցն այսօր որոշ ուժերի կողմից քաղաքականացւում է եւ շահարկւում:      

Ստորեւ ներկայացնում ենք Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի Թեմական Խորհրդի ատենապետ Պատրիս Ճօլօլեանի հարցազրոյցը:

-- Հայկական լրատուամիջոցներում բազմիցս անդրադարձ եղաւ Նորվան արքեպիսկոպոս Զաքարեանի հրաժարականին: Սրբազանի նամակի հրապարակումից յետոյ դրդապատճառները առաւել քան պարզ են: Բայց կը ցանկանայի, որ մէկ անգամ եւս անդրադառնանք այդ կարեւոր որոշմանը: Ի՞նչը Նորվան Զաքարեանին դրդեց նման քայլի:
 -- Նկատի ունենալով այն, որ Նորվան Սրբազանը արդէն իսկ բացատրութիւններ է տուել վերոնշեալ հարցի հետ կապուած, ես զերծ եմ մնում աւելին ասելուց: Դրդապատճառներն ու որոշումն իրենն էին:

-- Էջմիածինն ընդունե՞լ է դիմումը:
-- Դիմումը ոչ ընդունուել է եւ ոչ էլ մերժուել: Այն պէտք է ուսումնասիրուի Գերագոյն Հոգեւոր Խորհրդի առաջիկայ նիստի ընթացքում:

-- Հրաժարականից յետոյ Թեմական Խորհրդի եւ Պատգամաւորական Ժողովի առաջին քայլը կաթողիկոսին դիմելն էր, որպէսզի վերջինս անվաւեր ճանաչի հրաժարականի մասին դիմումը: Այսօր թւում է, թէ դուք համակերպուել էք իրավիճակի հետ: Ինչպիսի՞ն է մթնոլորտը Խորհրդում:
-- Այս նորութիւնը շատ վշտացրեց Թեմական Խորհրդի անդամներին, եւ մենք, բնականաբար, Կաթողիկոսին խնդրեցինք չեղեալ համարել Նորվան Սրբազանի հրաժարականի մասին դիմումը: Կաթողիկոսը պատասխանեց, որ եթէ Նորվան Սրբազանը ցանկանայ վերանայել իր որոշումը, ինքը դրանում ոչ մի առարկութիւն չի տեսնում:
Նորվան Սրբազանը բազմիցս հաստատեց, որ իր որոշումը վերջնական է: Մենք դա հիմք ընդունեցինք, իսկ որպէս հաստատութեան (Թեմական Խորհրդի) ղեկավարներ` կանոնադրութեան համաձայն մենք պարտաւոր ենք ապահովել դրա շարունակելիութիւնը:

-- Յաճախ խօսուել է եկեղեցու կառավարման խնդրի մասին: Արդեօք անձի փոփոխութեամբ հնարաւո՞ր կը լինի լուծել առկայ խնդիրը:
-- Ֆրանսիայի թեմը ստեղծուել է մի քանի տարի առաջ: Թեմը կառավարելու ծանր պատասխանատուութիւնը դրուած էր առաջնորդ Նորվան Սրբազանի եւ թեմական խորհրդի նախորդ ու ներկայիս պատասխանատուների վրայ: Մարդու փոփոխութիւն լինի, թէ ոչ, թեմի գործունէութիւնը կոչուած է բարելաւելու բոլոր ոլորտներում` լինի վարչական կառավարումը, թէ յարաբերութիւնները թեմի ներսում` ծխական խորհուրդների, հոգեւոր հովիւների, աշխարհականների միջեւ տարիների ընթացքում ձեռք բերուած փորձի շնորհիւ:   

-- Սփիւռքը շատ բացասաբար է ընդունել այս հրաժարականը: Ոմանք ահազանգ են տեսնում դրանում: Որո՞նք կը լինեն հետեւանքները Ֆրանսիայի հայ համայնքի համար:  
-- Այս իրարանցումը ցոյց է տալիս, որ այդ հրաժարականը յուզել է մեր Սփիւռքին: Ոմանք շահարկում են այն եւ դրանում Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ յարաբերութիւնների վատթարացման արտայայտութիւն են տեսնում: Հարկաւոր է խուսափել քաղաքական վերագրումներից: Այս իրադարձութիւնը պէտք է մեզ ստիպի մտածել մեր փոխադարձ նպատակների մասին, ըմբռնել դա եւ առաւել լայն երկխօսութիւն սկսել:

-- Ինչպիսի՞ն է լինելու Ֆրանսիայի հայ եկեղեցու «վաղուայ օրը»: Ո՞վ կարող է փոխարինել Նորվան Զաքարեանին:  
-- Դարերի ընթացքում մեր Եկեղեցին, որ երբեմն վայրիվերումներ է ունեցել, միշտ ներկայ է եւ կը շարունակի գոյութիւն ունենալ Ֆրանսիայում: Դեռ շուտ է Նորվան Սրբազանին փոխարինողի մասին խօսել, բայց իր յատկանիշները նրան թոյլ կը տան քրիստոնէական հաւատքի պատգամ տարածել հաւատացեալների մեր համայնքին, որը միասնական է` չնայած տարաձայնութիւններին:

«Հետք», Յուլիս 26, 2013

No comments:

Post a Comment