ՅԱԿՈԲ ՉԱՔՐԵԱՆ
Երէկ առաւօտեան Ստամբուլի Թաքսիմ հրապարակի «Գեզի» զբօսայգում ցուցարարները վերստին բախուեցին ոստիկանութեան հետ: Բորբոքուած կրքերը չեն հանդարտւում, ոչ էլ կը հանդարտուեն, որքան էլ վարչապետ Էրդողանն այսօր ընդունի բողոքի ցոյցերը համակարգող «Թաքսիմի պլատֆորմ»ի ղեկավարներին: Խնդիրը այգու հատման ենթակայ ծառերը, այսինքնՙ բնապահպանութիւնը չէ, այլ աշխարհիկ քեմալականների հակազդեցութիւնը իսլամամէտ կառավարութեանը, որը դրսեւորւում է վարչապետ Էրդողանի Թաքսիմ հրապարակը վերակառուցելու նախագծի շուրջը:
Ցուցարարները չեն հաշտւում հրապարակում Աթաթուրքի անուան մշակոյթի պալատը քանդելու եւ այնտեղ պատմական «Սելիմիէ» զօրանոցը վերականգնելիս նաեւ մզկիթ կառուցելու մտքի հետ, հակառակ դրանՙ վարչապետ Էրդողանը յամառում է: Հարկ է նշել, որ այսօր Աթաթուրքի պալատի առնչութեամբ Էրդողանին հակադրուող քեմալականներն էլ 30-ականներին «Գեզի» այգին կառուցելու համար քանդել էին հայկական Սուրբ Յակոբ գերեզմանոցն ու յարակից Խոր Վիրապ եկեղեցին, բարեկարգման համար որպէս շինանիւթ օգտագործելով գերեզմանաքարեր:
16-րդ դարի այդ գերեզմանոցը զբաղեցրել է 56 հազար քառ. մետր տարածք, իսկ յարակից կառոյցներըՙ 5 հազար քառ. մետր: 1915-ին գերեզմանոցը յայտարարուել է «լքեալ գոյք»: Յետագայում, ըստ ամենայնի 1918-ի Մուդրոսի զինադադարից յետոյ, թէեւ հետ է յանձնուել համայնքին, սակայն 1926-ին Բերայի քաղաքապետարանը փակել է գերեզմանոցը եւ որոշել փոխադրել մէկ այլ տեղ: Որոշումը Սուրբ Յակոբ գերեզմանոցի առգրաւման ազդակ է հանդիսացել: 1931-ին Բերայի քաղաքապետարանը գերեզմանոցի հետ առգրաւուել է նաեւ Սուրբ Յակոբ հիմնադրամին պատկանող յարակից շինութիւններըՙ խանութներով եւ աւտոտնակներով հանդերձ:
Ապարդիւն են անցել Կ. Պոլսոյ հայոց պատրիարքարանի, թաղական խորհրդի եւ հիմնադրամի դիմումները դատարան: 1934-ին Ստամբուլի դատարանը վճռել է գերեզմանոցը յանձնել քաղաքապետարանի տնօրէնութեանը, որն էլ 1938-ին հիմնովին քանդել էՙ վերածելով ամայի հողատարածքի: 1939-ին նոյն ճակատագրին է արժանացել նաեւ Խոր Վիրապ եկեղեցին: Գերեզմանաքարերը օգտագործուել են «Գեզի» զբօսայգու եւ Էմինոնիւ հրապարակի կառուցապատման նպատակով:
Այս տուեալները քաղել ենք Արմաւենի Միրօղլուի «Հասարակական պատմութիւն» հանդէսում հրապարակուած յօդուածից, որը Յունիսի 8-ին արտատպել էր Ստամբուլի «Հայթերթ» կայքէջը: Քրդական «Ֆըրաթ» լրատուական գործակալութիւնն էլ Յունիսի 9-ին հրապարակեց «Ո՛չ ռասիզմին եւ ազգայնամոլութեանը» նախաձեռնութեան խօսնակ Ջենգիզ Ալգանի նոյն օրը «Գեզի» այգում արած յայտարարութիւնները:
Ալգանը նշել է, որ 1560-ին սուլթան Սուլէյման 1-ի՝ որպէս գերեզմանոց հայկական համայնքին յատկացրած այս տարածքը թալանուեց, 1940-ին արդէն հայերը զրկուած էին տարածքի նկատմամբ ամէն մի իրաւունքից: Ապա նա շարունակում է. «Գեզի զբօսայգու այն աստիճանները, որոնց վրայ այսօր ցատկոտում են, այստեղ թաղուած հայերի գերեզմանաքարերն են»:
Ալգանը ուշադրութիւն է հրաւիրում նաեւ 1919-ին, այսինքն՝ ցեղասպանութիւնից 4 տարի անց այգու տարածքում Մեծ Եղեռնի առաջին յուշարձանի կառուցման փաստինՙ նշելով, որ դա այնուհետեւ քանդել են: Ապա Ալգանը ընդգծում է. «Այս փաստերը ծանօթ չեն հասարակական լայն շրջանակներին: Մենք ցանկացանք, որ փաստերի մասին նշուի ազատութեան պայքարի խորհրդանիշը դարձած «Գեզի» զբօսայգում: Մինչ դիմադրութիւնը զբօսայգում շարունակւում է, ցուցարարները մեզ համար անսովոր ձեւով քրդերից ներողութիւն են խնդրում: Իսկ հայերին նրանք գրեթէ չեն ճանաչում, որովհետեւ վերջիններիս բնաջնջել են: Անկախ բնաջնջումից, տասնեակ հազարաւոր հայեր դեռ կան: Նրանք ջանում են ապացուցել իրենց պապերի բնաջնջումը այս հողերում: Մենք էլ պիտի ջանանք, որ մարդիկ յիշեն ցեղասպանութիւնը, առերեսուեն ցեղասպանութեան հետ եւ իրազեկ լինեն իրողութեանը: Ուզում ենք, որ "Գեզի" զբօսայգի այցելողները 1919-ին այստեղ կանգնեցուած ցեղասպանութեան յուշարձանի մասին իրազեկուած հեռանան: Յուսանք, որ մի օր նոյն տեղում ցեղասպանութեան նոր յուշարձան կը կառուցուի»:
«Ազգ», Յունիս 12, 2013
No comments:
Post a Comment