ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Պետական գոյքի կառավարման վարչութեան պետ Արման Սահակեանը Հոկտեմբեր 24ին հրաւիրած մամուլի ասուլիսում անդրադարձաւ վարչութեան 9 ամսուայ գործունէութեան
արդիւնքներին, բայց ասուլիսի քննարկման հիմնական առարկան դարձաւ Արտաքին Գործերի
նախարարութեան շէնքի վաճառքի կառավարութեան որոշումը:
Պատասխանելով հարցերինՙ Արման Սահակեանն ասաց, որ
Արտաքին Գործերի նախարարութեան շէնքը վաճառուել է, երբ լաւ առաջարկ է ներկայացուել: Նախկինում
նոյնպէս եղել են առաջարկներ, բայց դրանցում ցածր գին է առաջարկուել: Եթէ Երեւանի
կենտրոնում, մասնաւորապէս ԱԳՆ շէնքի շրջակայքում անշարժ գոյքի շուկայական գները
1500-2000 դոլարի սահմաններում են 1 ք.մ.-ի համար, ապա ԱԳՆ շէնքի համար գնորդը
վճարելու է 3600 դոլար 1 ք.մ.-ի դիմաց: Արման Սահակեանը յիշեցրեց, որ այդ շէնքը մինչեւ
Արտաքին Գործերի նախարարութիւն դառնալն ունեցել է այլ գործառոյթներ եւս, եւ այստեղ տարբեր
ծառայութիւններ են մատուցուել: «Այդ շէնքն, ի վերջոյ, ոչ ոք իր հետ չի տանելու ոչ մի
տեղ, շարունակելու է մնալ իր տեղում», ասաց պետական գոյքի կառավարման վարչութեան պետը,
աւելացնելով նաեւ, որ նրա արտաքին տեսքի պահպանման վերաբերեալ կէտն ամրագրուած է
պայմանագրով:
Ինչ վերաբերում է այն հարցին, թէ այլ շէնքերի նկատմամբ լաւ
առաջարկ լինելու դէպքում ե՞ւս դրանք կը վաճառուեն, Արման Սահակեանն ասաց, որ եթէ լինեն
լաւ առաջարկներ, ապա դրանք քննարկման ենթակայ կը լինեն: Նա նշեց, որ կան նման
խօսակցութիւններ տրանսպորտի եւ կապի նախարարութեան շէնքի վերաբերեալ, բայց
յայտարարեց, որ առաջարկ այս պահին չկայ: Նոյնը նա ասաց նաեւ պետական
կոնսերվատորիայի շէնքի մասին (՚՚*):
Սեփականաշնորհման ժամանակ ներդրումային պարտականութիւնների
կատարման պայմանագրերն այսուհետեւ աւելի են խստացուելու եւ դրանք չկատարելու համար
նախատեսուելու են լուրջ տուգանքներ: Պետական գոյքի կառավարման վարչութեան պետը
տեղեկացրեց, որ ներկայումս 4 մասնաւորեցուած հիւրանոցներ կան, որտեղ հիմնանորոգման
եւ գործարկման աշխատանքները չեն կատարուել` «Դուինը», «Սեւանը», «Շիրակը» եւ Սասունցի
Դաւթի արձանի մօտի կիսակառոյցը:
Ըստ Արման Սահակեանիՙ պետական բաժնեմաս ունեցող ընկերութիւնները
պէտք է ներկայացնեն բիզնէս ծրագիր, թէ ինչքան շահութաբաժին պէտք է վճարեն
պետութեանը, իսկ այդ ընկերութիւններում պետութիւնը կը նշանակի իր
ներկայացուցիչներին, որոնք կը դիտարկեն թէ ինչպէս է կառավարում ընկերութիւնը, եւ
առաջարկներ կը ներկայացնեն ընկերութեան առողջացման վերաբերեալ:
Մամուլի շէնքում կը շարունակեն գործել լրատուամիջոցներըՙ վճարելով
միայն սպասարկման վճար, իսկ միւսների համար կը գործեն վարձակալութեան գներ: Արման
Սահակեանը տեղեկացրեց, որ վերանորոգուել է այդ շէնքի տանիքը, որոշ դէպքերումՙ
միջանցքները, նախատեսւում է վերելակների եւ սանհանգոյցների նորոգում:
«Ազգ», Հոկտեմբեր 25, 2012
(*) Այս ընթացքով, մօտ ատենէն կարգը կրնայ հասնիլ Պատմութեան թանգարանին, Ազգային Պատկերասրահին, Մատենադարանին, քանի որ հարցը քառակուսի մեթրի գինին մասին է միայն... (Խմբ. «Հայկականք»ի)։
No comments:
Post a Comment