30.9.12

Թուրքական «նոր» մարտավարութիւնը եւ ԱՍԱԼԱ-ն

ՍՈՒՐԷՆ ՄԱՆՈՒԿԵԱՆ
Սեպտեմբերի 20-ին Օտտաւայում բացուեց 1982թ. կանադական մայրաքաղաքում հայկական վրիժառուների կազմակերպութիւններից մէկի անդամների գործողութիւնների արդիւնքում սպաննուած Թուրքիայի ռազմական կցորդ, գնդապետ Աթիլլա Ալտիկաթի յուշարձանը: Բացման արարողութեանը ներկայ էին Կանադայի եւ Թուրքիայի արտգործնախարարները: Վերջինս իր ելոյթում յայտարարեց, որ թուրք ազգը երբեք չի մոռանալու ծառայութեան ընթացքում «հայ ահաբեկիչներ»ի կողմից սպաննուած իր դիւանագէտներին: Աւելին, [Ահմեդ] Դաւութօղլուն Ալտիկաթին նոյնիսկ համեմատեց վերջերս Լիբիայում սպաննուած ԱՄՆ դեսպանի հետ եւ յայտարարեց, որ կանադացի ազգն առաջին անգամ ահաբեկչութեան հետ հանդիպեց հէնց 1982թ. Օգոստոսի 27-ին, երբ սպաննուեց թուրք դիւանագէտը:

Հետաքրքիր լուր է: Փաստօրէն, Թուրքիան հանում է իր խաղաքարտերից մէկը, որը երկար ժամանակ պահուել եւ խնամքով փայփայուել էր: Ալտիկաթը սպանուել է 30 տարի առաջ, սակայն արձանը որոշեցին տեղադրել հէնց հիմա: Ուրեմն` համարել են, որ ժամանակը եկել է: Դատելով, որ յուշարձանը պատրաստուել էր Թուրքիայում եւ տեղափոխուել Կանադա յոյժ գաղտնիութեան պայմաններում, կարելի է խօսել ոչ թէ կարճաժամկէտ լուծուող խնդրի, այլ աւելի երկար ժամանակահատուածի համար ծրագրուած գործողութեան մասին: Աւելին, Թուրքիան սրանով պատրաստ է մոռացութեան տալ կամ միգուցէ փորձել չէզոքացնել այն հանգամանքը, որ 2004 եւ 2006 թթ. Կանադայի խորհրդարանը ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանութիւնը, իսկ երկրի վարչապետը իւրաքանչիւր տարի Ապրիլի 24-ին յատուկ ելոյթով յիշում է հայ զոհերին:
Այս «նոր» մարտավարութեան բաղադրիչներ կարելի է համարել նաեւ վերջին շրջանում ԱՍԱԼԱ-ի անունից տարածուող ակնյայտ կեղծ նամակները: Անկարան ամենայն հաւանականութեամբ քննարկում է «հայկական ահաբեկչութեան» դրոյթի ակտիւացման եւ շրջանառութեան մէջ աւելի ակտիւ ներդնելու հնարաւորութիւնը: Պատահական չէ, որ Դաւութօղլուի խօսքն այդքան յղումներ էր պարունակում ժամանակակից համաշխարհային քաղաքականութեան ամենամեծ սպառնալիքներին` միջազգային ահաբեկչութեանը:
Ի՞նչ ենք հակադրելու դրան: Արդեօք պատրա՞ստ են մեր հակափաստարկները: Ամէն դէպքում, կարծում եմ` 1970-1980-ականների շարժման` ԱՍԱԼԱ-ի եւ նրա օրինակով ստեղծուած խմբերի նկատմամբ մեր հասարակութիւնում փոխհամաձայնութիւն կայ: Բացառութեամբ մի քանի մարգինալ կերպարների, մեր հանրութիւնը ընդունել է եւ արժեւորել ԱՍԱԼԱ-ի տղաներին: Նրանցից մի քանիսը Եռաբլուրում են թաղուած, ժամանակին մեծերը` Կապուտիկեանը, Շիրազը, Օշականը նրանց ստեղծագործութիւններ էին նուիրում:
Սակայն արդեօք ունե՞նք արտաքին աշխարհին ներկայացնելու բանաձեւ: Մի բանաձեւ, որը կը լինի այսօրուայ լեզուով, այսօրուայ իրական քաղաքականութեանը եթէ ոչ ընդունելի, ապա գոնէ հասկանալի:
Եւ մի բան էլ, այս տղաները արժանի են յուշարձանի: Ոչ թէ անհատական ամէն մէկը, այլ երեւոյթը` որպէս այդպիսին: Կարելի է մի յուշարձան կանգնեցնել ընդհանրապէս այն սփիւռքահայ երիտասարդին, որը Սառը պատերազմի դաժան տարիներին, երբ Հայոց ցեղասպանութեան թեման լիակատար մոռացութեան էր մատնուած, գտաւ ելքը: Նա կատարեց մի քայլ, որն այսօր կ'անուանէին ասիմետրիկ հարուած: Այնքան ուժեղ, որ պետականութեան բացակայութեան պայմաններում այն կարողացաւ հայկական գործօնին շշմեցուցիչ ազդեցութիւն հաղորդել, իսկ Հայկական Հարցին` միջազգային անվերապահ հանրահռչակում: Ի վերջոյ, այն տուեց մի այնպիսի ազդակ, որից ծնուեց Մոնթէն: Իսկ միայն դա արդէն հերիք է արձան կանգնեցնելու համար:
«Սիվիլնէթ» (civilnet.am), Սեպտեմբեր 27, 2012

No comments:

Post a Comment