15.9.12

Երեւանի ամենահին մասնաւոր համալսարանի փակումը

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ
Անկախութեան առաջին տարիներին Հայաստանում սնկի պէս աճած մասնաւոր, բայց պետական հաւատարմագիր ստացած բուհերի ճակատագրերը գնալով աւելի ու աւելի անորոշ են դառնում, դրանք խոշորացնելու միտում է նկատւում: Աւելին, եթէ մինչ այսօր ԿԳ [Կրթութեան եւ Գիտութեան] նախարարութիւնն էր զրկում լիցենզիաներից, այս անգամ բուհն է նախարարութեանը յայտնում իր փակման մասին:
Խօսքը 1991-ին հիմնադրուած «Հրաչեայ Աճառեան» համալսարանի մասին է, որը լինելով Հայաստանում առաջին պետական հաւատարմագիր ստացած համալսարանը` այս տարի փակեց դռները, ռեկտոր Արամ Խաչատրեանի պատճառաբանութեամբ` վերջին տարիներին տնտեսական պայմաններից եւ դիմորդների սակաւութիւնից ելնելով:
Համալսարանի ֆինանսական խնդիրների մասին խօսում են դեռ 2009 թուականից, երբ դասախօսներն ամիսներով աշխատավարձ, իսկ աւելի ճիշդ` նուաստացուցիչ աղքատավարձն էլ չէին ստանում (մէկ դրոյքի համար համալսարանը դոցենտին վճարում էր 50.000 դրամ): Սակայն ասում են` աւելի շատ ոչ թէ ֆինանսական, այլ երկու եղբայրների` համալսարանի ռեկտոր Արամ եւ նախկին ԱԺ [Ազգային Ժողովի] նախագահ Արմէն Խաչատրեանների միջեւ`բուհի շէնքի շուրջ ծագած խնդիրն է եղել պատճառը. Արամը շէնքն է ուզում, Արմէնը չի ուզում տալ, իսկ հանգուցալուծումը համալսարանի գործունէութեան դադարեցումն է:
Փորձեցինք համալսարանի խնդիրներին ծանօթանալ պրոֆեսորադասախօսական կազմի միջոցով: Բանասիրական գիտութիւնների թեկնածուներից մէկը, ով դասախօսել է երեք տարի` 2007-2010 թթ., նշեց, որ համալսարանում ֆինանսական հարցերի շուրջ միշտ դժգոհութիւններ են եղել, քանի որ ամիսներով աշխատավարձ չէին ստանում եւ ստիպուած էին լինում այդ հարցով անձնապէս մօտենալ պրոռեկտորին, որից յետոյ նոր վարձատրւում էին:
«Կէս դրոյքով էի աշխատում, այնտեղ ես կէս դրոյքով դոցենտ էի, աշխատավարձս` 25.000 դրամը, ինչը երբեմն ամբողջ կիսամեակ չէին տալիս, տարին վերջանում էր, եւ հազիւ որոշ գումար ստանում էինք, յետոյ յաջորդ տարուայ ընթացքում ստանում էինք նախորդ տարուանը, եւ այդպէս շարունակ»,-նշեց բանասիրական գիտութիւնների թեկնածուն` յաւելելով, որ բուհը վերջին տարիներին շատ էր հեղինակազրկուել, ֆինանսական խնդիրների պատճառով շատ դասախօսներ են հեռացել բուհից, դիմորդներն էլ` պակասել:
Բացի այդ, ըստ թեկնածուի` այստեղ ընդունւում էին շատ թոյլ ուսանողներ, ովքեր չէին կարող պետական հաստատութիւն ընդունուել: Ընդունւում էին հարուստ ընտանիքների երեխաները, ովքեր այդքան գիտելիքներ չունէին, բայց գալիս էին զուարճանալու եւ դիպլոմը օժիտ ծառայեցնելու նպատակով:
«20 հոգանոց խմբում կարող է երկու օրինակելի ուսանող լինէր, միւսները` անպիտան, չսովորող, իսկ դեկանը բոլորի համար մտահոգուած էր, բոլորի համար գնահատական էր աղերսում մեզնից, իսկ քանի որ դեկան էր, նշանակում էինք. մենք շատ ուսանողներից տեղեակ չէինք, անգամ չէինք էլ տեսել, բայց մեզնից պահանջում էին գնահատել»,-համալսարանական գաղտնիքները բացեց զրուցակիցս:
Այսօր հաստատութեան փակուելը բանասիրական գիտութիւններին թեկնածուն չի պայմանաւորում կազմակերպչական աշխատանքով, այլ` նման աշխատանքի հետեւանքով:
Զրուցեցինք Նոյեմբերեանի աւագանու անդամ Վարուժան Բաբաջանեանի հետ, ով մինչեւ առաջադրուելը Երեւանի «Հրաչեայ Աճառեան» համալսարանում պատմութիւն առարկայ է դասաւանդել: Նրա խօսքով` ասել, թէ համալսարանը փակւում է ֆինանսական խնդիրների պատճառով, ճիշդ չի լինի, քանի որ այն հին համալսարան է, ունի հրաշալի պրոֆեսորադասախօսական կազմ: Պարզապէս բիզնես-ծրագիրը ճիշտ չաշխատեց, չկարողացան վճարել դասախօսների աշխատավարձերը, եւ դասախօսները հեռացան:
«Մէկուկէս տարի եմ դասաւանդել, յետոյ դուրս եկայ, քանի որ ԱԺ ընտրութիւններին ընդառաջ` չէի ցանկանում քաղաքականութիւնն ու ուսումը խառնել իրար»,-ասաց Վարուժան Բաբաջանեանը: Նախկին դասախօսը չի դժգոհում համալսարանի ուսանողների ցուցաբերած առաջադիմութիւնից, քանի որ ինքը դասաւանդել է բաւականին ծանր առարկայ` Ամերիկայի, Աֆրիկայի, Ասիայի եւ Եւրոպայի երկրների պատմութիւն, եւ միջազգային յարաբերութիւնների ֆակուլտետում ընկալել են, եւ ինքը շատ հպարտ է եղել իր ուսանողներով:
«Հաւանաբար, իրենց բիզնես-ծրագիրը` համալսարանի հետ կապուած, ճիշդ չաշխատեց, եւ տարածքը, որը քաղաքի սրտում է գտնւում, փորձելու են օգտագործել այլ նպատակներով, մի գուցէ այն որպէս բիզնես չարդարացրեց իրեն: Անկեղծ ասած` ես համալսարանից դուրս եմ եկել այն ժամանակ, երբ համալսարանի փակման հետ կապուած խնդիր չկար, բայց իմ` այնտեղ աշխատած ժամանակ համալսարանը բաւականին լաւ վիճակում էր, եւ ես չեմ կարծում, թէ այդ ժամանակ մտածում էին փակման մասին»,-եզրափակեց Վ. Բաբաջանեանը:
Յ.Գ. Ինչեւէ, ուսանողները կը շարունակեն իրենց ուսումն այլ բուհերում, ամէն ինչ կ'ընկնի իր տեղը, սակայն ցաւալի է, որ շէնքն արդէն այսօր կորցրել է քաղաքում իր երբեմնի այդքան կարեւոր տեղը, դերն ու նշանակութիւնը:

«Առաջին լրատուական» (www.1in.am), Սեպտեմբեր 12, 2012

No comments:

Post a Comment