Այցերու գումար - Total Pageviews - Total de visitas

24.5.12

Յանուն մէկ մարդու ֆիզիքական ազատութեան

ԱՐԾՈՒԻ ԲԱԽՉԻՆԵԱՆ


Երեք ամիս շարունակ ընդգրկուած լինելով Մաշտոցի զբօսայգում ծաւալուած ապօրինի կառուցապատումների դէմ շարժման մէջ եւ ներկայ լինելով այնտեղ կազմակերպուած միջոցառումներին՝ տեղեկացայ մեր իրականութեան վերաբերեալ մի շարք նորանոր խնդիրների: Դրանցից ամէնից շատ ինձ յուզեց ցմահ բանտարկեալների խնդիրը (բոլորը կը համաձայնեն, որ մեր փոքրիկ հանրապետութեան համար 104 ցմահ դատապարտեալ ունենալը չափազանց մեծ թիւ է): Այդ հարցին ծանօթանալու առիթը եղաւ Մաշտոցի զբօսայգում կազմակերպուած Մհեր Ենոքեանի «Ես զրուցում եմ քեզ հետ, Մարդ» վերնագրով գրքի շնորհանդէսը, որի վաճառքից ստացուած գումարը հեղինակի ցանկութեամբ եւ նրա անունից հարազատները փոխանցում են քաղցկեղով հիւանդ երկու երեխաների հաշուեհամարներին:
Գիրքն արագ կլանեցի նոյն օրը, աւելի ճիշդ՝ գիշերը: Առանց չափազանցութեան՝ այդ գրքի ընթերցանութիւնից յետոյ մինչեւ այս պահը կորցրել եմ հանգիստս: Անսպառ երեւակայութիւն, անչար բնութիւն տեսայ, անկեղծութիւն, հերոսները՝ պարզ, շիտակ: Նրա հերոսներից մէկը երեւանեան ծառն էր գրկել ու համբուրում դեռ մի քանի կանաչ մնացած տերեւները... այդպէս կարող է գրչի ծայրից դուրս թռչել միայն խորը վերապրումը:
Պատմութիւնից գիտենք, այո, որ չորս պատի մէջ արգելափակումը շատերին է գրող դարձրել: Սակայն այլ է, երբ գիտակցում ես, որ տուեալ պարագայում գործ ունես քո ժամանակակցի, գրեթէ քո սերնդակցի հետ, որն ապրում է քեզ հետ նոյն քաղաքում, ունի գրական հակումներ, սակայն դու ազատութեան մէջ ես, իսկ նա ասես ողջ-ողջ թաղուած է Նուբարաշէնի բանտում արդէն 16 տարի եւ այնտեղից պարբերաբար յիշեցնել է տալիս իր մասինՙ շարունակ պնդելով իր անմեղութիւնը: Աննախադէպ մի երեւոյթ. թերի բարձրագոյն կրթութեամբ մի ցմահ դատապարտեալ ոչ միայն կարողացել է գրել միանգամայն ընթերցուող մի գիրք, այն էլ՝ երկլեզու (հայերեն եւ ռուսերեն)ՙ հասարակութեանն իրազեկելով նրան գրեթէ անյայտ մնացած մի խնդրի մասին, այլեւ որ անգամ ճաղերի յետեւից իր այդ քայլով նա փորձում է նպաստել իր հայրենակից երկու երեխայի առողջացման գործին: Անմիջապէս սկսեցի փնտռել համացանցում Մհեր Ենոքեան անունը. չէք պատկերացնի, թէ որքան տեղեկատուութիւն թափուեց ինձ վրայ: Նայում էի բոլոր տեսանիւթերը, կարդում բոլոր յօդուածները: Ծանօթացայ ցմահ դատապարտեալների հարցերով զբաղուող քաղաքացիական նախաձեռնութեան անդամների հետ, զրուցեցինք, իմացայ, որ նրանք նոյնպէս սկսել են Մհերից` արձագանգելով նրա` մամուլում տպագրուած «Ես մարդ չեմ սպանել» յօդուածին:
Չեմ ցանկանում խօսել Հայաստանում ցմահ դատապարտուածների խնդիրներից առհասարակ (խումբն արդէն իսկ ուսումնասիրութիւններ, կլոր սեղաններ ու իրազեկման արշաւներ է կատարում այս ուղղութեամբ), ուզում եմ խօսել մարդու մասին, Մհերի մասին, ում հետ շուտով նամակագրութիւն հաստատեցի, նրան ուղարկեցի իմ ու այլ հեղինակների գրքերից, իմ պատրաստած հեռուստահաղորդումների սկաւառակներ ու երաժշտական խտասալիկներ: Մենք խօսում ենք ամենատարբեր թեմաներից: Երբեմն հարցնում է հայոց լեզուի այս կամ այն նրբութիւնների մասին: Գրում է, որ 16 տարի փորձում է ողնաշարը ձիգ պահել, չճկուել, չկոտրուել, գրում է, որ միշտ սպորտով է զբաղւում` անգամ փակի տակ սարսափելի 90-ականներին, երբ եօթ տարի արեւի երես անգամ չէր տեսել: Հասկացայ, որ նա իմ տեսակից, նոյն արժէքները կրող, առողջ մտքով ու հոգով անձ է` պահպանած դէմք-դիմագիծ, հասկացայ, թէ որքան դժուար է այդ ամէնն անել փակի տակ, երբ շուրջդ քո տեսակից, քո աշխարհից այնքան քիչ մարդ կայ: Ու եթէ չիմանայի, որ շուտով կը գլորուի 17-րդ տարին, որ փակ ռեժիմում է, կը կարծէի, որ մէկ օր առաջ են նրան մեկուսացրել հասարակութիւնից, կամ ինձ նամակներ գրողը, ասենք, արտերկրում է: Քսան տարեկանում յայտնուելով բանտումՙ նա այդպէս էլ ոչ մի օր չի ենթարկուել բանտային ներքին օրէնքներին: Անգամ սովորական ծխելը նա չի ընդունել, այլեւս չասած բանտային այլ աւանդոյթների մասին: Նա անընդհատ ստեղծագործական աշխատանքի մէջ է, գրում է պատմուածքներ եւ յօդուածներ, նկարում է ու մտքերը փոխանցում, ինչպէս ինքն է գրում` ՈՂՋԵՐԻ աշխարհ: Գրում է, որ այժմ էլ աշխատում է իր երկրորդ գրքի վրայ, որը վիպակ է, ինչպէս ինքն է գրում, գեղարուեստականի ու փաստագրականութեան միաձուլում: Մամուլից իմացայ նաեւ, որ նրա դիմումագրի շնորհիւ մեր խորհրդարանը «դոնորութեան» մասին օրէնքում փոփոխութիւն է մտցրել, ըստ որի դատապարտուած մարդիկ կարող են մօտիկ հարազատների համար որպէս օրգանի դոնոր հանդէս գալ: Յաջորդ քայլս` փորձեցի տեսակցել Մհերին, որպէս մի գրչի մարդ, որը ցանկանում է տեսակցել մէկ այլ գրչի մարդու: Նոյնիսկ մէկ անգամ խմբի անդամների հետ եղանք Նուբարաշէնում, սակայն ներս մտնել այդպէս էլ չկարողացանք, թէպէտ նախապէս գրութիւն էի գրել եւ մեզ հաւատացրել էին, թէ տեսակցելու հնարաւորութիւն կը տան: Չյանձնուեցի, նորից եմ գրել, այս անգամ՝ Արդարադատութեան նախարար պրն. Հրայր Թովմասեանին...
Մհեր Ենոքեանի գրքի գրական արժանիքների մասին խօսելը թողնելով մէկ այլ առիթիՙ պարտքս եմ համարում իմ կողմից նոյնպէս բարձրաձայնել նրա ճակատագրի վերաբերեալ: 1975 թուականին ծնուած այս երիտասարդը, որն ուսանել է Երեւանի բժշկական ինստիտուտի ատամնաբուժական ֆակուլտետում, 3-րդ կուրսումՙ 20 տարեկանում մեղադրուել է մէկ անձի` համակուրսեցու սպանութեան մէջ` դատապարտուելով գնդակահարութեան (նախկին Քրէական Օրէնսգրքի 99-րդ յօդուած 1-ին եւ 6-րդ կէտերով): Ոչ դատարանում, ոչ էլ մինչ օրս Մհերն իրեն մեղաւոր չի ճանաչել` պնդելով, որ մարդասպան չէ: Դատարանում տուել է միեւնոյն ցուցմունքները, թէ փորձել է կանխել յանցագործութիւնը, սակայն դա նրան չի յաջողուել: Մինչդեռ դատարանի կողմից արժանահաւատ է համարուել գործով միւս մեղադրեալի` Արամ Յարութիւնեանի նախաքննութեան ընթացքում տուած պարբերաբար փոփոխուող ցուցմունքներից մէկը, ըստ որի սպանութիւնն ունեցել է կանխամտածուած ու շահադիտական բնոյթ: Արամն ընդունել է մեղքը` ասելով, որ կատարել է սպանութիւն: Դատապարտուել է նոյն յօդուածով` 99-րդի 1-ին եւ 6-րդ կէտերով, սակայն 15 տարուայ ազատազրկման: Արամ Յարութիւնեանը մէկ տարի է արդէն ազատութեան մէջ է: Իսկ 1996 թուականին մահապատժի դատապարտուած Մհերի դատավճիռը 2003 թուականին ՀՀ նախագահի ներման հրամանագրով փոխարինուել է ցմահ ազատազրկմամբ:
16 տարի Ենոքեանն իր ընտանիքի հետ պայքարել է գործի վերաբացման համար, սակայն անարդիւնք: Չստանալով որեւէ յուսադրող պատասխան` իր վրայ ուշադրութիւն բեւեռելու նպատակով նա ՔԿՀ-ներից [Քրէա-Կատարողական Հիմնարկ] երկու անգամ դիմել է փախուստի 2004 եւ 2009 թուականներին (մի արարք, որ քրէօրէն պատժելի չի համարւում շատ երկրներում, օրինակ, Գերմանիայում): Ընդհանուր առմամբ 32 օր մնալով ազատութեան մէջ` չի կատարել եւ ոչ մի յանցաւոր արարք: ՀՀ բոլոր նախագահներին գրած տասնեակ դիմումների պատասխանները ստացուել են մէկ մարմնից` Դատախազութիւնից, որտեղ նշուած է եղել` անհրաժեշտ են նոր երեւան եկած հանգամանքներ: Այսօր դրանք վերջապէս երեւան են եկել: Այդ մասին տեղեկացանք Մհեր Ենոքեանի` պետական այրերին ու հանրութեանն ուղղուած վերջին դիմումից («Հրապարակ», 20.04.2012), որտեղ նշուած է, որ իր փաստաբանի ջանքերով քրէական գործում երեւան են եկել նոր հանգամանքներ, որ ողջ փաթեթը, օրէնքով սահմանուած կարգով, ուղարկուել է ՀՀ Վճռաբեկ Դատարան ու Գլխաւոր Դատախազութիւն:
Մհեր Ենոքեանի ճակատագրով մտահոգ մարդիկ, որոնց մէջ արուեստագէտներ ու մտաւորականներ, քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչներ մէկուկէս տարուայ ընթացքում բազմաթիւ ստորագրութիւններով դիմում-խնդրանքներ են ուղղել ՀՀ նախագահի նստավայր, Գլխաւոր Դատախազին, Արդարադատութեան նախարարին, նաեւ ՀՀ Վճռաբեկ Դատարան: Հաշուի առնելով, որ Ենոքեանը դատապարտման ժամանակ եղել է 20 տարեկան, նախկինում դատուած չի եղել, ուսանել է ԲՈՒՀ-ում [բարձրագոյն ուսման հաստատութիւն], բացի այդ տարբեր տարիների փաստաբանական տեղեկանքները վկայում են գործի հապշտապ ու անկատար քննութեան մասին` այդ խումբը խնդրել է ընձեռել պատժաչափի վերանայման հնարաւորութիւն:
Հասարակական գործունէութեամբ զբաղուող մարդիկ` մտաւորականներ եւ արուեստագէտներ, իրենց պարտքն են համարում ինչ-որ կերպ մասնակից լինել, որպէսզի ողջ ճշմարտութիւնը բացայայտուի: Եւ, եթէ Մհեր Ենոքեանը մեղաւոր է, ապա այդ մեղադրական փաստարկները պէտք է բոլորիս համար համոզիչ լինեն, չէ որ գիտենք` մարդուն հասարակութիւնից մեկուսացնում են հէնց նոյն հասարակութեան, ասել է թէ` մեր անունից: Իսկ մենք մեր անդամին ետ կանչելու որեւէ մեխանիզմ չունենք: Մինչ օրս, գործում չփարատուած կասկածնէր կան, եւ հանրութիւնը ցանկանում է գործի վերաբացման արդիւնքում ստանալ իրեն յուզող հարցերի պատասխանները: Այդ խումբը, մարդիկ միաժամանակ քաջ գիտակցում են տուժող կողմի անանց ողբերգութիւնը, կիսում այդ անդառնալի վիշտը: Դա առաջին հերթին գիտակցում է նաեւ Մհեր Ենոքեանն ինքը՝ իր գրքի էջերում ներողութիւն հայցելով սպանուած ընկերոջից եւ նրա հարազատներից, «նրա համար, որ միգուցէ վախից չարեցի աւելինՙ ողբերգութիւնը կանխելու համար: Բայց ես չեմ կարող ներողութիւն խնդրել նրա համար, ինչը ես չեմ արել»...
Բայց ո՛չ ես, ո՛չ Մհեր Ենոքեանի ճակատագրով մտահոգ մարդիկ դատաւորներ կամ իրաւաբաններ չենք, պարզապէս մենք հետամուտ ենք արդար դատաքննութեան, մանաւանդ որ Ենոքեանի քրէական գործում 16 տարի անց նոր երեւան եկած հանգամանքները բացառիկ հնարաւորութիւն են ընձեռում գործը վերաբացելու եւ նոր դատավարութիւն կազմակերպելու` արդար դատաքննութեան իրաւունքի բոլոր նորմերին համապատասխան: Եւ սա միայն Մհեր Ենոքեանի խնդիրը չէ, սա հասարակութեան խնդիրն է, որտեղ մարդկային ճակատագիրը պիտի դառնայ գերագոյն արժէք: Ուրեմն` ո՛չ անտարբերութեանը:

Հ. Գ. - Մայիսի 11-ին Մհեր Ենոքեանը իրենց ընտանեկան հարուստ գրադարանի ամենահին գրքերից վեցըՙ 1823-1936 թթ. տպագրուած հազուագիւտ եւ արժէքաւոր հրատարակութիւններ, հարազատների միջոցով նուիրաբերեց Էջմիածնի Վեհարանի գրադարանին: Առաջին անգամ Վեհարանի գրադարանը նուիրատուութիւն ստացաւ բանտարկեալից...
«Ազգ», Մայիս 17, 2012

No comments:

Post a Comment