Այցերու գումար - Total Pageviews - Total de visitas

3.5.12

«Րաֆֆիենց գերդաստանն է եղել իմ առաջին ծափահարողը»

ԳՈՀԱՐ ՅԱԿՈԲԵԱՆ


Ամերիկահայ երգիչ Յարութ Փամպուքճեանը (Ձախ Յարութ) Երեւանում է: Ասում է` Հայաստան է եկել «Ժառանգութիւն» կուսակցութեան առաջնորդ Րաֆֆի Յովհաննիսեանի հրաւէրով, չնայած զբաղուածութեանը` չի մերժել. «Ես նրանց գերդաստանի երգիչն եմ, ուրախութիւնների ու տխրութիւնների վկան, իսկ Րաֆֆիի հետ համարեա տարեկիցնէր ենք: Ամերիկայում էդ ընտանիքն է եղել իմ առաջին ծափահարողը: Իսկ ինչ վերաբերում է քաղաքականութեանը, այն իմ արիւնն ու խառնուածքը չէ, քարոզարշաւին էլ երգել եմ, բայց բեմից չե՛մ ասել` ժողովուրդ, Րաֆֆիին ընտրէք, որովհետեւ դա իմ գործը չի, ժողովրդի գործն է…»: Երգիչը նեղւում է, երբ ամէն ինչի մէջ այլ ենթատեքստ են փնտռում, պրովոկացիոն հարցերով իրենից փորձում ինչ-որ բաներ կորզել. «Ասում են` ինչքա՞ն դրամ են քեզ տուել, որ երգես: Հօ ամէն ինչ դրամի մէջ չէ՞, էդ ընտանիքը ազնուութեան մարմնացում է, ես էլ իրենց շատ յարգում եմ: Ի դէպ, երբ 25 տարեկանում Ամերիկա եկայ, 1,5 տարի ձրի երգեցի բոլոր կուսակցութիւնների, հայրենակցական միութիւնների ու ազգային կառոյցների համար: Հայկական դպրոցնէր կան, որոնց շաղախի մէջ իմ քրտինքը կայ, ինչ ձեռնարկ եղել է, դրամահաւաքի համար երգել եմ»:
Խօսելով իր երգերի երկարակեցութիւնից` Յարութ Փամպուքճեանը նշում է, որ երգը պիտի մտածել տա մարդուն. «Թէ չէ` հիմա երգեր կան, որոնց կարելի է սէզոնային համարել` էստեղ լսում ես, էնտեղ մոռանում: Յարատեւելու ուժը չկայ, երգը մարդու մօտ պէտք է յիշողութիւններ արթնացնի: Ինչպէս, օրինակ, «Տարիներս անցան»-ը … Մարդիկ կան` երգեր են երգում, ընկել են ինչ-որ սպեցիֆիկ բիթի յետեւից, բառերն էլ ոչինչ չեն ասում, ցաւալի է»:
Երգիչը 1975-ին է հեռացել Հայաստանից: Խնդրեցինք զուգահեռներ տանել իր ժամանակի եւ այսօրուայ Երեւանի միջեւ:
«Ես սիրում եմ Երեւանը, իմ քաղաքն է, էստեղ եմ ծնուել, կրթութիւն ստացել ու մարդացել…էն ժամանակ կոմունիստական սիստեմ էր, բայց մուրացկաններ չկային: Հիմա մարդիկ աղբարկղերն են խառնում: Օրերս 90 տարեկան մի կին տեսայ, ախր ինչո՞ւ պէտք է նա փողոցի անկիւնում կոտեմ ու մաղադանոս վաճառի: Ասացի` մայրիկ ջան, ինչի՞ ես նստել…ինչ կար-չկար դիմացը վերցրի, վճարեցի, խնդրեցի տուն գնա: Պտտուեցի, հետ եկայ, տեսայ նորից դրել-վաճառում է կանաչին: Լաւ բաներ եմ տեսնում` ուրախանում եմ, վատից էլ տխրում եմ: Ափսոսում եմ, որ ծայրայեղ աղքատներ ու ծայրայեղ հարուստներ կան Հայաստանում, որոնք աշխատատեղեր բացելու փոխարէն սարի քեալլին եկեղեցի են սարքում: Ընկերներ ունեմ, որ եկան էստեղ դրամներ ներդրեցին ու յետ չեկան Լոս Անջելես` սպաննուեցին: Սփիւռքը վախենում է, թէ չէ` ֆինանսական կարողութիւն ունեցողներ կան, որ կ'ուզենան ներդրումներ անել հայրենիքում»,- ասում է զրուցակիցս: Նաեւ յաւելում է, որ չի ափսոսում ԱՄՆ գնալու համար` բոլոր ակնկալիքներն արդարացուել են, նշում է, որ եթէ նկարէր ու քանդակէր (մասնագիտութեամբ նկարիչ-քանդակագործ է), կեանքը լրիւ այլ ընթացք կ'ունենար. «Էդ ասպարէզում երեւի պիտի մեռնես-գնաս, որ գործերդ սկսեն գնահատել: Բայց ես երգեցի 1-2 տեղ, ու բուռն արձագանքներ եղան: Երբ իմ առաջին ձայնապնակը եղաւ` Արթուր Մեսչեանի «Ուր էիր Աստուած» երգով, այն ասես ռումբի պէս պայթեց, ու կոնտրակտները թափուեցին գլխիս, նոյնիսկ ամերիկեան հեռուստատեսութիւնը սկսեց հետաքրքրուել ինձանով»:
Յարութը սիրով է յիշում 89-ի համերգները երեւանեան ստադիոնում. «Ստադիոնի խելագարութիւնները իմ կեանքի ամենաերջանիկ օրերն են եղել»: Կեանքի լիբանանեան դրուագներն էլ չի մոռանում. «Երբ գնացի Լիբանան, պատերազմ սկսուեց, 6 ամիս մնացի ներքնայարկում, ռումբեր էին պայթում, մօրուքս երկարել էր… Գնացի Դաշնակցութեան ակումբ, հայ զինեալ տղերք կային, որ Պուրճ Համուտ հայկական թաղամասն էին պահում: Ակումբում յայտնեցի, թէ զէնքի հետ ծանօթ եմ, բանակ եմ գնացել, կարող եմ օգնել, Դաշնակցութեան պարագլուխ Խաչիկ Արապեանը, սակայն, ասաց` տղաս, դու պէտք չունես զէնք բռնելու, միայն երգելդ էլ բաւական է, բայց ես եւ զէնք էի բռնում, եւ կիթառ էլ: Ինձ ասացին` Յարութ, դու մեր տղէն ես, արի ընդունուի մեր շարքերը: Չուզեցի: Ասացի` հաւատում եմ Ձեր արած գործին, Դաշնակցութիւնը մեծ ներդրում ունի հայապահպանութեան առումով, եւ բնաւ պարտադիր չէ կուսակցական լինելս: Մանաւանդ, երբ իմ կարիքը զգացուի, էլի ձեր տղէն եմ: Ի դէպ, երկրորդ անգամ ինձ հէնց Դաշնակցութիւնը Հայաստան բերեց. համալիրում 6 համերգ տուեցի, որպէսզի հասոյթը գնա Ղարաբաղ: Հիմա էստեղ խօսակցութիւններ են գնում, թէ ինչու եմ եկել «Ժառանգութեան» համար: Մի հետաքրքիր բան ասեմ` էստեղի Դաշնակցութիւնն ուրիշ Դաշնակցութիւն է, էնտեղինը` լրիւ այլ»:
Մեր զրոյցի ընթացքում երգիչը նաեւ անդրադարձաւ Հայաստանում շնորհուող պետական պարգեւներին. «4 ամիս առաջ Կիլիկեան թեմի առաջնորդ Արամ Առաջին կաթողիկոսը (*) ինձ պարգեւատրեց «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, ես գիտեմ, որ էդ շքանշանը Հայաստանում բաժանում են չամիչի նման: Բայց Հայաստանից դուրս լրիւ այլ է: Էդ մեդալը ստանալուց յետոյ համերգներ ունեցայ Սփիւռքի մէջ ու նկատեցի, որ ժողովրդի դրական վերաբերմունքը իմ հանդէպ կրկնապատկուել է, որովհետեւ իրենք գիտեն, թէ ինչ է նշանակում Արամ Առաջինի ձեռքով շնորհուած մեդալը»:
Գալով սիրուած երգերի թեմային, Ձախ Յարութին խնդրեցինք առանձնացնել իր համար հոգեհարազատ գործերը: Նա ասաց, որ դրանց մէջ են ժողովրդական ստեղծագործութիւնները, որոնք հիմնականում մօրից է լսել, եւ Ռուբեն Հախուերդեանի երգերը:
Նա նաեւ մի հետաքրքիր դրուագ պատմեց այս առիթով. «Մի անգամ Լոս Անջելեսում մէկն եկաւ ու ասաց` Յարութ, ես քեզ 17000 դոլար եմ պարտք: Զարմացայ` ախր իրեն փող չէի տուել: Ասաց` 17 անգամ լսել եմ «Երեւանի գիշերներում» երգը համերգներին ու ամէն անգամ լսելով` ձրի գնացել Երեւան-յետ եկել»:
Ինչ վերաբերում է Երեւանում մեծ համերգ կազմակերպելուն, ինչ-ինչ բանակցութիւններ տարւում են, Յարութը կը գայ, եթէ իրեն ու ընդհանրապէս սփիւռքեան երգիչներին Հայաստանից այնպէս հրաւիրեն, ինչպէս հայաստանցի երգիչներին են, օրինակ, ԱՄՆ հրաւիրում. «Ամեն տարի էնտեղից Թաթային, Արմանին ու մնացածին հրաւիրում են, իսկ էստեղից ինձ 10 տարի է` հրաւէր չկայ: Ուրախ եմ, որ տղաները գալիս էնտեղ լաւ վարձատրւում-յետ են վերադառնում: Իրենք (Հայաստան կողմը) էլ եթէ ուզեն, կարող են նոյն կերպ վարձատրել մեզ: Բայց հարցն էստեղ գումարը չէ, ամիս է եղել` 16-17 հարսանիք եմ երգել, տեղ կայ երգել եմ ու մեծ գումար պահանջել, բայց էն գաղութներին, որ հարուստ չեն, միշտ յարմարուել եմ»:

«Առաւօտ», Մայիս 3, 2012
(*) Իմա՛՝ «Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա.ը» (խմբ. «Հայկականք»ի)։

No comments:

Post a Comment