27.1.12

Թեղո՞ւտ, Պղնձո՞ւտ, թէ՞ Վալեքսուտ. յանցագործութիւնների խրոնիկա

ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐԵԱՆ
 
Յունուարի 15-ին, երբ բնապահպան ակտիւիստներով հասանք Թեղուտ, գիւղը կարծես նիրհում էր Շնող գետի աջ ափին` սարալանջին: Չհաշուած Շնողի մօտակայքում մեզ սպասող ոստիկանների կողմից «հարցաքննվելը», թէ ինչ ծրագիր ունենք օրուայ համար, ամէն ինչ շատ խաղաղ էր մինչեւ որ հատուած թեղիների, կաղնիների ու հաստաբուն այլ ծառերի սարսափազդու գերեզմաննոցը տեսնելուց ու մի քանի կիլոմետր սարն ի վեր բարձրանալուց յետոյ հասանք լանջի գագաթից դէմներս բացուող հրաշքին. ձախ թեւին փռուած էր Թեղուտ գիւղը, իսկ դիմացներս` Խառատանոց անուանումը կրող հովիտը, որտեղ հանքի պոչամբարն է լինելու: Իսկ հեռուի բարձունքում` կուսական անտառն էր, որը հատւում է ու դեռ պէտք է հատուի:
Անցած տարեվերջին Ազգային Ժողովում Ընդերքի օրէնսգրքի քննարկման ժամանակ ապարդիւն փորձում էի հասկանալ, թէ ինչու է կառավարութիւնն ուզում, որպէսզի շահագործուած հանքերի տարածքում եւ պոչամբարներում կուտակուած «լցակոյտեր»ն ու «տեխնածին հանքավայրեր»ը հանդիսանան Հայաստանի Հանրապետութեան սեփականութիւնը, այլ ոչ թէ ամրագրուեն իբրեւ թունաւոր թափօններ, որոնց պահպանման համար հանքարդիւնաբերողը պէտք է պատկառելի բնապահպանական վճարներ վճարի յաճախ հազարամեակի կտրուածքով, որովհետեւ թունաւոր նիւթերից շատերը այդքան երկար են պահպանւում: Բայց ասացին, որ այդպէս են արել` ապագայում դրանք վերաշահոգործելու համար, երբ, օրինակ, 22-րդ դարում շահաւէտ ու հնարաւոր կը լինի: Ի հարկէ չհամոզուեցի ու դէմ քուէարկեցի «Ժառանգութեան» իմ գործընկերների հետ միասին: Ու քանի որ Հայաստանի անկախութեան 20-ամեակին մեզ բոլորիս ու ինձ համոզել էին, որ «Հայաստանը ես եմ», ես էլ գնացել էի տեսնելու, թէ հանքարդիւնաբերողներն ինչ ժառանգութիւն են թողնում ինձ եւ մեր երեխաներին:
Բայց աւաղ, սարագլուխ հասնելուն պէս, երբ մտովի պատկերացնում էի, թէ բնական պաշարների քաղց ունեցող 22-րդ դարում ինչպես են տեխնոլոգիապէս զինված մեր սերունդները վերաշահագործում «լցակոյտներն ու տեխնածին հանքավայրերը», ինչ միլիոնաւոր դոլարներ են դնում գրպանը, սառը քամին խփեց երեսներիս ու թուաց թէ 451 թ. է` Աւարայրի ճակատամարտի սկիզբը…Մեր դէմ հարիւրաւոր մարդկանց կենդանի պատ էր օրեր առաջ դրուած, բառացիօրէն կոսմետիկ ցանկապատից անդին (ետ վերադառնալիս ստուգեցինք ամրութիւնը` մի թեթեւ հրում` եւ հողի մէջ հապճեպ խրուած սիւները կը յյայտնուէին գետնին): Ասես ճանաչողական այցով համակենտրոնացման ճամբար եկած լինէինք…
Մեծի մասամբ տխուր ու մտահոգ դէմքով մեր հայրենակիցները շարք էին կանգնեցուել ցանկապատի երկայնքով: Անգամ չէին էլ ուզում ձեռքները պահէին իրենց համար խնամքով պատրաստուած պաստառները… Կիրակի` ոչ աշխատանայքին օր: Վալեքս ընկերութիւնում աշխատող թեղուտցիներ, շնողցիներ, ալավերդցիներ` հիմնականում լուռ, նաեւ` առաջին շարքերում Վալեքսի սեփականատիրոջ շատ ակտիւ զարմուհիներ ու մտերիմներ` ասես զօրքի տասնապետեր ու հարիւրապետեր, ովքեր տարերքի մէջ մտած խաղում էին կամերաների առաջ, ինչպէս մերօրեայ սերիալների անտաղանդ դերասաններ. «Երեւանցիներդ եկել էք…», «Գնացէք ձեր Երեւանի կեղտոտ օդի, մեքենաների առատութեան դէմ պայքարէք…», «Հանքը մեր գիւղի տարածքում է, ուրեմն մերն է…»։ Մենք-Դուք, Դուք-Մենք, Թեղուտ-Երեւան, Երեւան-Թեղուտ….
Մի կողմ թողնելով Վալեքսի ակտիւիստուհիների ու ակտիւիստների անձնական շահագրգռութիւնը, վերստին դէմքիդ էր զարնում այն խայտառակ փաստը, որ Հայաստանն իրենից ներկայացնում է Երեւանն ու մնացածը… Երեւանը մենք էինք, իրենք` մնացածի մէջ էին… Իրենց թւում էր, թէ մենք իրենց նայում ենք Երեւանի բարձունքից, իսկ իրենք մեզ` Թեղուտի ստորոտից…
Մի պահ չգիտէի, թէ ես որ աշխարհի մէջ եմ. Երեւանի՞, որտեղ ապրում եմ կեանքիս արդէն կէսից աւելին, թէ՞ մնացածի, որովհետեւ գիւղը, որտեղ ծնուել ու մեծացել եմ, բառացիօրէն մի քանի սար այն կողմ էր` Նոյեմբերեանի տարածաշրջանում: Թեղուտցիների ու շնողցիների խօսակցականն էլ այնքան նման է իմ հայրենի Ոսկեվանի ու Նոյեմբերեանի տարածաշրջանի բարբառին, այնքան հարազատ բան կար այդ մարդկանց մէջ, որ այդ հարցում կողմնորոշուելն իմ համար նոյնքան բարդ էր, որքան ցանկապատից անդին կանգնածների համար էր կացութիւնը դժուարին:
Բայց Վալեքսը նրանց ասել էր` ձեր դէմ երեւանցիներն են, եւ երեւանցիները Թեղուտի դէմ են: Ուստի, հրահանգել էր նորօրեայ ֆէօդալը հրովարտակ-պաստառներով` «Ալավերդին Թեղուտի հետ է», «Շնողը Թեղուտի հետ է»….
Բայց դա ամբողջը չէր: Վալեքսը նրանց ասել էր, թէ մենք «գրանտակեր ենք»….Ու սահման էր դրել Հայաստանի ներսում` իր` «ազնիւ քրիտնքով աշխատող միլիոնատիրոջ» եւ մեր` «գրանտակերներ»իս միջեւ: Սահմանին էլ «զինուորներ» էր կանգնացրել` արդէն իսկ աղքատութեանն ու ստրկութեանը պարտուած մեր հայրենակիցներին…
Մարդուն մեզ բոլորիս պատկանող ընդերքը վարձակալութեամբ տուել են, որ նա շահագործի (թէ ինչպէս ու օրէնքի ինչ խախտումներով են տուել, սրա մասին իրաւաբաններն ու բնապահպաններն արդէն ասել են), ինքն էլ դրել սարը ցանկապատել է` Հայաստանի Հանրապետութեան, իմա` իմ, մեր սեփականութիւնը հանդիսացող պոչամբար-լցակոյտն էլ հետը, ու Հայաստանի ներսում մի կատարեալ Վալեքստան է հիմնել։
Եւ հեռուստատեսութեամբ պատճառաբանում են, թէ իմ/մեր անվտանգութեան համար են դա արել, որովհետեւ 200-300 երիտասարդի համաժամանակեայ գտնուելն այնտեղ վտանգաւոր է… Ասում են անամօթաբար, չասելով, թէ եթէ դա այդպէս է, ապա որքան վտանգաւոր կարող է լինել այն կողքի գիւղում ապրող հարիւրների ու հազարների համար, ովքեր ամէն օր են այդտեղ…
Բայց թէ ինչու էին մեր «ապահովութեան» համար նաեւ հակընդդէմ ցոյց արել, դրա մասին լռում են եւ դրա մասին մեր դէմ «խօսացնում էին» մի քանի գիւղացիների ու ակտիւիստուհի-զարմուհիների: Բայց թատրոնը շատ կարճ տեւեց: 100-ից աւել թեղուտցիներ ու շնողնեցիներ, այդ թւում` երիտասարդներ խմբով եկան միացան սարի լանջին նստած ու այդ ամէնին տխրութեամբ հետեւող «երեւանցիներ»իս:
Թեղուտը լքուած էր, թեղուտցին` զնդանուած, ստրկացուած ու նսեմացուած: Նրան սպառնացել էին. կամ «կը մնայ ստրուկի շղթաներով, բայց աղքատավարձ-աշխատանքով», կամ` կը լինի «ազատ, բայց սոված»: Սա է դարձուել Հայաստանը, որտեղ այս ամէնին կողքից նայող, իսկ իրականում վալեքսներին փայփայող ու նրանց “բիզնեսում” փայ մտնող իշխանութիւնը թեղուտցիների ու շնողնեցիների համար դրանից զատ այլընտրանք չունի առաջարկելու; Չի կարող, ասենք, կարի. մակարոնի կամ այլ արտադրամաս հիմնել այնտեղ, գիւղատնտեսութեանն ու զբօսաշրջութեանը զարկ տայ, ինչի մասին յուշում են թեղուտցիները: Միայն «կիսաքաղց ստրկութիւն» կամ «սոված ազատութիւն», եւ ուրիշ ոչինչ:
Որոշեցինք ետ վերադառնալ Երեւան: Վալեքսը շատ էր շտապում: Սցենարով բնապահպանների ու տեղացիների միջեւ սադրանք-բախումը չէր բեմադրուել: Տուժածներ չկային: Բայց հաւանաբար փափաքում էին, որովհետեւ անգամ շտապ օգնութեան մեքենայ էին կանչել կանխաւ: Մինչ բնապահպանները երկար շարքով իջնում էին սարի լանջով, այդ տարածքով «պատահաբար բարձր արագութեամբ երթեւեկող» եւ սադրանքի պատրաստ էկիպաժով սպիտակ Նիւաները սպառնացին վրաերթի ենթարկել մի քանի երիտասարդի; Դա էլ չստացուեց. նախ մօտակայքում գտնուող բնապահպանները կանխեցին, ապա ես ու ոստիկաններն արագ վրայ հասանք ու «բարի ճանապարհ» դրեցինք սարի լանջի շտապող երթեւեկին…
Ետդարձի ճանապարհին խմբով կարճատեւ իջեւանեցինք Ախթալայում` երիտասարդ բնապահպաններին պոչամբար ցոյց տալու, ապա եւ` Ախթալայի եկեղեցում նաեւ Թեղուտի համար մոմ վառելու համար: Բարձրացանք եկեղեցու մուտքի կիսաւեր բերդապարսպի վրայ` ու աչքիս զարնեցին պահպանուած դիտակէտերը, որտեղից տարբեր ժամանակների քաջ լոռեցիները նետ ու աղեղներով ու հրացաններով թշնամուց պաշտպանել են միջնաբերդում ծուարած ժողովրդին: Աչքիս առաջ եկաւ Թեղուտում մարդկանց կենդանի պատն ու նրանց թիկունքում թաքնուող Վալեքսը, ստրկութիւնն ու աղքատութիւնը… Ո՞ւմ էին հերոս լոռեցիները պաշտպանում եւ ումի՞ց էին պաշտպանւում դարեր առաջ, եւ ո՞ւմ են պաշտպանում այժմ… Նրանցից ոմանք դեռ չգիտեն էլ, որ շարունակում են պաշտպանել իրենց ստրկութիւնն ու աղքատութիւնը…
Երեւան վերադարձի ճանապարհին լուր ստացանք, որ Վալեքսը պատրաստւում է մեզ դատի տալ այդ օրն իրեն «էական վնաս հասցնելու համար»: «Աչքալուսանքը» տեսանք նաեւ լրատուամիջոցների կայքերում… Այստեղ են ասել` ԵՐԲ ԳՈՂԸ ԳՈՌՈՒՄ Է` ԲՌՆԷՔ ԳՈՂԻՆ…
Դեհ, սա արդէն ոչ միայն ակցիայի, այլեւ մարդկային համբերութեան վերջն է: Մարդկանց ազատ տեղաշարժը խոչընդոտող, «երեւանցի»-«թեղուտցի» տարանջատումն ու սոցիալական ծագման հիմքի վրայ խտրականութիւնը անուղղակի խրախուսող (՚Սահմանադրութեամբ արգելուած ու պատժելի արարք է), տեղի բնակչութեանը ստրկական վիճակի մէջ դնող (միջազգային կոնվենցիաներով, Աշխատանքային Օրէնսգրքով արգելուած արարք է), մարդկանց սադրանքների ու բախումների հրահրող (Քրէական Օրէնսգրքով պատժուող արարք է) մերօրեայ ֆէօդալը արդէն անցել էր բացայայտ զրպարտութեան, իմ ու թեղուտցու լեզուով` կլաւուզնիկութեան, որն էլ Քաղաքացիական Օրէնսգրքով պատժելի արարք է:
Պայքարի ճակատը խորհրդարանում ու դրանից դուրս այսքան մեծ, խնդիրները` այսքան մեծաքանակ չլինէին, իսկ երկիրն էլ իրաւական լինէր` հաճելի կը լինէր նմանին դատարանում հանդիպելը: Ով գիտէ՞: Դեռ Վալեքսը ժամանակ ունի ներողութիւն խնդրելու թեղուտցիներից, շնողնեցիներից, բնապահպաններից իր այս եւ այլ յանցաւոր մտադրութիւնների կամ զանցանքների եւ մեզ զրպարտելու համար:
Բայց մի բան հաստատ է: Ամէն ինչ պէտք է արուի սաղարթախիտ թեղու անտառների պատճառով Թեղուտ անուանումը ստացած այդ չքնաղ բնակավայրն ու անտառները փրկելու, մեր հայրենակիցներին ստրկութիւնից ու աղքատութիւնից ազատագրելու եւ նրանց համար ապրելու արժանապատիւ պայմաններ ստեղծելու ուղղութեամբ: Այլապէս այն վեր կ'ածուի Պղնձուտի կամ Վալեքսուտի` նկարագրուած մարդկային որակներով հանդերձ, իսկ` 20-30 տարի անց էլ` պոչամբար-գերեզմանոցի…
Իսկ հանքի, հանքարդիւնաբերողի ու այլընտրանքի մասին` յաջորդիւ:

styopa-safarian.livejournal.com

No comments:

Post a Comment