17.1.12

Թեղուտի հարցին շուրջ՝ մամլոյ ասուլիս եւ ցոյց

Թեղուտի (Լոռի) հանքավայրի շահագործման վերաբերյալ Ժընեւ գտնվող Օրհուսի համապատասխանութեան կոմիտէն բաւարարած է բնապահպաններուն դիմումը, համաձայն որուն Հայաստանի Հանրապետութիւնը՝  Թեղուտի հանքավայրի շահագործման մասին որոշում ընդունելով խախտած է Օրհուսի պայմանագիրը, նշած է փաստաբան Հայկ Ալումեանը Յունուար 12ին տեղի ունեցած է մամլոյ ասուլիսին ընթացքին:
Փաստաբանը նշած է, որ Օրհուսի պայմանագիրը կը պաշտպանէ հանրութեան շահը բնապահպանական հարցերուն մէջ: Այն երկիրները, որոնք վաւերացուցած են Օրհուսի պայմանագիրը, պարտաւոր են կիրառել իր դրոյթները:
Ըստ Ալումեանի, Օրհուսի համապատասխանության կոմիտէն համաձայնած է իրենց բոլոր փաստարկներուն հետ, բացառութեամբ դատարանի դիմելու իրավունքէն զրկուած ըլլալու բողոքէն: Օրհուսը համաձայնած է, որ պայմանագրին երեք հիմնական բաժիններէն երկուքը խախտուած են՝ հանրութիւնը կանուխ փուլերուն տեղեկացուած չէ նախապատրաստուող գործողութիւններուն ու որոշումներուն վերաբերեալ, ինչպէս նաեւ մասնակից դարձուած չէ՝ որոշումնառութեան:
Փաստաբանը ընդգծած է, որ կառավարութիւնը պարտաւոր է սրբագրել իրավիճակը: Ինչ կը վերաբերի դատական մարմիններուն դիմելու, Ալումյան ըսած է, որ ներպետական ատեաններուն մէջ առայժմ կը նկատուի, որ դատական պաշտպանութեան դիմելը կոպտօրէն խախտումի կ՚ենթարկուի:
«Մինչեւ Օրհուսում հարցը քննելը, Վճռաբեկ Դատարանը պարտադրեց առաջին ատեանի դատարանին քննել հայցը: Սակայն Օրհուսի որոշումից յետոյ Վճռաբեկ Դատարանը մէկ այլ հակասող որոշում ընդունեց, համաձայն որի, իրենք չեն կարող քննել այդ հարցը», ըսած է փաստաբանը:
Ազգային Ժողովի պատգամաւոր Զարուհի Փոստանջեանն ալ նշած է, որ Օրհուսի համապատասխանութեան կոմիտէի որոշումով արդէն իրաւական փաստաթուղթ մը կայ, զոր կառավարութիւնը պարտաւոր է իրականացնել: Փոստանջեանը ըսած է, թէ հանրութիւնը կը պատրաստուի իրականացնել միջոցառումներ, որ կառավարութեան պարտադրէ կատարել որոշումը:
Ըստ իրեն, Թեղուտի մէջ այժմ աշխատանքներ կը կատարուին, սակայն հիմնական հանքին բացումը դեռ տեղի ունեցած չէ, եւ հանրութիւնը պիտի դիմէ ինքնապաշտպանութեան՝ իր իրաւունքը գործադրելու համար: Բանախօսները նշած են նաեւ, որ Թեղուտի հանքավայրի շահագործումը աղէտալի հետեւանքներ պիտի ունենայ բնապահպանական առումով եւ պիտի ստեղծուի Հայաստանի ամենամեծ պոչամբարը:
Թեղուտի հանքավայրին շահագործումը կ՚իրականացնէ ACP ընկերութիւնը, որ կապուած է Վալեքս խումբին եւ անոր սեփականատէր Վալերի Մեժլումեանին:
Կիրակի, Յունուար 16ին, տեղի ունեցած է բնապահպանողների ցոյց մը Թեղուտի մէջ, որուն լայնօրէն անդրադարձած է հայրենի մամուլը։ Ստորեւ կու տանք մասնակիցներէն մէկուն մեզի հասած սեփական թղթակցութիւնը.
«Անցեալ Կիրակի տղուս հետ միացանք Թեղուտի համար պայքարողների արշաւին, 200 հոգուց աւելի էինք։ Կարծում եմ, որ գիտես Թեղուտի անտառի պատմութիւնը։ Ի՛նչ հիանալի երիտասարդութիւն ունենք, դեռ լրիւ չենք ցամաքել ուրեմն։ Երեք մեծ հանրակառքով գնացինք էկոգաղութարարների զոհը դարձող Թեղուտ։ Հասանք մի մեծ դաշտի։ Հանքի աշխատաւորներին Կիրակի օրով աւտոբուսներով ու մեքենաներով բերել էին հանքի մատոյցնէր, մի օրում պարիսպ սարքել տուել ձողերով, զարդարել ժապաւէններով, ձեռները նախշուն պլակատներ տուել, որ դիմաւորէին արշաւականներին ու բացատրէին, թէ իրենց փրկիչը Վալերի Մեջլումեանն է, որ իրենց աշխատանք է տուել, թէ չէ սովամահ էին լինելու: Արշաւականների այն հարցին, թէ բա ինչ է լինելու այս տարածքում այն աւիրելուց ու ասպատակելուց, հանքը կորզելուց ու անտառները ոչնչացնելուց յետոյ, մէջների իմաստունները մի կերպ ասում էին՝ Աստուած մի դուռ կը բացի, աւելի անկեղծները ասում էին, թէ հէնց աշխատանք չեղաւ արտագաղթելու են, մնալու ինչ կայ էստեղ: Փարիսեցինե՜ր։ Դարպասների ետեւում կանգնած աշխատողներից այն կողմ երեւում են տեղի աշխատողներին այնտեղ բերած փոխադրամիջոցները եւ շտապ օգնութեան աւտոմեքենան. հանքակեր-շէֆերը լուրջ ճակատամարտ էին սպասում (Թեղուտի ճակատամարտը), գլխի չընկնելով, որ ճակատամարտից առաջ ոստիկանութեան պետին իրազեկում չեն ուղարկում, ոչ էլ երեխանէով ու օտարերկրացիներով չեն գալիս զինուորները: (Ամերիկացիներ կային, մի հնդիկ տղայ, որ շատ լաւ հայերէն էր խօսում, վեց տարի Երեւանում է սովորում)։ Հանքի աշխատաւորները, ինչ-որ բանից լեղաճաք, ճամբին մի քանի մեքենայ քարուխիճ էին լցրել, ասես տանկի ճամբայ փակելի լինէին: Թեղուտի հանքի շահագործման վարչական շէնքի դռները պինդ փակել, ետեւներում կանգնել իրենց պաստառներով («Գրանտակերներ, հեռու Թեղուտից», «Կեղծ բնապահպաններ, հեռացէք») մեզ էին սպասում Թեղուտ, Շնող գիւղերի եւ այլ աշխատակիցները, որ իբր ներխուժում եւ իրենց շէֆերի խօսքով` օկուպացիա թոյլ չտային: Իսկական թատրոն։
 Էս խեղճ մարդիկ, որոնց պետութիւնը հասցրել է թշուառութեան գագաթնակէտին ու 60-100 հազար դրամով աշխատավարձ է տալիս ահռելի հանքային պաշարների կորզման համար, վաղը զեկուցելու են շէֆերին, որ իբր ճակատամարտ են շահել բնապահպանների դէմ: Արշաւականներով երգեցինք մեր երգերը, թմբուկներով, վուվուզելաներով, «զոքանչի լեզու» պզիկներով աղմկում էինք, վանկարկում, պարում։ Տղաս ոգեւորուել էր։ Դէ լաւ է, թող քաղաքացիական դիրքորոշում ունենայ։ Ուրեմն Օրհուսի փաստաթղթերից էլ փոխանցեցինք Կիրակի օրով դիւադադար արուած աշխատաւորների շէֆերին եւ հեռացանք: Արշաւականների հետ վէճի ժամանակ զգացւում էր, որ այս մարդկանց մի մասը` մի 15 հոգի յատուկ ջանքեր էր ներդնում բոլորի մօտ իրենց սրբին աւելի «ջիգեարով» պաշտպանելու համար, որ մարդ ես, մէկ էլ տեսար, տէրը քաղցր աչքով նայի, ու մի 2 ամսուայ պայմանագիր միանգամից կնքի, ոչ թէ մէկական ամսով կնքի: Ամենաանկախները ոչ թէ այս ժապաւէնապարսպի ետեւում էին, այլ բնապահպանական արշաւի մասնակիցների հետ, գիւղի ըմբոստ երիտասարդներից ու պատմում էին, թէ ինչպէս են իրենց փորձել պարտադրել էժան գներով հողերը ծախել հանքահէններին, եւ իրենք չհամաձայնելով, դիմադրում են ու շարունակում իրենց պայքարը: Զօռով հողերը չնչին կոպեկներով գնելու դէմ մէկ տասնեակից աւելի դատական գործ արդէն գտնւում է Մարդու Իրաւունքների Եւրոպական Դատարանում:
Յետոյ գնացինք Ախթալա, այնտեղ տեսանք աւերուած բնութեան ուրիշ տխուր պատկերներ։ Վերջերս էլ Քաջարանում ու Ճամբարակում են սկսել նոր հանքեր քանդել՝ առանց մտածելու բնակիչների առողջութեան մասին, շահարկելով գործազրկութիւնը (Ճամբարակում ուրան են յայտնաբերել, ինչը խիստ վնասակար հանքանիւթ է, ճառագայթող, եւ լիքը հնդիկների են բերել, որ աշխատեն հանքում, եւ այդ տարածքը մի քանի կիլոմետրի վրայ փակ են պահում, որպէսզի մարդիկ, լրատուամիջոցները չկարողանան մօտենալ)։ Մի խօսքով, ողջ Հայաստանը դարձրել են մի մեծ, մեծ հանքավայր, փոխանակ մտածեն գիւղատնտեսութիւնը զարգացնելու մասին»։

No comments:

Post a Comment