Այցերու գումար - Total Pageviews - Total de visitas

9.10.11

Լեւոն Տէր Պետրոսեան. «Վստահ եմ ձեզանից շատերը չգիտեն Նժդեհի ուսմունքը եւ Աստուած չտայ իմանան»

Նոյեմբերի 9, 2010ին տեղի ունեցած ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրէսի (ՀԱԿ) հանրահաւաքին ընթացքին, Հայաստանի առաջին նախագահ ու այժմ անոր առաջնորդ Լեւոն Տէր Պետրոսեանը մեղադրած էր իշխող Հանրապետական Կուսակցութիւնը (ՀՀԿ), որ ան ցեղակրօնական գաղափարախոսութիւն կը քարոզէ, այլ խօսքով` ցեղապաշտութիւն (racism): Իշխող կուսակցութիւնը անսպասելիօրէն բուռն կերպով արձագանքած էր. «Ցեղակրօնութիւնը ռասիզմի հետ համեմատողները կա´մ գիտութիւնից կիլոմետրերով հեռու են, կա´մ միտումնաւոր կերպով ցեխ են շպրտում ազգային արժէքային համակարգի վրայ»,- յայտարարած էր ՀՀԿ-ի մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նիւթը վերստին արծարծուած է վերջին օրերուն։

ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տէր Պետրոսեանը Հոկտեմբեր 6ի իր ելոյթին մէջ անդրադարձած է Գարեգին Նժդեհին եւ անոր գաղափարախօսութեան։ Ան նշած է, որ երբ ինք ըսած է, թէ «ցեղապաշտութիւն» ու «ցեղակրօնութիւն» բառերը ռասիզմին համարժէք բառերն են, այդ ո՛չ թե իր ըսածն է, այլ այդ բառերուն բառարանային իմաստը։
Ան ընդգծած է, որ Նժդեհի ու իր ուսմունքի վերաբերեալ հարցը այժմէական է, քանի որ Նժդեհի ուսմունքը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի գլխաւորած կուսակցութեան գաղափարախօսութեան հիմքը կը կազմէ։
«Ո՞վ գիտի Գարեգին Նժդեհի ուսմունքը։ Վստահ եմ ձեզանից շատերը չգիտեն եւ Աստուած չտայ իմանան։ Վաղուց էի ցանկանում անդրադառնալ այս թեմային»,– ըսած է Լեւոն Տէր Պետրոսեանը ու նշած, որ ուսումնասիրած է Նժդեհի ողջ հրապարակախօսական ու փիլիսոփայական ժառանգութիւնը ու հարուստ նիւթ հաւաքած՝ անոր մասին լուրջ աշխատութիւն գրելու համար։
«Նժդեհին ես համարում եմ հայ ժողովրդի մեծագոյն հերոսներից ու երախտաւորներից մէկը։ Ես աւելին ասեմ, կարդացել եմ դաշնակցական գործիչների ողջ գրականութիւնը եւ ես կարող եմ մրցել Հայաստանի ողջ դաշնակցական ականաւոր գործիչների հետ եւ նրանցից ոչ մէկը իմ նման չգիտի Դաշնակցութեան պատմութիւնը։ Ես ասացի, Նժդեհը հայ ժողովրդի մեծագոյն անձանցից մէկն է։ Իմ եւ ՀՀԿ տարբերութիւնը Նժդեհի գնահատման հարցում այն է, որ ես գնահատում եմ Նժդեհի մեծագործութիւնը, իսկ ՀՀԿ–ն՝ նրա ուսմունքը՝ ցեղակրօնութիւնը»,– ըսած է Լեւոն Տէր Պետրոսեանը։
Ըստ իրեն, անոնք բոլորովին տարբեր բաներ են. մէկ բան է Նժդեհ հերոսը, ազգափրկիչը եւ մէկ այլ բան անոր ուսմունքը, որ եղած է ժամանակաւոր մոլորութիւն։
«Դա բոլորովին չի նսեմացնում եւ չի նուազեցնում այդ հերոսական մարդու կերպարը, հակառակը՝ ուսմունքը շեշտելով, ՀՀԿ–ն նուազեցնում է, հողին է հաւասարեցնում այդ մարդու մեծագոյն արժէքը։ Նժդեհի մեծագործութիւնը՝ հայրենապահպանութիւնն է»,– ընդգծած է ան ու աւելցուցած, որ շատ քիչ մարդիկ յաջողած են հայրենիք պահել։
Այդպիսիք, անոր խօսքերով, եղած են Նազարբէկեանը, Փիրումովը, Սիլիկովը, Անդրանիկը, Նժդեհն ու Դրոն։ «Դրանից յետոյ, գիտէք ինչ, Դրոն ինչ է արել, ինչ չի արել, Նժդեհն ինչ է ասել, ինչ չի ասել՝ ոչ մի նշանակութիւն չունի։ Նրանց գործն այնքան մեծ է, որ հազար մոլորութիւն կարելի է ներել։ Ահա թէ որն է Նժդեհի մեծութիւնը, իսկ ՀՀԿ–ի համար այդ բանը գոյութիւն չունի։ Նրանց համար Նժդեհի արժէքը ոչ թէ նրա գործն է, այլ ուսմունքը կամ ավելի ճիշդ՝ Նժդեհի մոլորութիւնը, որից հետագայում ինքը Նժդեհը հրաժարուեց»։
Ան ընդգծած է, որ մինչեւ 1927 Նժդեհ կ՚օգտագործէր երկու բառ՝ հայրենասիրութիւն եւ հայրենապաշտութիւն, բայց այդ ժամանակ Եւրոպայի մէջ նորոյթ էին ֆաշական գաղափարները, ցեղապաշտութիւնը, որ վարակիչ գաղափարախօսութիւն է յատկապէս տառապանքներ ապրած ու տուժած ժողովուրդներուն համար. «Նժդեհն էլ դրանով տարուեց։ Այստեղ մեղադրելու բան չկայ, նա կարծում էր, որ քանի որ ռասիզմն ուղղուած է այլ ռասաների դէմ ապա Գերմանիան պատերազմ սկսելու դէպքում, պատերազմ կը սկսէր նաեւ Թուրքիայի դէմ։ Նժդեհը մի խնդիր ունէր՝ պայքարել Թուրքիայի դէմ»։
Ցեղապաշտութիւն եւ ցեղակրօնութիւն բառերը Նժդեհի կողմէ կը գործածուին 1927էն ետք, համազօր ըլլալով ռասիզմի։
Լեւոն Տէր Պետրոսեան նաեւ ընդգծած է, որ ֆաշականութեան բոլոր տարրերը առկայ են Նժդեհի աշխատութիւններուն մէջ։
«Նժդեհի մեծ գործը մնում է մեծ գործ եւ ոչ մի մոլորութիւն չի կարող դա խաթարել, իսկ ՀՀԿ–ի համար այդ մոլորութիւնը դարձել է գաղափարախօսութիւն։ ՀՀԿ–ն զբաղուած է ոչ միայն Նժդեհի անունն արատաւորելով, այլեւ ՀՀ–ն [Հայաստանի Հանրապետութիւնը] խայտառակ վիճակի մէջ դնելով։ ՀՀ իշխող կուսակցութիւնն իր գաղափարախօսութեամբ ֆաշիստական կուսակցութիւն է, ուրիշ ոչինչ։ Ես նրանց խորհուրդ կը տամ՝ մի ապականէք Նժդեհի սուրբ անունը, հանէք ձեր ծրագրից նրա ուսմունքը»,– յայտարարած է Լեւոն Տէր Պետրոսեանը։
(Արեւմտահայերէնի վերածուած)


No comments:

Post a Comment