15.8.11

Ժամանակն այլեւս մեզ չի՛ հերիքելու

ՆՈՒՇԻԿ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ
 
«Բոլորն արդէն կարդալ գիտեն,
Ուրեմն Փառք՝ կարդացածը հասկացողին...»:
Պ. Սեւակ

Ցեղասպանութիւնն առաջին հայեացքից ցեղի ֆիզիկական բնաջնջման ու սպանութեան գաղափարն է կրում իր մէջ, սակայն հաշուի առնելով, որ ցեղը լոկ նիւթ չէ, այլեւ առաւելապէս հոգու ու մտքի իւրօրինակ տեսակ, ապա անհամեմատ հեշտ է խօսել միլիոն ու կէս զոհերի մասին, քան այդ միլիոն ու կէսից իւրաքանչիւրի հոգու ու մտքի սպանութեան մասին, նրանց ստեղծած եւ ստեղծելիք մշակոյթի, բարքերի ու գոյատեւման եւ զարգացման հիմնաձեւերի մասին... եւ այսօր արդէն նրանց ժառանգների գիտակցութեան տեսակի ու դրա հետեւանքում առաջացած մեր այսօրուայ ապրելակերպի ու մտածելակերպի մասին:
Ի՞նչ ենք մենք հասկանում հայոց պատմութիւն ասելով... անցեա՞լ... անցեալում տեղի ունեցած իրողութիւնների փաստագրութի՞ւն... թէ՞ կիսատ-պռատ տեղեկութիւնների նոյնքան կիսատ-պռատ մատուցում, չեղածով հպարտանալու մոլուցք, եղածից էլ ամաչելու կամ սովորելու փոխարէն, ճշմարտութիւնների միտումնաւոր թաղում, կամ լաւագոյն դէպքում... քօղարկում...
Ի՛նչ տարբերութիւն...
Եթէ այսօր փորձենք դպրոցահասակ մի պատանու կամ սովորական անցորդի, ջահելի կամ ահելի (խօսքս չի վերաբերում բացառութիւններին) հարցեր տալ մեր պատմութիւնից, կը համոզուենք, որ թէ՛ Հայաստանում ծնուած-մեծացած հայ մարդը եւ թէ՛ Սփիւռքում ապրող հայն ընդամէնը մի քանի պատմական ծեծուած, չարչրկուած ու կցկտուր «հէքեաթների» կամ փաստերի է հասու, որոնցից առաջնային տեղերից մէկն է գրաւում միշտ 301 թ.-ը, որը յիշելիս, պատմողը կը նշի պետականօրէն առաջինը քրիստոնէութիւն ընդունած մեր ազգի մենաշնորհի մասինՙ չմոռանալով յիշատակել Անագի որդի Գրիգոր Լուսաւորչի հէքեաթային խորվիրապեան տասնչորս տարիներն ու Տրդատ թագաւորի խոզի հիվանդութիւնը ... ապա կը մտաբերեն հանճարեղ Մեսրոպ Մաշտոցի գրերի գիւտը, ում տքնաջան աշխատանքն ու առասպելական նուիրումը ոմանք մի զարկով վերածել են տեսիլքով նրան հաղորդուած մի հրաշքի (ի միջի այլոց, մարդկանց կատարած շօշափելի ու ծանր աշխատանքին միշտ էլ սիրել ենք վերացական ու երազային բնոյթ տալ): Հրաշքներին հաւատալու չտեսնուած միջոց է սա... Նախ սրբացնում ենք, ապա ասում, որ նրան ի վերուստ տրուեց... Գուցէ դրա համար էլ, մինչ օրս, բոլորս նստած սպասում ենք, թէ մեր հերթը ե՞րբ է գալու, թե մեզ ե՞րբ են ի վերուստ տալու... Մեր պատմութեան առաւել «խոր գիտակները» հպարտութեամբ, դէմքի լրջագոյն արտայայտութեամբ ու հայկական փքուածութեամբՙ գրերի գիւտից յետոյ մի քանի անգամ կը շեշտեն Վարդան Մամիկոնեանի բարոյական յաղթանակի մասին ու նորի՛ց միամտօրէն, նոյնքան մեծ արձագանգ կ՚ակնկալեն լսողներից, որոնք էլ, ինչպէս միշտ, կը լսեն պատմական այս եղելութեան մասին, յետոյ հանգիստ կ՚անցնեն ու կը գնան իրենց ճամբով... եւ ի հարկէ մեր բարոյական յաղթանակին կը յաջորդի մեր պատմութեան խոշորագոյն յիշարժան դրուագըՙ Հայոց ցեղասպանութիւնը, որը ցաւօք մեր դարաւոր պատմութեան «թագն ու պսակն» է դարձել, քանզի սրտաճմլիկ պատմութիւններ պատմելու եւ հոգեխռով ու լացակումաց կեցուածք ընդունելու մէջ բոլորս վարպետ ենք...շա՜տ վարպետ...
Իսկ գաղթած, ջարդուած, կոտորուած, ծեծուած, սպաննուած, մորթուած, բռնաբարուած ու մէկ խօսքով անասելի վայրագութիւնների ենթարկուած մեր տխուր անցեալն արդէն նորօրեայ մասնագիտութեան վերածած, նոյն զոհի տրամաբանութեամբ, մինչ օրս պատմում ենք աղէտալի դէպքերի մասինՙ հաշուի չառնելով ոչինչ...
... Ո՛չ մեր հասուն տարիքը, ո՛չ ժամանակի փոփոխութիւնը, ո՛չ արդի դիւանագիտութեան պահանջները, ո՛չ աշխարհաքաղաքական մարտահրաւէրները, ո՛չ էլ մեր այսօրուայ քաղաքացիական մտքի բացակայութիւնն ու մեր ժողովրդի եռաթեւ անօգնականութիւնն ու խեղճուկրակութիւնը ...
Նոյնն ենք մնում: Ժամանակներն անցնում են, մենք նո՜յնն ենք մնում....Նո՜յնը...Նո՛յնը: Երեւի նոյնը մնալն էլ ամէն ազգի բան չէ... Դա էլ պէտք է կարողանալ... Դա էլ մի իւրօրինակ վարպետութիւն է, որին պէտք է տիրապետել:
Ընթերցողը հիմա կարող է մտածել, թէ մենք էլ պատկանում ենք այն մարդկանց շարքին, ովքեր Ցեղասպանութեան հարցի վերջնական լուծումը նախընտրում են ժամանակի դատին թողնել, կամ դադարել մեր ներկայ քաղաքական եւ տնտեսական դժուարագոյն վիճակի ուսերին բարդել այս խնդրի լուծման անհրաժեշտութիւնը, եւ այլն, եւ այլն...
Ի հարկէ ոչ: Սխալուած կը լինեն այդպէս ենթադրողները, որովհետեւ յիշողութիւնը եւ արդարութեան հաստատման պահանջը չեն կարող եւ չպէտք է կասեցուեն կամ յետաձգուեն, նոյնիսկ մեծ մարտահրաւէրների դէպքում... Պարզապէս հասկանալի չէ արդարութեան պահանջի ա՛յս ուղին եւ տեսակը: Մե՛ր տեսակը...
Ի՞նչ ուղի ենք որդեգրել... Ի՞նչ ենք անում... Ինչպէ՞ս ենք ներկայանում աշխարհին եւ ո՞ւմ ենք մեղադրում...
Հայաստանում ապրում ենք օրըստօրէ աճող հիասթափութիւններով, բարեկեցութեան նուազագոյն պայմանների բացակայութեամբՙ օրուայ հացի խնդրով, իսկական արժէքների խեղաթիւրմամբ, արհեստական «արժէքների» անխնայ տարածմամբ, հայոց լեզուի պահպանման ու զարգացման անհեռանկարութեամբ, ազգային գիտակցութեան աղճատմամբ, հայ մարդու ազնիվ տեսակի նուաստացմամբ, փողոցային կեցուածքի ու գազանաբարոյ երեւոյթների բազմացումով, բարոյական արժէքների անկմամբ, կրթութեան ոլորտում անկիրթ սերունդներ պատրաստելու հատուկ մշակուած քաղաքականութեամբ, մշակութային պետական ռազմավարութեան իսպառ բացակայութեամբ: Մի խօսքով, սարսափով եւ արժանավայել ապագայի անհնարինութեան գիտակցութեամբ ու ինչն ամենացաւալին էՙ թերահաւատութեամբ կամ ընդհանրապէս հաւատքի չգոյութեամբ:
Հիմա գանք Սփիւռքին... Սփիւռքը հայապահպանման ծանր ու կարեւորագոյն խնդիրն իր ուսերին վերցրած, շարունակում է մեծ դժուարութեամբ պայքարել իր եկեղեցիների, դպրոցների ու միութիւնների գոյատեւման համար: Ցաւօք, այդ կառոյցների միա՛յն արտաքին տեսքն է հիմնականում պահպանւումՙ երեւացող շքեղ ու ճոխ պատերի ներսում թաքցնելով հայապահպանման մեծ մասամբ աղքատիկ, անորակ ու ժամանակավրէպ միջոցներՙ հաշվի չառնելով, որ այդօրինակ պայքարը նման է մահուան դատապարտուած անհատի մազերը յարդարելուն կամ նախասիրած կոստիւմը հագցնելուն...
Սփիւռքում դեռ ծիծաղելիօրէն շարունակւում են «մեր եկեղեցին», «ձեր եկեղեցին», «իմ ձեռնարկը», «քո դպրոցը», «նրանց ակումբը», «մեր միութիւնը», եւ այսօրինակ հազար ու մէկ ողբալի երեւոյթներ, որոնց միջավայրում սերունդներ են ձեւաւորւումՙ սերունդներ, որոնք նոյնպէս կաշուէ աչքակալներն անցկացրած իրենց գլխին, քայլում են միայն նախանշուած ուղիով, շրջահայեացութեան բոլոր հնարաւորութիւնները կորցրած...
Սա ցաւ չէ՜... Սա ողբերգութի՜ւն է... Աններելի ու դատապարտելի մի յանցագործութիւն, որի գարշելի հետեւանքները «վայելում» ենք տասնամեակներով ու դեռ չգիտեմ ինչու, Հայաստանի անկախութիւնից յետոյ անգամ, շարունակում ենք այդ պատրանքներով լցնել Սփիւռքի առօրեան...
Ի՜նչ է... աւելի կարեւոր բան չունե՞նք անելու... ե՞րբ պիտի ինքներս մեզ նայենք հայելու մէջ... էս ինչի՞ ենք վերածուել...մեծաւ մասամբ բոբիկ են մեր մտքերը եւ չգիտես ինչու, մեր սեփական մերկութիւնը ծածկելու փոխարէն, սուտ բռունցքներ ենք թափահարում օդում, իբրեւ պայքարի իւրօրինակ նշան ու ազգային մտածողութեան միակ ու «հզօրագոյն» դրսեւորում:
Ի հարկէ Սփիւռքում եւս, ինչպէս եւ Հայաստանում, փառք Տիրոջ, կան սակաւաթիւ, սակայն տաղանդաւոր ու գիտակից անհատներ, որոնք ինչպէս մեր պատմութեան բոլոր հանգրուաններում, այնպէս էլ հիմա, փորձում են ահազանգել այս երեւոյթների աղէտալիութիւնն ու արձագանքներ չգտնելով, շարունակում են իրենց անհատի ճանապարհը միայնակ հարթել, «անհատըՙ ազգի համար» սկզբունքով, որը ցաւօք, մեզանում համապատասխան գնահատականի երբե՛ք չի արժանանում:
Հայի ազգային միասնական գիտակցութիւն չունենալու փաստը մեր ողբերգութիւնների հիմքում է եղել ու շարունակւում է: Հիւանդագին չափերի են հասնում մեզնից իւրաքանչիւրի մտատանջութիւններն ու ամէն առիթ բաց չթողնող ազգային խնդիրներին վերաբերուող ամէնօրեայ զրոյցները, սակայն կարո՞ղ ենք բերել գէթ մի օրինակ, որտեղ հայ ժողովրդի բոլոր հատուածները համախմբուած են եղել իսկապէս՝ օժտուած մէկ խնդիր լուծելու բարձր գիտակցութեամբ, լծուած մեծ ու լուրջ գործ անելու ցանկութեամբ...
Եթէ անգամ եղել են, ապա վստահ, այդպիսի նիստերը վերածուել են տարբեր «ես»-երի շուրջը պտտուող խօսակցութիւնների, որոնք ինչպէս միշտ, ոչ մի հետեւողական արդիւնք չեն տուել՝ վերածուելով «բազում աղմուկ վասն ոչնչի...»:
Քանի՜ տասնամեակ է անցել Ցեղասպանութիւնից... շուտով արդէն մէկ դար... հարիւր տարի... եւ մենք, հարիւր տարի շարունակ, ամէն օր մտածել ենք այս մասին՝ սգալով մէկ ու կէս միլիոն զոհերի յիշատակը, հարցեր ուղղելով Աստծուն, բողոքելով մեր սեւ ճակատագրից, մեր գաղթական լինելու ու աշխարհով մէկ սփռուելու հանգամանքը դարձնելով մեր ողբերգութիւնների գագաթնակէտ՝ համարելով, որ եթէ Ցեղասպանութիւնը չլինէր, ապա այսօր, իւրաքանչիւր հայ կ՚ապրէր իր հայրենի հողի վրայ, խաղաղ ու երջանիկ, անցաւ ու բախտաւոր...
Չգիտեմ... Կարող էր եւ այդպես լինել... Բայց եկէք մեր հայեացքն ուղղենք մեր ա՛յս օրերի հիմնահարցերին ու փորձենք մեր ներկայի ճակատային խնդիրը մատնանշել... Նոյն խնդիրն է, չէ՞... Նոյն գաղթական հայը՝ այս անգամ արդէ՛ն առանց բռնութեան, առանց թշնամու եւ որ ամենացաւալին է, առանց վերստին երկիր վերադառնալու դոյզն երազանքի ու ձգտման...
Այո... սա է իրականութիւնը: Ցաւենք, թէ չցաւենք, սա է մեր իրականութիւնը, որի մեղաւորը էլի մենք չենք... ինչպէս որ չենք եղել երբեւէ...
Հայաստանում այսօր քաոս է... Դարն իր նորարարութիւններով, բարձր տեխնոլոգիաների զարգացմամբ, կապի ու հաղորդակցութեան միջոցների առատութեամբ, համահարթեցման ախտով, քաղաքական ու տնտեսական շահերի բախումներով, երկրների ու նրանց ղեկավարների բռնատիրական-դեմոկրատիկ մղումներով ու այդ բոլորին գումարած մեր ներքին քաղաքականութեան մերկութեամբ, մեր շահած ու պահած, յաղթա՛ծ պատերազմի անվերջանալի խնդրով, փոխզիջումների մտավախութիւններով, տնտեսական վիճակի յեղյեղուկ «բարելաւումներով», խարխլուած աղէտի գոտով, չբնակեցուած հիւսիսային պողոտաներով, անմիտ մտաւորականներով ու անարվեստ «շօու»-ներով, ապազգային, ապամշակութային, անարուեստ ու անբովանդակ հեռուստատեսային ծամածռութիւններով, ազատ խօսքին փոխարինած սանձարձակ բամբասանքներով, ու վերջապես մեր ժողովրդի այսպես կոչուած առաջնորդներով ու ղեկավարներով...
... Մի խօսքով, 21-րդ դարի բոլոր ախտերով վարակուած, հիմա ապրում ենք մի այնպիսի քաոսում, որտեղ քաղաքացին կա՛մ միտումնաւոր եւ հետեւողականօրէն արժեզրկւում է, կա՛մ ստրկացած քծնում ու շողոքորթում է այս կամ այն պաշտօնեային, կա՛մ բթացած աջ ու ձախ է նետւում ընդդիմութեան ու պաշտօնավար այրերի հռետորական ճառերի արանքում անօգնական մնալով, կամ, լաւագոյն դէպքում, ինքն իրեն ստիպում է հաւատալ այս երկրի ապագային՝ ինքնախաբէութիւնը «վահանի» վերածելով եւ ակամայ հաւատալով յօրինած ստին, կամ էլ որքան հայ, նոյնքան էլ մարդ լինելու մտայնութեամբ, նախընտրում է հեռանալՙ արժանավայել ապրելու մի ամբողջ յոյսերի պարկ տանելով օտար երկրներ:
Դժուար է հայ լինելը... Անընդհատ քայլել ու չհասնելը, անընդհատ երազել ու չտեսնելը, անընդհատ յուսալ ու յուսախաբուելը...
Դժուար է լա՜ւ հայ լինելը... Առաւել դժուար է մտածո՛ղ լաւ հայ լինելը...
Դժուար է, մասնաւորապէս բարդ ճանապարհն անկազմակերպ ու անհեռանկար անցնելը... իսկ կազմակերպողներն այսօր նրանք են, ցաւօք, ովքեր սեփական ուղեղների ամբողջ ծալքային կամ անծալ համակարգով մինչեւ գանգի գագաթը թաղուած են իրենց սեփական ու ո՛չ սեփական մոլուցքների ճահճում, որտեղից դուրս գալու համար, գոնէ վերեւ նայել է պէտք, գոնէ երկինք ունենալ է պէտք, եւ գոնէ ճահճից դուրս նետուելու ցանկութիւն ու թափ... Այո՛... Ցանկութիւն ու թափ:
Չէ՜... Մեղաւորը մենք չենք... մեղաւորին էս անգամ էլ, ինչպէս միշտ, հաստատ կը ճարենք եւ առնուազն հարիւր տարի եւս կ՚արդարացնենք մեր խեղճութիւնը:

Յ.Գ. Իսկ եթէ յանկարծ, իսկապէս գայ այն օրը, երբ ճկուն դիւանագիտական միտք ունեցող Թուրքիան իր ոճիրն ընդունելով մեզ ոսկէ ափսէի վրայ մատուցի մեր պատմական հողերը, այնժամ մենք կը յայտնուենք շատ աւելի մեծ մի պատմաքաղաքական կրկէսային բեմում, որտեղ արդէն հանդիսատես-աշխարհի աչքերի առաջ հարկ կը լինի խաղալ «խոստացուած հերոս»ի դերը...
Կը կարողանա՞նք արդեօք այդ դերը խաղալ, երբ դեռ նոյնիսկ չենք ծանօթացել «հերոս»ի բուն ասելիքին այդ հսկայ բեմում... չենք կարդացել... չենք սովորել ու ոչինչ չենք նախատեսել հանդիսատեսի ծափերին արժանանալու համար... իսկ եթէ մտածում ենք ինչպէս միշտ չմտածուած, անկազմակերպ ու յանպատրաստից յօրինուած խաղով հանդէս գալ, ապա չարաչար սխալւում ենք, քանզի այդպիսով, մեր ազգային արժանապատուութեան ու լինելիութեան ոտքերի տակ կախուողի աթոռակը դրած կը լինենք, որից յետոյ, հրաշքներն անգամ մեզ այլեւս մօտիկ չեն գայ... Հաւատացէ՛ք, մօտիկ չե՜ն գայ...
Մայիսը յաղթանակների ամիս է հայերիս համար... իսկ ո՞րն է լինելու խե՛լք հաւաքելու ամիսը, ո՞րն է լինելու կազմակերպուելո՛ւ ամիսը, ո՞րն է լինելու միասնականութեա՛ն ամիսը, մշակոյթի՛ ամիսը, գիտութեա՛ն ամիսը, արժանապատուութեա՛ն ամիսը, գիտակցութեա՛ն ամիսը, հայ դիւանագէտի՛ ամիսը, պետական մտածողութեա՛ն ամիսը, չլափելո՛ւ ամիսը, հաւատալո՛ւ ամիսը, աշխատանքի՛ ամիսը... երկար է շարքը եւ ինչպէս տեսնում ենք, տարին ու իր ամիսները մեզ այլեւս չե՜ն հերիքի...
Ժամանակն արդեն վաղո՜ւց անցել է, ու մենք նորից յետ ենք մնացել... նորից չենք արթնացել ճիշդ ժամին ու նորից ուշանում ենք...
Պատմութեան զարթուցիչն արդէն քանի՜ դար հնչում է՝ փորձելով բացել մեր երկարատեւ թմբիրից ծանրացած կոպերը...
Զարթուցիչը հնչո՜ւմ է...
Ի դէպ, Ադրբեջանի մշակոյթի նախարարը իրենց երկրի ազգային անվտանգութեան խորհրդի լիիրաւ անդամ է արդէն քանի տարի...
...Գուցե թշնամո՞ւ քայլերից դասեր քաղենք...
«Ազգ»

No comments:

Post a Comment