Երեքշաբթի, 8 Մայիսին, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինեան ելոյթ մը կատարեց Ազգային Ժողովի յատուկ նիստին ընթացքին, ներկայացնելով իր պատկերացումներն ու ծրագիրները, զոր կու տանք ամբողջութեամբ, ըստ «Արմէնպրէս»ի հրապարակած բնագրին.
Երեւանի Հանրապետութեան հրապարակում հաւաքուած թանկագի՛ն բարեկամներ,
Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում համացանցով եւ հեռուստացոյցով մեզ
հետեւող սիրելի՛ հայրենակիցներ, յարգելի՛ լրագրողներ, Ազգային ժողովի
յարգելի՛ նախագահութիւն, յարգելի՛ պատգամաւորներ:
Այսօր հայոց արժանապատուութեան միջնաբերդի՝ Շուշիի ազատագրման 26րդ
տարեդարձն է, եւ ես նախ եւ առաջ ուզում եմ բոլորիս շնորհաւորել այդ
դարակազմիկ եւ շրջադարձային յաղթանակի առիթով. մեծ խորհրդանիշ կայ նրանում,
որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թաւշեայ, ժողովրդական յեղափոխութեան
դէ իւրէ յաղթանակը պէտք է արձանագրուի հէնց այսօր՝ Շուշիի
ազատագրման տարեդարձի օրը:
Հայաստանի քաղաքացու եւ հայ ժողովրդի վարկանիշն այսօր աշխարհում առաւել
բարձր է, քան երբեւէ: Հայաստանի Հանրապետութեան միջազգային հեղինակութիւնն
այսօր առաւել ծանրակշիռ է, քան երբեւէ: Եւ սա մի բացառիկ հնարաւորութիւն է,
որը մենք պէտք է ծառայեցնենք մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետութեան եւ
Արցախի Հանրապետութեան շահերին, անշրջելի եւ անառարկելի դարձնենք Շուշիի
ազատագրման եւ ընդհանրապէս 90ականներին մեր ժողովրդի մղած ազատագրական
պայքարի արդիւնքները:
Եւ հիմա այս բարձր ամբիոնից որպէս Հայաստանի ժողովրդի կողմից
առաջադրուած վարչապետի թեկնածու՝ ուզում եմ սիրոյ եւ զօրակցութեան ուղերձ
յղել Արցախի Հանրապետութեանը եւ նրա հերոսական ժողովրդին: Սիրելի՛
արցախցիներ, համոզուած եղէք, որ Հայաստանում տեղի ունեցած սիրոյ եւ
համերաշխութեան յեղափոխութիւնը ոչ միայն որեւէ վտանգ չի պարունակում, այլեւ
նորանոր հնարաւորութիւններ է բացում Արցախի ժողովրդի եւ Արցախի
պետականութեան համար:
Սա
համազգային եւ համաժողովրդական զարթօնքի բացառիկ ժամ է, եւ ինչպէս 1988
թուականի համազգային շարժումը յանգեցրեց Արցախի դէ ֆակտօ ինքնորոշմանը,
հայկական յեղափոխութեան արդիւնքն ի վերջոյ լինելու է Արցախի ինքնորոշման
իրաւունքի դէ իւրէ միջազգային ճանաչումը: Այսօր, առաւել քան երբեւէ մենք
մօտ ենք այդ նպատակի իրագործմանը, որովհետեւ մեր համախմբումն ու
լաւատեսութիւնը յիրաւի զօրաւոր ուժ է, իսկ Հայաստանի քաղաքացին, հայ
ժողովուրդը համախմբուած են, լաւատես ու հզօր՝ Հայաստանում, Սփիւռքում եւ
Արցախում:
Հարկ եմ համարում ընդգծել, որ նման վիճակը վերջին մէկ ամսուայ ընթացքում
Հայաստանում տեղի ունեցած բուռն քաղաքական իրադարձութիւնների՝ առանց
բացառութեան բոլոր կողմերի խոհեմութեան, պետական մտածողութեան եւ
հայրենասիրութեան արդիւնք է: Ներքաղաքական երկարամեայ հակամարտութիւնների՝
2008 թուականի Մարտի 1ի, 2004 թուականի Ապրիլի 12ի, 1996 թուականի
Սեպտեմբերի 26ի միջով անցնելով՝ ներքաղաքական կեանքի բոլոր մասնակիցներս
ըստ էութեան յանգել ենք լռելեայն մի համաձայնութեան, լռելեայն մի
կոնսենսուսի, որ վերջ, բռնութիւնն այլեւս տեղ չունի Հայաստանի ներքաղաքական
կեանքում, ներքաղաքական եւ ընդհանրապէս ներհայաստանեան
յարաբերութիւններում աւտոմատները պէտք է լռեն յաւիտեան, եւ ժողովրդական
կամքի անառարկելիութիւնը պէտք է լինի այն առանցքը, որի շուրջ պէտք է տեղի
ունենան հայկական պետականութեան յետագայ կայացումն ու հզօրացումը:
Սիրելի՛
հայրենակիցներ, հէնց սա է լինելու ձեւաւորուող կառավարութեան
գործունէութեան առաջնահերթութիւնը՝ Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում
ձեւաւորել ազգային համերաշխութեան մթնոլորտ, Հայաստանում հաստատել
իրաւունքի եւ օրէնքի վրայ հիմնուած ազգային միասնութիւն:
Բոլոր մարդիկ հաւասար են օրէնքի առաջ, Հայաստանում արտօնեալներ չեն
լինելու եւ վերջ: Ընտրութիւնների արդիւնքներն այլեւս չեն կեղծուելու,
ընտրակաշառք չի բաժանուելու եւ վերջ: Արհեստական տնտեսական մենաշնորհներ
չեն լինելու, իւրաքանչիւր ոք կարողանալու է զբաղուել իր նախընտրած բիզնեսով
եւ վերջ: Մարդու իրաւունքները պաշտպանուած են լինելու եւ վերջ:
Իշխանութիւնը փող աշխատելու միջոց չի լինելու, երկրից արմատախիլ է արուելու
կոռուպցիան եւ վերջ: Հաստատուելու է օրէնքի, իրաւունքի գերակայութիւն եւ
վերջ:
Որեւէ մէկը թող չկասկածի, որ թէկուզ անցումային այս ժամանակահատուածում
մեր կառավարութիւնը շրջադարձային փոփոխութիւններ է իրականացնելու: Միեւնոյն
ժամանակ հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ այս խնդիրները լուծուելու են
առանց վենդետաների եւ առանց սեփականութեան վերաբաշխման՝
խստօրէն պահպանելով օրինականութիւնն ու բոլոր քաղաքացիների իրաւունքներն ու
օրինական շահերը:
Քաղաքական եւ տնտեսական հետապնդումների էջն այլեւս փակուած է
Հայաստանում, եւ օրէնքը հաւասարաբար եւ նոյն կերպ պիտի գործի ինչպէս
քաղաքական համախոհների ու մերձաւորների, այնպէս էլ քաղաքական մրցակիցների
ու քննադատների նկատմամբ: Սա է հայկական յեղափոխութեան հիմնական եւ
ամենակարեւոր ուղերձը, որին մենք պէտք է հաւատարիմ մնանք անմնացորդ եւ
մինչեւ վերջ:
Սիրելի՛
հայրենակիցներ, մենք հէնց սա ենք համարում այն անկիւնաքարը, որի վրայ պէտք
է կառուցուի նոր Հայաստանը: Հէնց այս սկզբունքի շրջանակներում պէտք է
ապահովուի նաեւ Հայաստանի տնտեսական յեղափոխութիւնը: Այս օրերին մենք
տասնեակ ուղերձներ ենք ստանում Սփիւռքի մեր հայրենակիցներից, ովքեր
հաւաստիացնում են, թէ կազմ ու պատրաստ սպասում են ներքաղաքական իրավիճակի
հանգուցալուծմանը, որպէսզի վերադառնան Հայաստան եւ լծուեն սեփական
հայրենիքի շէնացման գործին: Եւ ես ուզում եմ քաջալերել բոլոր մեր
հայրենակիցներին, ովքեր մտադիր են ներդրումներ անել Հայաստանում, նորանոր
բիզնեսներ հիմնադրել, տասնեակ հազարաւոր աշխատատեղեր ստեղծել: Ուզում եմ
նաեւ դիմել մեր այն հայրենակիցներին, ովքեր արտերկրում բիզնես
յաջողութիւնների են հասել, այդ ընթացքում որպէս օգնութիւն միլիոնաւոր
դոլարներ են ուղարկել Հայաստանում գտնուող իրենց հարազատներին ու
բարեկամներին, բայց որեւէ բիզնես չեն հիմնադրել, որեւէ ներդրում չեն արել
բոլորիս յայտնի արհեստական խոչընդոտների պատճառով եւ այժմ էլ դեռեւս վստահ
չեն՝ արժէ դա անել, թէ ոչ:
Եւ ուրեմն, սիրելի՛ հայրենակիցներ, ձեր վերադարձի ժամը եկել է: Իմ
վարչապետ ընտրուելն ինքնաբերաբար կը նշանակի ձեզ յայտնի բոլոր տեսակի
խոչընդոտների ու ապօրինութիւնների վերացում: Հայաստանի տնտեսական դաշտը
սպասում է ձեր ներդրումներին, եւ այս գործընթացը պէտք է սկսել անմիջապէս եւ
առանց յետաձգման, որովհետեւ սա ոչ միայն տնտեսական վերածննդի, այլեւ
ազգային անվտանգութեան հրատապ հարց է: Հայկական կապիտալի ներհոսքին զուգընթաց պէտք է մեկնարկի մեծ
հայրենադարձութեան գործընթացը եւ հայ ժողովրդի աւելի քան հազարամեայ
արտագաղթի անիւը պէտք է ետ պտտուի՝ յանգեցնելով Հայաստանի բնակչութեան
շարունակական աճի: Եւ հէնց այս գործընթացն է, որ պէտք է արժեւորի հայկական
պետականութեան գոյութիւնը, որովհետեւ մեր ընկալմամբ Հայաստանի
Հանրապետութեան գոյութեան ամենակարեւոր իմաստն ու նպատակը հայութեան
մարդկային, տնտեսական, ֆինանսական, մտաւոր ներուժի կամ նրա հիմնական մասի
կենտրոնացումն է սեփական տարածքում եւ այդ ներուժի անվտանգութեան ու
բնականոն զարգացման ապահովումը:
Ուզում եմ ընդգծել, որ այս ձեւակերպումն ու նպատակը մենք համարում ենք
հայ ժողովրդի ազգային գաղափարախօսութեան ողնաշարն ու առանցքը, եւ այս
գաղափարի իրագործման շուրջ պէտք է համախմբել մեր ողջ ազգային ներուժը:
Ըստ
այդմ, մենք պէտք է լրջագոյն բարեփոխումներ իրականացնենք, որոնք ուղղուած
կը լինեն Սփիւռքի ներուժը ոչ միայն Հայաստանի տնտեսութեան, գիտութեան,
կրթութեան, անվտանգութեան, այլեւ պետականաշինութեան ոլորտներում առաւել
արդիւնաւէտ ներգրաւելու համար եւ լրջագոյնս պէտք է մտածել սրան խանգարող
օրէնսդրական կարգաւորումները վերացնելու մասին: Մեր պատրաստակամութիւնն ենք
յայտնում Սփիւռքի ներկայացուցիչների հետ այս թեմայով ինստիտուցիոնալ խօսակցութիւն սկսելու եւ գործնական քայլեր իրականացնելու
վերաբերեալ:
Սիրելի՛ հայրենակիցներ, խօսելով Սփիւռքի ներուժի մասին՝ որեւէ կերպ չեմ
ցանկանում նսեմացնել այն ներուժը, որ այսօր առկայ է Հայաստանում: Մենք
համոզուած ենք, որ Հայաստանի պետական կառավարման քաղաքական համակարգում
առկայ են բազմաթիւ բարձր պրոֆեսիոնալներ, որոնց տաղանդն ու ստեղծագործական
միտքը բաւարար չափով չեն դրսեւորուել քաղաքական լճացած իրավիճակի պատճառով:
Ուզում եմ յստակ ընդգծել, որ մենք ոչ միայն չենք պատրաստւում կադրային
ջարդ իրականացնել, այլեւ, ընդհակառակը, ցանկանում ենք համախմբուած տեսնել
պետական կառավարման համակարգում առկայ լաւագոյն ներուժը, մէկտեղել մեր
ջանքերը հայրենիքի շէնացման եւ հզօրացման գործում: Մենք յոյս ենք դնում
պետական կառավարման համակարգում գործող բոլոր այն պրոֆեսիոնալների վրայ,
ովքեր իրենց դիրքին ու պաշտօնին հասել են տաղանդի ու աշխատասիրութեան
շնորհիւ:
Ես համոզուած եմ, որ Հայաստանում կենտրոնացած է նաեւ լրջագոյն տնտեսական
ներուժ: Հայաստանեան բիզնեսը, ըստ էութեան, գերեվարուած է եղել իշխանական
կոռումպացուած համակարգի կողմից եւ իմ վարչապետ
ընտրուելու պարագայում երաշխաւորում եմ բիզնեսի ազատագրումը կոռուպցիոն
համակարգի առաջ ունեցած պարտաւորութիւններից՝ ակնկալելով, որ արդիւնքում
ազատուած միջոցները ոչ թէ կը ծուարեն օտարերկրեայ բանկերում, այլ կը դառնան
ներդրումներ Հայաստանի տնտեսութեան մէջ ու յատկապէս այն մարզերում, որտեղ
գործազրկութեան ծանր շունչը զգացւում է առաւել ցայտուն:
Այսօր
ի դէպ շատ է խօսւում այն մասին, որ գործարար դաշտում ընթացիկ քաղաքական
փոփոխութիւնների վերաբերեալ մտավախութիւններ, լարուածութիւններ ու վախեր
կան: Բայց էլի ուզում եմ ընդգծել, որ ազգային այս զարթօնքը, վերածնունդը
հնից զատուելու շանս է տալիս իւրաքանչիւրին, ով պատրաստ է
լինել նոր Հայաստանի նոր քաղաքացի, ով պատրաստ է չարհամարհել պետական եւ
հանրային շահը:
Սիրելի՛ հայրենակիցներ, հարկ եմ համարում ընդգծել, որ չափազանց
կարեւորում եմ տնտեսական զարգացման սոցիալական էֆեկտը: Տնտեսութեան զուտ վիճակագրական աճերը, որոնք էական
ոչինչ չեն փոխում մարդկանց կեանքում, մնում են որպէս սովորական
վիճակագրութիւն: Մինչդեռ մեզ հարկաւոր է կիրառել տնտեսական զարգացման
այնպիսի մոդել, որն իրապէս կը փոխի մարդկանց
կեանքը, կը դառնայ գործազրկութեան կրճատման եւ աղքատութեան յաղթահարման
իրական գործիք: Մեզ հարկաւոր է կիրառել տնտեսական զարգացման այնպիսի մոդել,
որը կտրուկ կը մեծացնի պետական բիւջէի եկամուտները, ինչն իր հերթին
հնարաւորութիւն կը տայ մտածելու կենսաթոշակների եւ բիւջետային հիմնարկների
աշխատողների աշխատավարձերի իրական աճի մասին: Այս առումով ուզում եմ
ընդգծել տնտեսական զարգացման երեք հիմնական առաջնահերթութիւն:
ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹԻՒՆ 1
Հայաստանում
յեղափոխական տեմպերով պէտք է զարգացնել
բարձր տեխնոլոգիաների ոլորտը, ինչի
նախապայմանները, ըստ էութեան, այսօր առկայ են մեր երկրում: Ոլորտի
զարգացման ռազմավարական նպատակը պէտք է լինի ռազմարդիւնաբերական համալիրի
կայացումը, որն ի վիճակի կը լինի ապահովել մեր բանակի մարտունակութեան եւ
ազգային անվտանգութեան մակարդակի բարձրացումը: Ընդ որում,
ռազմարդիւնաբերական համալիր ասելով՝ մենք պէտք է հասկանանք ոչ միայն այսօր
գոյութիւն ունեցող տեխնոլոգիաների որդեգրումն ու կիրառումը, այլեւ պէտք է
մտածենք նոր, յեղափոխական գաղափարների մասին, այնպէս ինչպէս սմարթֆոնների
հեղինակներն էին մտածում այն ժամանակներում, երբ աշխարհում հաստատուել էր
բջջային հեռախօսների գերիշխանութիւն: Այս մօտեցումը մեզ հնարաւորութիւն կը
տայ արագ եւ արդիւնաւէտ կերպով վերականգնել Հայաստան-Ադրբեջան խախտուած
ռազմական հաւասարակշռութիւնը:
ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹԻՒՆ 2
Հայաստանում յեղափոխական տեմպերով պէտք է զարգացնել նաեւ
գիւղատնտեսութիւնը: Նոր տեխնոլոգիաների կիրառումը պէտք է լայնօրէն տարածուի
նաեւ գիւղատնտեսութեան ոլորտում՝ այս պարագայում էլ որպէս ռազմավարական
նպատակ ունենալով չմշակուող գիւղատնտեսական հողերի թուի շեշտակի նուազումը
եւ ի վերջոյ այդպիսի հողերի գոյութեան բացառումը: Այս նպատակին հասնելու
համար մենք պէտք է դրամատիկ ջանքեր գործադրենք, նորանոր խթաններ ու
մեխանիզմներ մտածենք, ընդհուպ հարկային եւ այլ արտօնութիւններ սահմանենք:
Այս համատեքստում ի հարկէ չափազանց կարեւոր է, որ կառավարութիւնը օգնի
գիւղացուն՝ վարկային անտանելի բեռները թեթեւացնելու հարցում: Ինչպէս արդէն
ասել եմ, մենք մտադրուած ենք բանկերի ու վարկային կազմակերպութիւնների հետ
ինտենսիւ բանակցութիւններ սկսել ֆիզիկական անձանց ունեցած
յատկապէս գիւղացիական վարկային պարտաւորութիւնների մասնակի կամ ամբողջական
ներում իրականացնելու համար՝ պետական բիւջէի, բանկերի համար ընդունելի
վնասի շրջանակներում: Իսկ ընդհանուր առմամբ անզէն աչքով էլ նկատելի է, որ
գիւղատնտեսութեան ոլորտում արտահանման ահռելի պոտենցիալ կայ, որը չի օգտագործւում այդ թւում՝ արտահանման
ոլորտում առկայ փաստացի մենաշնորհների գոյութեան պատճառով: Այս իմաստով
առաջիկայում բոլորի համար նոր հնարաւորութիւններ կը բացուեն, մասնաւորապէս
դէպի Իրան խոշոր եւ մանր եղջերաւոր գլխաքանակի արտահանման համար, իսկ դէպի
ԵԱՏՄ երկրներ գիւղմթերքի արտահանման հնարաւորութիւնները կ՚ընդլայնուեն
բոլորի համար:
Գիւղատնտեսութեան ոլորտում մենք պէտք է եւս մէկ ռազմավարական նպատակ
ձեւակերպենք. այն է՝ Հայաստանում ոռոգման ջուրը նոյնքան հասանելի պէտք է
լինի, որքան ելեկտրական հոսանքն է տարածուած եւ հասանելի: Կաթիլային
ոռոգումը պէտք է դառնայ համատարած երեւոյթ, ինչը հնարաւորութիւն կը տայ ջրի
ահռելի խնայողութիւններ անել:
ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹԻՒՆ 3
Հիմա արդէն ակնյայտ է, որ Հայաստանում զբօսաշրջութեան զարգացման համար
ահռելի հեռանկարներ են բացուել: Վերջին մէկ ամսուայ ընթացքում մեր երկիրը
համաշխարհային մամուլի համակ ուշադրութեան կենտրոնում է, Հայաստան անունը
վերջին 15 օրերին գրեթէ մշտապէս ներկայ է համաշխարհային լրատուամիջոցների
գլխագրերում եւ մեր երկրում տեղի ունեցած թաւշեայ յեղափոխութիւնը
լուսաբանուել է հիմնականում դրական լոյսի ներքոյ՝ աննախադէպ բարձր
մակարդակի հասցնելով մեր երկրի եւ ժողովրդի վարկանիշը: Սա ստեղծում է բոլոր
նախադրեալները, որ տարուայ երկրորդ կէսին մենք զբօսաշրջութեան աննախադէպ
աճ ունենանք, որովհետեւ կանխատեսելիօրէն մարդիկ պիտի ցանկանան գալ
տեսնելու, թէ այս ինչ երկիր է, որ կարողացել է սիրոյ եւ համերաշխութեան
այնպիսի յեղափոխութիւն անել, որ յուզել եւ գրաւել է համաշխարհային
հանրութեանը: Զբօսաշրջիկների թուի այս սպասուող աճը բացառիկ հնարաւորութիւն
է ստեղծում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար: Այս առումով մեր
բոլորի անելիքը շատ յստակ է. մեր հիւրերի համար անհրաժեշտ է ապահովել
սպասարկման անհրաժեշտ մակարդակ, որ յարիր կը լինի Հայաստանի այն իմիջին,
որը վերջին մէկ ամսուայ ընթացքում ձեւաւորուել է միջազգային մամուլում:
Նաեւ այս իմաստով առանձնայատուկ կարեւորում եմ ոստիկանութեան եւ միւս
իրաւապահ մարմինների աշխատանքը. այս մարմինները, հանրութեան հետ
համագործակցելով, պէտք է ապահովեն, որպէսզի քրէածին ակտիւութիւնը Հայաստանի
Հանրապետութիւնում շատ արագ հասնի աննախադէպ ցածր մակարդակի:
Հանրապետութիւնում այսօր հաստատուած մթնոլորտը նման արդիւնքի հասնելու
բացառիկ հնարաւորութիւն է տալիս: Զբօսաշրջութեան զարգացման տեսակէտից
չափազանց կարեւոր եմ համարում օդային տրանսպորտի գների անկմանն ուղղուած
ջանքերի գործադրումը:
Սիրելի՛ հայրենակիցներ, իմ վարչապետ ընտրուելուց յետոյ Հայաստանի արտաքին
քաղաքականութեան առանցքն է լինելու Հայաստանի եւ հայ ժողովրդի հաւաքական
շահը: Ինչպէս արդէն յայտարարել եմ, Հայաստանը կը շարունակի մնալ ԵԱՏՄ
անդամ, եւ մենք կը գործադրենք բոլոր հնարաւոր ջանքերն այս կազմակերպութեանը
Հայաստանի անդամակցութիւնն առաւել արդիւնաւէտ դարձնելու համար: Հայաստանը
կը շարունակի մնալ նաեւ ՀԱՊԿ անդամ՝ անդամութիւնն առաւել արդիւնաւէտ
դարձնելու խնդիրը հետապնդելով նաեւ այս կազմակերպութիւնում:
Ռուսաստանի Դաշնութեան հետ ռազմավարական-դաշնակցային յարաբերութիւնների
բնագաւառներում զարգացումը մեր գլխաւոր առաջնահերթութիւնների թւում է՝
Հայաստան-Ռուսաստան յարաբերութիւնները պէտք է հիմնուած լինեն
բարեկամութեան, իրաւահաւասարութեան, առկայ հարցերը համատեղ ջանքերով
լուծելու պատրաստակամութեան վրայ: Մենք Ռուսաստանի հետ ռազմական
համագործակցութիւնը դիտարկում ենք որպէս Հայաստանի անվտանգութեան ապահովման
համակարգի կարեւոր գործօն:
Մեր առաջնահերթութիւններից է եւրոպական երկրների եւ Եւրամիութեան հետ
յարաբերութիւնների խորացումը: Համապարփակ եւ ընդլայնուած գործընկերութեան
համաձայնագրի շուտափոյթ վաւերացումը եւ ամբողջական կիրարկումը բխում է մեր
շահերից: Մենք ամէն ինչ անելու ենք ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի
արտօնագրի պահանջի վերացման ուղղութեամբ: Ակնկալում ենք դրա շուրջ
բանակցութիւնները սկսել ամենամօտ ապագայում:
Ամերիկայի Միացեալ Նահանգների հետ բարեկամական գործակցութիւնը նոր խթանի
կարիք ունի: Մենք նպատակադրուած ենք յստակ գործնական քայլեր ձեռնարկել
ԱՄՆի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցութեանը զարկ տալու համար:
Մենք առանձնայատուկ կարեւորութիւն ենք տալիս Հայաստան-Իրան եւ
Հայաստան-Վրաստան յարաբերութիւններին եւ որեւէ կասկած չկայ, որ քաղաքական
այս գործընթացը նոր շունչ ու էներգիա է տալու մեր անմիջական
հարեւանների հետ յարաբերութիւններին:
Մենք խորացնելու ենք Հայաստանի յարաբերութիւնները Չինաստանի հետ եւ
արտաքին քաղաքական այս ուղղութիւնը համարում ենք շատ կարեւոր: Պակաս
կարեւորութիւն չենք տալիս նաեւ Հնդկաստանի հետ մեր աւանդական բարեկամական
կապերի խորացմանը:
Ղարաբաղեան հիմնախնդրի խաղաղ, միջազգային իրաւունքի հիման վրայ
կարգաւորման գործընթացում կարծրատիպերը մեզ համար պարտադիր չեն, կենսական է
Արցախի ժողովրդի՝ իր ճակատագիրն ինքնուրոյն որոշելու անքակտելի իրաւունքի
եւ դրա իրացման միջազգային ճանաչումը: Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման
առումով մենք յանձնառու ենք բացառապէս խաղաղ կարգաւորմանը, որի հիմքում
պէտք է ընկած լինի ժողովուրդների իրաւահաւասարութեան եւ ինքնորոշման
սկզբունքը: Նոր լիցք պէտք է հաղորդել Արցախի Հանրապետութեան միջազգային
ճանաչման գործընթացին, որն աշխարհասփիւռ հայութեան գործունէութեան կարեւոր
ուղղութիւններից պէտք է դառնայ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան
շրջանակներում ես պատրաստ եմ բանակցելու Ադրբեջանի ղեկավարի հետ՝ որպէս
հիմք ունենալով վերը նշուած սկզբունքային դիրքորոշումը: Հարկ եմ համարում,
սակայն, ընդգծել, որ բանակցութիւնները չեն կարող լիարժէք եւ արդիւնաւէտ
համարուել, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտութեան լիարժէք կողմերից
մէկը՝ Արցախի ղեկավարութիւնը, ինչը նախատեսուած է Մինսկի խմբի 1992
թուականի մանդատով:
Մենք հաւատարիմ ենք Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ
դատապարտման գործընթացին, քանզի համոզուած ենք, որ միայն ոճրի ճանաչման
միջոցով հնարաւոր է կանխարգելել նման յանցագործութիւնները: Մարդկութեան դէմ
յանցագործութիւնների եւ ցեղասպանութիւնների կանխարգելման ուղղութեամբ
Հայաստանը շարունակելու է առաջամարտիկի դեր խաղալ:
Մենք մեծ կարեւորութիւն ենք տալիս աշնանը Երեւանում կայանալիք
Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, ինչն անկասկած
կը կազմակերպուի բարձր մակարդակով: Հայաստանն ամբողջութեամբ պատրաստ է
ստանձնել միջազգային այս հեղինակաւոր կազմակերպութեան նախագահութիւնը:
Դառնալով Հայաստանի դիւանագիտական կորպուսի աշխատանքին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ լրջօրէն պէտք է
վերանայուի ոչ կադրային դեսպանների եւ գլխաւոր հիւպատոսների նշանակման
աւանդոյթը: Դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարները պէտք է
հաշուետու լինեն նաեւ խորհրդարանին: Պէտք է գնահատել մեր դեսպանութիւնների
աշխարհագրական սփռուածութեան եւ տարիների ընթացքում դրանց գործունէութեան
արդիւնաւէտութիւնը, որոշել դրանց յետագայ աշխատանքի նպատակայարմարութիւնը:
Սիրելի՛ հայրենակիցներ, երկրի բնականոն զարգացումն ապահովելու իմաստով
չափազանց կարեւոր եմ համարում Հայաստանի Հանրապետութեան քաղաքացու,
Հայաստանում բնակուող իւրաքանչիւր մարդու տրամադրութիւնն ու
ինքնազգացողութիւնը: Նախկինում նշել եմ արդէն, որ երբեմն տպաւորութիւն էր
ստեղծւում, թէ մարդու գործառոյթը Հայաստանի Հանրապետութիւնում ոչ թէ
ապրելը, ստեղծագործելն ու երջանիկ լինելն է, այլ տուգանուելը, տուգանուելը,
ապա նորից տուգանուելը, յետոյ նորից տուգանուելը՝ տուգանքը ժամանակին
չվճարելու համար:
Արատաւոր այս երեւոյթը տարածուած է մի քանի ոլորտներում, բայց յատկապէս
զգալի է երթեւեկութեանը հետեւող արագաչափերի եւ տեսախցիկների
գործունէութեան դաշտում: Ոչ ոք չի կարող նսեմացնել երթեւեկութեանն
անվտանգութիւնն ապահովելու խնդրի կարեւորութիւնը: Բայց համաձայնէք, դա չի
կարելի անել մարդկանց քաղաքացիական արժանապատուութեան, ինքնազգացողութեան,
երկրի մթնոլորտը խաթարելու հաշուին: Երթեւեկութեան կանոնների,
աւտոկայանատեղիների հետ կապուած Հայաստանի
քաղաքացիներին տարեկան միլիոնաւոր տուգանքներ են նշանակւում, ինչից կարող է
տպաւորութիւն ստեղծուել, թէ Հայաստանում ապրում են բացառապէս
օրինախախտներ, ովքեր ոչ մի բանով աւելի հաճոյքով չեն զբաղւում, քան
օրէնքները խախտելով: Այս աբսուրդ իրավիճակը ոչ միայն չի
նպաստում երթեւեկութեան կարգապահութեան պահպանմանը, այլեւ ուղղակիօրէն
հարուածում է քաղաքացիների գրպանին, նրանց ինքնազգացողութեանն ու
տրամադրութեանը:
Քաղաքացիներին տուգանելու, պատժելու այս խելագար մոլուցքին պէտք է վերջ
դնել ժամ առաջ: Եւ նպատակը պէտք է լինի ոչ թէ մարդկանց տուգանելը, այլ
նրանց զգօնութիւնը բարձրացնելը, համագործակցութեան եւ փոխըմբռնման մթնոլորտ
ստեղծելը: Իսկ այն դէպքերում, երբ այնուամենայնիւ բանը հասնելու է
տուգանքին ու տուգանելուն, դրանք ոչ միայն իրենց չափով, այլեւ իրենց
յաճախութեամբ պէտք է համապատասխանեն Հայաստանում հաստատուած ընդհանուր
սոցիալ-տնտեսական վիճակին եւ ընդհանրապէս տրամաբանութեանը:
Այս մօտեցումն անհրաժեշտ է որդեգրել ոչ միայն երթեւեկութեան
անվտանգութեան, աւտոկայանատեղիների, այլեւ ընդհանրապէս բոլոր ոլորտներում:
Շատ յաճախ փոքր եւ միջին գործարարութեամբ զբաղուող անհատ ձեռներէցների եւ
ընկերութիւնների վրայ անիմաստ ու աննպատակ տուգանքներ են բարձուած, որոնք
չեն վճարուել ու չեն վճարուելու. տուգանուողներին երբեմն աւելի ձեռնտու է
փակել բիզնեսը կամ ընկերութիւնը, քան թէ վճարել այդ տուգանքները: Սա
անտրամաբանական է եւ անընդունելի եւ Հայաստանի Հանրապետութիւնը սեփական
քաղաքացուն հետապնդող, տուգանող, պատժող պետութիւնից շատ արագ պէտք է
վերածուի քաղաքացուն աջակցող, նրա հետ համագործակցող պետութեան: Պետութիւնը
պէտք է սիրի իր քաղաքացուն, քաղաքացին էլ պիտի սիրի իր պետութեանը եւ ահա
նաեւ այսպիսի արդիւնք պիտի արձանագրենք սիրոյ եւ համերաշխութեան
յեղափոխութեան շնորհիւ:
Նաեւ այս համատեքստում առանձնայատուկ կարեւորութիւն եմ տալիս հայոց
բանակի ժամկէտային զինծառայողների ծնողների վրայ յաւելեալ հոգսեր բարդելու
պրակտիկան շատ արագ վերացնելուն եւ իմ առաջին
յանձնարարականը պաշտպանութեան նախարարին լինելու է արագ եւ անյետաձգելի
միջոցներ ձեռնարկել, որպէսզի բացառուի բանակում ծառայող որեւէ զինուորի
կարիքի բաւարարումը նրան բանակ ուղարկած ծնողի վրայ դնելը: Պետութիւնը
պարտաւոր է բանակ զօրակոչուած զինուորին ապահովել նրան անհրաժեշտ ամէն
ինչով՝ որակեալ սննդով, հագուստով, հիգիենայի պարագաներով, կօշիկով եւ նոյնիսկ անյարմար է, որ հայոց յաղթանակած բանակի
զինուորի օրակարգում այսպիսի խնդիր կայ:
Կատարելապէս անթոյլատրելի է նաեւ, որ բանակում հակառակորդի գործողութեան
հետեւանքով կամ խաղաղ պայմաններում զինուորների զոհուելու մասին
տեղեկութիւնները դառնան աչքի համար սովորական, լրահոսի վերնագիր: Բանակում
տեղի ունեցած իւրաքանչիւր միջադէպ պէտք է մանրամասն եւ պրոֆեսիոնալ
քննութեան առարկայ դառնայ, պէտք է արուեն համապատասխան
հետեւութիւններ, պէտք է ձեռնարկուեն յետագայ կանխարգելիչ միջոցներ, եւ
հանրութիւնը պէտք է բաւարար չափով տեղեկացուած լինի այս ամէնի մասին:
Հայաստանի իւրաքանչիւր քաղաքացի պէտք է համոզուած լինի, որ Հայաստանի
Հանրապետութիւնը հնարաւոր եւ նոյնիսկ անհնար ամէն ինչ անում է իւրաքանչիւր
զինուորի կեանքը, առողջութիւնն ու անվտանգութիւնը պահպանելու համար: Իսկ
բանակի անձնակազմի հետ կապուած յաջորդ կարեւոր խնդիրը հետեւեալն է. մենք
պէտք է լրջագոյն միջոցներ ձեռնարկենք, որ իւրաքանչիւր ժամկէտային
զինծառայող բանակից քաղաքացիական կեանքի վերադառնայ աւելի բարձր կրթական
ցենզով, քան ունեցել է զօրակոչուելիս:
Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանում տեղի ունեցած թաւշեայ, ոչ բռնի,
ժողովրդական յեղափոխութեան ամենաակտիւ մասնակիցների շարքում էին
դպրոցականները եւ ուսանողները, եւ սա բոլորիս համար պիտի ազդակ լինի, որ
կրթութեան ոլորտում ունենք լրջագոյն հիմնախնդիրներ: Այդ խնդիրներից
առաջնայինը, որը խաթարում է կրթական ողջ գործընթացը եւ խեղաթիւրում կրթական
օջախների գործունէութեան իմաստը, դպրոցների եւ բուհերի կուսակցականացումն
է: Այս արատաւոր պրակտիկային պէտք է վերջ դնել: Դպրոցների, միջին
մասնագիտական հաստատութիւնների, բուհերի քաղաքական գործառոյթը պէտք է լինի
ոչ թէ իշխանամէտ կամ ընդդիմադիր, այլ ազատ քաղաքացի դաստիարակելը, ազատ
քաղաքացին ինքը թող որոշի իշխանամէտ է ինքը ուզում լինել, ընդդիմադիր, թէ
ընդհանրապէս ապաքաղաքական: Ընդ որում, երեք տարբերակն էլ պիտի հաւասարապէս
հասանելի լինեն եւ հանդուրժուեն միջավայրի կողմից: Միայն այսպիսի
պայմաններում է հնարաւոր Հայաստանի կրթական համակարգը վերադարձնել կրթական
պրոցեսի բնականոն հուն, որտեղ մարդիկ գալիս են գիտելիք ու հմտութիւն
ստանալու, ստեղծագործական միտքն ու ճկունութիւնը զարգացնելու եւ ոչ թէ
կուսակցական կամ խմբային ցուցակներում ընդգրկուելու:
Հայաստանի բուհերին պիտի տրուի լիարժէք ակադեմիական ինքնակառավարում,
ուսանող-համալսարան, ուսանող-դասախօս, աշակերտ-դպրոց, աշակերտ-ուսուցիչ
յարաբերութիւնները պէտք է փոխուեն արմատապէս՝ հիմքում ունենալով
կրթութիւնը, այդ թւում՝ քաղաքացիական կրթութիւնն առաւել արդիւնաւէտ
դարձնելու անհրաժեշտութիւնը: Հայաստանի իմիջի ընթացիկ բարձրացումը մենք
պէտք է կարողանանք օգտագործել մեր մէկ-երկու բուհերի հենքի վրայ միջազգային
համալսարաններ ստեղծելու համար, որտեղ սովորելու կը գան ուսանողներ
արտերկրից:
Սիրելի բարեկամներ, յաջորդ կարեւորագոյն իրադարձութիւնը, որ վերջին
ամսուայ ընթացքում տեղի է ունեցել Հայաստանում, կանանց աննախադէպ
ակտիւութիւնն է հանրային-քաղաքական կեանքում: Վերջին մէկ ամսուայ քաղաքական
գործընթացներին կանանց մասշտաբային մասնակցութիւնն էր կարեւորագոյն
գործօններից մէկը, որ մեզ հնարաւորութիւն տուեց Հայաստանում տեղի ունեցող
փոփոխութիւններն անուանել սիրոյ եւ համերաշխութեան յեղափոխութիւն: Մենք
պէտք է իսկապէս լրջագոյն ջանքեր գործադրենք, որ կանանց ընթացիկ
ակտիւութիւնը շարունակի նորանոր դրսեւորումներ ստանալ
մեր հանրային, պետական կեանքում: Մենք պէտք է նպաստաւոր պայմաններ
ապահովենք, որպէսզի կանայք աւելի շատ ընդգրկում ունենան պետական կառավարման
համակարգում, քաղաքական եւ հանրային գործունէութեան մէջ, որովհետեւ վերջին
մէկ ամիսը ցոյց տուեց, որ նման ակտիւութիւնը լիովին համատեղելի է մեր
ազգային ինքնութեան, ընտանիքի մասին մեր ազգային պատկերացումների հետ: Նոր
Հայաստանում կանայք դառնալու են կամ արդէն դարձել են հզօրագոյն գործօն, ու
նրանց դերակատարման մեծացումը ապահովելու է Հայաստանի կայուն եւ անցնցում
զարգացումը սիրոյ եւ համերաշխութեան պայմաններում: Եւ հիմա այս բարձր
ամբիոնից որպէս ժողովրդի կողմից առաջադրուած վարչապետի թեկնածու՝ ուզում եմ
քաջալերել Հայաստանի կանանց եւ նրանց կոչ անել յեղափոխութեան այս յաղթական
հանգրուանից յետոյ շարունակել ժամանակ տրամադրել հանրային կեանքին ու
գործունէութեանը, որովհետեւ համոզուած եմ, որ այն մթնոլորտը եւ
տրամադրութիւնը, որ հիմա Հայաստանում ստեղծուել են նաեւ նրանց ջանքերով,
խթանելու են Հայաստանի Հանրապետութեան զարգացումը եւ աւելի են ուժեղացնելու
առանց այն էլ ուժեղ հայկական ընտանիքը:
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, սիրելի ժողովուրդ, վարչապետի պաշտօնում
ընտրուելուց յետոյ իմ առաջին գործը լինելու է երկրի բնականոն կեանքի
ապահովումը բոլոր ոլորտներում: Հէնց այսօր ես պատրաստւում եմ լսել զինուած
ուժերի եւ Ազգային Անվտանգութեան Ծառայութեան ներկայացուցիչների զեկոյցը
մեր երկրի արտաքին եւ ներքին անվտանգութեան իրավիճակի մասին: Որեւէ կասկած
չունեմ, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացները ոչ միայն չեն
նուազեցրել, այլեւ բարձրացրել են մեր երկրի անվտանգութեան մակարդակը մեր
բանակի եւ յատուկ ծառայութիւնների մարտական ոգին: Բայց հասկանալի է, որ
լրջագոյն ջանքեր եմ գործադրելու զինուած ուժերի սպառազինութեան բնականոն
մատակարարումները, բանակի եւ յատուկ ծառայութիւնների բնականոն
գործունէութիւնն ապահովելու համար:
Պետական բիւջէի եկամուտների հաւաքագրումն ու ծախսերի իրականացումը պէտք է
տեղի ունենան բնականոն ռեժիմով: Եւ ես հայաստանեան փոքր, միջին եւ խոշոր
բիզնեսի բոլոր ներկայացուցիչներին, բոլոր իրաւաբանական անձանց կոչ եմ անում
պատշաճ եւ ժամանակին կատարել բոլոր հարկային պարտաւորութիւնները, պետական
եւ հանրային կեանքի բնականոն կազմակերպումը չխաթարելու համար:
Ուզում եմ դիմել նաեւ հաշուիչ դրամարկղային մեքենայ կիրառող եւ նրանց
ծառայութիւններից օգտուող քաղաքացիներին: Սիրելի՛ հայրենակիցներ,
յեղափոխութիւնն իմաստ չի ունենայ, եթէ մեր վարքագծում էական փոփոխութիւններ
տեղի չունենան: Եւ բոլոր նման ձեռնարկատէրերին կոչ եմ անում կատարուած
բոլոր գործարքների համար, ինչպէս եւ պահանջւում է օրէնքով, անպայման ՀԴՄ
կտրօն տրամադրել եւ բացառել ՀԴՄ կտրօն չտալու պրակտիկան, իսկ քաղաքացիներին
կոչ եմ անում բոլոր խանութներում, սրճարաններում, ՀԴՄով աշխատող բոլոր
տեղերում առանց բացառութեան հետեւողական եւ սկզբունքօրէն պահանջել ՀԴՄ
կտրօններ: Սա հնարաւորութիւն կը տայ էականօրէն աւելացնել պետական բիւջէի
եկամուտները եւ առաւել արդիւնաւէտ իրականացնել պետական կառավարումը: Ի
վերջոյ, համոզուած եղէք, որ պետութեանը ձեր վճարած գումարները ոչ թէ
թալանուելու են, այլ ծառայելու են մեր ազգային եւ պետական շահերի
սպասարկմանը, քաղաքացիների իրաւունքների եւ օրինական շահերի
պաշտպանութեանը, գործարար միջավայրի բարելաւմանը:
Երկրի բնական կեանքի ապահովմանը զուգընթաց կառավարութիւնը պէտք է
ձեռնարկի նաեւ լրջագոյն բարեփոխումներ: Ուզում եմ յատուկ ընդգծել, որ մենք
ունենք առողջապահութեան, սոցիալական ապահովութեան, գիւղատնտեսութեան այլ
ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու սեփական հայեցակարգեր: Բայց սա
որեւէ կերպ չի նշանակում, թէ մենք պատրաստւում ենք ինքնաբերաբար մերժել
նախորդ կառավարութեան ձեռնարկած բարեփոխումները:
Ընթացիկ այն ծրագրերը, որոնց արդիւնաւէտութիւնն ու անհրաժեշտութիւնը
կասկած չի յարուցում, կ՚իրականացուեն բնականոն ընթացքով, իսկ այն
բարեփոխումները, որոնք խնդրայարոյց են կամ հանրային լայն քննադատութիւն ու
կասկածներ են յարուցում, կրկին կը դրուեն քննարկման եւ լաւարկման՝ հանրային
կասկածներն ու մտահոգութիւնները փարատելու համար: Իսկ եթէ կը պարզուի, որ
մտահոգութիւնները հիմնաւոր են, փոփոխութիւնների արդիւնաւէտութիւնը
կասկածելի, այդ ծրագրերը կը վերանայուեն:
Ուզում եմ ընդգծել, որ առանձնայատուկ կարեւորութիւն եմ տալիս
առողջապահութեան ոլորտի բարեփոխումներին: Մենք պէտք է կարողանանք
հնարաւորինս հասնել այնպիսի արդիւնքի, որ բուժման եւ բժշկական սպասարկման
կարիք ունեցող իւրաքանչիւր ոք, այսպէս ասած, չմնայ հիւանդանոցի դռներին:
Առաջիկայում, ինչպէս եւ խոստացել եմ, հանդիպում կ՚ունենամ մշակութային
դաշտի ներկայացուցիչների հետ՝ նրանց հետ քննարկելու համար Հայաստանը
մշակութային ճգնաժամից հանելու, մեր երկրում մշակութային յեղափոխութիւն
իրականացնելու ուղիներն ու ճանապարհային քարտէզը:
Նկատի ունեմ՝ կառավարութիւնն առաջիկայ ամիսներին լիարժէք եւ եռանդուն
գործունէութիւն կը ծաւալի հանրային պետական կեանքի ապահովման՝ առանց
բացառութեան բոլոր ուղղութիւններով: Բայց եւ այնպէս, մենք մեզ հաշիւ ենք
տալիս, որ մեր առաջիկայ ամենամեծ անելիքն ընտրական համակարգի բարեփոխումն
է՝ Հայաստանն իրօք ազատ, իրօք արդար, իրօք թափանցիկ ու ժողովրդավարական
արտահերթ ընտրութիւնների նախապատրաստելու համար: Սա մեզ համար
առաջնահերթութիւն է, որովհետեւ շարունակում ենք համոզուած մնալ, որ
Հայաստանի Հանրապետութիւնում պրոցեսները սխալ
ուղղութեամբ սկսել են ընթանալ, երբ երկրում սկսել է կիրառուել
ընտրութիւնների արդիւնքները կեղծելու, ընտրողների ազատ կամարտայայտմանը
խոչընդոտելու արատաւոր պրակտիկան, եւ մենք պէտք է ինչպէս
բարոյահոգեբանական, այնպէս էլ օրէնսդրական եւ տեխնիկական միջավայր
ապահովենք՝ յետագայում այսպիսի որեւէ դրսեւորում թոյլ չտալու համար: Վերջին
օրերին ես արդէն իսկ շփումներ եմ ունեցել մասնագիտացուած
կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ՝ նրանց հետ քննարկելով ընտրական
համակարգի օրէնսդրական եւ տեխնիկական բարեփոխման հնարաւորութիւնը եւ
ուզում եմ յոյս ու համոզմունք յայտնել, որ կառավարութեանը կը յաջողուի
տրամաբանական սեղմ ժամկէտներում Հայաստանը նախապատրաստել ազատ, արդար,
թափանցիկ ժողովրդավարական ընտրութիւնների անցկացմանը:
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետութեան հպարտ քաղաքացիներ, որեւէ
կասկած չկայ, որ Հայաստանի պատմութեան համար նոր ու փառապանծ մի էջ է
բացուել: Վերադարձ հնին այլեւս չի լինելու: Մեր երկրում այլեւս տեղ չունեն
յուսահատութիւնն ու անելանելիութիւնը, մեր երկիրը պինդ կանգնած է իր ոտքերի
վրայ՝ բաց ճակատով եւ ամուր ողնաշարով: Քաղաքական պրոցեսների այս վերջին
շաբաթուայ ընթացքում, երբ լարուածութիւնը հասել էր գագաթնակէտին, եղան որոշ
քաղաքական դրսեւորումներ, որոնք մեկնաբանուեցին որպէս ատելութեան քարոզ:
Ուզում եմ համաժողովրդական շարժման անունից ասել, որ ատելութիւնը եւ
ատելութեան քարոզը մեր ոճը եւ ոճաբանութիւնը չեն եւ մեր համոզմամբ՝
Հայաստանում չպիտի տեղ լինի նման երեւոյթների համար:
Ես ուզում եմ կրկին ընդգծել, որ եկել է ազգային միասնութեան ժամը, ինչը
չի նշանակում, թէ մենք նոյնական պէտք է լինենք մեր կարծիքներում ու
մօտեցումներում, ինչը չի նշանակում, թէ քննադատութիւնը պիտի դիտարկուի
որպէս ազգային միասնութեան խաթարում: Դա նշանակում է ընդամէնը, որ
Հայաստանի Հանրապետութեան իւրաքանչիւր քաղաքացի, հայ ժողովրդի իւրաքանչիւր
զաւակ լիաթոք շնչելու է Հայաստանի Հանրապետութիւնում, իրեն ազատ է զգալու
եւ պաշտպանուած, ու պետութիւնը բոլոր հնարաւոր միջոցներով սատարելու է
երջանիկ լինելու մարդկանց իրաւունքի իրացմանը:
Ուզում եմ հաւաստիացնել, որ Երրորդ հանրապետութեան պատմութեան հետ,
անցեալի հետ կապուած բազմաթիւ հարցեր առաջիկայում անպայման պատասխան են
ստանալու: Բայց այս ամէնը տեղի է ունենալու ոչ թէ ատելութեան, թշնամանքի,
հետապնդումների, գիլեօտինի, այլ հանրային մեծ
երկխօսութեան, ճշմարտութեան փնտռտուքի, ազգային համերաշխութեան եւ
միասնութեան մթնոլորտում:
Կառավարութիւնը նաեւ իր իրաւասութեան շրջանակներում ջանքեր կը գործադրի,
որ քաղաքական գործունէութեան համար բանտերում յայտնուած անձինք օր առաջ
ազատ արձակուեն, եւ մենք ի վերջոյ ազատուենք քաղբանտարկեալ ունեցող երկրի
ամօթալի խարանից:
Այսօր մենք բացում ենք Հայաստանի Հանրապետութեան եւ հայ ժողովրդի պատմութեան մի փառաւոր էջ:
Եւ ուրեմն, կեցցէ՛ ազատութիւնը, կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը,
կեցցե՛նք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք ազատ եւ երջանիկ
Հայաստանում:
No comments:
Post a Comment