22.2.17

Ի՞նչ են տալիս մեզ հայկական հեռուստաալիքները

ՇՈՂԻԿ ՂՈՒԿԱՍԵԱՆ

«Մարդ կայ ելել է շալակն աշխարհի, մարդ էլ կայ աշխարհն է շալակած տանում…»

ԱՄՆի հայկական հեռուստալիքները, ամերիկահայերին պէտք է աջակցեն  ֆիլմերի, երգերի կամ այլոց միջոցով կարօտն առ հայրենիք յաղթահարելուն  եւ հայրենասիրութեան ոգին պահպանելուն: Վստահ եմ, սա է որ իւրաքանչիւր հայ փնտռել է կամ պէտք է փնտռի հայկական հեռուստալիքների մէջ: Աւաղ, այս ամէնը այդքան էլ չի համապատասխանում իրականութեանը, քանի որ հեռուստաընկերութիւնները, ովքեր մի օր մարդկանց միայն ուրախացնում կամ ինֆորմացնում էին, այժմ ապակողմնորոշում եւ այլասերում են իրենց անհամ գովազդներով, ոչինչ չասող հաղորդումներով եւ անտաղանդ դերասանների ապաշնորհ խաղով:
ԱՄՆ հայկական հեռուստաընկերութիւններով հնչող գովազդների քանակը այնքան շատ է, որ կարող է մարդուն խենթացնել: Նամանաւանդ պլաստիկ վիրաբոյժների՝ թերարժէքութեամբ տառապողների համար գովազդները, որոնք դրդում են մարդկանց դիմել պլաստիկ վիրաբոյժներին եւ դառնալ Կիմ Քարդաշեանի կամ Ջենիֆեր Լոպեսի փոխնորդ, փորձելով ձեռք բերել տարիների ընթացքում երազած բայց չստացուած գեղեցկութիւնն ու ինքնավստահութիւնը: Նմանապէս շատ մարդիկ, ովքեր երբեք էլ չեն մտածել որ իրենք ունեն արտաքին տեսքի հետ կապուած բարդոյթներ, կարող են բարդոյթաւորուել եւ ամիսներով կուտակած գումարը տանել եւ կարելի է ասել մսխել մարմինը պարարտացնելու համար (չնայած մարմնի տեղ ուղեղը պէտք է լցնէին):
Դէ իսկ անտաղանդ «դերասանների» ապաշնորհ խաղը ռէալիթի շոուներում կամ սերիալներում պատիժ է իւրաքանչիւր զարգացած հայի համար: Երբ մտածում ես Շառլ Ազնաւուրի, Սօս Սարգսեանի, Մհեր Մկրտչեանի եւ այլ մեծաշնորհ մարդկանց մասին, ակամայ ամաչում ես, թէ ինչ որակի դերասանական խաղ է մեզ մատուցւում հեռուստացոյցից այս կողմ (անգամ եթէ դա սերիալ է): Կարծես մունետիկները մտել են եթեր եւ հակահայկական քարոզ են անում՝ թէ ինչպէս հայ մշակոյթի հէրը անիծել:
Ինչ վերաբերում է հաղորդումներին, միայն կարելի է նշել, որ դրանցից էլ նաֆթալինի հոտ է գալիս կամ էլ թիթեռի կեանք են ունենում:
Վերջապէս, այն մարդիկ, ովքեր կարծում են, որ այս ամէնը նկատելը յետամնացութիւն է կամ ժամանակի վատնում, ասեմ որ հոգու սովը եւ օտարամոլութիւնը, որը առաջացել է ամերիկահայերի մօտ, հէնց այդ «յետամնացութիւնը» չնկատելու կամ էլ իրենց չնկատողի տեղ դնելու հետեւանքն է:

«Ասպարէզ», 22 Փետրուար 2017

No comments:

Post a Comment