Այցերու գումար - Total Pageviews - Total de visitas

5.7.14

Զբօսաշրջութիւնը՝ Հայաստանի ապագայ տնտեսութեան լաւագոյն լուծում

ՄԻՀՐԱՆ ՍԱՐԳՍԵԱՆ
 
Հայաստանում նոր կառավարութեան ձեւաւորման գործընթացին ցանկանում էի իմանալ, թէ ով է լինելու զբօսաշրջութեան պատասխանատու պաշտօնեան: Ամօթ ինձ, չիմանալու համար, որ զբօսաշրջութիւնը ընդամէնը փոքրիկ բաժանմունք է ներառուած էկոնոմիկայի նախարարութեան մէջ, որն արդէն ունի նոր նախարար, բայց ոչ նոր փոխնախարար զբօսաշրջութեան գծով: (Արդէն քանի տարի պարտականութիւնը դրուած է փոխնախարար Արա Պետրոսեանի ուսերին, առանց համապատասխան նշման:- Ծ.Խ.):
Իսկ ինչո՞ւ է դա կարեւոր: Չունենալով արդիւնաբերական հզօր բազա, որ հնարաւորութիւն կը տար արտահանելու նռան գինուց եւ սերկեւիլի ջեմից բացի նաեւ այլ ապրանքներ, Հայաստանի նման երկրի համար նպատակայարմար պիտի լինէր զարգացնել զբօսաշրջութիւնը, որպէսզի աշխատատեղեր բացուեն, ներդրումներ կատարուեն եւ եկամուտ լինի երկրին:
Եկէք արագ գնահատենք աշխարհի վիճակն այսօր: Մարդիկ շարունակում են իրենց արձակուրդի համար որոնել հետաքրքրական առաջարկներով վայրեր, արեւն ու ծովը՝ Միջերկրական երկրներում, լեռներն ու բնութեան գեղեցկութիւնները՝ Կենտրոնական Եւրոպայում, բայց նաեւ պատմական եւ մշակութային կարեւորութեան տեղանքներ, ինչպիսիք են Եգիպտոսը, Յունաստանը, Իսրայէլը եւ Իտալիան: Միաժամանակ, սակայն, քաղաքական իրադարձութիւնները յաճախ դժուարացնում են ընտրութիւն կատարելու հարցը, ինչպէս, օրինակ, քաղաքացիական խժդժութիւնները Տայիլանդում, Թուրքիայում, Թունիսում եւ Եգիպտոսում: Երիտասարդները որոնում են ֆիզիկական փորձառութիւն (հեծանիւ քշել, լեռներ բարձրանալ, լաստանաւով ճամփորդել եւ այլն) ձեռք բերելու եւ հաճելի երեկոներ (երաժշտութիւն, խմիչք) անցկացնելու վայրէր: «CNN Europe» հեռուստակայանները լի են Ղազախստան, Ադրբեջան եւ այլ արեւելեան երկրներ այցելելու գրաւիչ գովազդներով:
Հայաստանում զբօսաշրջութիւնը աւանդաբար հիմնուած է եղել սփիւռքահայերի այցելութիւնների վրայ: Համաձայն վիճակագրական տուեալների Հայաստան այցելողների թիւը 280 հազարից (2011-ին) հասել է 678 հազարի (2013-ի առաջին 9 ամիսների ընթացքում): Դժուար է իմանալ, թէ այդ աճի մէջ ներառուած են նաեւ Ռուսաստան եւ Ուկրայինա արտագնա աշխատողները, թէ ոչ: Միւս կողմից, պաշտօնական յայտարարութիւնները նշում են, որ 2013-ին մօտ 3 միլիոն հայեր այցելել են Վրաստան եւ մօտ 125 հազար (որից 20 հազարը Հայաստանից) այցելել են Անի:
Հարցը հետեւաբար հետեւեալն է: Ի՞նչ ծրագրեր է մշակում Հայաստանը զբօսաշրջութիւնը զարգացնելու համար: Նախ նշենք, որ ներկայ ենթակառոյցները չեն ապահովում արագ եւ ապահով երթեւեկելու պահանջները: Առաջին հերթին, ուրեմն, պէտք է վերակառուցուեն եւ կրճատուեն ճանապարհները: Երկրորդ, հիւրանոցները պէտք է համապատասխան օթեւան կարողանան տալ մեծ թուով զբօսաշրջիկների շուրջ տարին:
Հազարաւոր հայեր են այսօր մասնագիտացել բժշկական ասպարէզում, եւ շատերն են վերապատրաստուել արտասահմանեան երկրներում: Կան նաեւ սփիւռքահայերի նուիրատուութիւններով վերակառուցուած եւ ժամանակակից բժշկական սարքաւորումներով յագեցած հիւանդանոցնէր եւ վիրաբուժական կենտրոննէր: Ինչո՞ւ ուրեմն չխթանել «յատուկ բժշկական զբօսաշրջութիւն»ը Հայաստանում՝ գրաւելու համար տարածաշրջանի եւ Միջին Արեւելքի երկրների հիւանդներին:
Սպորտային զբօսաշրջութիւնը, «երեւանեան մարաթոն» անուան տակ, օրինակ, կարող է սկզբնական շրջանում հինգ հազար, իսկ յետագայումՙ 10-15 հազար մասնակից ընդգրկել, աշխարհի ուշադրութիւնը հրաւիրելով Հայաստանի վրայ: Հայաստանի գետերով եւ լճերով նաւարկելը նոյնպէս կարող է ոգեշնչել շատերին հիանալու Հայաստանի բնութեան տարաշխարհիկ գեղեցկութեամբ: «Ճարպկութեան մրցաշարերն», օրինակ Սեւանայ լճում, անկասկած կը հետաքրքրեն երիտասարդ արկածներ որոնողների, որոնք սիրում են ջրային սպորտը եւ ձգտում են յաղթանակների: Նոյնը կարելի է ասել նաեւ շրջանների հարթ տարածութիւններում կազմակերպուելիք «հեծանուային մրցոյթ»ների (Tour d՛Armenie) մասին, որոնք «Tour de France»-ի կամ «Giro d՛Italia»-ի նմանութեամբ, հազարաւոր հեծանուային սպորտի երկրպագուների կարող են բերել Հայաստան Բելգիայից, Հոլանդիայից եւ եւրոպական այլ երկրներից:
Այս բոլորին գումարած կարելի է կազմակերպել նաեւ «կրօնական եւ մշակութային շրջագայութիւններ»: Առաջինի դէպքում այցելութիւններ նախատեսելով դէպի մեր հինաւուրց վանքերն ու եկեղեցիները, իսկ երկրորդի դէպքում դէպի թանգարաններն ու պատկերասրահները: Կարելի է նաեւ մշակել ճանապարհորդութիւններ դէպի որոշակի մրգեր (խաղող, նուռ, դեղձ, սերկեւիլ) արտադրող շրջաններ:
Երեւանի նորակառոյց օդակայանը պատշաճ ծառայութիւն կարող է մատուցել շատ աւելի մեծ թուով զբօսաշրջիկների, քան նախկինում: Հարցը դէպի Հայաստան թռչող ինքնաթիռների քանակն է: Բաւարար քանակութեամբ ինքնաթիռներ Եւրոպայից, ԱՊՀ երկրներից եւ Միջին Արեւելքից հասնում են Երեւան: Երեւանը որպէս վերջնակէտ ընտրելը մեծագոյն մարտահրաւէրներից է: Պատասխանատու այրերը գիտե՞ն արդեօք Գերմանիայի «TUI» կամ Ֆրանսիայի «Club Med» գործակալութիւնների մասին, որոնք միլիոնաւոր մարդկանց շրջագայութիւններն են կազմակերպում: Իմ տեղեկութիւններով Հայաստանը վերջերս մասնակցել է զբօսաշրջութեան վերաբերեալ մի շարք ցուցահանդէսների, բայց հաշուի առնելով միջազգային մրցակցութիւնը այդ ասպարէզում, արդեօք բաւականաչափ գումարներ, ջանք ու եռանդ ներդրուե՞լ է, որպէսզի պայմանագրեր ստորագրուեն համապատասխան կազմակերպութիւնների եւ գործակալութիւնների հետ: Պատասխանը ենթադրում եմ «ոչ» է: Հայաստանի կառավարութիւնը 2014-ի համար 75 միլիոն դրամ (182.038 դոլար) է նախատեսել զբօսաշրջութեան զարգացման համար: Ինչպե՞ս կարելի է այդքան գումարով հրապուրել աշխարհին:
Հայաստանի գովազդային անմիջական ջանքերը բաւարար չեն: Վերջերս միայն իմացանք, որ կառավարութիւնը դիմել է Տորոնտոյում (Կանադա) գործող բրենդային մի ընկերութեան, որպէսզի զբօսաշրջութեան զարգացման մի ծրագիր մշակի Հայաստանի համար: Գովազդային միակ յաջող ձեռնարկներն իրականացուել են ոչ կառավարական կազմակերպութիւնների կողմից, ինչպէս, օրինակ, «Birthright Armenia» ծրագիրը: Առաջարկում եմ «Արի տուն եւ քեզ հետ ընկերոջդ էլ բեր» ծրագիրը ուղղուած սփիւռքահայութեանը:
Համեմատութեան համար նշեմ, որ 2013-ին 23 միլիոն զբօսաշրջիկ հիւրընկալած Թուրքիան ծրագրում է 2025-ին ընդունել 40 միլիոն այցելուներ: Դրա համար կառուցում է երրորդ գլխաւոր օդանաւակայանը Ստամբուլի շրջակայքում: Տասնմէկ միլիոն բնակչութեամբ Յունաստանը, միւս կողմից, 2013-ին հիւրընկալել է 18 միլիոն զբօսաշրջիկ եւ 2014-ին ակնկալում է 2 միլիոնով աւելացնել այդ թիւը:
Ուստի մօտ երեք միլիոն բնակչութեամբ Հայաստանը պէտք է կարողանայ տարեկան հինգ միլիոնից աւելի զբօսաշրջիկ հիւրընկալել: Զբօսաշրջութեան զարգացումը նոր աշխատատեղերի բացման անմիջական հնարաւորութիւն է ստեղծելու տնտեսութեան տարբեր ոլորտներում, եւ եթէ ծրագիրը մշակուի ստեղծագործաբար, վառ երեւակայութեան արդիւնք լինի եւ պատշաճ ֆինանսաւորում ստանայ, որ կարողանայ տարեկան 25 տոկոսի յաւելեալ եկամուտ բերող (դոլար, եւրօ թէ ռուբլի) զբօսաշրջիկների գրաւել, ապա մենք ականատեսը կը լինենք աշխարհում հաւասարը չունեցող հայկական հիւրասիրութեան նոր վերածննդի:
Տեղի կ'ունենայ դա, թէ ոչ, կը տեսնենք ապագայում:

«Ազգ», Յուլիս 4, 2014

No comments:

Post a Comment