ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
Այսպէս են մշակութային ոլորտում պատրաստւում ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին
Տպաւորութիւնն այնպիսին է որ երկրի բոլոր գերատեսչութիւններն ու պատկան մարմինները մոռացել են, որ 2015թ. Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցն է: Ձեւաւորուած պետական յանձնաժողովի աշխատանքը, մեղմ ասած, արդիւնաւէտ չէ եւ շատ դանդաղ քայլերով է առաջ շարժւում: Գրեթէ ոչինչ չի արւում նաեւ քարոզչութեան եւ տեղեկատուութեան առումով: Եթէ տարիներ առաջ թուրքերը 2015թ. ապրիլի 24-ը անուանում էին «հայկական ցունամի», այսօրուայ հայաստանեան նախապատրաստական աշխատանքներից տեղական սիւք կամ զեփիւռ էլ չի կարելի սպասել: Ինչպէս մի շարք հարցերում, այստեղ նոյնպէս նախարարներն ու պաշտօնեաներն աչքի են ընկնում շռայլ խօսքերով, խոստումներով եւ հաւաստիացումներով, որոնք չեն իրականանում: Տարիներ շարունակ Մշակոյթի նախարարութիւնն ու Ազգային Կինոկենտրոնը յայտարարում են, որ հարիւրամեայ տարելիցին ընդառաջ պէտք է ֆիլմեր նկարահանուեն, որոնք համաշխարհային հանրութեանը կը պատմեն 20-րդ դարի առաջին ցեղասպանութեան մասին: Խոստումներըՙ խոստում, սակայն դրանց ընթացքի, աշխատանքների անցկացման եւ անգամ ծրագրերի մասին առայժմ որեւէ տեղեկատուութիւն չկայ: Հարցին` ի՞նչ է արւում 100-ամեայ տարելիցին ընդառաջ, պատասխանը մէկն է` առայժմ ընթանում են քննարկումներ: Քննարկումը՝ քննարկում, սակայն ընդամէնը 11 ամիս է մնացել աշխարհին Հայոց Ցեղասպանութեան մասին որեւէ լուրջ գործ ներկայացնելու համար: Տարելիցն, անշուշտ, չպէտք է լինի վերջակէտ, սակայն ոչինչ չանելն է ճիշտ չէ: Անկեղծ ասած, դժուար է որեւէ գործնական քայլ ակնկալել մեր դանդաղաշարժ Մշակոյթի նախարարութիւնից, բայց ամէն դէպքում, դա այն գերատեսչութիւնն է, որը որոշումներ է կայացնում, գումարները նոյնպէս նա է տնօրինում: Հետեւաբար սլաքն էլ պէտք է ուղղուի հէնց նրան:
Ֆիլմը համամարդկային արժէքների համատեքստում է ներկայացնում Հայոց ցեղասպանութիւնը: Այդ կերպ հեղինակները նպատակ ունեն ֆիլմը ներկայացնել համաշխարհային կինոշուկայում եւ կինովարձոյթում:
«Չանենք մի ֆիլմ, որը ցոյց տանք "Մոսկուա" կինոթատրոնում, յետոյ ինչ-որ հեռուստաընկերութեամբ եւ վերջացնենք»,- «Ազգ»-ի հետ զրոյցում ասում է ֆիլմի սցենարի հեղինակ Յարութիւն Յարութիւնեանը:
Ֆիլմի հիմքում «Նեմեսիս» գործողութիւնն է, Սողոմոն Թեհլիրեանի (*) անձն ու հրեայ աղջկայ եւ գերմանացի տղայի սիրոյ պատմութիւնը: Տղան ժանդարմ է, աղջիկը` դատարանում գրագիր: Դէպքերը տեղի են ունենում 1921 թ. Բեռլինում, եւ հէնց այն օրը, երբ տղան պէտք է ծանօթանար աղջկայ ծնողների հետ, Հարդենբերգ փողոցում հնչում է կրակոց, եւ տղան ի պաշտօնէ ողջ գիշեր` յանձնարարականով յայտնւում է սպանութեան վայրում եւ չի հանդիպում սիրած աղջկայ ծնողներին:
Թեհլիրեանի թեման ֆիլմում շօշափւում է զոյգի զրոյցների ընթացքում: Սկզբում տղան է պատմում, թէ ով է Սողոմոն Թեհլիրեանը, յետոյ, երբ նրան տեղափոխում են դատարան, աղջիկն է ոգեւորուած պատմում Սողոմոնի հաւասարակշուածութեան, հանդարտութեան մասին:
Ֆիլմն աւարտւում է դատավարութիւնից 18 տարի անց տեղի ունեցող իրադարձութիւններով: Գերմանիայում ցեղասպանութեան են ենթարկւում հրեաները: «Այն ինչ չդատապարտուեց եւ անտեսուեց` շարունակուեց շուրջ երկու տասնամեակ անց»,- ասում է Յարութիւն Յարութիւնեանը` յաւելելով, որ սցենարը փոխուել է 10 անգամ` լսել է բոլորի առաջարկութիւնները, հաշուի առել բոլորի կարծիքը:
«Սա ոչ թէ ներքին, այլ արտաքին սպառման ստեղծագործութիւն է: Հայկական կինոն ապագայ ունի, պարզապէս նրան տեղ չեն տալիս, հնարաւորութիւն չկայ, քանի որ դաշտում մենաշնորհ է եւ երիտասարդների առաջ բոլոր դռները փակ են»,- ասում Յարութիւնեանը:
Յարութիւն Յարութիւնեանը մի քանի տասնեակ նամակներ է ստացել Ֆրանսիայից, Գերմանիայից: «Ասում են, որ ֆիլմի գաղափարը հրաշալի է, պատրաստ են համագործակցութեան, սակայն նախ ուզում են հասկանալ, թէ Հայաստանի մշակոյթի նախարարութիւնն ի՞նչ քայլեր է ձեռնարկում եւ որքանով կարող է աջակցել ֆիլմի նկարահանմանը: Նախարարութիւնից էլ լռում են եւ կոնկրէտ պատասխան չեն տալիս»,- ասում է Յարութիւնեանը:
Վերջերս ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազեանն էլ նամակ-առաջարկութիւն է ստացել վրացի պրոդիւսերներից: «Ֆիլմի գաղափարը հրաշալի է եւ մինչեւ Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցը կարելի է աշխատել եւ կինովարձոյթում հսկայական գումար վաստակել»,- գրել են վրացի պրոդիւսերները՝ յաւելելով, որ պատրաստ են գումար ճարել եւ համատեղ ֆիլմը նկարել:
«Բոլորն ասում են` լաւ բան էք անում, բայց հասել ենք մի կէտի եւ տեղում դոփում ենք: Մենք սովոր ենք ներքին սպառման համար ինչ-որ գործ կատարել եւ աչքակապութեամբ զբաղուել»,- ասում է Յարութիւնեանը` յաւելելով, որ ֆիլմի վերաբերեալ եղել են քննարկումներ, նախագիծը հաւանութեան է արժանացել: «Ոսկէ ծիրան» կինոփառատօնի ժամանակ էլ ֆիլմի նախագիծը ներկայացուել է Ատոմ Էգոյեանին, վերջինս ասել է, որ եթէ պէտք է ընտրել ֆիլմի սցենար, ապա «Հարդենբերգի փողոցը» լաւագոյնն է:
Այստեղ միակ խնդիրը կապուած է նախարարութեան հետ, քանի որ Ազգային Կինոկենտրոնը միայնակ չի կարող նախագիծը իրականացնել: Ֆիլմի սցենարիստներին անհրաժեշտ է նախարարութեան աջակցութիւնը ոչ միայն դրամական, այլեւ իրաւական առումով: Համատեղ արտադրութեան ֆիլմի համար Եւրոպայում նախ հարցնում են՝ իսկ ձեր երկրում կառավարութիւնն ինչպիսի՞ աջակցութիւն է ցուցաբերում: Հէնց այդ հարցի ժամանակ էլ ֆիլմի հեղինակները յայտնւում են փակուղու առջեւ. նախարարութիւնից ձայն-ծպտուն չկայ, անգամ փաստաթուղթ չկայ, որ նախարարութիւնը կը փաստի, որ ֆիլմի նկարահանումն արժանացել է իրենց հաւանութեանը: «Մեզ մօտ ամէն ինչ բուխտուբրախտի վիճակում է, մեզ մօտ կարեւորը փող լինի, որ յետոյ հասկանանք, թէ դրանից որքանն ենք ատկատ անում եւ հէնց դա է պատճառը, որ մեզ մօտ ամէն ինչ լճացած է»,- ասում է Յարութիւնեանը` յաւելելով, որ նորմալ նախագծեր իրականացնելու փոխարէն Հայաստանում սեմինարներ կազմակերպելով են զբաղուած: «Հայաստանում ինչո՞ւ էք սեմինար կազմակերպում: Որպէսզի հային համոզէք, որ ցեղասպանութի՞ւն է եղել: Հայը համոզուելու կարիք չունի, այդ աշխատանքը պէտք է ուղղուի միջազգային հանրութեանը»,- ասում է Յարութիւնեանը` յաւելելով, որ ընդհանուր առմամբ ֆիլմի նկարահանման ընթացքն արդէն տապալուած է: Անհնար է 11 ամսում գումար գտնել, քասթինգ կատարել, նկարահանել, մոնտաժել եւ զբաղուել արտադրութեամբ: Սա ի հարկէ առաջին ֆիլմը չէ, որի նկարահանումը դադարեցուել է: Ամենայն հաւանականութեամբ, հարիւրամեայ տարելիցին մի քանի ցուցահանդէսով, մի երկու համերգով կը բաւարարուենք: Միջոցառումները կրկին կը լինեն ներքին սպառման ու կրկին մենք մեզանով կ'ողբանք մեր ցաւը:
«Ազգ - Մշակոյթ», Մայիս 9, 2014
(*) Յօդուածին «Թեհլերեան» սխալ տառադարձութիւնը սրբագրած ենք։ Մեզի համար լրիւ անհասկնալի է, թէ ինչո՞ւ Սողոմոն Թեհլիրեանի անունը Հայաստանի մէջ յայտնուելէ ետք (խորհրդային ժամանակներէ սկսեալ), պատմաբաններ, լրագրողներ, հաղորդավարներ եւ այլ հանրային անձեր կ՚անտեսեն Թեհլիրեան գրելաձեւը եւ «Թեհլերեան» հնարովի ձեւը կը գործածեն։ Եթէ անծանօթ են 1921ի դատավարութեան սղագրութեան Tehlirian ձեւին, առնուազն պէտք է ծանօթ ըլլային «Վերյիշումներ» հատորին, որուն կողքին վրայ տպուած է Ս. Թեհլիրեան անունը երկու անգամ արդարահատոյց վրիժառուի կենդանութեան ժամանակ (1953 եւ 1956), եւ սփիւռքահայ մամուլին ու գրականութեան, ուր անունը այդպէս կը գրուի մինչեւ օրս անխտիր («Հայկականք»)։
No comments:
Post a Comment