20.1.14

Սփիւռքահայ պատմաբան. ինչպիսի՞ երկիր պիտի լինի Հայաստանը

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
 

Թալին Սուջեանը պատմաբան է, բնակւում է Միւնխենում, աշխատում է Լիւդվիգ-Մաքսիմիլիանի համալսարանի Արեւելագիտութեան ինստիտուտի թրքագիտութեան ամբիոնում իբրեւ գիտաշխատող: 2013 թ. դեկտեմբերին ՀՀ Սփիւռքի նախարարութեան հրաւէրով մասնակցել է խորհրդաժողովի, որին հրաւիրուած էին Եւրոպայի, Միջին Արեւելքի, Հիւսիսային եւ Հարաւային Ամերիկայի արեւմտահայ մտաւորականներ, քաղաքական գործիչներ: Կային նաեւ Հայաստանից ներկայացուցիչներ:

-Հեռախօսով ինձ ասել էին, որ խօսուելու է Հայաստանի եւ Սփիւռքի յարաբերութիւնները վերանայելու ծրագրի կամ այդպիսի ծրագիր կազմելու փափաքի մասին: Յետոյ խօսակցութիւնների ընթացքում յայտնի դարձաւ, որ մենք տարբեր բաներ ենք հասկանում տարբեր կոնցեպտների շուրջ: Այդ կոնցեպտներից մէկը հայրենիքի մասին էր: Ընդհանուր հասկացութիւն կար` ազգ-պետութիւն, այդ թւում` Հայաստանը եւ դրան պատկանող սփիւռքը:
Կայ սփիւռք, որը Հայաստանինը չէ, ստեղծուել է Հայաստանի անկախութիւնից առաջ` մեծամասնութեամբ 19-րդ դարի վերջից մինչեւ 1915 թ. եւ յետոյ, որը արեւմտահայերի սփիւռքն է: Կայ նաեւ Հայաստանի անկախութիւնից յետոյ կազմուած հայաստանեան սփիւռք: Այս երկուսին միասին Հայաստանին պատկանող մէկ սփիւռք կոչելու մօտեցումը երեւակայական է եւ կ'ուզէ ազգ-պետութեան գաղափարի շուրջ դասաւորել սփիւռքը: Ուրեմն, պէտք է տեսնել այդ տարբերութիւնները, խօսել դրանց մասին, խօսել հայագիտական մտքերի մասին, մէկ կողմ դնելով երեւակայական, իդէալականացուած, վերացական, «մէկ ազգ, մէկ հայրենիք»-ի մօտեցումը, եւ դրա համեմատ որոշենք յառաջիկայ քայլերը: Կարծում եմ, որ այս տարբերութիւնների ամենակարեւոր դրսեւորումն էր Թուրքիայի հետ արձանագրութիւնների ստորագրման շուրջ տեղի ունեցած հակազդեցութիւնը Սփիւռքի համայնքներում: Պէտք է դասեր քաղել կատարուածից:
 
-Ի՞նչ է ենթադրում քո ասածը, Թալին: Կը մանրամասնե՞ս:
-Նախ եւ առաջ, ինչպէս բացատրեցի, անմիջական պատկանելիութիւն չկայ, եւ երկրորդ, որ շատ աւելի կարեւոր է, ներկայացուցչութեան որեւէ մեխանիզմ չկայ, մանաւանդ, արեւմտահայ սփիւռքի համար: Այսինքն` սփիւռքի նախարարը պետութեան կամ կառավարութեան կողմից որոշւում է, ըստ այդմ` այս կառավարութիւնը պէտք է լինի Հայաստանի ժողովրդի ներկայացուցիչը Հայաստանում, բայց` ոչ արեւմտահայերի: Երրորդ` Հայաստանը, հարկաւ, հոգեհարազատ է բոլոր հայերի համար, այսինքն` կան հայեր, որոնք ընդհանրապէս չեն եղել Հայաստանում, բայց Հայաստանի գաղափարը երջանկութիւն է նրանց համար կամ մտածում են, որ կայ երկիր, որտեղ հայերէն են խօսում:
Կան հայեր, որոնք տարին մէկ անգամ գալիս են Հայաստան, 15 օր մնում, եւ դա նոյնպէս կապ է նրանց համար, կան նաեւ սփիւռքահայեր, որոնք հաստատուել են Հայաստանում: Հայաստանը կարեւոր է բոլորի համար, բայց երբ ենթադրենք, որ բոլորի համար էլ Հայաստանը հայրենիք է, դա ուրիշ բան է, որովհետեւ Հայաստանը կարող է լինել մէկի ծննդավայրը, միւսի համար` իր պապերի ծննդավայրը,: Այդ առումով Գլենդելում ապրող տիգրանակերտցու համար որտե՞ղ է հայրենիքը:
Ուրիշ իրողութիւն կայ, որ Հայաստանի մէջ ապրող հայի առօրեան չի ապրում սփիւռքահայը, եւ դա բնական է: Եւ կարծեմ, առօրեան շատ կարեւոր է, քանի որ այն մեր կեանքն է:
 
-Ի՞նչ ես սպասում Սփիւռքի նախարարութիւնից:
-Կարող է ասուել, որ եթէ Սփիւռքի հայերի թիւը երեք անգամ շատ է Հայաստանում ապրողներից, ուրեմն Սփիւռքի նախարարութիւնը պէտք է: Ըստ իս` նախ եւ առաջ Սփիւռքի նախարարութեան գործը Հայաստանի մէջ է: Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ կան մշակութային, սոցիալական, քաղաքական, մտածելակերպերի բաւական կարեւոր տարբերութիւններ: Այդ տարբերութիւնների հետ միասին ապրելու, իրար հետ կապեր հաստատելու եւ մշակելու վայրէր պէտք է ստեղծուեն:
 
-Յաջողւո՞ւմ է դա: Կա՞յ այդ գործընթացը:
-Անահիտ Մկրտչեանի հետազօտութիւնը բաւական լաւ բացատրութիւններ է տալիս մշակութային տարբերութիւնների եւ դրանցից ծագող մարտահրաւէրների մասին: Ըստ իս` Հայաստանը պէտք է լինի երկիր, որտեղ արեւելահայերէնն ու արեւմտահայերէնը միասին խօսուեն եւ հասկացուեն: Առօրեայ կեանքում Հայաստանը լինի երկիր, որը արեւմտահայ մտաւորականութեան համար ստեղծի վայրէր, որ այդ մարդիկ յաճախ գան Հայաստան, իրենց ուսումնասիրութիւններն անեն, դասաւանդեն համալսարաններում, համալսարանի ուսանողները կապեր ստեղծեն նաեւ արեւմտահայ աշխարհի հետ:
Վերջին տարիներին ջանք կայ գրականութեան մէջ, որ արեւմտահայերէնով գրքեր են տպում Հայաստանում: Սիրիայից, Լիբանանից, Իրաքից գաղթող հայեր, շատերը տխուր առիթներով եկան եւ հաստատուեցին, բայց այսօր Հայաստանի փողոցներում արեւմտահայերէն կարող ենք լսել: Նոյնը կատարուեց 40-ական թթ., երբ ներգաղթ կազմակերպուեց Հայաստան, բայց այդ մարդիկ չկարողացան մնալ, քանի որ արեւմտահայ եւ արեւելահայ աշխարհների տարբերութիւնները սովետական իրականութեան մէջ չկարողացան ապրել միասին: Եթէ մեր յիշողութիւնը մի քիչ էլ յետ տանենք, 1915 թուականը վերապրած եւ Հայաստան եկած արեւմտահայ մտաւորականներին յիշենք, օրինակ, Զապէլ Եսայեանի մասին, որ 43-ին անհետացաւ, շատ քիչ է խօսւում նրա մասին: Չարենցի մասին հարկաւ խօսւում է, բայց Զապէլ Եսայեանի մասին այդքան յաճախ չէ, որ խօսւում է, իսկ երբ խօսւում է` շատ սահմանափակ համատեքստում:
 
-Լաւ, դու ի՞նչ ես առաջարկում: Ի՞նչ անել:
-Հայաստանում Սփիւռքի նախարարութիւնը պէտք է աշխատի ստեղծել այս վայրերը, որ Հայաստանը լինի արեւմտահայերի համար այն երկիրը, որի մէջ հանգիստ ապրելու հնարաւորութիւն կայ: Սա ասելով հանդերձ` գիտեմ, որ Հայաստանի հասարակութիւնը գտնւում է լուրջ դժուարութիւնների, մարտահրաւէրների առաջ` քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ, ինչու չէ, անվերջ արտագաղթի: Սփիւռքի մէջ ներկայացուցիչ կազմակերպութիւններ մինչ օրս չունենք, չունենք այդպիսի համակարգ: Ուզում եմ Բոխումի համալսարանի Ցեղասպանութեան եւ Սփիւռքի Հետազօտութիւնների ինստիտուտի ղեկավար Միհրան Դաբաղի մտքերին անդրադառնալ համայնքի կարեւորութեան մասին: Նա ուժեղ համայնքներ ունենալու կարեւորութեան մասին է խօսում: Կարծում եմ, որ շատ կարեւոր կէտ է: Համայնքային կեանքը ենթադրում է, օրինակ, այն, որ երբ երեխայ ունենաս, կարող ես ուղարկել նրան հայկական դպրոց, երբ աղքատ ես, կը դիմես համայնքին, որը բիւջէից կարող է օգնել, երբ ուզում ես համերգների գնալ, համայնքը նաեւ ունենայ այդ կազմակերպուածութիւնը: Այսինքն` ինքնին կեանք է դա, որի կարիքը հարկաւ ունեն այն մարդիկ, ովքեր խօսում են այդ լեզուով, այդ մշակոյթի մէջ եւ ինչ-որ բան են արտադրում:
Այսինքն` առօրեան եւ համայնքը պէտք է անմիջական կապ ունենան իրար հետ, ունենան վերարտադրման մեխանիզմ, որպէսզի համայնք ստեղծուի, իսկ եթէ համայնք ունենաս, այդ ժամանակ կարող ես մտածել ներկայացուցչութեան մասին:

No comments:

Post a Comment