Այցերու գումար - Total Pageviews - Total de visitas

11.6.13

Հայաստանցի գիտնականները չեն մասնակցել հակահայկական կազմակերպութիւնների կողմից հովանաւորուած գիտաժողովին

Հայաստանցի գիտնականները նպատակայարմար չեն համարել մասնակցել թուրքական եւ ադրբեջանական հակահայկական կազմակերպութիւնների կողմից հովանաւորուած գիտաժողովին: Պատճառն աւելի վաղ ուղարկուած հրաւէրի ու գիտաժողովի ձեւաչափի անհամապատասխանութիւնն է:
Գիտաժողովը բացուել է Յունիսի 5-ին Թբիլիսիում: Դրան հրաւիրուած են եղել 10-15 հայ գիտանականներ ինչպէս Հայաստանից, այնպէս էլ Սփիւռքից (*):
Ինչպէս նշել է հրաւիրուած, սակայն գիտաժողովին չմասնակցող ԳԱԱ Հնագիտութեան եւ Ազգագրութեան Ինստիտուտի աւագ գիտաշխատող Տիգրան Սարուխանեանը, հայաստանցի գիտնականները հրաժարուել են մասնակցել ակնյայտօրէն հակահայկական, քաղաքականացուած եւ գիտական-ակադեմիական չափանիշներին չհամապատասխանող գիտաժողովին:
Այժմեան տուեալների համաձայն` գիտաժողովին Հայաստանից մասնակցում է միայն «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապեանը:
Սարուխանեանի կարծիքով` գիտաժողովն ակնյայտօրէն քաղաքական ուղղորդուածութիւն ունի, աւելին` ներկայացուելիք մի շարք աշխատանքներ չեն համապատասխանում գիտական քննարկումների չափանիշներին. «Աշխատանքներ են ներկայացուել 1918 թուականին հայերի կողմից իբր ադրբեջանցիների նկատմամբ իրականացուած ցեղասպանութեան մասին, այնինչ մարդկութեան պատմութեան մէջ արձանագրուած չէ նման փաստ»:
Նրա մեկնաբանմամբ` 2004 թուականից ի վեր, Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչած որոշ գիտական շրջանակներ հանդէս են եկել ցեղասպանութեան գիտական եւ նոր լոյսի ներքոյ ուսումնասիրութեան առաջարկութեամբ: Նման առաջարկութիւն է արել նաեւ գիտաժողովի կազմակերպիչներից պրոֆեսոր Հաքան Եաւուզը 2012 թուականի նոյեմբերին: «Այսինքն` ի սկզբանէ նախատեսուած էր, որ քննարկումները քաղաքական կամ պրոպագանդիստական նպատակներ չեն հետապնդի, այլ զուտ գիտական քննարկումներ են լինելու, սակայն, ըստ էութեան, այս օրերին հրաւիրուած գիտաժողովը շեղուել է ի սկզբանէ դրուած նպատակիցէ,- պարզաբանել է Սարուխանեանը:
ԳԱԱ Արեւելագիտութեան Ինստիտուտի տնօրէն Ռուբեն Սաֆրաստեանի գնահատմամբ` նման կոնֆերանսները, որոնք կազմակերպւում են թուրք եւ ադրբեջանցի գիտնականների կողմից մի անընդունելի բանի հետ են կապւում. «Յաճախ փորձ է արւում ներքաշել այնպիսի քննարկումների մէջ, որոնք կապւում են հարցի հետ` արդեօք եղե՞լ է, թէ՞ չի եղել Հայոց Ցեղասպանութիւնը, իսկ դա, փաստօրէն, ջուր է լցնում Հայոց Ցեղասպանութիւնը ժխտողների ջրաղացին»:
«Կովկասը կայսրութեան մայրամուտին. ազգայնականութիւն եւ ազգային պետութեան կառուցում (1870-1920 թուականներ)» խորագիրը կրող գիտաժողովը ֆինանսաւորւում է ԱՄՆ-ում գործող` Հայոց Ցեղասպանութեան ժխտումը խթանող ամենաակտիւ կազմակերպութիւններից Ամերիկայի Թուրքական Կոալիցիայի (TCA), Թուրքիայի Համագործակցութեան եւ Զարգացման Գործակալութեան (TIKA), Ադրբեջանի Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի, Ադրբեջանի Ակադեմիայի Ռազմավարական Հետազօտութիւնների Ինստիտուտի, Հասան Կալեօնչու համալսարանի եւ Մեհմեթ Արիսանի կողմից:

«Արմէնփրէս», Յունիս 6, 2013

(*) Գիտաժողովին յայտագիրը կը յիշէ Սփիւռքի 4 գիտնականներու (2 զեկուցումներ) եւ Հայաստանի 5 գիտնականներու (4 զեկուցումներ) անունները։ Տիգրան Սարուխանեանի անունը հոն յիշուած չէ («Հայկականք»)։

No comments:

Post a Comment