13.1.13

Լեւոն Գ. Մինասեան՝ պատմա-բանասիրական վաստակի ուրուագիծ


ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ

Իրանահայ ազգագրական եւ պատմա-բանասիրական գրականութեան երախտաշատ վաստակաւոր, բազմաթիւ հրատարակութիւնների հեղինակ Լեւոն Գ. Մինասեանը անցնող աւելի քան 60 տարիների հետեւողական ու նուիրուած աշխատանքով ակնառու իւրովսանն է ներդրել Իրանի Նոր Ջուղա հայաքաղաքի, նրա շրջակայ գաւառների, մասնաւորաբար Փերիա գաւառի մշակութային, կրթական, հրատարակչական, ընկերային, ազգագրական, աւանդական, պատմական, եկեղեցական, ազգային-հասարակական միութիւնների ու մարմինների պատմութեանը վերաբերող նիւթերի, աղբիւրների եւ ակունքների ուսումնասիրութեան բնագաւառում: Մի քանի նիւթերի դէպքում, կապուած Նոր Ջուղային ու Փերիա գաւառին, նրա աշխատութիւնները սկզբնաղբիւրային արժէք ունեն:
Լ. Գ. Մինասեան նշանաւոր բանասէրի, հասարակական, ազգային եւ կրթական գործչի նկարագիրը կոփուել ու ամրացել է նրա հայրական ընտանիքի նահապետական հարկի տակ. նրա մանկութեան ու պատանութեան Խոյգան գիւղի, ապա Նոր Ջուղա հայաքաղաքի Կենտրոնական դպրոցի դասարաններում ու նստարանների վրայ, ուր փնտռող ու որոնող պատանին էջ առ էջ, ու գիրք առ գիրք հասունացել է հայութեամբ ու կրթութեամբ, նուիրականութիւններով ու յանձնառութիւններով, որ կեանքի հերկուող դաշտում իր վեցկու ակօսը բանայ: Եւ բացել է:
Դեռեւս պատանի նա սկսում է բանաստեղծութիւններ գրել, ինքնուրոյն, առանց մէկի խրախուսանքի: Շուտով նա սկսում է հանդէս գալ Թեհրանում հրատարակուող «Ալիք» օրաթերթում, որին շարունակաբար աշխատակցել է 1940 թուականից ի վեր:
Լ. Գ. Մինասեանի առաջին հրատարակած գիրքը՝ «Պատմագիր Ստեփանոս Երէց» հատորն է, տպուած 1956 թ.: Գիրքը ներկայացնում է Փերիա գաւառի Հազարջրիբ գիւղի Տէր Ստեփանոս քհնյ. Տէրտէրեանի կեանքն ու գրականութիւնը. դա առաջին լուրջ ուսումնասիրութիւնն է նրա կեանքի ու գրական ժառանգութեան, որով եւ ճշգրտւում է նրա ծննդեան թուականը, որ մինչեւ այդ ենթակայ էր տարաձայնութեան:
1964 թ. լոյս է տեսնում «Փէրիայի հայ աշուղները» գիրքը. ցարդ հրատարակուածներից ամենաբովանդակալից աղբիւրն է, որը կազմելու համար Լ. Գ. Մինասեանը ոչ թէ միայն ուսումնասիրել է մինչեւ այդ եղած աղբիւրները ու գտանելի անձնական արխիւները, այլեւ անձամբ շրջագայել է Փերիա գաւառը, գրի է առել տեղեկութիւններ եւ երգեր ծերունիներից, գերեզմանաքարերից: Գրքում տուել է գուսանների կենսագրութիւնները, նրանց երգերը, պահպանելով բարբառային հարազատութիւնը, դրանց լաւագիտակ լինելու ճշգրտութեամբ: Անդրադարձել է գուսանական երգերի պատմական ու կենցաղային արտացոլումներին, տեղական ասացուածքներին: Այդ երգերը ուսումնասիրելով դասակարգել է ըստ կրօնական, պատմական, ազգագրական, խրատական, սիրային, հասարակական, ներբողական, հանելուկային, այլաբանական, մրցահամեմատական, երգիծական, զղջման-քաւութեան եւ զանազան նիւթերի, բնանիւթերի: 1967 թ. հրատարակել է «Երգասաց Տէր Կարապետ» մենագրութիւնը նուիրուած գուսանի կեանքին ու գործին:
1971 թուականում լոյս է ընծայել «Իրանի հայկական վանքերը», որ ներկայացնում է Սբ. Թադէ, Սբ Ստեփանոս եւ Սբ. Ամենափրկիչ վանքերը, դրանց՝ այդ թուականի իրավիճակով:
Կոթողական աշխատութիւն է «Պատմութիւն Փերիայի հայերի» հատորը, սկզբնաղբիւրային արժանիքով, հրատարակուած 1971 թուականում, որ ընդգրկում է 1606-1956 պատմաշրջանը: Կարելի ամենալրիւ պատմութեան հետ այնտեղ տրուած են նաեւ Փերիա գաւառի փոխյարաբերութիւնները Նոր Ջուղայի եւ գաւառների հայ գիւղերի հետ: Այս հատորը հարազատ օղակն է այն պատմագրութեան, որ սկիզբ առաւ Առաքէլ Դաւրիժեցու պատմութեամբ՝ 1602-1662 թթ., շարունակեց Ստեփանոս Երէցը՝ 1665-1789 թթ., ապա Նոր Ջուղայի երախտաւոր պատմագիր Յարութիւն Տէր Յովնանեանը՝ 1605-1870 թթ., եւ արդ՝ Փերիայ գաւառի երախտաւոր պատմագիր Լ. Գ. Մինասեանը:
Հայ տպագրութեան պատմութեան մի շքեղ էջն է ներկայացնում «Նոր Ջուղայի տպարանն ու իր տպագրած գրքերը» հատորը, լոյս տեսած 1972 թ.: Այդ տպարանը, հիմնադրուած 1636-7թթ, Խաչատուր Վարդապետ Կեսարացու միջոցով, առաջին տպարանն է Միջին Արեւելքում, ներառեալ Հայաստանը եւ Կովկասը: Իսկ ի սփիւռս աշխարհի՝ եղած տպարանների եօթներորդն է: Գիրքը պարունակում է տպարանի տպած գրքերի ցանկը 1638-1972թթ, որ արժէքաւոր ու հետաքրքրական է:
Սկզբնաղբիւրային արժէք ունեցող հատոր է «Պատմութիւն Փերիոյ Հայոց Հիւանդանոցի» գիրքը, տպագրուած 1973 թ., ուր տրուած է հիւանդանոցի հիմնադրութիւնը, նրա 30ամեայ գործունէութիւնը 1942-1972 թթ., որ հանդիսացաւ ամբողջ գաւառի, ներառեալ պարսիկ եւ մուսուլմանացած վրացի գիւղերը, առաջին հիւանդանոցը, ուր վառուեց գաւառի առաջին ելեկտրալոյսը, ուր զրնգաց գաւառի առաջին հեռախօսը: Յիշեալ տարիներում գաւառի համատարած յետամնացութեան մէջ հայերը եղան նման առաջադիմութեան քայլեր անողները, առանց պետական, կամ օտարի օգնութեան, հէնց նոյն գաւառից ելած փոքրաթիւ անհատների միասնական ջանքերով: Լեւոն Մինասեանը իր պատանութեան՝ մօտից ծանօթ ու ականատես է եղել այդ արժանաւոր իրագործումին, այնուհետեւ իր լաւատեղեակութեամբ, այլեւ փաստաթղթերի ու արձանագրութիւնների հիման վրայ, կազմել է Փերիոյ Հայոց Հիւանդանոցի եւ նոյնանուն միութեան ամբողջական պատմութիւնը:
1978 թ. լոյս է տեսել «Համառօտ պատմութիւն Փերիոյ Կրթասիրաց Միութեան» գիրքը, ուր տրուած է գաւառի հայոց դպրոցների կարիքների եւ ուսուցչական ուժը մատակարարող միութեան յիսնամեայ գործունէութիւնը 1928-1978 թթ.:
Բովանդակութեամբ կարեւոր գրքոյկ է «Ծանօթագրութիւններ Նոր Ջուղայի պատմութեան Ա. եւ Բ. հատորների» աշխատութիւնը, որ լոյս տեսաւ 1980 թ.: Լ. Գ. Մինասեանը դրանով պատմական կարեւոր ճշտումներ է կատարում Նոր Ջուղայի պատմութեան մէջ եղած աղբիւրային անճշտութիւնների ու սխալների:
«Դիւան Սբ. Ամենափրկչեան Վանքի 1606-1960 թթ.» հատորը արդիւնքն է տասը տարիների անխոնջ աշխատանքի, որով Լ. Գ. Մինասեանը մէկ առ մէկ կարդացել, ուսումնասիրել, դասակարգել ու ցանկագրել է Նոր Ջուղայի վանքի 354 տարիների հազարաւոր ձեռագրեր, գրութիւններ, կայսերական, թագաւորական ու պետական հրամանագրեր ու օրինագրեր, փաստաթղթեր, որոնց մէջ գտնւում են նաեւ ազգային թանկարժէք գրութիւններ. ինչպէս՝ 1787 թ. հայ պարբերական մամուլի հիմնադիր՝ Յարութիւն Քահանայ Շմաւոնեանից. 1829 թ. մեր ոսկեղենիկ աշխարհաբարի ռահվիրայ՝ Խաչատուր Աբովեանից. 1833 թ. դասական վիպասան եւ ուղեգիր՝ Մեսրոպ Թաղիադեանից. 1861 թ. Վասպուրականի եւ հայ յեղափոխութեան արծիւ՝ Խրիմեան Հայրիկից. 1880 թ. հայ ազատագրական պայքարի մտորողներից՝ Մկրտիչ Յովսէփ Էմինից. 1887 թ. հայ յեղափոխութեան ռահվիրաներից՝ Մկրտիչ Փորթուգալեանից. 1887 թ. մեծ ծովանկարիչ՝ Յովհաննէս Այվազովսկիից. 1902 թ. հայ թատերգութեան դասական՝ Շիրվանզադէից. 1911 թ. Իրանի սահմանադրութեան հայ հերոս՝ Եփրեմ Խանից. 1920 թ. ամենայն հայոց բանաստեղծ՝ Յովհաննէս Թումանեանից. 1927 թ. անմահ երգահան՝ Ռոմանոս Մելիքեանից. 1948 թ. հայ գրականութեան թուխ Արամազդ՝ Աւետիս Ահարոնեանից, եւ այլն: Առաջին հատորը հրատարակուեց 1976 թ., լրացուցիչ հատորը՝ 1983 թ.:
Շուրջ չորս դարեայ բացօթեայ թանգարան է Նոր Ջուղայի հայոց գերեզմանատունը՝ հանգստարանը: Դրա մասին հաւաքած հսկայական նիւթերի մի սահմանափակ մասը օգտագործելով, Լ Գ Մինասեանը, ըստ նոյն գրքոյկի «Երկու խօսքում» տրուած բացատրութեան, ներկայացնում է հանգստարանը մի ընդհանուր ակնարկով. միաժամանակ տալիս է որոշ տեղեկութիւններ եւ պատմական տապանաքարերի արձանագրութիւնների նմուշներ: Ցանկալի է լրացուցիչ հատորով լրացնել բացը, մանաւանդ որ նիւթերը հաւաքուած են ըստ էութեան:
Հայ արհեստաւորների շնորհալի հանրաշարքում հայ ոսկերիչները, դարերի ընթացքում, ունեցել են համաշխարհային ճանաչում. «Ոսկերչութիւնը Նոր Ջուղայում» հատորը, թէեւ բացթողումներով, այնուամենայնիւ ներկայացնում է ազգային պարծանքի այդօրինակ մի լուսաւոր էջը. գիրքը լոյս է տեսել 1983 թ.:
Այսպէս կարելի է ցանկագրել ու բնութագրել Լեւոն Մինասեանի բազմաթիւ ուսումնասիրութիւնների, հրատարակութիւնների խորագրերը, որոնք կազմում են շուրջ 60 գիրք, գրքոյկ ու պրակ: Արդարեւ, խուսափելով այդ բանից, լոկ յիշատակեմ մի քանի հրատարակութիւններ եւս, որոնք վերնագրով իսկ բնորոշում են ներհուն ու բազմավաստակ գիտնական բանասէրի տքնութեան ժառանգութիւնը: «Իրանի հայ եկեղեցիները» (1983 թ.), «Պատմութիւն Նոր Ջուղայի ազգային երկսեռ դպրոցների» (1985 թ.), «Հայ ազգային տօները» (1988թ.), «Գրչութեան արուեստը Նոր Ջուղայում» (1991թ.), «Նոր Ջուղայի եկեղեցիները» (1992թ.), «Իրանահայ պարբերական մամուլը» (1994 թ.), «Նոր Ջուղայի թատրոնը» (1995 թ.), «Սպահանի հայոց թեմի առաջնորդները» (1996 թ.), «Բարեգործ ու մեկենաս ջուղայեցիները» (1997 թ.), եւ այլն:
Լեւոն Գ Մինասեանը իր մահկանացուն կնքեց 2012 թ. Դեկտեմբերի 31ին: Նոր Ջուղայի ազգային մարմիններին է մնում տէր կանգնելու Լ. Գ. Մինասեանի գրական, պատմա-բանասիրական հսկայական արխիւին, ի պահ առնելով այն Նոր Ջուղայի Սբ Ամենափրկիչ Վանքի Մատենադարանում:

«Ասպարէզ», Յունուար 10, 2013

No comments:

Post a Comment