Այցերու գումար - Total Pageviews - Total de visitas

8.12.12

Տիգրան Բ. Մեծը՝ արաբ պատմաբանների աչքերով


ԱՐՏԱԿ ՄՈՎՍԻՍԵԱՆ

«Տիգրան Մեծն իր արժանավայել տեղը պէտք է զբաղեցնի Արեւելքում երբեւէ իշխած տիրակալների շարքում: Նա արժանացել է "մեծ" տիտղոսինՙ պատուաւոր մի կոչման, որը պատմութիւնը հազուադէպ է շնորհում իր ընտրեալ դերակատարներին... Տիգրանն իրեն դրսեւորեց որպէս աշխարհակալ եւ լուսաւորիչ»... Այսպիսի գնահատական է տուել հայոց մեծ տիրակալին նոր ժամանակների նշանաւոր պատմաբաններից Նիկողայոս Ադոնցը:
Յիրաւի, մեծերը մեծ են ոչ միայն իրենց դարաշրջաններում, այլեւ դառնում են խորհրդանիշ-կերպարներ յետագայ սերունդների համար: Այս միտքն առաւել քան տեղին է հնչում Տիգրան II Մեծի (Ք.Ա. 95-55 թթ.) պարագայում, որը ոչ միայն դարձաւ մեր պատմութեան խոշորագոյն դէմքերից մէկը, այլեւ յետագայ սերունդների յիշողութեան մէջ մարմնաւորեց մեծ յաղթանակների եւ աշխարհակալութեան գաղափարն ու ոգին:
Տիգրան Մեծի կերպարն իր հետքն է թողել նաեւ օտարների յիշողութեան մէջ: Նրա մասին գրել են տասնեակ օտարազգի պատմիչներ եւ նոր ժամանակների բազմաթիւ ուսումնասիրողներ: Նրա կերպարին նուիրուել են բազում գեղարուեստական գործեր, որոնց մէջ` աւելի քան երեք տասնեակ օպերաներ:
Նրա ժամանակակից, Հռոմի ամենաականաւոր դէմքերից մէկը` Ցիցերոնը, Սենատում արտասանած իր ճառերում Տիգրան Մեծին բնորոշում է «vehemens» կոչելով, որը Հռոմում քաղաքական գործչին տրուող բարձրագոյն գնահատականն էր: Նրանից քիչ ուշ ապրած նոյնպէս հռոմէացի մատենագիր Վելլէոս Պատերկուլոսը Տիգրան Մեծին համարում է «իր ժամանակի հզօրագոյն թագաւորը» եւ «թագաւորներից մեծագոյնը»... Մէկ այլ պատմիչ` Եւտրոպիոսը գրում է, որ Տիգրան Մեծը «տիրակալում էր մեծ փառքով», իսկ Պոմպէոս Տրոգոսը տեղեկացնում է, որ նրան մեծարում էին` կոչելով «աստուած»...
Տիգրան Մեծը շատ բարձր գնահատականների է արժանացել նաեւ նոր ժամանակների պատմագիտութեան մէջ: Պէտք է խոստովանել, սակայն, որ հայագիտութեանն աւելի շատ ծանօթ են արեւմտեան հեղինակների ուսումնասիրութիւնները, իսկ արեւելեան երկրների պատմագրութեան գնահատականները մեզանում մնացել են գրեթէ անծանօթ: Այդ կարեւոր բացը լրացնելու նպատակով էլ օրէր առաջ լոյս տեսաւ վաստակաշատ արեւելագէտ-պատմաբան Նիկոլայ Յովհաննիսեանի «Արքայից արքայ Տիգրան Մեծը եւ Հայկական կայսրութիւնը արաբական արդի պատմագիտութեան գնահատմամբ» («Զանգակ» հրատ., Երեւան, 2012) խիստ ուշագրաւ գրքոյկը:
Չնայած փոքր ծաւալին (84 էջ), այն մեծ արժէք ունի հայագիտութեան համար, քանզի առաջին անգամ դրանով փորձ է արւում ամփոփ եւ ամբողջական կերպով ներկայացնելու հայ ականաւոր տիրակալի գործունէութեան գնահատականը արաբական պատմագրութեան մէջ:
Հեղինակը նախ կանգ է առնում Հայաստանի պատմութեան նկատմամբ արաբ պատմաբանների հետաքրքրութեան դրդապատճառների վրայ` նշելով, որ նրանց աշխատութիւններում յատկապէս շօշափւում են մեր պատմութեան չորս հիմնական դրուագ-դարաշրջաններ: Առաջինը Ք.Ա. II-Ք.Ե. III դդ. գոյութիւն ունեցած Եդեսիայի (Ուռհայի, Ուրֆայի) թագաւորութիւնն է, որն արաբ պատմաբան Ֆուադ Հասան Հաֆիզը բնորոշում է իբրեւ «Ուրֆայի հայ-արաբական էմիրութիւն»: Երկրորդը, որի վրայ անպայմանօրէն կանգ են առնում Հայաստանի պատմութեանն անդրադարձած բոլոր արաբ հեղինակները, Տիգրան Բ. Մեծի աշխարհակալութիւնն է: Երրորդն արաբական խալիֆաթի եւ հայ իրականութեան առնչութիւնների դարաշրջանն է: Եւ, վերջապէս, չորրորդը մեր պատմութեան ամենաողբերգական էջը` Հայոց ցեղասպանութիւնը, որի ընթացքում արաբ եղբայր ժողովրդի օգնութիւնն անգերագնահատելի է:
Հայ ընթերցողի համար, անշուշտ, շատ հետաքրքրական, միաժամանակ խիստ տպաւորիչ կը լինեն այն արաբ հեղինակների աշխատութիւնները, որոնց հիման վրայ էլ գրուել է ներկայացուող գրքոյկը (բոլոր գրքերն արաբերեն են).
Ֆուադ Հասան Հաֆիզ. Հայ ժողովրդի պատմութիւնը սկզբից մինչեւ մեր օրերը, Կահիրէ, 1986,
Մարուան ալ Մուդավար, Հայերը պատմութեան ընթացքում, Բէյրութ, 1982,
Ուսման ալ Թուրք, Էջեր հայ ազգի պատմութիւնից, Հալեպ, 1960,
Սամիր Արբաշ, Հայաստան. հող եւ ժողովուրդ, Բէյրութ, 1999,
Սալիհ Ջահր ալ Դին, Հայաստան. ժողովուրդ եւ պրոբլեմ, Բէյրութ, 1988,
Ումար ալ Դակակ, Հայաստանի պատմութիւնը. Հայերն Իսլամական հանրագիտարանում, IV, Կահիրէ, 1992:
Ն. Յովհաննիսեանը նշում է, որ «արդի արաբ հեղինակներն իրենց ուսումնասիրութիւններում անդրադարձել են Տիգրան Մեծի գործունէութեան համարեա բոլոր կողմերին: Չկայ շատ թէ քիչ կարեւոր հարց, կապուած հայոց արքայի ներքին եւ արտաքին քաղաքականութեան հետ, որը դուրս մնացած լինի նրանց տեսադաշտից» (էջ 63): Հեղինակը հանգամանօրէն կանգ է առնում արաբական պատմագրութեան մէջ հայոց տիրակալին տրուած գնահատականներին, որոնք ընդգծուած դրական ուղղուածութիւն ունեն: Ուշագրաւ է, որ արաբ հեղինակները նոյնիսկ «արաբական երկրները Հայկական կայսրութեան մէջ ընդգրկելը դիտում են որպէս ինքնապաշտպանական քայլ եւ անհրաժեշտ միջոց Հայաստանի անվտանգութիւնն ապահովելու տեսանկիւնից» (էջ 72):
Ն. Յովհաննիսեանը յատուկ բաժնով անդրադառնում է նաեւ Տիգրան Մեծի տիտղոսաշարի խնդրին: Արաբ պատմաբանները հայոց տիրակալին յիշատակում են «Հայաստանի թագաւոր», «արքայից արքայ» եւ «Ասիայի մեծ թագաւոր» տիտղոսներով:
Գրքոյկի վերջին բաժինը հեղինակը նուիրել է տիգրանեան աշխարհակալութեան անկման գնահատականին: Չափազանց ուշագրաւ է, որ այն արաբական պատմագրութեան մէջ գնահատւում է իբրեւ Հայաստանի վերադարձն իր բնական սահմաններին: Այդ առումով շատ դիպուկ է Տիգրան Մեծի իշխանութեան վերջին շրջանին տուած Մարուան ալ Մուդավարի բնորոշումը. «Կայսրութեան թուլացման եւ անկման ու թագաւորութեան` իր բնական սահմաններին վերադարձի դարաշրջան, որն ընդգրկում է 69-55 թթ. մ. թ. ա.»:
Կարծում ենք, գրքոյկը կարող է շատ լաւ օրինակ դառնալ Հայաստանի պատմութեան` օտար հեղինակների կողմից լուսաբանման ուղղութեամբ տարուող աշխատանքների համար: Կողքից հայեացքը մեր պատմութեանը, ճանաչողական նշանակութիւնից բացի, կարող է բազմաթիւ նոր ու օգտակար մտորումների պատճառ դառնալ...
Վերջում նշենք, որ Նիկոլայ Յովհաննիսեանի «Արքայից արքայ Տիգրան Մեծը եւ Հայկական կայսրութիւնը արաբական արդի պատմագիտութեան գնահատմամբ» գրքոյկի կարեւոր արժանիքներից մէկն էլ եռալեզու լինելն է, ինչը հնարաւորութիւն է տալիս արաբական պատմագրութեան գնահատականներին ծանօթանալու նաեւ ռուսալեզու եւ անգլիալեզու ընթերցողներին:

«Ազգ», Դեկտեմբեր 4, 2012

No comments:

Post a Comment