Այցերու գումար - Total Pageviews - Total de visitas

29.12.12

Ֆրանսիայի Հայկական Թանգարանի ճակատագրի մտահոգութեամբ


ՄԵԼԱՆԻԱ ԲԱԴԱԼԵԱՆ

Արտերկրում գտնուող հայկական մշակութային-կրթական իւրաքանչիւր հաստատութիւն որպէս համասփիւռքեան օրգանիզմի անբաժանելի մաս, իր դերն ու նշանակութիւնը եւ ազդեցութիւնը ունի ամբողջ կառոյցի վրայ: Եւ, բնականաբար, դրանց հետ կապուած որեւէ փոփոխութիւն, աշխատանքների դադարեցում, փակում եւ այլն ակնյայտօրէն թուլացնում են հայկական ինքնութեան պատնէշները, յուսահատական տրամադրութիւններ առաջացնում հայութեան մէջ: Նման ցաւալի իրողութիւն ապրեց սփիւռքահայութիւնը վերջերս Կիպրոսի «Մելգոնեան» վարժարանի փակման հետ կապուած:
Այսպիսի մի ճակատագիր, կարծես, սպասւում է Ֆրանսիայի Հայկական թանգարանին: 1949 թ. Նուրհան Ֆրէնկեանի կողմից հիմնադրուած թանգարանը գտնւում է Փարիզի լաւագոյն հատուածներիցՙ 16-րդ թաղամասում, զբաղեցնելով XIX դարի պատմական, գեղեցիկ մի շինութեան՝ երեք յարկանի առանձնատան առաջին հարկը: Չնայած մասնաւոր թանգարանային կարգավիճակին՝ հաւաքածուն պատկանում է Ֆրանսիայի պետութեանը: Շուրջ հազար միաւոր իրերից բաղկացած թանգարանային հաւաքածոյի մէջ յատկապէս արժէքաւոր են հին ձեռագրերն ու հնատիպ գրքերը, նախաուրարտական եւ ուրարտական շրջանին պատկանող հնարժէք իրեր, եկեղեցական սպասք եւ ծիսական իրեր, Քեօթահիայի խեցեգործութեան ընտիր նմուշներ, XIX-XX դարերի հայ գեղանկարիչների արժէքաւոր գործեր եւ այլն: Թանգարանը իր տեսակով Ֆրանսիայում միակն է եւ շատ կարեւոր՝ հայութեան համար, քանի որ հայ մշակոյթի պատմութեան անձնագիր է ասես, եւ այդ պատմութեան բոլոր փուլերի բազմաշերտութեան ու բազմազանութեան ներկայութիւնն է ապահովում եւրոպական կարեւորագոյն երկրներից մէկում:
Թանգարանային շէնքը հնացածութեան, համապատասխան պայմանների, միջավայրի՝ՙ միջազգային ժամանակակից նորմերին չհամապատասխանելու պատճառով 1993-ականներից փակուած է: Փակուել է նաեւ նոյն շէնքի 2-րդ հարկում գտնուող Էնրիի թանգարանը, որը Մերձաւոր եւ Հեռաւոր Արեւելքի արուեստի «Գիմէ» թանգարանին պատկանող, բայց առանձին պահպանուող հաւաքածոյ է՝ XIX դարի ֆրանսիացի դիւանագէտ եւ հաւաքածոյի հեղինակ Էնրիի անուան թանգարանում: 2011 թ. վերանորոգչական աշխատանքներ ձեռնարկած Էնրիի թանգարանը Հայկական Թանգարանին խնդրեց ազատել զբաղեցրած տարածքը՝ՙ իր իսկ անվտանգութեան շահերից ելնելով: Միաժամանակ Ֆրանսիայի Մշակոյթի նախարարութիւնից թանգարանի տնօրէն, հիմնադրի որդի Ֆրեդերիկ Ֆրէնկեանին վերանորոգման աշխատանքներն աւարտուելուց յետոյ վերադառնալու եւ իր սրահները յետ ստանալու փաստաթուղթ տրուեց: Ըստ այդու, թանգարանային հաւաքածոն փաթեթաւորուեց եւ պահեստաւորուեց: Ցուցանմուշների մէկ մաս մասնակցեց 2012 թ. փետրուարի 1-ից Արուանշում բացուած «Հայկական ներկայութիւնը Ֆրանսիայում» ցուցահանդէսին: Երբ Արուանշի ցուցահանդէսը Մայիսին փակուեց, եւ Էնրիի թանգարանի վերանորոգման աշխատանքները ապրիլից արդէն աւարտուել էին, որոշուեց հայկական թանգարանային հաւաքածոն նոյնութեամբ տեղափոխել նախկին սրահները: Չնայած աշխատանքներն աւարտուած էին, սակայն Հայկական Թանգարանի սրահները զբաղեցուած էին ռեստաւրացիայի ենթակայ Էնրիի թանգարանի իրերով, ինչն անիրականանալի է դարձնում Հայկականի մուտքը արդէն եօթ ամիս: Ֆրեդերիկ Ֆրէնկեանի բազմաթիւ դիմումները Մշակոյթի նախարարութիւն, առայժմ անարդիւնաւէտ են. չնայած առկայ փաստաթղթին, նա չի կարողանում յետ ստանալ իր տարածքըՙ իւրաքանչիւր անգամ տարբեր պատճառաբանութիւններով՝ սպասելու, յետաձգելու եւ այլն խնդրանքով: Երբեմն նամակները մնում են անպատասխան:
Թանգարանի աշխատանքները՝ՙ հաւաքածոյի գիտական կատալոգի պատրաստման, հրատարակութեան եւ այլ, փաստօրէն կաթուածահար են: Այսպիսի վիճակը եւ նման վերաբերմունքը մռայլ կանխատեսումների է մղում: Ֆրանսիայի Հայկական Թանգարանի ճակատագիրը անհանգստութիւն է պատճառում նաեւ Հայաստանի մտաւորական շրջանակներին: Այս մտահոգութեամբ էր «Ազգ»ի խմբագրութիւն այցելել թանգարանի հետ երկար տարիներ աշխատանքային համագործակցութեան մէջ գտնուող, նոյն թանգարանի կատալոգի հեղինակ, արուեստաբան-ձեռագրագէտ, Երեւանի Մատենադարանի աւագ գիտաշխատող Էդդա Վարդանեանը, որի հետ մեր զրոյցի մանրամասները՝ թերթի յաջորդ տարուայ առաջիկայ համարներից մէկում:

«Ազգ», Դեկտեմբեր 25, 2012

No comments:

Post a Comment