12.10.12

Սիրիահայն ինձ ի՞նչ եղբայր

ԱՆԻ ՔՈՉԱՐ
 

Չեմ դադարում զարմանալ եւ մտածել ոմանց դատողութիւնների եւ տրամաբանութեան իսպառ բացակայութեան մասին:
Այսօր, յարմար պահ գտայ եւ մտայ երեւանեան դելֆինարիում, ներկայացման տոմս գնելու: Տասն ամսական որդուս ցանկանում եմ տանել շփուելու աշխարհի ամենաբարի կենդանիների հետ:
Պատահական, եթէ կարելի է այդպէս անուանել, լսեցի (քանի որ շատ բարձր էին խօսում), թէ ինչպէս տոմսավաճառներն իրար հետ խօսում էին այն մասին, թէ դրանք մեզ ինչ եղբայր եւ որ չեն պատրաստւում օգնել, եւ թէ սիրիահայերն իրենց ինչ որ. . .
Բնականաբար չմիջամտեցի` տեղեակ չլինելով խօսակցութեան բուն թեմայի իմաստից ու առիթից: Աւելի ուշ միայն հասկացայ այդ զրոյցի իմաստը, երբ ստացայ հաղորդագրութիւն [text message], որում ասւում, աւելի շուտ խնդրանք է արւում աջակցելու սիրիահայ համայնքին («Օգնիր եղբօրդ» նախաձեռնութիւն):
Արդէն իսկ պարզ էր, որ նրանք էլ ստացել էին այդ հաղորդագրութիւնն ու սկսել դատողութիւններ անել սիրիահայերի առնչութեամբ:
Իսկապէս զարմացնում է նմաօրինակ վերաբերմունքը: Այն օրն էլ հեռուստատեսութեամբ էին հարցում անցկացրել, թէ ինչպէս են մեր համաքաղաքացիները վերաբերում այն իրողութեանը, որ սիրիահայերը ներգաղթում են հայրենիք: Եւ հնչեցին կարծիքներ, որ եթէ մեզ չվնասեն՝ ոչինչ, կամ, որ եթէ մեր հաշուին չեն ապրելու գալիս են, թող գան, կամ թող գան, բայց մեզ չխանգարեն. . . Աստուած իմ, մեղայ. . .
Նախ այդ ինչից են ենթադրել, որ մեր հաշուին են ապրել կամ ասենք մեր հաշուին ապրեն օգնութեան կարիք ունեցող մեր հայրենակիցները: Այն, որ տասնամեակներ շարունակ մենք գումար ենք խնդրում, երբեմն պահանջում Սփիւռքից՝ գերազանց է, բայց որ մենք պէտք է ձեռք մեկնենք օգնութեան կարիք ունեցող մեր սփիւռքահայ հայրենակիցներին, արդէն սկսում ենք վայրահաչել:
Եւ օգնութիւն ասելով ամենեւին նկատի չունեմ հաղորդագրութեամբ 200 դրամ փոխանցելը (դա խօսակցութեան այլ թեմա է), այլ նախ եւ առաջ մարդավայել պահուածքը եւ ջերմ ընդունելութիւնը: Ամօթ էլ է, յետոյ էլ նեղւում ենք, թէ այս կամ այն երկրում հայերիս լաւ չվերաբերուեցին, է մենք անգամ մերոնց լաւ չենք վերաբերում, ուր մնաց, որ դրսում լաւ վերաբերուեն: Չնայած` օտարները յաճախ շատ աւելի բարեկամական եւ հանդուրժող պահուածք են դրսեւորում, քան հէնց մենք հիւրընկալ հայերս...

www.aniqochar.am

No comments:

Post a Comment