3.10.12

Յունահայ համայնք. հայի «պատերազմ» հայի դէմ

ՅԱՍՄԻԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
 
Պառակտուածութիւն, թշնամանք եւ ատելութիւն, սակայն միեւնոյն ժամանակ հայկականը պահպանելու, նոր սերնդին հայեցի դաստիարակելու ու կրթելու մեծ ցանկութիւն ու գործողութիւնների հսկայական շարք: Առաջին ու հիմնական տպաւորութիւնը, որ ստանում ես յունահայ համայնքից, հէնց այսպիսին է: Օտար հողում, երկու մտածելակերպ, երկու գաղափարախօսութիւն ու տասնամեակներով կուտակուած թշնամանքն այսօր էլ կապանքի պէս խեղդում է կողմերին` արգելելով յանուն մէկ նպատակի շարժուել նոյն ճանապարհով ու միմեանց օգնել: Աւանդական երկու կուսակցութիւնների` ռամկավարների ու դաշնակցականների պայքարը Յունաստանում տասնամեակների պատմութիւն ունի: Երկու կուսակցութիւնները Յունաստանի հայաշատ երկու քաղաքներում` Աթէնքում եւ Սալոնիկում ունեն առանձին դպրոցնէր, միութիւններ ու... եկեղեցիներ: Պատմութիւնը, կատարուածն ու ներկան ներկայացնում են առաքելական, սակայն երկու տարբեր թեմերի ներկայացուցիչների` յունահայոց թեմի առաջնորդական տեղապահ Հայր Խորէն [աբեղայ] Առաքելեանն ու Աթէնքի Նէոսկոզմօ եւ շրջակայ արուարձանների հոգեւոր հովիւ Նարեկ քահանայ Շահինեանը:
Յունահայ համայնքը հիմնականում ձեւաւորուել է նախորդ դարասկզբի քսանականներին` Զմիւռնիայի ջարդերից յետոյ: Թէպէտ Յունաստանում հայերն ապրել են հարիւրամեակներ շարունակ, սակայն յունահայ գաղութը, որպէս առանձին միաւոր եւ Սփիւռքի գաղթօջախի մաս ձեւաւորուեց հէնց 20-րդ դարի սկզբին: Սկզբնական շրջանում յունահայ գաղութը Սփիւռքի այլ գաղթօջախներից չէր տարբերւում: Այստեղ էլ յանուն պետականութեան վերականգնման, անկախութեան եւ Հայաստանի վերագտման հիմնադրուեցին եւ գործունէութիւն ծաւալեցին հայկական երեք աւանդական` Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն, Ռամկավար Ազատական եւ Հնչակեան կուսակցութիւնները: Նրանց գործունէութիւնը գաղութում միտուած էր հայկականութեան պահպանմանը: Ստեղծուած կազմակերպութիւնների, միութիւնների ու ակումբների առաքելութիւնն էլ հայոց լեզուի պահպանումն էր: Ջարդերից մազապուրծ ու գաղթական դարձած հայերի համար սկզբնական շրջանում դժուար էր ինտեգրուել յոյն հասարակութիւնում: Նրանք ընկալւում էին որպէս երրորդ կատեգորիայի մարդիկ: Սակայն տուրիստական երկիր համարուող Յունաստանում տիրապետելով առեւտրի նրբութիւններին` հայ վաճառականները կարողացան մեծ համբաւ եւ ճանաչում վաստակել: Բարեկեցիկ կեանքն ապահովուած էր: Յետագայ սերունդն արդէն կրթւում էր եւրոպական բուհերում եւ զբաղեցնում բարձր պաշտօններ: Կրթուած հայերը ոչ միայն ինտեգրուեցին յոյն հասարակութեանը, այլեւ օտարից վերածուեցին հարազատի, մերձաւորի: Երբ յոյն հասարակութեան հետ խնդիրներն անցեալում էին, հայերը սկսեցին փնտռել իրենց համար նոր խնդիր, որը ներկուեց արիւնով, ատելութեամբ եւ թշնամանքով:
Յունաստանում հայի պատերազմը հայի դէմ սկսուեց 1947-1949 թթ. հայրենադարձութիւնից յետոյ: Այդ ժամանակ Ռամկավար Ազատական եւ Հնչակեան կուսակցութիւնները քաջալերում էին, որ իրենց ընկերները, բարեկամներն ու կուսակիցները մեկնեն հայրենիք եւ իրենց գործունէութեամբ նպաստեն Հայաստանի զարգացմանը: Մինչդեռ Դաշնակցութիւնը արգելեց, եւ ոչ մի դաշնակցական հայրենիք չվերադարձաւ (1): Եւ Յունաստանում գերիշխող դարձան դաշնակցականները: Դաշնակցութիւնն ատում էր խորհրդային համակարգն ու Խորհրդային Հայաստանը, իսկ Յունաստանում եկեղեցական թեմը հիմնադրել ու ղեկավարում էր Մայր Աթոռը, որի կենտրոնըՙ Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը Խորհրդային Հայաստանում էր: Նոյն ժամանակահատուածում Յունաստանում ռազմական դիկտատուրա էր` հակակոմունիստական կարգեր: Յունահայ գաղութում արիւնալի իրադարձութիւններն ու պառակտուածութեան սկիզբը դրուեց 1957-ին, երբ լինելով բացարձակ մեծամասնութիւնՙ դաշնակցականները ներգաղութային քուէարկութիւն կատարեցին եւ յայտարարեցին, որ ցանկանում են անջատել թեմը եւ միանալ Անթիլիասի կաթողիկոսութեանը: «Նրանք յունական կառավարութեանը յայտարարեցին, որ Էջմիածնի Մայր աթոռը կոմունիստական կուսակցութեանն է պատկանում, ու Մայր Աթոռից եկած քահանաները կոմունիստական կուսակցութեան լրտեսներն են: Բնականաբար, յունական կառավարութիւնը չէր կարող հանգիստ վերաբերուել այն լուրերին, որ իր երկիր կոմունիստական լրտեսներ են մտնում» պատմում է յունահայոց թեմի առաջնորդական տեղապահ Հայր Խորէն Առաքելեանը: Թիկունքում ունենալով յունական կառավարութեան աջակցութիւնըՙ 60/40 յարաբերակցութեամբ Դաշնակցութիւնը յաղթեց վերոնշեալ ընտրութիւններում. թեմը միացաւ Անթիլիասի Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեանը:
«Այստեղ խնդիրը ոչ այնքան միանալն էր, որքան փաստը, որ 50.000-անոց յունական գաղութը երկու մասի բաժանուեց, եւ այդ թշնամութեան հետեւանքները քաղում ենք մինչ այսօր: Դա է պատճառը, որ որեւէ բնագաւառում միմեանց հետ համագործակցութիւն տեղի չունեցաւ, որեւէ բնագաւառում չկայ հարց, որտեղ հայը հայի հետ համագործակցի. պատճառը պարզ է` մէկը դաշնակցական է, միւսը` ռամկավար, մէկը էջմիածնական է, միւսը` անթիլիասական», յիշում է Հայր Խորէնը: Թէպէտ ողջ խնդիրը եկեղեցու շուրջն էր պտտւում, սակայն իրավիճակը եկեղեցիները չէին հրահրել. խնդիրը զուտ քաղաքական էր` հրահրուած երկու կուսակցութիւնների կողմից: Եթէ դաշնակցականը կօշիկի խանութ ունէր, ռամկավարը նախընտրում էր կամ ոչ դաշնակցականից, կամ յոյնից գնել: Քիչ չեն դէպքերը, երբ տարբեր կուսակցութիւնների յարող երիտասարդները սիրահարուել են, սակայն ծնողները թոյլ չեն տուել եւ պայքարել են, որ զաւակները չամուսնանան: Ծնողները նախընտրում էին զաւակներին ամուսնացնել յոյների հետ, քան «հակառակորդ» թեւի հայի հետ:
Հայր Խօրէնը պատմում է, որ երեւոյթը մէկ կամ երկու դէպքով չէր սահմանափակւում. ատելութիւնը համատարած էր: Արդիւնքը ներկայ ցաւալի իրողութիւնն է. 50.000-անոց գաղութից հայերեն խօսում են քչերը. երիտասարդութեան շրջանում խառնամուսնութիւնն է գերակշռում. հայերեն խօսող երիտասարդների թիւն էլ քիչ է: «Մէկը միւսի ակումբ չի գնում, մէկը միւսի միջոցառումներին չի մասնակցում: Խեղդել են գաղութը յունական միջավայրում: Թէպէտ կուսակցութիւնների դերը հսկայական է եղել հայապահպանութեան հարցում, սակայն այս փաստն այնքան է բարկացնող, որ կարող եմ ասել` երանի թէ կուսակցութիւնները գոյութիւն չունենային: Եթէ նրանք պէտք է նպաստէին հայապահպանութեանը, ապա ո՞ւր է հայապահպանութիւնը. չկայ, միայն թշնամութիւն ու ատելութիւն է», ասում է նա:
Մինչեւ վերոյիշեալ ընտրութիւնը Աթէնքում գործում էր չորս եկեղեցի, որոնցից երեքը՝ Սբ. Գրիգոր Լուսաւորիչ, Սբ. Յակոբ եւ Սբ. Կարապետ, պատկանում էին թեմին: Երբ թեմը միացաւ Անթիլիասին, եկեղեցիները որպէս գոյք տրուեցին Անթիլիասին: Այսօր միայն Սբ. Աստուածածին եկեղեցին է պատկանում Մայր Աթոռին: Ժամանակին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան սեփականութիւնն էր եւ չհամարուեց եկեղեցական միաւոր: «Բաժանումից յետոյ կար մի թեւ, որը կրօնական ազատութեան իրաւունք ունէր եւ ցանկանում էր հաղորդութիւնը ստանալ էջմիածնական եկեղեցում: Այն ժամանակ եկեղեցին խարխլուած էր, փայտաշեն, սակայն դա չխանգարեց, որ էջմիածնականներն այնտեղ պատարագ մատուցէին, մոմ վառէին ու աղօթք կարդային», ասում է հայր Խորէնը: Բաժանումից յետոյ ատելութիւնը նոր թափ ստացաւ: Երբ Յարութեան տօնին էջմիածնապատկան եկեղեցին նախապատրաստւում է Աւագ Շաբաթին, դաշնակցականները դիմում են ներկայացնում կառավարութեանն ու ոստիկանութեանը եւ յայտնում, որ եկեղեցում անօրինական ծիսակատարութիւն է տեղի ունենում: «Ոստիկանութիւնը նախ փակում է եկեղեցու դռները, որ մարդիկ չկարողանան հաղորդութիւն ստանալ, այնուհետեւ ձերբակալում քահանային: Պատարագներն անցկացւում էին ոստիկանների հսկողութեամբ: Քիչ չեն եղել դէպքերը, երբ այն կէսից ընդհատուել է: Որպէս լրտեսներ ձերբակալուած բազմաթիւ հոգեւորականների թիւը հասնում էր մի քանի տասնեակի», պատմում է հայր Խօրէնը: Ժամանակի ընթացքում հարցը հոգեւոր եւ քաղաքական հարթութիւնից մտաւ նաեւ կենցաղ: Այդ ատելութիւնը տարածուեց նաեւ տուն, դպրոց ու փողոց: Թաղային վիճաբանութիւններ, կռիւներ, դանակահարութիւններ: Բազմաթիւ երիտասարդներ են կուսակցական հողի վրայ յայտնուել ոստիկանութիւնում, շատերն են տարիներ անցկացրել կալանավայրում. քիչ չեն նաեւ ողբերգական աւարտով դէպքերը:
«Երկու եկեղեցիների հոգեւորականները միմեանց հետ խնդիր չունեն», ասում է հայր Խորէնն ու յաւելում, որ իրողութիւնը ցաւալի է երկու կողմի համար:
«Մեր քարոզներում, զրոյցներում փորձում ենք բացատրել, որ քաջալերուող ամուսնութիւնը հայերի հետ ամուսնութիւնն է, սակայն այսօր էլ գնում են աղջիկ ուզելու, ասում ենՙ սա դաշնակցականի տղայ է, մենք նրան աղջիկ չենք տայ»: Որ երկու եկեղեցիների հոգեւոր հովիւները ջերմ յարաբերութիւններ ունեն, փաստում է նաեւ Նարեկ քահանայ Շահինեանը : «Ես չեմ ցանկանում խօսել տասնամեակների պատմութեան մասին, վստահ եմՙ հայր Խորէնը ձեզ արդէն ներկայացրել է ամենայն մանրամասնութեամբ, ես միայն մէկ բան կը շեշտեմՙ կայ մէկ եկեղեցի, բայց ունենք երկու կաթողիկոսութիւն: Ներգաղթի պատճառով գաղութը, որ հարիւր հազար հայութիւն ունէր՝ նօսրացաւ եւ, բնականաբար, գաղութային կառոյցներն ու եկեղեցին պէտք է վերատեսութեան ենթարկէին հանգամանքները, այդ ենթարկութեան ժողովրդավար ձեւն ազատ ընտրութիւններն էին: Եւ հէնց այդ ազգային օրէնքների հիման վրայ, ներքին կանոնադրութիւնների համաձայն, որոնք վաւերացուած են 1947-ից առաջ Սբ Էջմիածնի կողմիցՙ ընտրութեան արդիւնքով, գաղութն իր դրական տրամադրութիւնը յայտնեց կապուելու Անթիլիասի Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեանը», ասում է քահանան: Թէպէտ Աթէնքում եկեղեցին բաժանուած է երկու թեւի, սակայն քահանան շեշտում է, որ պատարագների ժամանակ որպէս կաթողիկոսութիւն շեշտում են երկու գահակալներին: «Ձեւական ոչինչ չկայ», ասում է նա ու յաւելում, որ հաւատքի աղբիւրն ու եկեղեցու մայր կենտրոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է: Պարզապէս վարչականօրէն կապուածութիւն կայ այս կամ այն կաթողիկոսութեանը: «Երկու մասի բաժանուած համայնքն աւելի թոյլ է ու տկար», ասում է նա ու յաւելում, որ ջլատուած ուժերն աւելի հեշտութեամբ են կորուստնր տալիս: «Կան բաներ, որ եկեղեցու իրաւասութիւններից ու կարողութիւններից դուրս են»: Եկեղեցին չի կարող համախմբել համայնքի քաղաքական տեսակէտներն ու մտածելակերպը, սակայն եկեղեցին այսօր փորձում է միաւորել: Նրա ներկայացմամբՙ կարեւորն այն է, որ երկու եկեղեցիներն էլ ընդունում են մէկ փաստՙ կենտրոնը Մայր Աթոռն է: «մնացածը ոչ միայն երկրորդական է, այլեւ զուտ կազմակերպչական բնոյթ է կրում եւ լուծման ենթակայ»:
Թէ ինչու է վիճակն այսպիսին, քահանան չի մեկնաբանում, ասում էՙ ոչ պատասխանատու է, ոչ էլ պատասխանատուութիւն է կրում, սակայն երազում է այն օրը, երբ եկեղեցիները մէկ կենտրոն կ'ունենան: Թէպէտ ժամանակներն անցել են, Յունաստանում վաղուց ռազմական դիկտատուրա չէ, Հայաստանն արդէն անկախ հանրապետութիւն է, եւ Երեւանում մեծանում է մի սերունդ, որ խորհրդային կարգերի մասին լսել է միայն ծնողներից կամ գրքերից, սակայն Յունաստանի հայ համայնքում տասնամեակներ առաջ սկիզբ առած ատելութեանը վերջ չի դրւում: Նոր սերունդը փորձում է կոտրել կարծրատիպերը, սակայն կորուստներն այնքան շատ են, ծանր հետեւանքնՙ այնքան մեծ, հայերեն խօսող երիտասարդներըՙ քիչ, որ որեւէ բան շտկել գրեթէ անհնար է: Երկու կողմերի կազմակերպութիւններն էլ իրենց ղեկավարներն ունեն, սակայն մէկ հոգի, որ կը ներկայանայ որպէս Յունաստանի հայ համայնքի ղեկավար, չկայ: Երբ համագաղութային խնդիրների մասին որեւէ հարց է ծագում, երկու կուսակցութիւնների ներկայացուցիչները հանդիպում են, խօսում, քննարկում: Միակ իրադարձութիւնը, որի ժամանակ ամբողջ գաղութը միասնական է եւ մոռանում է դաշնակցական կամ ռամկավար լինելըՙ Ապրիլի 24-ն է: Հայոց ցեղասպանութեան տարելիցին հայերը դառնում են միասնական եւ կազմակերպում քաղաքական ակցիա Նէա Զմիրնի թաղամասում: Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած յուշարձանի մօտ երկու թեւի հոգեւորականները միասնական պատարագ են մատուցում:

«Ազգ», Հոկտեմբեր 3, 2012

(1) Յայտնի իրողութիւն է, որ Սփիւռքի տարբեր գաղութներու մէջ սկզբնապէս Հ. Յ. Դաշնակցութեան անդամներ ալ արձանագրուած են ներգաղթի ցանկերուն մէջ, մինչեւ որ կազմակերպիչ կոմիտէները պարտադրած են, որ դաշնակցական շարքայինները թերթերու մէջ հրապարակեն իրենց հրաժարականները՝ մեկնելէ առաջ, կամ ուղղակի անտեսած են դաշնակցական շարքայիններու դիմումները («Հայկականք»)։

No comments:

Post a Comment