Այցերու գումար - Total Pageviews - Total de visitas

19.9.12

Մռաւի լեռներից մինչեւ Արաքս

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Օգոստոսի 31-ից Սեպտեմբերի 4-ը տողերիս հեղինակը անցկացրեց լիբանանահայ գործարարների պատուիրակութեան հետ, որը հինգ օրերի ընթացքում երբեմն դժուարանցանելի ճանապարհներով կտրեց հարիւրաւոր կիլոմետրեր, ունեցաւ բազմաթիւ հանդիպումներ Քաշաթաղի եւ Շահումեանի շրջանների շարքային քաղաքացիների` վերաբնակիչների հետ: Շուրջ հինգ տասնեակ հոգանոց պատուիրակութիւնը Ստեփանակերում հանդիպումներ ունեցաւ Արցախի նախագահի եւ վարչապետի հետ: Երեք տարի առաջ լիբանանահայ գործարարների աւելի փոքր խմբի հետ անցել էի գրեթէ նոյն երթուղով: Բացի այդ, որպէս լրագրող իմ յաճախակի այցելութիւնները Մռաւի լեռներից մինչեւ Արաքս, ինձ հնարաւորութիւն են տալիս համեմատել. ինչպիսի՞ն էին կեանքը եւ պայմանները, ինչպիսի՞ն էին մարդիկ եւ յոյսերը 1990-ական թուականներին, տասը տարի առաջ, 2005-ին, 2009-ին, այսօր: Որքան շատ եմ այցելում այդ տարածքներ, աւելի մօտիկից ծանօթանում պայմաններին ու մարդկանց, այնքան աւելի լաւ եմ համոզւում, թէ որքան բազմաշերտ, բարդ, զգայուն, երկարաժամկէտ եւ դժուար գործընթաց է վերաբնակեցումը: Սերունդներ են պահանջուելու, միլիառաւոր տոլարներ ու խորը հաւատ, մինչեւ որ այդ տարածքները վերջնականապէս ազատուեն աւերակներից, վերականգնուեն ու վերաբնակեցուեն լիարժէքօրէն: Դժուարամատչելի ու բարձր լերան գագաթը յաղթահարելու ճանապարհին կարեւոր է իւրաքանչիւր մետրը: Այս ճանապարհին հայերը դեռ լերան ստորոտում են: Մնացեալը` ստորեւ:
Քաշաթաղի շրջանի հարաւային` Արաքսի հարթավայրային հատուածում, անցնող աշնանը մշակուել ու ցանուել է յաւելեալ 2500 հեկտար հողատարածք` շնորհիւ Կիպրոսում գրանցուած լիբանանեան Artsakh Roots Investment` ԱՌԻ ընկերութեան տրամադրած վարկային միջոցների: ԼՂՀ գիւղի եւ գիւղատնտեսութեան աջակցութեան հիմնադրամի նախագահ Վահրամ Բաղդասարեանը ասում է, որ տարին բարենպաստ էր` միջինից բարձր բերք է ստացուել, իսկ մթերման գները եղել են համեմատաբար բարձր:
«Արցախում գիւղատնտեսական ծրագրերի զարգացման գործում ԱՌԻ յապաւումը արդէն անբաժանելի է», ասում է Բաղդասարեանը` ընդգծելով, որ ԱՌԻ-ին, ի տարբերութիւն առեւտրային դրամատների, գիւղացիներից ոչ միայն գրաւ չի պահանջում, այլ երկարաժամկէտ վարկերը տրամադրում է ընդամէնը 9 տոկոսով: Վերջնարդիւնքում, գիւղացիներն այդ վարկերն ստանում են 6 տոկոսով, քանի որ միւս 3 տոկոսը վճարում է Արցախի կառավարութիւնը:
Հագարի գետին մօտ գտնուող Ներքին Սուս համայնքում հինգ ընտանիք ստացել է անասնավարկ, բայց կան այլ ընտանիքներ եւս, ովքեր ցանկանում են օգտուել վարկերից: «Սա այն աշխատանքի շարունակութիւնն է, որ կատարեցին հայ ազատամարտիկները արցախեան պատերազմի տարիներին: Շարունակէ՛ք աջակցել բոլոր այն քաշաթաղցիներին, ովքեր ցանկութիւն ունեն զարգացնել գիւղատնտեսութիւնը, ունենալ անասուններ, բարելաւել իրենց կենցաղը, բայց գումար չունեն», ԱՌԻ-ի վարկատուներին յորդորեց Ներքին Սուսի բնակիչներից Սարգիս Ասլանեանը:
Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրէն Խաչատրեանի խօսքերով` ԱՌԻ ընկերութեան եւ Արցախի կառավարութեան համագործակցութիւնը ուղղուած է Քաշաթաղի շրջանի տնտեսական զարգացմանն ու վերաբնակեցմանը: «ԱՌԻ-ի կողմից ներգրաւուած միջոցների հաշուին իրականացուել է աւելի քան 1.1 միլիոն ամերիկեան տոլարի աջակցութիւն», ասում է նա: Բացի այդ, Լիբանանի «Արցախ» ֆոնտի կողմից Քաշաթաղի շրջանում 2006 թուականից տրամադրուել է 289 հատ կթու կով բոլոր այն ընտանիքներին, որտեղ ծնուել է երրորդ երեխան:
Քարեգահ համայնքի ղեկավար Մարինէ Պետոյեանը ասում է, որ այն ներդրումները, որոնք կատարւում են ԱՌԻ-ի եւ «Արցախ» ֆոնտի միջոցով, լուրջ խթան է վերաբնակիչ ընտանիքների տնտեսութեան զարգացման համար: «Ես առաջարկում եմ, որ այստեղ ձեւաւորուած երիտասարդ ընտանիքները արտահերթ օգտուեն տրամադրուող վարկերից: Դա լուրջ խթան կը լինի նրանց կայացման համար», ասում է Պետոյեանը:
ԱՌԻ-ի գործադիր տնօրէն Սուրէն Սարգսեանի խօսքերով` Հայաստանի եւ Արցախի համար «ռազմավարական արժէք ներկայացնող այս հողամասը վերաբնակեցնելու աշխատանքի ուղղութեամբ շատ լուրջ ծրագրեր պէտք է մշակենք ոչ միայն Լիբանանի եւ Արցախի միջեւ, այլ` համայն սփիւռքահայութեան հետ»:
ԱՌԻ-ի հիմնադիրներից Մասիս Ալեքսանդրեանն ասում է, որ ԼՂՀ գիւղի եւ գիւղատնտեսութեան աջակցութեան հիմնադրամի հետ համագործակցութեան երկու տարիների աշխատանքներն ընթանում են սահուն եւ թափանցիկ: «Մենք եկել ենք մեր աչքով տեսնելու, թէ կատարուած ներդրումները ինչ հետք են թողել հողի վրա, որո՞նք են ձեր առաջարկներն ու մտահոգութիւնները, ի՞նչ ակնկալութիւններ ունէք: Մենք փորձելու ենք այս ծրագրի մէջ ներառել նաեւ սփիւռքեան այլ գաղութներ, բայց ուզում ենք, որ այս առաջին փորձը մեր մտքում շատ յստակ լինի, որպէսզի կատարենք մեր հետագայի ծրագրումները», ասաց Ալեքսանդրեանը:
2008 թուականի մարտին Բերձոր քաղաքում «Թիւֆէնկեան հիմնադրամը» նախագահ Բակօ Սահակեանի մասնակցութեամբ կազմակերպել էր համահայկական խորհրդաժողով` հայութեանը ծանօթացնելու Քաշաթաղի խնդիրները, կարիքները, դժուարութիւններն ու շրջանի ռազմավարական կարեւորութիւնը ինչպէս Լեռնային Ղարաբաղի, այնպէս էլ Հայաստանի անվտանգութեան համար: Խորհրդաժողովը նպատակ ունէր Հայաստանի եւ Սփիւռքի գործարարներին ներկայացնելու Քաշաթաղում ներդրումներ կատարելու կարելիութիւնները:
Քաշաթաղի շրջանը իր մէջ ներառում է նախկին Լաչինի, Ղուբաթլուի, Զանգելանի շրջանները եւ Ջէբրայիլի շրջանի մի մասը: Տարածքը արցախեան ուժերի վերահսկողութեան տակ է անցել 1992-93 թուականների ընթացքում: Քաշաթաղի շրջանն ունի աւելի քան 50 համայնք, վարչական կենտրոնը Բերձոր քաղաքն է, որով անցնում է համայն հայութեան հանգանակութիւնների միջոցով 1990-ական թուականներին կառուցուած Գորիս-Ստեփանակերտ մայրուղին:
2009 թուականի Օգոստոսին Քաշաթաղի շրջան այցելեցին լիբանանահայ շուրջ երկու տասնեակ գործարարներ, ովքեր երկու օրերի ընթացքում շրջեցին մի շարք բնակավայրերում` նպատակ ունենալով ծանօթանալ շրջանի ներդրումային հնարաւորութիւններին: Ապա այդ գործարարները Բէյրութ հրաւիրեցին Արցախի վարչապետ Արա Յարութիւնեանին: Այս այցելութիւնների եւ քննարկումների արդիւնքում ստեղծուեց Artsakh Roots Investment ընկերութիւնը, որը յայտարարեց, որ երկարաժամկէտ, ցածր տոկոսադրոյքով եւ առանց գրաւի վարկեր է տրամադրելու Քաշաթաղի եւ Շահումեանի (Քարվաճառ) շրջանների բնակիչներին: Այս տարածքները համարւում են աշխարհի ամենառիսկային շրջաններից մէկը ներդրումների եւ բիզնես գործունէութեան տեսանկիւնից: Այսօր ԱՌԻ ընկերութեանը մաս են կազմում աւելի քան ութ տասնեակ հայազգի գործարարներ, ովքեր կա՛մ բնակւում են Լիբանանում, կա՛մ ծնունդով Լիբանանից են:

«ՄԵՆՔ ՉԵՆՔ ԹՈՂՆԻ ԱՅՍ ՀՈՂԸ»
Սեպտեմբերի 1-ին ԱՌԻ-ի եւ «Արցախ» ֆոնտի ներկայացուցիչները այցելեցին Բերձոր, Իշխանաձոր, Կովսական ու Միջնաւան: Սեպտեմբերի 1-ը` ուսումնական նոր տարուայ առաջին օրը, հայ դպրոցականների, նրանց ծնողների ու ուսուցիչների ամենաուրախ օրն է: Իշխանաձորի դպրոցն ունի 35 աշակերտ: Այս տարի դպրոցն ունեցել է երեք շրջանաւարտ, երեքն էլ ընդունուել են բարձրագոյն ուսումնական հաստատութիւն: Գիւղացիները հաւաքուել էին եւ սպասում էին լիբանանցի գործարարներին, որոնք այդ օրը երկու կթու կով պիտի տրամադրէին Ռուզաննա Գաբրիէլեանին եւ Սիրվարդ Դաւթեանին: Ռուզաննան ունեցել էր հինգերորդ երեխան, իսկ Սիրվարդը` վեցերորդ:
Ռուզաննային կթու կով նուիրեց Ստեփան Օվանեսովը, ով Իշխանաձոր էր եկել Լոնտոնից` կնոջ հետ: Ստեփանը ծնուել է Իրաքում, ապա տեղափոխուել Մեծն Բրիտանիա: Այսպիսի մարդկանց անիմաստ է հարցնել, թէ ինչո՛ւ են կով նուիրում մի ընտանիքի, որին նախկինում չեն տեսել, չեն ճանաչել եւ հաւանաբար այլեւս չեն հանդիպելու: Նրանց միակ շփումը կով նուիրելու մի քանի րոպէներն են, իսկ յիշողութիւնը` համատեղ լուսանկարը:
Սիրվարդին կով նուիրեց Տիգրան Գալայճեանը, ով Իշխանաձոր էր եկել Գահիրէից` կնոջ հետ:
«Այս տարի մենք 168 կով ենք տրամադրելու, որոնցից 100-ը` Քաշաթաղի շրջանում», հաւաքուածներին դիմեց ԱՌԻ-ի եւ «Արցախ» ֆոնտի ներկայացուցիչներից Պեն Պչաքճեանը եւ շարունակեց. «Ես պիտի քաջալերեմ, որ այստեղ ընտանիքները աւելի շատ երեխաներ ունենան: Մենք ամէն ծնուած երեխային մէկ կթու կով ենք տրամադրելու, որպէսզի երեխան ապահով լինի կաթով, մածունով, պանիրով»:
Իշխանաձորի միջնակարգ դպրոցի դասվար Մարգարիտա Մնացականեանը 13 տարի առաջ ամուսնու եւ երկու տղաների հետ եկել է Վանաձոր քաղաքից: Երրորդ երեխան` աղջիկը, ծնուել է Իշխանաձորում: «Այս կովեր տրամադրելը հնարաւորութիւն է տալիս բազմազաւակ ընտանիքներին գոյատեւելու, ապրելու: Մէկ կովը կարող է մէկ ընտանիք պահել: Սա շատ լաւ ծրագիր է: Այս կով բաժանող մարդիկ կարող են արդէն համոզուած լինել, որ դպրոց յաճախող երեխան ամէն առաւօտ կարող է մէկ բաժակ կաթ խմել», ասում է ուսուցչուհին: Նա համեմատելով անցնող տարիներն ու այսօրը` նկատում է. «Դժուարութիւններ, անշուշտ կան, բայց փոփոխութիւններն էլ ակնյայտ են: Գիւղը արդէն կայացել է: Մենք չենք թողնի այս հողը»:
Իշխանաձորը Հագարի գետի երկայնքով տեղաբաշխուած տասնեակ բնակավայրերից մէկն է: Ունի աւելի քան 200 բնակիչ: Ջրային պաշարներով հարուստ Քաշաթաղի շրջանով հոսում են նաեւ Աղաւնոյ եւ Որոտան գետերը, որոնք միանում են Հագարիի ջրերին: Իսկ Հակարին միանում է Արաքսին:
Արսէն Թելունցը Իշխանաձորի գիւղապետն է, ծնունդով` Գորիսի Խնձորեսկ գիւղից: Այստեղ հաստատուել է 2000 թուականից: «Մեծ փոփոխութիւններ կան: Այն ժամանակ անգամ լոյս չկար, մարդիկ ճրագի լոյսի տակ էին ապրում, հիմա ելեկտրականութիւն կայ: Ահագին տարբերութիւն կայ մարդկանց կենցաղի եւ ապրելակերպի մէջ: ԱՌԻ-ի վարկերով մարդիկ դաշտեր են ցանում: Դրա շնորհիւ ընտանիքները հաց են ունենում ամբողջ տարուայ համար: Արտագաղթ չկա, ով յարմարուել է, արդէն մնալու է: Նրանք, որոնք դիմացել են անցնող տարիների դժուար պայմաններին, այլեւս չեն հեռանայ», ասում է Թելունցը:

ԿՈՎՍԱԿԱՆՈՒՄ ԵՒ ԱՐԱՔՍԻ ԱՓԻՆ
ԱՌԻ-ի եւ «Արցախ» ֆոնտի ներկայացուցիչների յաջորդ կանգառը Կովսական քաղաքն էր: Մի քանի տարի առաջ այստեղ հաստատուել են մի քանի հողագործներ Սիրիայի` Գամիշլի քաղաքից: Արցախի պետութիւնը նրանց տրամադրել է շինանիւթ` տունը կարգի բերելու համար, «Թիւֆէնկեան հիմնադրամը»` աշխատուժի ծախսը, իսկ «Արցախ» ֆոնտը` ընտանիքների տեղափոխման ծախսերը Սիրիայից Արցախ:
«Սա շատ յաջող փորձ է: Այստեղ հաստատուած գամիշլիցիներին շուտով կը միանան նրանց ընտանիքները: Ինչո՞ւ Գամիշլիից: Քանի որ Գամիշլին գիւղատնտեսական շրջան է: Այս տարի լաւ բերք են ստացել: Նրանք իրենց հետ բերել են նաեւ իրենց փորձը, որը հետաքրքրական է տեղացիների համար», ասաց Մասիս Ալեքսանդրեանը:
Կովսականում եւ հարեւան Միջնաւան քաղաքում «Արցախ» ֆոնտը մի քանի կթու կով բաժանեց: Նորա Յովհաննիսեանը ունեցել է վեցերորդ երեխան: Նա «Արցախ» ֆոնտից ստացել է երեք կթու կով: Այս անգամ Նորային կթու կով նուիրեց Թալին Կոնճեանը, ով եկել էր Բէյրութից: Կովսականում վեցերորդ երեխան է ունեցել նաեւ Ալինա Յարութիւնեանը: Նրան կթու կով նուիրեց Պեն Արսլանեանը: Իսկ Միջնաւանում կթու կով ստացաւ Մարիամ Ագախանովան, ով ունեցել էր հինգերորդ երեխան: Կովը նուիրեցին Նելլի Աղասարգիսեանն ու Թամար Գասարճեանը:
Միջնաւանից մենք ուղեւորուեցինք այն վայրը, որտեղ Ծաւ գետը միանում է Արաքսին: Երեկոյեան աւելի քան յիսուն սփիւռքահայեր եւ մի քանի տասնեակ տեղացիներ ընթրիքի սեղան էին գցել հէնց Արաքսի ափին: Մայր գետը մեր նախորդ հանդիպման համեմատ աւելի վարար էր: Մի քանի կենացներ խմեցին ու երգեր երգեցին: Կէսգիշերից յետոյ, հինգ ժամուայ ճանապարհ յաղթահարելուց յետոյ, խումբը հասաւ Ստեփանակերտի «Փարք հոթել» հիւրանոց:

«Ազդակ», Սեպտեմբեր 10, 2012

No comments:

Post a Comment