Այցերու գումար - Total Pageviews - Total de visitas

6.7.12

Պարզւում է՝ Սփիւռքը ընդամէնը կթու կով է

Ծ.Խ.- Ցաւով պէտք է արձագանգ հանդիսանալ ստորեւ տրուող յօդուածին։ Մինչ հայրենի իրականութեան ամէնօրեայ երեւոյթները հեռուէն դիտող յանձնառու սփիւռքահայուն սիրտը կը մաշեցնեն, երբ այդ երեւոյթները ուղղակի կը հարուածեն սփիւռքահայը՝ աւելի՛ անտանելի կը դառնան։ Արդեօք ազատ շուկան ու դրամատիրական ընչաքաղցութիւնը միակ սկզբո՞ւնքն է, որ «հայրենասիրութիւնը» կը մղէ։


ՅԱՐՈՒԹԻՒՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Երկիր, ես քոնն եմ, բայց իմը չես դու:
Ես քո զինուորն եմ, դու` իմ թշնամին:

(Տիգրան Պասկեւիչեան)

Սիրիայում պատերազմ է: Այդ մասին պաշտօնապէս յայտարարել է այդ երկրի առաջնորդ Բաշար ալ Ասադը: Իսկ դա նշանակում է, որ ծայրայեղ վտանգուած է մեր ամենահին եւ ամենաազդեցիկ գաղութներից մէկի ապագան: Ընկերս, որ օրէր առաջ է վերադարձել Հալէպից, պատմում էր, թէ ինչպիսի պայմաններում են ապրում մեր հայրենակիցները եւ ինչպէս են հայեացքները ուղղած Մայր Հայրենիքին` սպասում աջակցութեան: Մերոնք այնտեղ նեղութեան մէջ են, եւ Հայրենիքի գոնէ բարոյական աջակցութեան կարիքը երբեք  այդքան անհրաժեշտ չի եղել, որքան հիմա: Հայրենիքն իր քսանամեայ անկախութեան տարիներին  բազմիցս է ակնկալել եւ ստացել սիրիահայ գաղթօջախի աջակցութիւնը: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թէ սիրիահայ համայնքն ինչ ահռելի աջակցութիւն ցուցաբերեց երկրաշարժից տուժածներին, իսկ արցախեան ազատամարտի տարիներին սիրիահայերի մասնակցութիւնը ազատագրական պայքարին ոչ միայն մարդուժի ներկայութիւն էր, այլեւ Հայաստան-Սփիւռք անքակտելի կապի վկայութիւն: Վերջապէս, սիրիահայ համայնքի գերնպատակը Թուրքիային սահմանակից երկրում ապրելն էր, որ պատեհ առիթի դէպքում նորից տէր դառնային իրենց կորուսեալ տարածքներին` Արեւմտահայաստանին:
Մեզ համար, պարզւում է, Սփիւռքը ընդամէնը կթու կով է, որին կարելի է անդադար կթել, իսկ յետոյ` որպէս գայլերին կեր, թողնել ամայի դաշտում եւ հեռուից դիտել, թէ ինչպէս են յօշոտում: Իրօք, անհասկանալի բաներ են կատարւում մեր երկրում: Դեռ չես հասցրել մարսել ամենաթողութեան հերթական պտուղները, երբ բախւում ես յաջորդ խայտառակութեանը:
Այն, որ Սփիւռքի նախարարութիւնը զբաղուած է կուլտուր-լուսաւորչական միջոցառումների կազմակերպմամբ եւ բնաւ առնչութիւն չունի Սփիւռքի հետ, անցած տարիներին բազմիցս ապացուցուել է: Բայց գոնէ այս դէպքում արժէր մտածել եւ,  ձեռնպահ մնալով հերթական տաշի-տուշիներից, զբաղուել աղէտի մէջ յայտնուած գաղթօջախի խնդիրներով: Իսկ ամենալուրջ խնդիրն այսօր համայնքի անվտանգութիւնն ապահովելու հարցն է, որին Հայաստանը ոչ մի կերպ չի ուզում իր մասնակցութիւնը բերել:
Ահաւասիկ, ամիսներ առաջ, երբ մեր ազգային աւիափոխադրող «Արմաւիա» ընկերութիւնը դադարեցրեց Երեւան-Հալէպ չուերթերը, ոչ ոք Միկա Բաղդասարովին չբացատրեց, որ չուերթերը կասեցնելը ազգային դաւաճանութեանը համարժէք բան է: Հասկանալի է, որ Միկա Բաղդասարովի համար ազգութիւն ասուածը վերամբարձ հասկացութիւն է, բայց հասկանալի չէ պետութեան վերաբերմունքի բացակայութիւնն այդ հարցում: Վերջապէս գոյութիւն ունի նաեւ Ազգային Անվտանգութեան Խորհուրդ, որը պէտք է զբաղուէր այս հարցով, մանաւանդ, որ Սիրիայում բնակուողների մի զգալի հատուածը Հայաստանի քաղաքացիներ են:
Ռուսաստանը շատ արագ որոշեց եւ սկսեց տարհանել իր քաղաքացիներին պատերազմի գօտուց: Նրանք իրենց քաղաքացիների արժէքը լաւ գիտեն եւ գնահատում են: Մենք անյուսալի վիճակում ենք: Սիրիահայերը սկսել են հայրենիքի ճամփան բռնել ցամաքային` Թուրքիայի ճանապարհով, որտեղ էլ դիմակայում  են ստորացուցիչ պայմանների: Օրեր առաջ «Արմաւիա»ն վերսկսեց չուերթերը: Մտածում էի, թէ հասկացել են խնդրի կարեւորութիւնը: Ցաւօք, սխալուել էի: Ի՞նչ է պարզւում: «Արմաւիա»ն ոչ թէ վերսկսեց, որովհետեւ դա անհրաժեշտութիւն էր, այլ վերսկսեց, որովհետեւ դեռ «կթելու» բան կայ: Նախկինում Երեւան-Հալէպ չուերթի տոմսերը վաճառւում էին 119 հազ. դրամով, իսկ այժմ դրանց գինը «Արմաւիա»ն բարձրացրել է 237 հազ-ի: Պատճառաբանութիւնը շատ ծիծաղելի է: Ասում են` առկայ են միայն բիզնես դասի տոմսեր: Պարզւում է, որ մեր ազգային աւիափոխադրողի ինքնաթիռները ծայրից ծայր ձեւաւորուած են բիզնես դասի ուղեւորների համար, եւ եթէ այդ ինքնաթիռում մի հրաշքով տեղ է ազատւում, ապա հնարաւոր է այն գնել խնայողական դասի գնով, բայց էլի թանկ` 170 հազ. դրամով: Երկու օր առաջ լսեցի, թէ ինչպէս են Թուրքիայի տարածքով հայրենիք տեղափոխուող սիրիահայերին թուրքերը կանգնեցրել, ստորացրել, նրանցից առգրաւել փաստաթղթերը եւ 16 հազ. դոլար գումար: Զրուցակիցս լացում էր` ասելով. «Հայրենիքի վէջը չէ, թէ մենք ինչ վիճակում ենք»: Ցաւօք, նա ճիշդ էր: Հայրենիքն այսօր ապրում է այլ արժեհամակարգով եւ դժուար է նրան այլեւս հայրենիք որակելը:

«Սիվիլնեթ» (civilnet.am), Յուլիս 6, 2012

No comments:

Post a Comment