3.4.17

Ինչի՞ մասին են խօսում ընտրութիւնների արդիւնքները

ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ

Կենտրոնական Ընտրական յանձնաժողովը (ԿԸՅ) հրապարակեց Ազգային ժողովի ընտրութիւնների նախնական արդիւնքները: 6րդ գումարման ԱԺն կազմուած կը լինի 4 քաղաքական ուժերից՝ ՀՀԿ, ՀՅԴ կուսակցութիւններ, «Ծառուկեան» եւ «Ելք» դաշինքներ: Այս ուժերի վերջնական դասաւորութիւնն ԱԺում պարզ կը դառնայ յառաջիկայում՝ ընտրական օրէնսգրքով սահմանուած կարգով կատարուելիք մաթեմատիկական հաշուարկներից: Այսուհանդերձ, Ապրիլի 2ին կայացած ընտրութիւնները եւ արձանագրուած արդիւնքները թոյլ են տալիս անելու մի քանի դիտարկում:


  1. Արդարացուեցին սպասելիքները ընտրական նոր համակարգից այն մասով, որ զգալիօրէն նուազեցուել են ընտրատեղամասում նախկինում արձանագրուող ընտրախախտումները՝ կապուած լցոնումների, կրկնաքուէարկութիւնների, մահացածների եւ արտերկրում գտնուողների փոխարէն քուէարկելու հետ: Այս կեղծարարական մեխանիզմների գործադրման չէզոքացումը փոքրացրել է նաեւ ընտրատարածքներում եւ դրանց յարակից տարածքներում արձանագրուող բռնութիւնների, բախումների շրջանակը: Ընտրախախտումների ծանրութեան կենտրոնը ընտրական իրաւական համակարգից տեղափոխուել է ընտրական մշակոյթի ու աւանդոյթների՝ այս պահին անվերահսկելի թուացող եւ հէնց դրանով երկարաժամկէտ կտրուածքով վտանգաւոր տարածութիւն:
  2. Նոր ընտրական համակարգը չյանգեցրեց քուէարկութեանը մասնակցող ընտրողների թուի էական փոփոխութեան, ինչի անխուսափելիութեան մէջ համոզուած էր քաղաքական ուժերի մեծ մասը: Եթէ 2012թ. ընտրութիւններին մասնակցել էր ընտրողների մօտ 62.5 տոկոսը, այս անգամ նրանց թիւը գրեթէ 61 տոկոս էր. տարբերութիւնն ակնյայտօրէն մեծ չէ: Բայց սա ոչ թէ ընտրութիւններին չմասնակցածների փոխարէն քուէարկելու արդիւնք էր, այլ՝ իրական ընտրողների մասնակցութեան աննախադէպ մեծ չափի: Եթէ նկատի ունենանք ոստիկանութեան այն հաւաստիացումը, որ 2.5 միլիոն ընտրողների թիւը ներառում է նաեւ Հայաստանից դուրս գտնուող քաղաքացիներին, ապա պարզ է դառնում, որ ԱԺ այս ընտրութիւններին մասնակցել է Հայաստանում գտնուող ընտրողների մօտաւորապէս 70-80 տոկոսը: Համացանցում եւ հեռուստատեսութեամբ ցուցադրուող տեսանիւթերից պարզ երեւում էր, որ ընտրատեղամասեր քուէարկութեան էին գալիս նոյնիսկ գրեթէ շարժուել չկարողացող, զառամեալ ծերունիները, հաշմանդամները:
  3. Նման ցուցանիշը պայմանաւորուած է ընտրողների հաւաքագրման, ցուցակագրման, մոբիլիզացման, նիւթական շահագրգռմամբ ուղղորդման նպատակով ֆինանսական եւ վարչական հսկայական ռեսուրսների տիրապետող մասսայական կուսակցութիւնների, հիմնականում՝ ՀՀԿի ռէյտինգային թեկնածուների շտաբների իրականացրած աննախադէպ ագրեսիւ աշխատանքով: Ոչ երկրորդական դեր է կատարել նաեւ ընտրակաշառքը, սակայն, ինչպէս լինում է միշտ, քանի դեռ չկայ արձանագրուած փաստ, որեւէ մէկին դրանում մեղադրել գործնականում հնարաւոր չէ: Հաւաքագրումն առաւել վայրի դրսեւորումներ է ունեցել մարզային աւելի քիչ վերահսկուող կամ չվերահսկուող գիւղական համայնքներում, ինչի վկայութիւնն էր բազմաթիւ համայնքների՝ հրապարակուած արդիւնքներով ՀՀԿի օգտին տրուած մօտ 70-80 տոկոս քուէն: Ամէն դէպքում՝ անհատական բարձր ցուցանիշներ արձանագրելու, թիմի ներսում առաւելագոյն արդիւնքներ ունենալով՝ ԱԺ անցնելու հնարաւորութիւն ձեռք բերելու՝  ռէյտինգայինների ներքին մրցակցութիւնն ամենամեծ ծառայութիւնը մատուցեց նրանց առաջադրած կուսակցութիւններին: Կարելի է համարձակ ասել, որ ԱԺ ընտրութունների այսպիսի պատկերը, ՀՀԿի տարած յաղթանակը մեծ չափով ապահովեցին հէնց ռէյտինգային թեկնածուները՝ համամասնական ընտրութիւնները գործնականում վերածելով անհատների ընտրութեան: Այս ընտրութիւններով հաստատուեց ընտրողների խոցելիութիւնը, անպաշտպանութիւնը ապաքաղաքական, հիմնականում՝ հոգեբանական ճնշման ներգործութեան վրայ հիմնուած տեխնոլոգիաների առջեւ: Այս հարցը դառնում է ներքաղաքական օրակարգի ամենահրատապ խնդիրը: Ընտրութիւնների վրայ ռէյտինգային թեկնածուների ունեցած հսկայական, համամասնական ընտրակարգի տրամաբանութիւնից դուրս եկող ազդեցութիւնը փաստում է, որ ընտրական օրէնսգիրքն ունի լրջագոյն վերանայումների կարիք:
  4. ՀՀԿի այս յաղթանակը ցոյց տուեց, որ իշխող կուսակցութիւնը վերահսկում է իրավիճակը, եւ ընտրութիւններից առաջ ներքին վերափոխումների որոշակի ցնցումներն էական ազդեցութիւն չեն թողել թիմի մոբիլութեան, միասնականութեան վրայ: ՀՀԿի յաջողութեան երկրորդ գրաւականը վարչապետ Կարէն Կարապետեանի անհատական բարձր վարկանիշն էր: Արդիւնքների վրայ նրա վարկանիշի զգալի ազդեցութիւնն ամրապնդում է Կարապետեանի դիրքերը ՀՀԿում, թոյլ տալիս նրան պահպանել ՀՀԿ էլիտայի որակական փոփոխութեան կուրսը: Սակայն ռէյտինգային թեկնածուների հզօր ազդեցութիւնը հաստատում է, որ այդ բարեփոխման ճանապարհին ամենամեծ մարտահրաւէրը շարունակելու է մնալ օլիգարխիայի հնարաւոր ուժեղ դիմադրութիւնը: Կարապետեանի կառավարութիւնն իր ծրագրերն իրականացնելիս անգամ մեծագոյն ցանկութեան դէպքում չի կարող հաշուի չառնել ԱԺ մեծամասնութեան մէջ նրանց տեսակարար կշիռը:
  5. ՀՅԴի եւ «Ելք»ի՝ ԱԺ անցնելը, որքան էլ համեստ ցուցանիշներով, որակ է հաղորդելու նոր ԱԺին՝ մեծացնելով նրա քաղաքական դերը: Եթէ ՀՅԴի վարքագիծը պառլամենտում կանխատեսելի է՝ հաշուի առնելով նախորդ տարիների նրա փորձը, ապա «Ելք»ի երիտասարդ ներուժը, կրէատիւ մտածողութիւնը, նախաձեռնողականութիւնը նոր շունչ են հաղորդելու պառլամենտին: ՀՅԴին ԱԺ բերեց նրա կայուն, վստահելի եւ արժէքաւոր ընտրազանգուածը, ինչպէս նաեւ հաշուետուողականութեան վրայ խարսխուած ընտրարշաւը: «Ելք»ը՝ որպէս քաղաքական միաւոր, նախընտրական պրոցեսի արգասիք է, եւ գոյութեան կարճ ժամանակահատուածի համեմատ, թիմային կազմակերպուած աշխատանքի, որոշումների կայացման ժողովրդավարական մեխանիզմների կիրառման եւ հետաքրքիր ու ագրեսիւ քարոզարշաւի շնորհիւ արձանագրած նրա արդիւնքը փոքր չպէտք է համարել: «Ելք»ը ԱԺում կը ներկայացնի, այսպէս կոչուած, արեւմտեան վեկտորը եւ կը նպաստի քաղաքական մշակոյթի ձեւաւորմանը:
  6. ԱԺ չանցան 5րդ գումարման ուժերից երեքը՝ «Ժառանգութիւնը», ՕԵԿը՝ վերափոխուած ՀՎԿի, եւ ՀԱԿը: Հասարակութիւնը, ի դէմս նրանց,  մերժեց անուղղելի, անբովանդակ պոպուլիզմը, քաղաքական անկայունութիւնն ու ծայրայեղականութիւնը եւ ԼՂ հարցում անհամաչափ զիջողականութիւնը: ՀԱԿը տապալեց ԼՂ հարցով «Խաղաղութիւն տարածքների դիմաց» բանաձեւի «հանրաքուէն»: Սա կարեւոր ուղերձ է միջազգային հանրութեանը եւ Ադրբեջանին: Կարելի է ասել, որ ՀՀՇի, ՕԵԿի, Կոմկուսի դարաշրջանն աւարտուեց: Ցաւալի է, որ ջախջախիչ պարտութիւն կրեց, ընդհանուր առմամբ, լիբերալ դաշտը: Սպասելի, բայց ամէն դէպքում ցաւալի էր «Ազատ դեմոկրատներ»ի պարտութիւնը, որի հիմնական պատճառը, թերեւս, յստակ արեւմտամէտ օրիենտացիան էր: Սակայն ԱԺն զրկուեց այդ կուսակցութեան մէջ ընդգրկուած փորձագիտական, մտաւորական լուրջ, արժէքաւոր շրջանակից:
«Ասպարէզ», 3 Ապրիլ 2017

No comments:

Post a Comment