14.1.17

Մենք մեզ ոչ ոքից չենք գերադասո՞ւմ

Յ. ԱՖԵԱՆ
 
Դուք լսեցի՞ք Մերիլ Սթրիփի ելոյթը` Ոսկէ գլոբուսի հերթական մրցանակաբաշխութեան ժամանակ: Օրինակ Դոնալդ Թրամփը չի լսել, չնայած պատասխանել է այդ ելոյթում տիկին Սթրիփի` ԱՄՆ ընտրուած նախագահի հասցէին արուած քննադատութիւններին, նշելով, որ դրանք «լիբերալ կինոգործիչների խօսքեր են միայն»: Կոնկրէտ տիկին Սթրիփի մասին պարոն Թրամփը նշել է, որ տիկինը Հիլարի Քլինթոնի մտերիմներից է, եւ պէտք է խոստովանենք, որ ճիշդ է նշել:
Բայց Մերիլ Սթրիփը եւս ճիշդ բան է ասել: Նկատի չունեմ ողջ ելոյթը, գուցէ այն իրօք աւելորդ քաղաքականացուած էր, նկատի ունեմ այն մասը, որտեղ տիկին Սթրիփը խօսում է կինոյի գոյների մասին, առանց որոնց կինոն անհնարին կը լինէր: Այսպէս, եթէ Ամերիկա չգային իռլանդացիները, ֆրանսիացիները, լեհերը, խորուաթները, չինացիները, մեքսիկացիները, անգամ ռուսները, եւ նոյնիսկ հայերը, էլի շատերը, աւելի ճիշդ բոլորը, քանի որ Ամերիկա բոլորն են գնում, կամ գնացել, կամ ցանկանում գնալ, գոնէ մէկ անգամ, ապա ամերիկեան կինոն չէր լինի, կինոն առհասարակ չէր լինի, քանի որ այն կայանում է այնտեղ ներգրաւուած ազգութիւնների մարդկանց խայտաբղէտութեան արդիւնքում, դրա շնորհիւ: Այսինքն միայն իռլանդացիները լաւ կինօ չեն կարող նկարել, անգամ Իռլանդիայի մասին, մինչդեռ Իռլանդիայի մասին հրաշալի կինօ կարող են նկարել մի խումբ մեքսիկացիներ, իտալացիներ, լեհեր, իսպանացիներ, անպայման անգլիացիներ եւ ի հարկէ իռլանդացիներ:
Դուք` չգիտեմ, բայց ես համաձայն եմ, աւելին՝ ես պնդում եմ, որ տարբեր ազգութիւնները ոչ միայն կինոն են կայացնում, ոչ միայն կինոյի գոյներն են, այլեւ աշխարհը եւ աշխարհի: Սա չի նշանակում, որ բոլորս պէտք է խառնուենք, բայց սա նշանակում է, որ բոլոր նրանց, ովքեր ուզում են խառնուել, չպէտք է խանգարել: Օրինակ այն հայ աղջիկը, որի ամուսինը սեւամորթ է եւ որ իրենց որդու, ի դէպ` Տիգրանի հետ (մի քիչ սեւամորթ) լուսանկարուել էին հայկական տարազով եւ արթնացրել հայու գէնի նուիրեալներին, որոնք պարզւում է այնքան շատ են, որ նոյնիսկ սարսափելի է` հէնց հայու գէնի համար: Ի՞նչ էր արել այդ հայուհին. սիրել է սեւամորթի, չի կարելի՞, իսկ ինչի՞... Ապա ամուսնացել է, կրկին չի՞ կարելի, ապա երեխայ են ունեցել, ինչպէս կարող է պատահել նման դէպքերում, մի քիչ սեւամորթ է ծնուել Տիգրանը, հայ գէնի համար դօշ տուող Վլադիմիրներ եւ Մայքլներ ջան, հասկանում է՞ք, Տիգրանը: Յետոյ եկել են Հայաստան, յաճախ են գալիս, ամէն տարի են գալիս, յետոյ լուսանկարահանուել են հայկական ազգային տարազով, հայուհին, Տիգրանը եւ նրա սեւամորթ հայրը: Չի կարելի՞, յանցագործութի՞ւն է... Հաւանաբար այո, քանի որ մի խումբ մարդիկ, շատ լուրջ գործունէութիւն ծաւալող եւ հասարակական կարծիք ձեւաւորող, նշեցին, թէ բոլոր նրանք, ովքեր պաշտպանում են այդ նեգրի եւ հայուհու տարազով նկարը, մաղթում են, որ իրենք նեգր հարս ունենան, կամ փեսայ (*):
Այստեղ ենք հասել, այսքան ընկել ենք... Մարդն իր որդուն Տիգրան է կոչել եւ հայկական տարազ է հագել եւ Հայաստան է ամէն տարի գալիս` բերելով իր որդուն եւ հայուհի կնոջը: Վստահաբար հայերէն շատ բառեր գիտի, կարծում եմ, որ կնոջ հետ յաճախ հայերէն են խօսում: Էլ ի՞նչ հայու գէն, աւելի ճիշդ` էլ հայու գէնն ինչպէ՞ս է լինում: Ընդ որում, ինչպէս պարզ դարձաւ այս բուռն քննարկումներից, հայու գէնի նուիրեալները բողոքում են կոնկրէտ՝ սեւամորթի դէմ: Օրինակ՝ ֆիլիպինուհի կարելի է, յամենայն դէպս Լեւոն Արոնեանի դէմ ոչ ոք չի բողոքում: Ի դէպ, անուանի գրոսմաստերն ու իր գեղեցկուհի կինը` ֆիլիպինուհի Արիանան եւս հայկական տարազով նկար ունեն: Էդուարդ Նալբանդեանի դէմ էլ, եթէ բողոքում են, ապա ոչ կնոջ ընտրութեան հարցում, չնայած նրա կինը` տիկին Նատալեան ազգութեամբ ռուս է: Աւելին, հայու գէնի աննահանջ կրող Շառլ Ազնաւուրի երեք կանանցից ոչ մէկը հայուհի չի եղել, չնայած` վերջին կնոջ հետ, ազգութեամբ շուէդ Ուլլա Տոպսելի, շանսոնիէն ամուսնացել է Ֆրանսիայի հայկական եկեղեցիներից մէկում... Շարքը կարելի է շարունակել:
Բայց ամօթ է, ճիշդ այնպէս, ինչպէս ամանորեայ ճոխ սեղանի կողքից, հէնց նոր խոզի բդի այն ճարպոտ մասը կերած ոտքի կանգնելը եւ մի հատ պարտադիր գխտալուց յետոյ հայու գենի պաշտպանութեան նուիրական գործընթացին լծուելը, չմոռանալով պահանջել աշխարհից, այդ թւում աշխարհի «սեւ» մասից, որ ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը: Այն աշխարհից, որին չենք ընդունում, պարտադիր չէ` մեր կողքին, տանը, պարտադիր է մեր ներսում:
Մի գաղտնիք էլ ասեմ. իրականում ոչ թէ անգլիական նաւերը չեն կարող բարձրանալ Արարատ սարը, այլ մեզանից շատերը մեր լեռներից դուրս ոչինչ չեն ուզում տեսնել:

«Ազգ», 13 Յունուար 2017

-------------------------
(*) Ցեղային մաքրամոլութեան կողմնակիցներուն (= «հայու գէնի նուիրեալներ») ուշադրութեան կարելի է յանձնել իրենց (տ)գիտութենէն խուսափած եթովպահայ սեւամորթներուն պարագան, որ Սփիւռքին ծանօթ էր Հայաստանի անկախութենէն տասնամեակներ առաջ («Հայկականք»)։

No comments:

Post a Comment