27.1.15

Պետական աղաւաղուած զինանշան. առիւծների փոխարէն՝ փիսոներ

ՆԱՅԻՐ ԵԱՆ
 
Խօսքը, պատկերն ու ձայնն անդիմադրելի ազդեցութիւն ունեն. դեռ անտիկ փիլիսոփաներն են դրանում համոզուել ու խորհուրդներ տուել կայսրերին: Դա է պատճառը, որ արքաներն ու զաւթիչները հասարակութեան վրայ իշխելու համար խօսքի արուեստին տիրապետող հռետորներ են ունեցել իրենց կողքին, ստեղծել են ազդեցիկ, վախ ներշնչող զինանշաններ:
Հայաստանի առաջին հանրապետութեան զինանշանը ստեղծեցին Ալեքսանդր Թամանեանն ու Յակոբ Կոջոյեանը: Մերօրեայ մասնագէտներն այն համարում են գեղագիտօրէն ոչ յաջողուած, վատ մշակուած զինանշան:
1991-ին Հայաստանի նորանկախ Հանրապետութիւնը հաստատեց նոր զինանշան: Այն հիմնուած էր Թամանեանի եւ Կոջոյեանի հեղինակած պետական խորհրդանիշի վրայ, սակայն Ռուբեն Ղեւոնդեանը բաւականաչափ աշխատել էր, գեղարուեստական նոր լուծումներ տուել, ակնյայտ փոփոխութիւններ կատարել:
Մասնագէտները՝ յատկապէս նկարիչները, բազմաթիւ անգամներ նկատել են, որ ՀՀ պետական զինանշանը կիրառւում է աղաւաղուած: Առիւծը, վագրը, արծիւները ոչ միայն յստակ չեն գծուած, այլեւ յաճախ մանկական ձեռքով խզբզուած պատկերներ են յիշեցնում: Այս փաստերն արձանագրել է «Մենք» ազգային արժէքների պահպանման հիմնադրամը, որը համագործակցում է նկարիչների ու դիզայներների հետ: Նկարիչների Միութեան նախագահ Կարէն Աղամեանի ու նկարիչ, դիզայներ Յարութիւն Սամուէլեանի նշած օրինակներում զինանշանի աղաւաղումներն ակնբախ են ու վրդովեցնող: Նախ՝ զինանշանի աջ կողմում գտնուող առիւծն ի սկզբանէ բաց երախով էր, լեզուն հանած՝ պատրաստ յօշոտելու ախոյեանին: Իսկ շրջանառուող զինանշաններում առիւծը փակ երախով է ու սառած հայեացքով: Սուրը, որ վահանի յետեւում է, չգիտես ինչու, կիսատ է, շեղբն ու ծայրը չկան, իսկ կոթի հատուածը շղթայուած է. այսինքն՝ սրանով ասւում է, որ մեր սուրն իբրեւ թէ կայ, բայց իրականում չկայ, մենք անզէն, անուժ, ինքներս մեզ պաշտպանելու անունակ պետութիւն ենք: Վահանի վրայ պատկերուած թագաւորական 4 հարստութիւնների խորհրդանիշերը եւս աղարտուած են: Բագրատունիների վագրի բերանն իրականում պէտք է բաց լինի, այնինչ մի անդէմ կատու է յիշեցնում: Արտաշիսեանների երկու արծիւները՝ մէջտեղում՝ արեւ, դարձեալ սխալներով է պատկերուած: Արծիւներն ասես աղաւնիներ լինեն, իսկ մէջտեղում շողացող արեւի ճառագայթներն առնուած են օղակի մէջ: Այս խորհրդանիշն, ի դէպ, վերցուած է Տիգրան Մեծի սաղաւարտից: Արշակունիների երկգլխանի արծիւներն ինչ անմեղսունակ թռչնի ասես կարելի է նմանեցնել, բացի արծուից: Սարսափելի է Կիլիկիոյ թագաւորութեան խորհրդանիշի վիճակը: Առիւծը՝ թագը գլխին, մանկական խաղալիքի պատկերով փիսօ է յիշեցնում:
Իւրաքանչիւր քաղաքակիրթ պետութիւն նման զանցանքի համար քրէական պատասխանատուութեան կ'ենթարկէր պետական խորհրդանշանն աղաւաղողին: Սակայն անգամ պետական կառոյցներն իրենց կայքերում երկար ժամանակ գործածել են խեղաթիւրուած զինանշաններն, ու ոչ ոք ուշադրութիւն չի դարձրել: «Մենք» ազգային արժէքների պահպանման հիմնադրամը հետեւողականօրէն տեղեկացրել է բոլորին, յորդորել փոխել խեղաթիւրուած զինանշաններն ու նրանց է տրամադրել պետականօրէն հաստատուած տարբերակը: Հիմնադրամը դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմին, Աժ-ին, կառավարութեանը, որպէսզի ստեղծուի պետական կառոյց՝ խորհուրդ, որը կը զբաղուի պետական խորհրդանիշերի խնդիրներով ու դրանց կիրառման վերահսկողութեամբ: 2010 թուականից առ այսօր որեւէ պատասխան չի ստացուել:
Մասնագէտները վստահ են, որ նման աղաւաղումները պատահականութիւններ չեն, այլ արւում են մտածուած ու ծրագրուած: Ոչ մարտունակ ու ոչ ռազմատենչ միտումներով զինանշանը տկարի, խեղճի հոգեբանութիւն է ներարկում հանրութեանը: Մինչդեռ յատկապէս այսօր մենք ռազմական ոգին բարձրացնող արժէքների՝ խօսքի, անգամ առիւծի բաց երախով պատկերի կարիքն ունենք: Զինանշանի պատկերներն աւելի շուտ յիշեցնում են ընտանի կենդանիների ու թռչունների ծաղրանկարներ, եւ դա անում ենք մենք՝ ինքներս մեր ձեռքով՝ ծաղրելով մեր արժէքները:

«Ազգ», Յունուար 23, 2015

No comments:

Post a Comment